Հուշաղբյուր՝ փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հիշատակին. նա մարտիրոսվեց քաջի մահով՝ հանուն հայոց սրբազան հողի

25.07.2021 14:25
6101

Մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով ամբողջական եւ արժանապատիվ խոսք ասել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցի քաջերից յուրաքանչյուրի մասին:

Չենք հասցրել ըստ պատշաճի հավերժացնել ամեն մեկի հիշատակը:

Բայց եւ հընթացս, մասնավոր նախաձեռնություններով, քայլեր են ձեռնարկվում մեր հերոսների հիշատակը՝ մեկիկ-մեկիկ եւ յուրովի, հավերժացնելու ուղղությամբ:

Հուլիսի 24-ին Գորիսի Վանքի տափ թաղամասում՝ ՀՀ զինված ուժերի սպաների բնակելի շենքի մերձակայքում,  հուշաղբյուրի բացման արարողություն էր:

Նվիրված էր Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Կարեն Հայրապետյանին:

Նախաձեռնությունն ընտանիքինն է, ավելի ստույգ՝ հերոսի 17-ամյա որդի Վլադիմիր Հայրապետյանինը:

Քարագործ վարպետը Հովիկ Թելունցն է, ով հուշաղբյուրին հետաքրքիր լուծումներ է տվել. նախ՝ խաչքար-աղբյուր…Քրիստոսի չարչարանքների այդ խորհրդանիշը, ըստ էության, տվյալ պարագայում խորհուրդներից մեկն է արտացոլում՝ «… թշնամիներին մերժելն ու հերքելը » (Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, էջ  615), որն առավել համահունչ է հայոց արժանապատիվ զինվորականի նահատակությանը:

Այնուհետեւ սյունաձեւ քարն է, որը հենարան, նեցուկ, ապավեն իմաստն ունի այս պարագայում, ինչը նշանակում է՝ մեր պետականության, հայի լինելիության նախապայմանը հայոց զինվորականն է:

Սյունաձեւ քարի վերջնամասում բացված գիրքն է, որը հերոսի կյանքի անավարտ պատմության վկայությունն է. գրքի բացվածքին փորագրություն է՝ «ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հիշատակին»:

Սյունաձեւ քարի միջնամասում վառվող մոմն է, որը լույսի բազմաթիվ բարի հատկություններից երկուսն է խորհրդանշում՝ «…քշում է խավարը», «փարատում է տրտմությունը եւ ուրախություն պատճառում» (Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, էջ 261):

Հուշաղբյուրի մերձակայքում քարե սեղանն է՝ երկու նստարանով:

Հուշաղբյուրի բացման օրն էլ պատահական չէր ընտրված՝ հուլիսի 24-ին Կարեն Հայրապետյանը կդառնար 42 տարեկան:

Բացմանը, հարազատներից ու մերձավորներից, մարտական ընկերներից ու համաքաղաքացիներից բացի, մասնակցում էին նաեւ իշխանության տարածքային ու համայնքային  մարմինների ներկայացուցիչներ, Սիսիանի զորագնդի սպաներ:

Արարողությունը սկսվեց Հայաստանի Հանրապետության պետական, ապա հայոց բանակի «Երազ իմ երկիր հայրենի» օրհներգերով՝ ՀՀ ԶՈՒ Սիսիանի զորամասի փողային նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, կապիտան Ռաֆայել Սարգսյան):

Ի դեպ, այդ զորամասը վաղ առավոտվանից զինվորականներից պատվո պահակներ էր կարգել հուշաղբյուրի մոտ:

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գեղմասվար Նելլի Արզումանյանի խոսքից հետո, ով ներկայացրեց Կարեն Հայրապետյանի կյանքի ուղին, կատարվեց հուշաղբյուրի բացումը, որի պատիվը վերապահվեց հերոսի որդիներին. կրտսերը՝ Դանիելը, նոր-նոր է դարձել մեկ տարեկան:

Այնուհետեւ տեղի ունեցավ հուշաղբյուրի օրհնության կարգ, որը կատարեցին Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը եւ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորման ավագ գնդերեց Իշխան սարկավագ Գեւորգյանը:

Հավարտ օրհնության՝ ներկաները լռությամբ հարգեցին Արցախյան երրորդ պատերազմի քաջարի մասնակից, փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի, ինչպես եւ Արցախյան պատերազմներում զոհված հայոց քաջորդիների հիշատակը:

Ապա ելույթ ունեցան Կարեն Հայրապետյանի մարտական ընկեր, Գորիսի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Քոչարյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը:

Ելույթ ունեցողները ոչ միայն իրենց խոնարհումն էին բերում հայոց բանակի սխրացած սպային, այլեւ դրվագներ էին ներկայացնում նրա մարտական ուղու, նրա  հրամանատարական դրվատելի ունակությունների մասին, որը լավագույնս դրսեւորվեց ե՛ւ Ապրիլյան պատերազմում, ե՛ւ Արցախյան երրորդ պատերազմում:

Ելույթներից հետո շարունակվեց ծաղկեդրումը, ներկաները մեկ առ մեկ մոտենում էին հուշաղբյուրին՝ ձեռքով հպվելով զորություն ստանում այլեւս կյանքի ուղեգիր ստացած այդ հուշարձանից:

Հանդիսավոր արարողությունը, որ  կազմակերպել էին Գորիսի համայնքապետարանն ու ՀՀ ԶՈՒ  1-ին բանակային կորպուսը, ավարտվեց փողային նվագախմբի կողմից Կարեն Հայրապետյանի սիրած «Էրեբունի-Երեւան» երգի երաժշտության կատարմամբ (խոսք՝ Պարույր Սեւակի, երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի):

***

Փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 13-ին ՝ Հադրութի համար մղվող անհավասար ճակատամարտում:

Աճյունը հողին է հանձնվել հոկտեմբերի 15-ին՝ Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մերձակա պանթեոնում՝ հիմնված 2020 թ. աշնանը:

Հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ավելի վաղ նրա հայրենանվեր ծառայությունը գնահատվել էր  տարբեր մեդալներով ու պատվոգրերով:

Կարեն Հայրապետյանն Արցախյան պատերազմի օրերին Ջրականի (Ջաբրայիլի) գնդի շտաբի պետն էր, իսկ 2020-ի հունվարից՝ Սիսիանի գնդի հրամանատարի տեղակալը՝ մարտական գծով:

Այդ զորամասի բոլոր ստորաբաժանումները պատերազմի առաջին օրերից կրակագծում էին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

Սամվել Ալեքսանյան

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02