Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց

31.05.2024 14:15
428

Կապանի մարզադաշտին կից այս մարզօջախը սկսել է գործել 1977 թվականի մայիսից: Մարզօջախի հիմնադրման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 1975-ից՝ հանրապետության «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության և Կապանի կուսշրջկոմի միջև: Ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ մարմնամարզության մասնագետներ ժամանեցին Կապան, իսկ մարզօջախի տնօրենը մարմնամարզության մասնագետ, կապանցի Էդիկ Ծատրյանն էր:

Տարբեր տարիներին մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան դպրոցը ղեկավարել են Էդիկ Ծատրյանը, Աշոտ Ամիրխանյանը, Արթուր Բաղդասարյանը, Նորայր Սահակյանը, 2021 թվականից՝ Թևան Գևորգյանը: Վերջինս մարզադպրոցի սան է, ավարտել է ֆիզկուլտինստիտուտը, 2011 թվականից մարզիչ էր մարզադպրոցում: Սկզբնական շրջանում մարզադպրոցում մարզիչներ ընդգրկվեցին այլ քաղաքներից՝ Գառնիկ Սարոյան, Օլգա Դունաևսկայա, Արթուր Ծատրյան, Գևորգ Ավետիսյան, Միխայել Հակոբյան, Եղիշե Թումանյան, Սմբատ Պետրոսյան, Աշոտ Մերդինյան, Ռուբիկ Օհանյան, ովքեր նշանակալի ավանդ ունեն մարզադպրոցի հիմնադրման և կայացման գործում:

Մարզադպրոցի ստեղծման ակունքների մոտ կանգնած անձնավորություն է ԽՍՀՄ սպորտի վարպետ Գառնիկ Սարոյանը, ով ժամանակին եղել է հանրապետության սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի քարտուղար: Մտերիմ հարաբերություններ է ունեցել օլիմպիական չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի հետ, մինչև վերջինիս մահը եղել է նրա կողքին: Գառնիկը ևս առաջին հրավիրյալ մասնագետների շարքում էր: Նա հիշում է. «Ակրոբատիկայի արմատավորմանը մեծ ներդրում ունեցավ Ռուբիկ Օհանյանը, ով Կապան եկավ մարզադպրոցի հիմնադրումից մեկ տարի հետո: 1979-ին մարզադպրոցն առաջին սպորտի վարպետ տվեց՝ Ռուզաննա Սարգսյան, ով ավտովթարի զոհ դարձավ: Ժամանակին մտածում էինք նրան նվիրված հուշամրցաշար անցկացնել, բայց չստացվեց: 1978-ին մարզիչներին միացավ Օլգա Դունաևսկայան, ով հիմնադրեց գեղարվեստական մարմնամարզությունը: Մարզադահլիճում արդեն պարապում  էին երեք մարզաձևի ներկայացուցիչներ՝ գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և սպորտային մարմնամարզություն, և այդ բոլոր սպորտաձևերում ունեցանք հաջողություններ: Կապանում անցկացրեցինք «Օլիմպիական հույսեր» պատանեկան առաջնությունը, որտեղ մարզադպրոցի սաներ՝ Արմեն Վարդանյանը դարձավ մրցումների բացարձակ հաղթող, իսկ Ահարոն Պետրոսյանը՝ իրեն հավասարը չուներ նժույգաթափերի վրա»:

Մարզադպրոցի կյանքում հիշարժան տարեթիվ  է 1996 թվականը, երբ մարզադպրոցի դահլիճում անցկացվեց հանրապետության սպորտային մարմնամարզության ռահվիրա, նոր ժամանակների առաջին հայ օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որ նախաձեռնել էր հանրապետության սպորտային մարմնամարզության ֆեդերացիան: Երկօրյա պայքարում տարիքային երկու խմբով հարաբերություններ պարզեցին Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի մարմնամարզիկները:

Հուշամրցաշարին մասնակցում էր օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ով հուշամրցաշարի գլխավոր մրցավարն էր:

- Հուշամրցաշարը նպատակ է հետապնդում բարեկամական կապեր հաստատել մեր դրացի երկրների հետ,- մրցումների փակման արարողության ժամանակ ասաց հանրաճանաչ մարմնամարզիկը,- քանզի ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ սպորտային մարմնամարզության դպրոցը մասնակից երկրներից ավելի բարձր մակարդակ և ավանդույթներ ունի:

Առանձնապես գնահատելի է Օլգա Դունաևսկայայի ավանդը, ով մարզադպրոցի հիմնադրման օրվանից ցայսօր մարզադպրոցում է, գեղարվեստական մարմնամարզության նվիրյալ: Սաների  մի մասը մարզչական աշխատանքով է զբաղված Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Պատրաստել է բազմաթիվ սպորտի վարպետներ, ովքեր բարձր են պահել հարազատ քաղաքի պատիվը հանրապետական և միութենական մրցումներում:

Հատկանշական է Համլետ Համբարձումյան-Հասմիկ Գրիգորյան ակրոբատիկական ձևերի խառը զույգի զբաղեցրած մրցանակային տեղը միութենական մրցումների ժամանակ:

Հայաստանն անկախություն ձեռք  բերելուց հետո ուղիղ կապեր հաստատվեցին  աշխարհի երկրների հետ, նաև Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ  միջազգային մրցումներում: Նման մրցման Գերմանիայի Դաշնությունում առաջինը մասնակցել է մարզադպրոցի առաջին սաներից մարզիկ-մարզիչ Նորայր Սահակյանը (սպորտային ակրոբատիկա):

