Հրավիրում ենք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը

22.01.2018 17:27
1582

Գորիսում, այնուամենայնիվ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում…

Իրադարձություններից մեկի վրա էլ հրավիրում ենք ոչ միայն ընթերցողի, այլեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը, քանի որ խոսքը զինվորի մոր մասին է, ում իրավունքները ոտնահարվել են Գորիսի համայնքային իշխանության կողմից:

Եվ այսպես… 2017թ. դեկտեմբերի 26-ին՝ Նոր տարվան նվիրված տոնական միջոցառումից հետո, Գորիսի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերից մեկի ծնողները (27 երեխայից 24-ի ծնողները) իրենց կամքով հավաքել են հազարական դրամ (ընդամենը՝ 24 հազար դրամ) եւ տվել խմբի դաստիարակ Արեւիկ Հովհաննիսյանին՝ ասելով՝ «Որպեսզի մենք առանձին-առանձին չգանք ձեր տուն, որոշեցինք այսպես՝ նվիրատվությամբ, շնորհավորել քո  եւ դաստիարակի օգնականի Ամանորը»:

Դաստիարակչուհին փորձել է մերժել, ինչպես նախկինում է քանիցս մերժել նման կամ գրեթե նման առիթներով, բայց ծնողները ստիպել են, ինքն էլ պատշաճությունից ելնելով վերցրել է նվիրատվությունը…

Մի քանի օր անց՝ հունվարի 8-ին, մանկապարտեզի տնօրեն Մարիետա Խաչատրյանը հրավիրվել է համայնքապետարան, որտեղից էլ զանգահարել է Արեւիկ Հովհաննիսյանին՝ ճշտելու՝ «Քո խմբում դրամահավաք եղե՞լ, թե՞ ոչ»:

- Դրամահավաք չի եղել Նոր տարվա նախօրեին, - պատասխանել է դաստիարակը:

Դրանից անմիջապես հետո Արեւիկ Հովհաննիսյանը հրավիրվել է համայնքապետարան՝ նախ՝ համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանի աշխատասենյակ: 

Մեկ-երկու նախադասություն փոխանակելուց հետո (ենթադրյալ դրամահավաքի մասին) Արեւիկ Հովհաննիսյանն ուղարկվել է համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի մոտ:

Իսկ Մենուան՝ դատավորի եւ կյանքում կաշառք բառն առաջին անգամ լսածի կեցվածքով, մեղադրել է դաստիարակին՝ կաշառք վերցնելու մեջ: 

Մենուան նույնիսկ ծիծաղելի մտքեր է արտահայտել՝ «Մենք եկել ենք, որ Գորիսում կաշառքը վերացնենք»՝ չպարզաբանելով, թո ովքեր են «մենք»-ը, չասելով, թե որտե՞ղ են եկել եւ արդյո՞ք եկել են:

Արեւիկ Հովհաննիսյանը նախ ապշահար է եղել.  այդ Մենուա՞ն է կաշառքը դատապարտում: Եվ հակադարձել է՝ «Մանկապարտեզում կաշառքը եղել է, կա ու կմնա, բայց այս դեպքը կաշառքի հետ ոչ մի կապ չունի»:

- Աշխատանքից ազատվելու դիմում գրի, - ասել է Մենուան եւ թուղթն ու գրիչը դեմ արել Արեւիկին: 

Վերջինս էլ թե՝ «Ոչ ոքի չենք պարտադրել, որ մեր տոնն այդկերպ շնորհավորեն, մենք նույնիսկ տեղյակ չենք եղել… »:

Համայնքի ղեկավարի տեղակալին ողջամտության եւ սթափության դաշտ հրավիրելու համար Արեւիկը հիշեցրել է նաեւ, որ մեկ օր հետո՝ հունվարի 9-ին, իր զինվոր որդուն Լուսակերտից ուղարկում են Արցախ՝ առաջնագիծ, մեքենաների շարասյունը Գորիսով է անցնելու, ընտանիքով պատրաստվում են դիմավորել եւ ճանապարհել զինվոր որդուն: 

Բայց քանի որ Մենուան բանակում չի ծառայել եւ չի պատկերացնում, թե հոգեբանական ինչ վիճակում կարող է գտնվել առաջնագիծ մեկնող զինվորի մայրը, ուշադրություն չի դարձրել այդ «մանրուքին» եւ շարունակել է պնդել…

Արեւիկ Հովհաննիսյանը հուզված ու առանց դիմում գրելու հեռացել է Մենուայի աշխատասենյակից: 

