Իմ առաջարկությունները կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին

16.05.2016 16:44
5249

Հարգելի պարոն նախարար        

Կրթության հետ կապ ունեցողները չեն զարմանում, որ շատ են խոսակցություններն ավագ դպրոցի չկայացման վերաբերյալ: Բանն այն է, որ ավագ դպրոց են գալիս երեխաներ, ովքեր իրենց իսկ ընտրած հոսքերում չեն կարողանում սովորել, քանի որ հիմնական դպրոցում չեն նախապատրաստվել դրան: Արդյունքում ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում շատ քիչ երեխաներ են սովորում, բնագիտական հոսքն ունենում է միջին ապահովվածություն, մնացած բոլոր աշակերտները «լցվում են» հումանիտար հոսք, կամ էլ, եթե շատ են թույլ, ուղարկվում են այսպես ասած «տուգանային գումարտակ»՝ ընդհանուր հոսք կամ արհեստագործական հոսք, որն ամենեւին ավագ դպրոցի նպատակը չէ: Այստեղից էլ սկսվում է ավագ դպրոցում «չսովորելու» մթնոլորտի ձեւավորումը, որն էլ «քանդում է» այդ հաստատության ուսուցման ողջ համակարգը: Ուրիշ բան էլ հնարավոր չէր սպասել: Ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվածներից շատերը գալիս են ավարտական ստանալու նպատակով եւ հաճախ, բացակայելով դասերից, իրենց նախընտրած առարկաներն ուսումնասիրում են կրկնուսույցների մոտ: Ավագ դպրոցը դառնում է երկրորդային մի հաստատություն, որը կարեւոր է այնքանով, որ տալիս է փաստաթուղթ կրթության վերաբերյալ: Մյուս կողմից պարտադիր է դառնում միջնակարգ կրթությունը, եւ պարզվում է, որ շատանալու են ավագ դասարանները, դրանցում մեծանալու է աշակերտների թիվը՝ էլ ավելի իջեցնելով կրթության որակը: Հասկանալի է, որ ավելանալու են նաեւ ֆինանսական ծախսերը: Այստեղ ոչ մի վարչարարական միջոց չի օգնի, եթե վճռական քայլեր չարվեն:

Ինչ եմ առաջարկում:

Կառուցվածքային փոփոխություններ

Քանի որ մենք ստորագրել ենք Բոլոնյան համաձայնագիրը 12-ամյա կրթության վերաբերյալ, առաջարկում եմ.

ա) Դպրոցի առաջին դասարանները կազմակերպել մանկապարտեզներում 6 տարեկանների հիմքի վրա (եթե համայնքում մանկապարտեզ չկա, կկազմակերպվեն դպրոցներում), իսկ դպրոցը սկսել 2-րդ դասարանից:

Պատճառաբանությունը պարզ է: Նախ մանկապարտեզում 6 տարեկանների համար կան բոլոր պայմանները խաղի, հանգստի, 35 րոպեանոց դասաժամի համար, ու դրանով մեկ տարով կկրճատվի կրթության տեւողությունը դպրոցում (11-ամյա կրթությունը մեզ համար նորություն չէ):

բ) Պարտադիր միջնակարգ կրթությունը դպրոցում տեւում է 10 տարի: 11-րդ դասարանում սովորողները, հանձնելով ավարտական քննությունները բոլոր առարկաներից, ստանում են միջնակարգ կրթության ավարտական, սակայն որն ուժ չունի բուհ ընդունվելու համար:

գ) 12-րդ դասարանում (դպրոցում կրթության 11-րդ տարի) սովորում են միայն միջնակարգ կրթություն ստացած այն աշակերտները, ովքեր ունեն ցանկություն եւ բարձր առաջադիմություն:

դ) 12-րդ դասարանում սովորողները, սկսած սեպտեմբերից, խորացնում են իրենց գիտելիքները եւ կրկնում միայն հոսքային առարկաները, այլ առարկաներ այնտեղ չեն դասավանդվում, եւ տարեվերջին միայն միասնական քննություններ են հանձնում հենց այդ առարկաներից:

ե) 12-րդ դասարանի շրջանավարտները տարեվերջին ստանում են վկայական, որտեղ նշված են միասնական քննություններից իրենց հավաքած միավորները:

զ) Միջնակարգ դպրոցում չի բացվում 12-րդ դասարան, եթե չկան այնտեղ համապատասխան վկայական ունեցող ուսուցիչներ կամ չկան բուհ գնալու ցանկություն ունեցող կամ բարձր գիտելիքներ ու գնահատականներ ունեցող եւ միջնակարգ կրթություն ստացած աշակերտներ:

Այսպիսով՝ մեկ տարով կրճատվում է հանրակրթությունը (ներառյալ 12-րդ դասարանը), ինչպես նաեւ 12- րդ դասարաններ բացվում են քիչ թվով միջնակարգ դպրոցներում եւ խնայվում են լուրջ ֆինանսական միջոցներ:

Բովանդակային փոփոխություններ

Սկսենք այն բանից, որ երեխայի մտքի զարգացումը մեծապես կախված է մաթեմատիկա առարկայի իմացությունից, եւ այդ ուղղությամբ աշխատանքը պետք է սկսել հենց տարրական դասարաններից: Այդ առիթով հիշեցնեմ, որ 2001թ. հանրապետության դպրոցների տարրական դասարաններում սկսել էին դասավանդել «Տրամաբանություն» առարկան Ա.Հակոբյանի եւ Ն.Խրիմյանի «Տրամաբանական խաղեր» դասագրքով, որը կարճ տեւեց, քանի որ շատ դասվարներ ի վիճակի չէին պարապելու այդ առարկան: Մինչդեռ նորամուծությունը տեղին էր:

Ինչ եմ առաջարկում:

ա) Վերականգնվում է «Տրամաբանություն» առարկայի դասավանդումը 3-5 րդ դասարաններում, միայն թե պետք է դասավանդումը հանձնարարել փորձառու մաթեմատիկայի ուսուցչի:

Այդ երեք տարիների ընթացքում պարզվում է այն երեխաների կազմը, ովքեր հակում ունեն մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ուղղությամբ ու այն երեխաների կազմը, ովքեր հակված են դեպի հումանիտար ուղղությունը: Երեխաների զարգացման շարունակականությունն ապահովելու նպատակով պետք է կատարել հաջորդ քայլը:

բ) Մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ուղղությամբ հակում ունեցող երեխաներն ընդգրկվում են մաթեմատիկայի խմբակում, որտեղ բացի մաթեմատիկայի մեջ խորանալուց անցնում են նաեւ ծրագրավորում, ստանում գիտելիքներ՝ իրենց հասու մակարդակով: Խմբակի պարապմունքները կազմակերպվում են 6-րդ եւ 7-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամ տեւողությամբ: Հումանիտար ուղղությամբ հակում ունեցող երեխաներն ընդգրկվում են լեզուների, պատմության կամ աշխարհագրության խմբակներում: 8-րդ եւ 9-րդ դասարաններում երեխաների զարգացումը շարունակելու համար նրանց ընդգրկում են համապատասխան խորացված ուսուցմամբ դասարաններում:

գ) Վերջապես միջին դպրոցում իրենց նախասիրած ուղղություններում խորացած աշակերտներն արդեն շարունակելու են ուսումը միջնակարգ կամ ավագ դպրոցների համապատասխան հոսքերում: Սրանով լուծվում է նաեւ առանց կրկնուսույցների, միայն դպրոցի գիտելիքներով բուհ ընդունվելու խնդիրը:

Իհարկե, ոչ բոլոր երեխաները ցանկություն կունենան 6-րդ եւ 7-րդ դասարաններում ընդգրկվել վերոհիշյալ ուղղություններով որեւէ խմբակում:

Կլինեն երեխաներ, ովքեր հակում կունենան երաժշտության, նկարչության, սպորտի կամ որեւէ առարկայի նկատմամբ: Այդ դեպքում նրանք կընդգրկվեն համապատասխան խմբակներում, որոնք պարտադիր չէ որ գործեն տվյալ դպրոցում: Դրանք կարող են բացվել այլ դպրոցում, կամ երաժշտական, արվեստի որեւէ կենտրոնում, կամ արհեստագործական որեւէ հաստատությունում: Սրանով երեխաներին հնարավորություն կտրվի վաղ հասակից խորանալու ապագա մասնագիտության մեջ՝ հետագայում հեշտությամբ լուծելու իրենց աշխատանքի հարցը:

Ի վերջո, որպեսզի ոչ մեծ թիվ կազմող 12-րդ դասարաններն իրոք ծառայեն իրենց նպատակին՝

դ) Անհրաժեշտ է, որ դրանցում դասավանդումը կատարվի ըստ հոսքերի՝ յուրաքանչյուր հոսքը 2 ժամ՝ օրական 3 հոսք, ընդ որում՝ հոսքերում պարապեն բարձր պատրաստություն ունեցող ուսուցիչներ: Պետք է հնարավորություն տալ, որ երեխաներն իրենք ընտրեն իրենց ուսուցիչներին: Այս ձեւով 12- րդ դասարանցին կկապվի դպրոցին՝ հույսը դնելով միայն դպրոցի վրա:

Պարոն նախարար, ես մանկավարժների ընտանիքի զավակ եմ։ Հայրս դասավանդել է պատմություն եւ աշխարհագրություն, մայրս՝ մաթեմատիկա: Ներկայումս մայրս 96 տարեկան է՝ Մեծ հայրենականի եւ Աշխատանքի վետերան, ու հաճախ է ինձ հարցեր տալիս արդի դպրոցի վերաբերյալ: Ինքը եւ ես շատ ենք տխրում հանրակրթության ներկայիս վիճակի առթիվ: Ես մի քանի գրքի հեղինակ եմ, դասընթացավար եմ, ունեմ շատ հոդվածներ եւ խրախուսանքներ, ու չեմ կարող անտարբեր լինել: Որոշեցի Ձեզ ներկայացնել առաջարկություններս: Ասեմ, որ տարիներ առաջ /խորհրդային դպրոց/, 6-րդ դասարանցիների հետ իմ խմբակում մաթեմատիկայի հետ ուսուցանել եմ նաեւ ծրագրավորում /որն իմ աշակերտները լավ էին յուրացնում/, եւ պատահական չէ, որ առաջարկում եմ 6-րդ եւ 7-րդ դասարաններում խմբակի ժամանակ ուսուցանել նաեւ ծրագրավորում: Ներկայումս աշխատում եմ այդ խմբակի գրքի վրա՝ «Մաթեմատիկա եւ ծրագրավորում» խորագրով: Կարծում եմ՝ կարող ենք այն հրատարակել օգոստոս ամսին, որով կարող են առաջնորդվել խմբակավարները: Ինչ վերաբերվում է այլ առաջարկությունների, դրանք շատ-շատ են: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել:

Շատ կուզենայի, որ մեր մարզի ուսուցիչները «Սյունյաց երկիր» թերթի միջոցով քննարկեին իմ առաջարկությունները:            

ՍԵՎԱԴԱ ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Սյունիքի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25