Հունան Պողոսյան. «Անելու ենք ամեն ինչ, որ մարզպետարանի մասին հանրության կարծիքը լինի դրական»

29.01.2019 16:18
1349

 

 

Հունվարի 26-ին լրացավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի պաշտոնավարման հարյուր օրը:

Իշխանավարության մեջ վաղուց ավանդույթ դարձած այդ շրջափուլի ավարտն առիթ է ամփոփելու պաշտոնավարման սկզբնական, ինչ-որ առումով մեկնարկային փուլը:

Այդ հանգամանքի մղումով էլ զրուցեցինք Հունան Պողոսյանի հետ:

***

- Պարոն Պողոսյան, նախ՝ շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար:

Դուք ստանձնել եք մի չքնաղ եւ գեղատեսիլ, նաեւ խնդրահարույց-խնդրառատ, տեսակի մեջ բարդ ու հետաքրքիր երկրամասի ղեկավարումը, որ Հայաստանում բոլոր առումներով բացառիկ լինելու նախադրյալներ ունի: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ եւ մաղթում բարի պաշտոնավարում, անաչառ սյունեցու խնդիրների ու հոգսերի հանդեպ՝ սրտացավություն:

- Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար, ձգտում եմ արդարացնել մարզպետի ինստիտուտից   սյունեցիների ակնկալիքները:  

- 2018թ. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում Ձեր նշանակումն ինչ-որ առումով անակնկալ էր:

Հատկապես մայրաքաղաքի որոշ շրջանակներում հուզական արձագանքներ եղան՝ պայմանավորված Ձեր նախկին աշխատանքով, երբ հանրապետության ոստիկանապետի առաջին տեղակալ էիք:

Սյունիքում, քիչ բացառությամբ, Ձեր նշանակումն ընդունվեց հանդարտ եւ, իհարկե, սպասումներով, հույսերով:

Հուզական այդ մթնոլորտը, կարելի է ասել, նահանջել է, եւ մարդիկ հիմնականում համոզվել են, որ հետհեղափոխական կառավարության կադրային այդ լուծումը ողջամիտ էր:

Այդ ամենին Դուք հանդարտ եւ սառնասիրտ եք վերաբերվել, որը գնահատելի է:

Համաձա՞յն եք մեր դիտարկումներին եւ գնահատականներին, կարո՞ղ ենք փաստել, որ տարակույսները մնացել են անցյալում, որ մարզպետ-հանրություն հարաբերություններում առկա է փոխհասկացողության, փոխվստահության մթնոլորտ:

- Ընդհանուր առմամբ` այո՛, համամիտ եմ իմ նշանակումից հետո ստեղծված մթնոլորտին տված գնահատականների հետ, իսկ այս պահին հարաբերություններս թե՛ հանրության տարբեր հատվածների հետ, թե՛ մեր աշխատանքին առնչվող բնագավառներում նորմալ են՝ կառուցողական եւ վստահության մթնոլորտում:  

- Վարչապետը քանիցս անդրադարձավ Ձեր նշանակման մոտիվներին եւ մասնավորապես ասաց. «…Կարծում եմ՝ սոցիալական հանդուրժողականության ռազմավարության համատեքստում դա ճիշտ որոշում է»:

Բայց վարչապետն այդ օրերին գնահատականներ տվեց նաեւ սյունիքյան իրականությանը, ինչը, հավանաբար հիշում եք, ոչ միանշանակ արձագանքի արժանացավ:

Հարյուր օրվա հեռավորությունից, երբ արդեն հասցրել եք ներսից ծանոթանալ Սյունիքին, համաձա՞յն եք մարզի վերաբերյալ վարչապետի գնահատողական դատողություններին, թե՞ դա երկրի ղեկավարին հաղորդած ոչ հավաստի ու ոչ ամբողջական տեղեկատվության արդյունք էր:

- Պատշաճ չեմ համարում մեկնաբանել երկրի վարչապետի գնահատականները եւ խոսքերը… 

- Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում մարզի հասարակական-քաղաքական, բարոյահոգեբանական եւ, իհարկե, օպերատիվ իրավիճակը:

- Մարզում հասարակական-քաղաքական, բարոյահոգեբանական բնականոն իրավիճակ է: Որպես մարզպետ, իհարկե, տեղյակ եմ նաեւ օպերատիվ իրավիճակին եւ այն վերահսկելի է, բայց վերջինիս գնահատականն առավել ճիշտ ու մանրամասն կարող են տալ իրավապահ մարմինները: 