«Կապանում մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան» հարցին, զրուցակիցս՝ Գառնիկ Սարոյանը, ասում է. «Կարծում եմ, որ առաջիկայում Կապանը կդառնա մարմնամարզության կենտրոն, մանավանդ սպորտային ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության գծով նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել: Բայց սպորտային մարմնամարզության համար տակավին աշխատանքներ պիտի տարվեն: Այստեղ եղած գործիքներով կարելի է մեծահասակաների կարգային մարզիկ պատրաստել: Առայժմ այդքանը: Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ զրուցելով պարզեցի, որ մտադիր են մարզագույք տրամադրել Կապանին»:

Վերջին ժամանակներս մարզադպրոցում բարեփոխումներ են կատարվել. համայնքի բյուջեի միջոցով 2019 թվականին հիմնովին նորոգվել է մարզադպրոցի տանիքը, 10 մլն 800 հազար դրամ նախագծային արժեքով:

Համայնքների 2021 թ. տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում նորոգվել է Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը: Շիննորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը 77,4 մլն դրամ էր: Գումարի կեսը հատկացրել է հանրապետության կառավարությունը, մյուս կեսը՝ համայնքը: Աշխատանքներն իրականացրել է Կապանի «Նորոգշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Բարերարների շնորհիվ որոշ հարցեր լուծում են ստացել: Փարսյանների ընտանիքի կողմից մարզադպրոցը նվեր է ստացել միջազգային չափանիշներին համապատասխանող ակրոբատիկական ցատկուղի՝ 22,8 մ երկարությամբ, ինչը հնարավորություն է տալիս մարզադպրոցի դահլիճում անցկացնել մարզաձևի հանրապետական մասշտաբի մրցումներ: Մարզադպրոցի դահլիճը ջեռուցվում է գազի «Տուրբո» վառարաններով, որոնք նվիրաբերել է Գրիգորի Փարսյանը:

Ինչպես տեղեկացանք, մարզադպրոց է հաճախում 186 սան, որից 80-ը հմտանում է գեղարվեստական մարմնամարզության, 106-ը ՝ սպորտային ակրոբատիկայի մեջ: Նրանց մարզական մակարդակը  բարձրացնելուն կոչված է հինգ մարզիչ սպորտային ակրոբատիկայի, չորսը՝ գեղարվեստական մարմնամարզության գծով: Մարզադպրոցի տնօրեն Թևան Գևորգյանի փոխանցմամբ՝ 2023-ից իրենց մոտ մտցվել է ստուգարքային համակարգ: Երեք ամսվա պարբերականությամբ ստուգարք է անցկացվում, որը նպատակ ունի հայտնաբերել դեռատի մարմնամարզուհիների և ակրոբատների կարողությունները և նրանց ճիշտ ուղու վրա դնել:

«Մրցումներ քիչ են լինում, տարվա ընթացքում երեխան 7-8 մրցման պիտի մասնակցի, որ աճ ունենա, մրցափորձ ձեռք բերի: Բայց քանի որ դա չի լինում, ուստի մարզադպրոցում ստուգարքներ ենք մտցրել, որոնք ինչ-որ չափով փոխարինում են մրցումներին»,- մանրամասնում է մեր զրուցակիցը: Այս համատեքստում Թ. Գևորգյանը նշում է, որ մարզադպրոցի ցատկուղին հնարավորություն է ընձեռում միջազգային կարգի մրցումներ անցկացնել մեզանում:

2023-ին հաջողություններ ունեցան, Վրաստանում մասնակցեցին միջազգային մրցման, մարզադպրոցից մասնակցեցին երեք սան, որոնցից մեկը մրցանակային տեղ զբաղեցրեց: Տպավորիչ արդյունքներ ունեցան  մայրաքաղաքում անցկացված Կրեմլինա Մկրտչյանի անվան հուշամրցաշարում՝ չորս առաջին մրցանակ, հինգ երկրորդ, երկու երրորդ տեղ:

Մարտի 2-ից 3-ը Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում, Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին 70-ից ավելի մարմնամարզուհի Երևանից, Գյումրիից, Քաջարանից և Կապանից՝ տարբեր տարիքային խմբերում:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Իր ելույթում նա նշեց, որ նման առաջնությունների անցկացումը նպաստում է մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը: Նաև հավելեց, որ Կապանը հանրապետությունում այն եզակի քաղաքներից է, որ ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց, ինչը թույլ է տալիս առաջնությունը կազմակերպել բարձր մակարդակով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարմնամարզուհիները պարգևատրվեցին հավաստագրերով և մեդալներով, իսկ պատվավոր հյուրերը Կապանի համայնքապետարանի կողմից արժանացան բյուրեղապակյա գավաթների:

Կապանում նման մրցույթ, մեր ունեցած տվյալներով, չի կազմակերպվել...

 

Վահրամ Օրբելյան

 

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

21.11.2024 22:15

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

21.11.2024 21:48

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

21.11.2024 20:27

Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին ձերբակալելու հրաման է տվել

21.11.2024 20:18

Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից

21.11.2024 20:11

Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով

21.11.2024 19:11

ԱՄՆ-ն հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական խաղաղությամբ․ Ջեֆրի Սաքս

21.11.2024 17:42

Գեղանկարիչ Մարտուն Զաքարյանի ցուցահանդեսը Կապանում

21.11.2024 17:05

Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում

21.11.2024 14:20

Բռնցքամարտի ակումբ` Ռազմիկ Աբելյանի նախաձեռնությամբ

21.11.2024 12:37

Քաջարանի մշակույթի պալատում նոյեմբերի 20-ին կայացավ «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի շնորհանդեսը

21.11.2024 12:16