Եվ ժամանակ չկորցնելով՝ վերադարձել է մանկապարտեզ՝ շարունակելու իր գործը վստահված խմբում, բայց… Րոպեների ընթացքում, պարզվում է, համայնքապետարանն արդեն Արեւիկի փոխարեն մարդ է ուղարկել այնտեղ՝ ոմն Հասմիկ, ով Քարահունջի երբեմնի գյուղապետի (ներկայումս՝ համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ այդ գյուղում) հարսն է, ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Մենուայի դասընկերուհին:

Զարմանալի եւ անսպասելի իրավիճակ…

Մարդը դիմում չի գրել աշխատանքից ազատվելու մասին, մարդն իր գործի մեջ է, մարդուն շինծու մեղադրանք են ներկայացրել՝ չխորանալով դրա իսկության մեջ եւ ընդամենը մի քանի րոպեով հրավիրել համայնքապետարան, ու րոպեների ընթացքում Մենուան հասցրել է մեկ ուրիշի ուղարկել Արեւիկ Հովհաննիսյանի տեղը:

Ստեղծված իրավիճակում ոչ պակաս տարօրինակ էր մանկապարտեզի տնօրեն Մարիետա Խաչատրյանի պահվածքը: 

2003 թվականից (փոքր ընդմիջումով) աշխատում է Արեւիկ Հովհաննիսյանի հետ, միշտ բարձր է գնահատել նրա գործունեությունը, բայց այս իրավիճակում թույլ է տվել, որ ոտնահարեն իր ենթակայի, տարիների իր գործընկերուհու իրավունքները, նվաստացնեն նրան: Ավելին, ինքն էլ խորհուրդ է տվել եւ ստիպել, որ Արեւիկ Հովհաննիսյանն ազատման դիմում գրի: Հաջորդ օրերին նույնիսկ հանդիմանել է աշխատանքի ժամանած Արեւիկին՝ «Ինչո՞ւ ես եկել, ես արդեն քեզ բացակա եմ դրել»: Հունվարի 11-ին էլ Մարիետա Խաչատրյանը հավատացրել է Արեւիկին, թե «համայնքապետարանից քո ազատման հրամանը եկել է»: Թե ինչ հրաման է եկել համայնքապետարանից՝ տիկին Մարիետան ցույց չի տվել: Եվ, ըստ տնօրենի, որպեսզի Արեւիկը չհեռացվի, պետք է դիմում գրի ու կամավոր հեռանա: Այդ ճնշումների ներքո էլ Արեւիկ Հովհաննիսյանը հունվարի 11-ին դիմում է գրել՝ աշխատանքից ազատվելու «խնդրանքով»: 

Հունվարի 12-ին Մարիետա Խաչատրյանի հրամանով Արեւիկ Հովհաննիսյանն ազատվել է թիվ 6 ՆՈւՀ-ի դաստիարակի պարտականություններից՝ տեղը զիջելով Մենուայի ուղարկած տիկնոջը:

Տիկին Մարիետան, ի դեպ, եղել է նաեւ իմ երեխաների դաստիարակը եւ մեծ հարգանք ենք տածել ու տածում նրա հանդեպ: Բայց հանուն այն բանի, որ կենսաթոշակային տարիքում իրեն հանդուրժեն մանկապարտեզի տնօրենի պաշտոնում, ընդառաջ է գնացել Գորիսի համայնքապետարանի ապօրինի ցանկությանը՝ դրանով իսկ իջնելով տարիներով վաստակած պատվանդանից: Տխուր է…

Հունվարի 20-ին զրույց ունեցանք Արեւիկ Հովհաննիսյանի հետ եւ հարցրինք՝ «Ինչո՞ւ ես դիմում գրել»: 

Պատասխանեց՝ «Ստիպել են, ճնշել են, ինձ մեղադրել են կաշառք վերցնելու մեջ, նաեւ մտածել եմ՝ երեխաս զինվոր է՝ սահմանում կանգնած, փորձանքի մեջ կքաշեն, որովհետեւ անընդհատ հիշեցնում էին, որ բոլոր լծակներն են օգտագործելու…»:

Այդ բոլորով հանդերձ՝ համոզվելով (մի քանի օր անց), որ սխալ է թույլ տվել դիմում գրելով, Արեւիկ Հովհաննիսյանը հունվարի 22-ին նոր դիմում է հղել Մարիետա Խաչատրյանին՝ նշելով՝ «Համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի եւ ձեր ստիպելով 2018թ. հունվարի 11-ին գրել եմ դիմում՝ ինձ մանկապարտեզի դաստիարակչուհու պարտականություններից ազատելու համար: Կրկնում եմ՝ դիմումը գրել եմ ոչ իմ կամքով, այլ ձեր սպառնալիքներով ու ստիպմամբ: Ուստի եւ խնդրում եմ նախորդ դիմումս համարել անվավեր ու ինձ վերականգնել նույն աշխատանքում եւ վճարել բաց թողնված օրերի աշխատավարձը»:

Թե Մարիետա Խաչատրյանն ինչ ընթացք կտա Արեւիկ Հովհաննիսյանի դիմումին, կտեսնենք: Բայց Արեւիկ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ մերժում ստանալու դեպքում կդիմի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Մինչ այդ փորձենք որոշ դիտարկումներ անել տեղի ունեցածի վերաբերյալ: 

Նախ՝ մեր հրապարակումներում քանիցս դատապարտել ենք եւ շարունակում ենք դատապարտել դրամահավաքությունը ե՛ւ մանկապարտեզներում, ե՛ւ դպրոցներում:

Սակայն, Գորիս քաղաքի թիվ 6 ՆՈւՀ-ում տեղի ունեցածը, որքանով հասկանում ենք, որեւէ աղերս չունի դրամահավաքության հետ:

Մի խումբ ծնողներ փորձել են այդկերպ շնորհավորել դաստիարակի եւ նրա օգնականի Ամանորը:

Նույն կերպ, որքանով տեղյակ ենք, մանկապարտեզի աշխատողները (տուն այցելելով) շնորհավորել են Մարիետա Խաչատրյանի Նոր տարին:

Նույն կերպ, որքանով տեղյակ ենք, համայնքապետարանի բազում աշխատողներ, համայնքապետարանի ենթակա հիմնարկների ղեկավարներ, շնորհավորել են համայնքի ղեկավարի ու նրա տեղակալի Նոր տարին: 

Եվ այդ ամենը բնական է, մարդկային է, քրիստոնեական է, ու որեւէ մեկին դատապարտելն անտրամաբանական է, անլուրջ:

Պարզվում է, սակայն, բոլորին կարելի էր նվիրատվությամբ (ընդունված կարգով) շնորհավորել միմյանց, իսկ Արեւիկ Հովհաննիսյանին՝ ոչ: 

Ընդ որում՝ Արեւիկ Հովհաննիսյանի դեպքում դա կաշառք է, մյուսների դեպքում՝ բնական եւ ողջամիտ երեւույթ:

Ընդ որում՝ դա որոշում է ինչ-որ Մենուա…

Գրիչ վերցնելուց առաջ խորհրդակցեցինք իրավունքի ոլորտի մի քանի փորձառու մասնագետների հետ, եւ բոլորն էլ միանշանակ պատասխանեցին՝ տեղի ունեցածի մեջ քրեական արարքի նշույլ անգամ չկա: Կատարվածի մեջ անգամ բարոյականության խախտման նշույլ չկա, չէ՞ որ բոլորս էլ Նոր տարվա առիթով միմյանց շնորհավորում ենք, նվերներ փոխանակում:

Հիմա՝ հարցի մյուս երեսը:

Ո՞վ է Մենուա Հովսեփյանը, որ կատարվածին տալիս է կաշառակերության որակավորում:

Իսկ եթե կատարվածը կաշառք է որակվել, ապա ինչո՞ւ են համայնքապետն ու նրա տեղակալն այդ փաստը թաքցրել իրավապահ մարմիններից: 

Մի պահ ընդունենք, որ Մենուան կաշառք բառի հետ կյանքում չի առնչվել, չի տեսել, բա համայնքի ղեկավա՞րը: Իսկապե՞ս տեղի ունեցածը կաշառակերություն է:

Մենուան մոռացել է, որ իրեն բուժման ուղարկելու համար քանի-քանի անգամ ենք (նաեւ մեր թերթում հրապարակված հայտարարություններով) նվիրատվություններ ու դրամահավաք կազմակերպել: Դա՞ էլ կաշառք էր…

Եվ քանի որ ներկայումս Գորիսում նույնպես բոլոր կամայականությունները կատարվում են մարզպետի հովանավորությամբ ու հրահրմամբ, ստիպված ենք տեղի ունեցածի վրա հրավիրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուշադրությունը:

Հարգելի պարոն նախարար, ոտնահարվել է զինվորի մոր՝ Արեւիկ Հովհաննիսյանի իրավունքը, նրան աշխատանքից ազատել են ապօրինաբար: Հաշվի չեն առել ոչ միայն նրա՝ զինվորի մայր լինելու հանգամանքը, այլեւ փաստը, որ Արեւիկ Հովհաննիսյանի խնամքի ներքո են գտնվում 1-ին կարգի հաշմանդամ հայրը (Արկադիա Խաչատրյան), 1-ին կարգի հաշմանդամ եւ 18 տարի շարունակ հաշմանդամի սայլակին գամված եղբայրը՝ Հրաչիկ Խաչատրյանը: Ակնկալում ենք Ձեր միջամտությունը՝ վերականգնելու զինվորի մոր իրավունքները:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19