- Եվ, այդուհանդերձ, որո՞նք են, ըստ Ձեզ, Սյունիքի մարզի հիմնախնդիրները: 

- Կարծում եմ՝ գլոբալ առումով մարզի հիմնախնդիրներից կարեւորագույնն  այստեղ տնտեսության միաբեւեռ զարգացումն է՝ իր երկարաժամկետ եւ տարբեր ոլորտներում ունեցած հետեւանքներով: Իսկ առհասարակ, մարզում առկա են բոլոր այն հիմնախնդիրները, որոնք կան ողջ հանրապետությունում՝ աշխատատեղերի պակաս, քաղաքաշինական հարցեր, ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ, բնակարանաշինություն, դպրոցաշինություն եւ այլն… Գրեթե բոլոր ոլորտներում  էլ բազմաթիվ խնդիրներ կան: 

- Ձեր աշխատանքային կենսագրությունը, կարելի է ասել, հիմնականում հյուսվել է ոստիկանական համակարգում: Եվ հանկարծ՝ տարածքային կառավարման ինստիտուտ՝ մարզպետարան: Չենք կարծում, որ դյուրին պետք է լիներ անցումը, նոր համակարգի հետ ինտեգրումը, բայց եւ… 

- Ասել, թե անցումը միանգամից է կատարվում, ճիշտ չէ: Կարծում եմ՝ անցումային ժամանակահատված պետք է լինի, բայց նաեւ համարում եմ, որ արդեն անցել եմ այդ հատվածը, փորձել եմ, որ դա ինձ մոտ հնարավորինս կարճ տեւի, ու այն արդեն ավարտվել է: 

- Ու եթե փորձենք ընդհանրացնել հարյուր օրվա արդյունքները՝ ի՞նչ մատնացույց կանեք հատկապես:

- Մարզում անցկացված ընտրությունների աննախադեպ ընթացքը, համայնքների ղեկավարների հետ կառուցողական հարաբերությունների ձեւավորումը, մարզում կիսատ մնացած ծրագրերի բնականոն շարունակականության ապահովումը, նաեւ Սյունիքում  առկա,  հրատապ լուծում պահանջող խնդիրների, այսպես ասած, գույքագրումը եւ ըստ առաջնահերթության դրանց   լուծման ժամանակացույցի կազմումը: 

- Ձեր առաջին փորձությունը կամ քննությունը, եթե կարելի է այդպես ասել, Կապան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն էր: Ոմանք այն կարծիքին են, թե 2018թ. հոկտեմբերի 21-ին գործող իշխանությունը կամ, ինչպես ընդունված է ասել, հեղափոխական թիմը պարտվեց Կապանում: Ոմանք էլ պնդում են, թե դա կապանցիների հաղթանակն էր, երկրում նոր-նոր ձեւավորված մթնոլորտի պտուղը, քանի որ արդար եւ օրինական ընտրություն էր տեղի ունեցել:

Ձեր հետադարձ հայացքն այդ իրադարձությանը, թեեւ ընտրության ժամանակ չորս-հինգ օրվա մարզպետ էիք դեռեւս:

- Կարծում եմ՝ իրականում ո՛չ հաղթանակ էր դա, ո՛չ պարտություն, բայց եթե դիտարկում ենք այդ հարթությունում՝ լուրջ մրցակցային ընտրություն էր՝ ձայների քիչ տարբերությամբ, եւ «պարտություն»  ձեւակերպումն իրականում  հաղթանակ էր…  

-Կուզենայինք անդրադառնալ նաեւ 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությանը:

Ճիշտ է, մարզպետն ուղղակիորեն պատասխանատու չէ համապետական այդ միջոցառման կազմակերպման համար, բայց եւ կառավարության ներկայացուցիչն է տեղում, ուստի եւ պատասխանատու է իրավիճակի համար: 

- Ինչպես նշեցի, դա աննախադեպ թափանցիկ, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների անցկացված ընտրություն էր, ու ժողովուրդն ազատ կամահայտնության հնարավորություն ունեցավ, որն էլ արտացոլվեց քվեարկության արդյունքում: 

