Իր երկրի տերն էր ու իր ժողովրդի ծառան

12.12.2014 16:19
1992

Երկու տասնամյակից ավելի է` երկրային կյանքից հեռացել է տաղանդաշատ երաժիշտ-կատարող, երգահան, մանկավարժ Գառնիկ Խաչատրյանը: Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված երաժշտության նվիրյալին, հայրենի եզերքի հոգսերով ապրող մարդուն:

Վաղ դրսեւորվեց Գ.Խաչատրյանի հակումը երաժշտության հանդեպ: Տասնչորս տարեկանում արդեն երաժիշտ-կատարող էր: Այն տարիներին, երբ դեռեւս չուներ երաժշտական կրթություն եւ չէր տիրապետում նոտագրությանը, նվագում էր թառ, քամանչա, շվի, դուդուկ, զուռնա, կլարնետ, ակորդեոն, քանոն, ուդ, բամբիռ, ջութակ, թավջութակ, շեփոր, տրոմբոն եւ բոլոր գործիքներին գերազանց էր տիրապետում: Եվ միայն 1957-1960-ին ուսանել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

1962 թվականից Կապանի N1 երաժշտական դպրոցում դասավանդում էր սոլֆեջիո եւ հայ ժողովրդական նվագարաններ, գործուն մասնակցություն է ունեցել այդ կրթօջախի եւ Ղափանի երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժինների հիմնադրմանը: Այդ կրթօջախներում եւ թիվ 27 գիշերօթիկ-սանատոր դպրոցում ուսուցանում էր ժողգործիքներ, դասավանդում տեսական առարկաներ, վարում երգի-պարի համույթներ, երգչախմբեր: Տաղանդավոր երգահանը հանդես է եկել որպես առաջին խմբավարը եւ պարուսույցը Ղափանում: Նա կազմակերպեց առաջին բազմաձայն երգչախումբը, երգի-պարի անսամբլը` 120 մասնակցով: Բազմաթիվ անգամ նրա սաները եւ ղեկավարած խմբերը մասնակցել են հանրապետական հաշվետու համերգների, երաժշտական օլիմպիադաների, տուն դարձել մրցանակներով: Ինքը որպես երաժիշտ-կատարող ելույթներ է ունեցել Մոսկվայում, Ռիգայում, Կիեւում, Անդրկովկասի մի շարք քաղաքներում, դարձել դափնեկիր, մեդալակիր:

Գառնիկ Խաչատրյանը հայտնի է որպես երգահան: Ստեղծագործություններ է գրել դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար: 1965-ին «Ծաղկիր, իմ Հայաստան» փառատոնում Գառնիկ Խաչատրյանի թառի կոնցերտն արժանացել է ոսկե մեդալի: Գրել է «Սյունիք» սյուիտը, որ կատարել է Էմմա Ծատուրյանի ղեկավարած անսամբլը: Երգահանի «Իմ Կապան» երգն առաջին անգամ հնչել է 1978 թվականին` Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Նրա ստեղծագործությունների եւ կատարումների մի շարք մտել է Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդը:

Գառնիկ Խաչատրյանի դիմանկարը թերի կլինի, եթե չնշվի հասարակության մեջ նրա ակտիվ կենսադիրքի մասին: Նրան ճանաչողների համար, թերեւս, ամենատպավորիչը հայրենասիրությունն էր, որով նա առանձնանում էր նույնիսկ այն տարիներին, երբ չէր թույլատրվում կամ շատերը չէին համարձակվում խոսել հայրենասիրության եւ հայասիրության մասին: Իսկ Արցախյան շարժման տարիների առաջին իսկ օրերից շարժման ակունքներում էր, մարդկանց հորդորում էր պայքարել մեր ժողովրդի այդ հատվածի արդար պահանջատիրության համար: Գառնիկ Խաչատրյանը հայրենի քաղաքի հասարակական կյանքի ակտիվ մասնակից էր, ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր, պարգեւատրվել էր «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, բազմաթիվ պատվոգրերով: Նրա վաստակը գնահատվեց նաեւ մեր օրերում. շաբաթներ առաջ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ նրան հետմահու շնորհվել է «Կապան» ոսկե հուշամեդալ:

…Հուշ-երեկոյին մասնակցում էին Գառնիկ Խաչատրյանի հարազատները, գործընկերները, սաները, նրա արվեստի երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր գնահատում են նրա մանկավարժական վաստակը, երաժշտական ժառանգությունը: Երեկոն սկսվեց երգահանի «Կապան» ռապսոդիայի մեղեդիներով: Այնուհետեւ էկրանից տարածվեց հանրապետության վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի խոսքը. «Նրա մեջ կար աշխարհն ընկալելու, աշխարհը սիրելու, աշխարհին նվիրվելու մի տեսակ, զուտ գառնիկխաչատրյանական տեսակ, նա ժողովրդական գործիքների վիրտուոզ կատարող էր, եւ այդպիսի նվագող մարդը, այդպիսի ընդունակություններ ունեցող անձնավորությունը չէր կարող չստեղծագործել: Նա շատ արագ ստեղծագործում էր ժողովրդական մի մեղեդի եւ իսկույն որեւէ գործիքով նվագում: Կարելի է ասել, որ ստեղծագործելը նրա համար դյուրին մի բան էր…»:

Դահլիճում գտնվողներից շատերն ունեին նրա հետ կապված որեւէ դրվագ, հիշողություն, նաեւ ասելիք: «Մեր քաղաքի տարեգրությունն առանց Գառնիկ Խաչատրյանի թերի կլիներ, նրա արվեստը մեզ բոլորիս կրթել, դաստիարակել է», – ասաց գեղանկարիչ Հրանտ Էլչյանը եւ դրվագներ ներկայացրեց Գառնիկ Խաչատրյանի երաժշտական գործունեությունից: Հուշերով հանդես եկան նրա երբեմնի սաներ Վարդան Քոչարյանը, Անուշ Դավթյանը, Հովիկ Թովմասյանը` արժանին մատուցելով սիրելի ուսուցչին, երաժիշտ-կատարողին: Գործընկերոջ մասին (միասին աշխատել են թիվ 27 գիշերօթիկ-սանատոր դպրոցում) խոսք ասաց Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղի տնօրեն Արշալույս Փափազյանը: Ելույթներում հնչեց նաեւ վաղամեռիկ Վաչե Եփրեմյանի խոսքը. «Տաղանդավոր մարդը մյուսներից առանձնանում է նրանով, որ կյանքին նայում է այլ աչքերով, տեսնում է այն, ինչ չի տեսնում սովորական մահկանացուն: Հողի սեր, հայրենիքի սեր, մարդու հանդեպ սեր: Այս ամենը լիքը թանաքամանի թաթախումներ են Գառնիկ Խաչատրյանի ստեղծագործություններում: Նա իր երկրի տերն էր ու իր ժողովրդի ծառան: Երջանիկ է այն մարդը, ով շարունակում է ապրել իրենից հետո: Գառնիկ Խաչատրյանն իր համար այդ տեղն ինքն էր ապահովել… »:

Գառնիկ Խաչատրյանը կատարել է մշակումներ, փոխադրումներ: Նրա սաները` Նորա Դավթյան, Անուշ Դավթյան, Անահիտ Բաղդասարյան, Հովիկ Թովմասյան, Վարդան Քոչարյան, կատարեցին «Ռումինական պարը» (փոխադրումը` Գառնիկ Խաչատրյանի): Հնչեցին նաեւ երգահանի ստեղծագործությունները` «Պարը»` ջութակի եւ դաշնամուրի համար, «Էքսպրոմտը», «Պիեսը»` թավջութակի եւ դաշնամուրի համար, «Լեռնապարը»: Էկրանից հնչեց նրա երգերից մեկը` դստեր` Գայանե Սերոբյանի կատարմամբ:

Հուշ-երեկոյի ավարտին երախտագիտության խոսք ասաց Գառնիկ Խաչատրյանի որդին` երաժիշտ Արա Խաչատրյանը. «Եթե ոչինչ արած չլիներ Գառնիկ Խաչատրյանը, միայն «Իմ Կապան» երգով նրան հիշելու են սերունդները»: Այդ երգով էլ եզրափակվեց հուշ-երեկոն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01