Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

02.07.2024 11:16
649

Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլն իրականում լի էր անակնկալներով, ընտրապայքարն ունեցավ անսպասելի ընթացք, քանի որ հաղթողի հավակնորդները վերջնարդյունքում փոխվեցին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներին։  

«Ամենասկզբում առաջատարը համարվում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, թեկնածուների գրանցումից և քարոզարշավի մեկնարկից հետո շատերը կարծում էին, որ հիմնական պայքարը կընթանա նրա և Իրանի առողջապահության նախկին նախարար,  ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանի միջև, սակայն նախընտրական պայքարի ու հատկապես հեռուստաբանավեճերից հետո Փեզեշքիանն իր պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ կարողացավ բավականին մեծ ուշադրություն գրավել իր անձի նկատմամբ՝ դառնալով հիմնական հավակնորդը։ Այդ մասին էին վկայում նաև Իրանում անցկացված նախնական սոցիոլոգիական հարցումները, որոնք արտացոլվեցին ընտրությունների առաջին փուլում»,- ասաց Վարդանյանը։ 

Իրանագետի դիտարկմամբ՝ եթե առաջին փուլում պահպանողականներին հաջողվեր միավորվել մեկ թեկնածուի շուրջը, գուցե, նրանք կունենային հաղթելու ավելի մեծ հնարավորություններ, և ընտրական գործընթացը կավարտվեր մեկ փուլով։ 

«Բայց այժմ ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին պահպանողականները միավորվել են և իրենց աջակցությունն են հայտնել միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիին։ Այդուհանդերձ, նույնիսկ այդ պարագայում դժվար է կանխատեսել, թե ով կհաղթի՝ հաշվի առնելով, որ շատ թեժ պայքար է ընթանում, և երկու ճամբարներն էլ գործի են դնում հնարավոր բոլոր լծակները՝ ավելի շատ ձայներ ստանալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Իրանագետի խոսքով՝ եթե նախկինում եղել է ընտրությունների երկրորդ փուլ, ապա այդ գործընթացի նկատմամբ սովորաբար ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն, և մասնակցությունը եղել է բավականին բարձր, սակայն վերջին տարիներին իրավիճակը որոշակիորեն փոխվել է՝ պայմանավորված հասարակական, սոցիալական մի շարք խնդիրներով և այն հանգամանքով, որ մարդիկ պահանջում են ավելի խորքային ու համակարգային փոփոխություններ։ Այդուհանդերձ, մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե հուլիսի 5-ին նախանշված երկրորդ փուլի ընտրությունների ժամանակ ինչպիսին կլինի մասնակցության աստիճանը։    

Անդրադառնալով այն հարցին, թե երկու թեկնածուներից որևէ մեկի ընտրվելու պարագայում ինչպես կզարգանան հայ-իրանական հարաբերությունները՝ Վարդանյանը շեշտեց, որ Իրանի քաղաքականությունը պայմանավորված չէ միայն նախագահի ինստիտուտով, այլ խարսխված է համակարգային հենքի վրա։ Ըստ այդմ՝ նախագահի որոշմամբ չէ, որ արտաքին քաղաքական գիծ է փոխվում, դա կատարվում է համակարգի միջոցով։   

«Եթե ընտրվի Ջալիլին, ապա հայ-իրանական հարաբերություններում առանձնակի փոփոխություններ չեն լինի, և վերջինս կշարունակի նույն քաղաքականությունը, որը որդեգրել էր Ռայիսին։ Եթե ընտրվի Փեզեշքիանը, ապա այդ դեպքում մի փոքր բարդ է կանխատեսել, թե ինչ քայլեր կկատարի նա այդ պաշտոնում։ Հաշվի առնելով վերջինիս թյուրքախոս լինելը, նախկինում նրա կողմից հնչած խնդրահարույց հայտարարությունները հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ, չեմ կարծում, որ մեզ համար ցանկալի է նրա հաղթանակը։ Այդ դեպքում չի բացառվում, որ տեղային մակարդակում Փեզեշքիանի իշխանության գալը կարող է որոշ չափով բացասաբար ազդել հայ-իրանական օրակարգի վրա։ Բայց կրկնում եմ, դա միանշանակ չէ՝ հաշվի առնելով Իրանի ինստիտուտների համակարգային բարդ բնույթն ու համակարգային մոտեցումը»,- ասաց իրանագետը։   

Վարդանյանի կարծիքով՝ եթե անգամ ընտրվի բարեփոխական գործիչը, ապա նրա համար շատ դժվար կլինի գործել, քանի որ իշխանության մյուս ճյուղերում պահպանողականներն են, հետևաբար ցանկացած քաղաքականություն իրագործելիս՝ Փեզեշքիանը բախվելու է պահպանողականներին, ինչպես եղավ նախկին նախագահ Ռոհանիի կառավարման ժամանակ՝ հատկապես նրա պաշտոնավարման վերջին տարիներին, երբ խորհրդարանի հետ ուներ սուր հակասություններ։      

Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար,  ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից,  պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին ՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ՝ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: 

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34