- Դեռեւս որեւէ բացատրություն չի տրվել այն կապակցությամբ, որ Կապանի տարածաշրջանից թեկնածու չի անցել խորհրդարան, թեեւ տարածաշրջանն ամենաշատ քվեն էր տվել «Իմ քայլը» դաշինքին (համեմատած մարզի մյուս տարածաշրջանների):

Դուք ունե՞ք դրա բացատրությունը:

- Նախ՝ համաձայն չեմ, թե որեւէ բացատրություն չի տրվել այդ հարցին. ինքը՝ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ վայր է դրել ԱԺ պատգամավորի մանդատը, որպեսզի մնա Սյունիքում, աշխատանքը շարունակի այստեղ, ուժերի ներածին չափով աջակցի, որ երկրում կատարվող դրական փոփոխություններից մարզն անմասն չմնա՝ հանուն բարեկեցիկ եւ հզոր Սյունիքի… 

Նաեւ հիշենք, ընտրությունն ըստ տարածաշրջանների չէր կատարվում, կա մեկ ընտրատարածք, որ միավորում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, ու այն բավականաչափ պատգամավորներով ներկայացված է ԱԺ-ում, իսկ նրանք երկու մարզի բնակիչների ներկայացուցիչներն են հավասարապես: 

- Ի՞նչը Ձեզ չհաջողվեց անցած հարյուր օրում կամ ի՞նչը հիասթափեցրեց, չէ՞ որ հայտնվեցիք (ինչպես արդեն նշել ենք) նոր համակարգում, նոր մարզում, նոր թիմի հետ:

- Իհարկե, դեռ շատ բան չի հաջողվել, իսկ հիասթափեցնող բաներ չեն եղել, այդ մասին նույնիսկ չեմ մտածել: 

- Ի՞նչ ժառանգություն էր Ձեզ բաժին հասել մարզում եւ հատկապես մարզպետարանում՝ նախորդ ժամանակներից, նախորդ կառավարիչներից:

Անկեղծ լինենք՝ մարզպետարանի, մարզպետարանի աշխատակազմի հանդեպ հանրային կարծիքը (նախորդ ժամանակից) միանշանակ չէ ու հաճախ՝ ոչ դրական:

- Ամեն մի ժամանակաշրջանում եւ բոլոր ղեկավարների օրոք մարզպետարանում եղել է նորմալ աշխատակազմ, եւ միշտ եղել են մարդիկ, ովքեր պարկեշտորեն կատարել են իրենց պարտականությունները, որեւէ մեկին վատաբանել չեմ ցանկանում, մենք սկսում ենք նոր էջից: 

Ու նաեւ բնական է, որ աշխատող ամեն մի կառույցում կան ե՛ւ գոհ, ե՛ւ դժգոհ մարդիկ: 

Ինչեւէ, անելու ենք ամեն ինչ, մարզպետարանի աշխատակազմի մասին այսուհետ հանրության կարծիքը լինի միանշանակ եւ դրական: 

- Կառավարության օպտիմալացումը, կարելի է ասել, իրողություն է դառնում:

Որքանով տեղյակ ենք՝ օրակարգում է նաեւ մարզպետարանների օպտիմալացումը:

Նախ՝ հավաստի՞ է արդյոք այդ տեղեկատվությունը:

Այնուհետեւ՝ ինչպիսի՞ կառուցվածք եւ որքա՞ն աշխատակից է ունենալու նորացված մարզպետարանը:

- Այո՛, տեղեկությունը հավաստի է, մարզպետարանի օպտիմալացումն օրակարգում է, դրա վերաբերյալ դեռեւս  քննարկումներ են ընթանում, այնպես որ՝ վերջնական կառուցվածքը եւ աշխատակազմի քանակը պարզ չեն: Գործընթացի ավարտից հետո այդ տվյալները կհրապարակենք: 

- Ըստ բազմաթիվ սյունեցիների՝ Դուք հասցրել եք թողնել լավ կազմակերպչի, իրավիճակին տիրապետող, բարձր կուլտուրայի տեր եւ անկեղծ ու կամեցող ղեկավարի տպավորություն, ասել է թե՝ կարճ ժամանակամիջոցում դարձել եք մեզանից մեկը:

Դուք հասցրել եք մարզպետարանը հանել կամայականությունների, ինքնիրավչության լաբիրինթոսից, բայց…

Գաղտնիք չէ, որ 2016-18 թվականներին Սյունիքը ենթարկվել է փորձությունների, ներքաշվել ամենատարբեր արկածային պատմությունների մեջ:

Եվ որոշ հարցեր, խոստովանենք, վաղեմության ժամկետ չունեն ու պատասխանի կարոտ են:

Տեւական ժամանակ հակասական ու մտահոգիչ խոսակցություններ են շրջանառվում Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի ֆինանսական գործարքների շուրջ, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Սյունիքի մարզպետը:

Արդյո՞ք հասցրել եք պարզել հիմնադրամի հետ կապված խոսակցությունների հավաստիությունը, ինչպե՞ս են գործերն այնտեղ վերջին մարզպետափոխությունից հետո, ի՞նչ խնդիրներով է ներկայումս զբաղված հիմնադրամը:

- Նախ, շնորհակալ եմ, եթե իրոք այդպիսի կարծիք է ձեւավորվել իմ մասին: 

Տեղեկացնեմ, որ հիմնադրամն այս պահին գործում է, մեկ անգամ հոգաբարձուների խորհրդի նիստ է եղել, որի ընթացքում հստակեցվել են առաջիկա անելիքները: Ներկայումս հիմնադրամը ոչ մեծ ծավալով՝ հիմնականում սոցիալական, մշակութային, առողջապահական ուղղվածությամբ գործունեություններ է իրականացնում, հետագայի մասին դեռ քննարկումներ կլինեն: 

- Ի դեպ, Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի՝ երկու տարի շարունակ թմբկահարվող գործերից մեկը Կապանի օդակայանի վերակառուցման ու վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներն են: Անտարակույս, Սյունիքում գործող օդակայան ունենալն անհրաժեշտություն է:

Բայց, արդյո՞ք մարզն այն վիճակում է, որ այդքան միջոց այս պահին պետք է ուղղվի օդակայանի վերագործարկմանը, մանավանդ որ հենց Կապանի տարածաշրջանում ունենք օրախնդիր ու կենսական նշանակության բազմաթիվ հոգսեր՝ շատ վաղուց լուծման կարոտ:

Ձեր դիրքորոշումը:

- Կապանի օդանավակայանի վերագործարկումը ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ Սյունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության ծրագրերից է, եւ կարեւոր նշանակություն ունի մարզի տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի առումով:

- Մենք խոսում ենք նախորդ շրջանից փոխանցված ժառանգության մասին...

2018-ի հունիսի 8-ից հետո, երբ այդ օրերի մարզպետն ազատվեց աշխատանքից, նրա թողած հետքերը ոչ ոք չփորձեց վերացնել:

Մարզի միակ դոկտոր-պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին աշխատանք չենք տալիս:

Սմբատ Օրբելյան, Սլավիկ Ամիրյան, Արտյոմ Թադեւոսյան, Սվետա Իսախանյան, Անուշ Օրբելյան եւ բազմաթիվ ուրիշ բժիշկներ…Նրանք՝ մեր լավագույնները, հեռացվեցին մարզից, որոնց փոխարեն մայրաքաղաքից բերվեցին անհայտ կենսագրությամբ բժիշկներ:

Ռուբեն Զաքարյան, Լեւոն Մարգարյան, Լիլիթ Առաքելյան… Հանրակրթության ոլորտի այդ երեւելիները նույնպես դուրս մղվեցին, ու մինչեւ այսօր դատական քաշքշուկների մեջ են:

Հիմա էլ ասում են՝ մարզպետարանի ներսից ինչ-որ խումբ խոչընդոտում է, որ այդ մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնվեն:

- Ձեր թվարկած մարդկանցից մի քանիսի հետ հանդիպել եւ զրուցել եմ, խնդիրներին ծանոթ եմ, բայց նշված անձանցից մի քանիսի շուրջ դատական գործընթացներ են տեղի ունենում, պետք է սպասել: Հավաստիացնում եմ, խոչընդոտելու երեւույթ չկա, իսկ դատական գործընթացներին մենք չենք կարող միջամտել: 

- Ըստ մամուլի հաղորդումների՝ Կապանի լեռնահանքային կոմբինատում տեղի է ունենում սեփականատիրոջ փոփոխություն: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը: Հասցրե՞լ եք հանդիպել նոր սեփականատերերի հետ, եւ ի՞նչ ծրագրերով են գալիս Կապան:

- Տեղյակ եմ, որ փոփոխություն է եղել այնտեղ, իսկ թե ինչով է պայմանավորված՝ չեմ կարող ասել, նոր սեփականատերերին  առայժմ չեմ հանդիպել: 

- Արդեն մեկ ամիս է՝ թեւակոխել ենք 2019 թվական: ՀՀ պետական բյուջեով ի՞նչ ծրագրեր են նախատեսված այս տարի Սյունիքի մարզում:

- Սյունիքի մարզում 2019 թվականին նախատեսված ծրագրերն ամփոփ տեսքով՝ մարզի 2019 թվականի գործունեության ծրագրով կներկայացենք ու կհրապարակենք մարզպետարանի պաշտոնական կայքում, որին կարող են ծանոթանալ բոլորը:

- Դեռեւս 2018թ. հուլիսի 5-ին ՀՀ վարչապետը, երբ գտնվում էր Կապանում, հավաստիացրեց, որ շուտով Կապանի ֆուտբոլի թիմը (մարզից հանիրավի օտարված) կվերադարձվի Կապան: Կա՞ տեղաշարժ այդ հարցի լուծման ճանապարհին:

- Այդ խնդիրը դեռ քննարկումների փուլում է, մարզադաշտի սեփականատիրոջ հետ բանակցություններ են ընթանում, եւ արդյունքի հասնելը ձգձգվում է՝ պայմանավորված նրա դիրքորոշմամբ:  

- Հասցրե՞լ եք ծանոթանալ մարզի լեռնային ու սահմանամերձ գյուղերին, ինչպե՞ս եք գնահատում համայնքների խոշորացման ծրագրերի արդյունքները Սյունիքում:

- Իհարկե, ծանոթացել եմ, բոլոր համայնքներում եղել եմ, բայց դեռեւս չեմ հասցրել լինել ամեն մի բնակավայրում: Խոշորացման ընթացքից նախնական տպավորությունս դրական է, սակայն, կարծում եմ՝ երկու տարին դեռ կարճ ժամանակահատված է՝ արդյունքներն ամփոփելու եւ գնահատական տալու համար: 

- Ի՞նչ եք կարծում՝ հարյուր օրվա կտրվածքով՝ համայնքների ղեկավարները կարողացե՞լ են լուծել իրենց առջեւ դրված պարտադիր խնդիրները, պատրա՞ստ են Ձեզ հետ համատեղ ճանապարհ անցնել՝ հանուն մեր երկրի ու պետականության:

- Մարզի համայնքների ղեկավարները մեծ հաշվով կատարել են իրենց առջեւ դրված պարտականությունները՝ օրենքի սահմանած շրջանակներում: Հանուն մեր երկրի ու պետականության բոլորս ենք պարտավոր միասին ճանապարհ անցնել, իսկ թերացողները, բնականաբար,  ինչ-որ ժամանակ հետո կլքեն այդ ճանապարհը: 

- 2017թ. դեկտեմբերին բացվեց Մեղրու ազատ տնտեսական գոտին: Բացման արարողությունից րոպեներ անց նորաբաց կառույցը փակվեց…

Մինչդեռ՝ պետական մակարդակով շարունակեցինք թմբկահարել, որ ազատ տնտեսական գոտի ունենք, ներդրողները գալիս են եւ այլն:

Անգամ համաշխարհային հռչակ ունեցող Դավոսի հարթակից մեր հանրապետության ներկայացուցիչը երկրներին կոչ արեց օգտվել Մեղրու ազատ տնտեսական գոտու հնարավորություններից: Ի՞նչ կա-չկա Մեղրու ազատ տնտեսական գոտում:

- Մեղրու ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 07.12.2015թ. N 1595-Ա որոշմամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) նախատեսված է կառուցապատել երկու փուլով:

Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային եւ այլ ծառայությունների համար։

2018 թվականին մեկ ընկերություն ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն՝ յոթ տարի ժամկետով՝ մշակող արդյունաբերության (սննդամթերքի արտադրության), առեւտրի, լոգիստիկ (սառնարանային եւ պահեստային տնտեսության) ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

- Այս հարցազրույցը համընկել է 2018-ի արդյունքների ամփոփմանը: Ուստի եւ կուզենայինք ճշտել մի քանի ցուցանիշ ավարտված տարվա արդյունքներին առնչվող:

Այսպես՝ որքա՞ն ներդրում կատարվեց Սյունիքում 2018-ին (ոչ բյուջետային ներդրումնեի մասին է խոսքը). 2018-ի սկզբին լուրջ խոստումներ էին տվել սյունեցիներին:

Եվ, եթե կարելի է, ո՞ր ոլորտներում եւ ո՞վ է կատարել ներդրում:

- Մարզում կատարված ներդրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հանրության համար հասանելի կլինի մարզի գործունեության 2018 թվականի ծրագրի ամփոփումից հետո: Նախնական տվյալներով տեղական եւ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով, իրականացվել  են շուրջ 49.1 մլրդ դրամի զարգացման,  ներդրումային  եւ վարկային  ծրագրեր մարզի տնտեսության բոլոր ոլորտներում:

-  2018-ի արդյունքներին առնչվող մեկ հարց եւս. որքա՞ն աշնանացան է կատարվել անցած տարվա վերջին, ի՞նչ ավարտ ունեցավ աշնանացան ցորենի սերմացուների հետ կապված պարտքի պատմությունը:

- 2018թ վերջին մարզում կատարվել է 9500 հա աշնանացան: Ցորենի սերմացուի պարտքի հետ կապված հարցը դեռեւս դատական գործընթացների մեջ է, չի հանգուցալուծվել, քննչական մարմիններն են զբաղվում դրանով: 

- Սոցիալական վիճակին առնչվող հարց. 2018-ի արդյունքներով որքա՞ն աշխատատեղ է հիմնվել Սյունիքում: 

- Վերջնական պատկերը կրկին պարզ կլինի մարզի 2018 թվականի գործունեության ծրագրի մոնիթորինգի արդյունքում: Նախնական տվյալներով 2018 թվականի ընթացքում մարզում ստեղծվել է շուրջ 900 աշխատատեղ:

- Դուք մասնակցել եք Արցախյան հերոսամարտին, նաեւ, որքանով տեղյակ ենք, վիրավորվել եք ու առաջին բժշկական օգնությունը ստացել Գորիսի հիվանդանոցում: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք ազատամարտի սյունեցի վետերանների, ասել է թե՝ ԵԿՄ-ականների հետ:

- Նրանց մի մասին ճանաչում եմ, մի մասի հետ առավել սերտ հարաբերություններ ունեմ, մյուսներին դեռ չեմ հասցրել հանդիպել, բայց բոլորն էլ, միանշանակ,  լինելու են մեր ուշադրության  կենտրոնում:  

- Ձեզ հաջողվո՞ւմ է հասանելի լինել մարզի բնակիչներին: Ինչպե՞ս եք կազմակերպում հանրության հետ կապը:

- Ձգտում եմ առավելագույնս հասանելի լինել մարզի բնակչության համար: Դրա համար կիրառվում են բոլոր հնարավոր միջոցները. դրանք են ինձ մոտ եկող քաղաքացիների ամենօրյա մեծ հոսքը, հատուկ կազմակերպվող ընդունելության օրերը, որն արդեն մարզկենտրոնից զատ սկսել ենք  կազմակերպել նաեւ այլ համայնքներում: 

Գրեթե ամեն շաբաթվա մեջ ունենում եմ այցեր բնակավայրեր, տարբեր կառույցներ, կոլեկտիվներ, ու ամեն տեղ մարդիկ ներկայացնում են հարցեր, առաջարկներ, բողոքներ եւ այլն: Քաղաքացիները նաեւ զանգահարում են, դիմում են համացանցի միջոցով, նաեւ ինքներս հետեւում ենք վիրտուալ տիրույթում մարդկանց մեկնաբանություններին, բարձրացրած խնդիրներին եւ արձագանքում: Ինչպես նաեւ հանգստյան օրերին սիրում եմ զբոսնել, ու մարզկենտրոնի փողոցներում պարզապես քայլելիս եւս ճանաչողները մոտենում ու զրուցում են: 

- Պարոն Պողոսյան, Ձեզ՝ բարի եւ նպատակասլաց, հուսախաբ չանող, սյունեցիների սպասելիքներն արդարացնող աշխատանք:

- Ես նույնպես շնորհակալ եմ հարցազրույցի եւ իմ պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքի ամփոփումը «Սյունյաց երկրի» միջոցով հանրությանը ներկայացնելու հնարավորության համար: 

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի եւ Սուսաննա Բաբաջանյանի


 

 

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19