Կապանի Տորթնիում դարերով շրջանառվող ավանդազրույցը՝ Հայկի և Բելի ճակատամարտն Ինջաբելում է տեղի ունեցել

12.07.2023 12:26
1406

Հայկ նահապետի և բաբելոնյան առաջնորդ Բելի ճակատամարտի, նաև Բելի մահվան մասին մեզ պատմում է Պատմահայր Խորենացին՝ «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունում՝ հիմք ընդունելով Մար Աբասի պատումները: Պատմահայրը ցույց է տալիս նաև, թե որտեղ են երկու հսկաները Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին բախվել՝ «մի ծովակի ափ, որն ունի աղի ջուր և մանր ձկներ», «բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ...»:

Ոչ թե Խորենացին կամ Մար Աբասը, այլ «Հայոց պատմության» ծանոթագրության հեղինակները Վանա լիճն են համարում այն ծովակը, որն ունի աղի ջուր ու մանր ձկներ:

Եվ այդ բոլորով հանդերձ՝ Հայկի ու Բելի ճակատամարտի մասին մի ավանդազրույց է շրջանառվում Կապանի տարածաշրջանի Անտառաշատ (Տորթնի) գյուղում:

Ավանդազրույցն առնչվում է Ինչաբել կամ Ինջաբել կոչվող հարթ, ընդարձակ տարածությանը, որը ծովի մակերևույթից 2040-2300 մ բարձունքների արանքում է: Բարձր լեռների միջև ընկած այդ վայրն Անտառաշատ, Տանձավեր, Մալդաշ գյուղերի վարչական տարածքների միացքում է, Բարգուշատի լեռնաշղթայի Աճանան (Տափասար, Թափասար) լեռնագագաթից (2393 մ) դեպի հյուսիս-արևելք:

Կապանի տարածաշրջանում ճանաչված մտավորական, Կապանի և հատկապես Աճանանի ձորի գյուղերի պատմության խորագիտակ Գրիշա Խաչատրյանի վկայությամբ՝ գյուղի տարեցները դեռևս 1980-ական թվականներին էին պատմում իրենց նախնիներից լսած այդ զրույցի մասին:

Եվ ուրեմն՝ ըստ տորթնեցի պապերի ու նախապապերի՝ Հայկի և Բելի նշանավոր մարտը տեղի է ունեցել հենց Ինչաբելում (Ինջաբելում): Իբր մենամարտի ամենաթեժ պահին Հայկը զայրացած ու գազազած դիմել է Բելին՝ հարցնելով ու նախատինք տալով՝ «Ի՞նչ է, Բե՛լ, դե հիմա խոսիր, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես մոռացել այստեղ, Բե՛լ...»: Տեղանունն էլ, այդ ամենից հետո, կոչվել է Ինչեբել կամ Ինչաբել կամ Ինջաբել...

Իհարկե, որևէ մեկս ի զորու չենք կասկածի տակ առնելու Քերթողահոր պատմածը, բայց և չենք կարող անտարբեր անցնել այդ ավանդազրույցի կողքով՝ հազարամյակների խորքից եկող ու Տորթնիի նախնիներից  մեզ փոխանցված:

Ամենայն հավանականությամբ այդ ավանդազրույցի հիմքում առնվազն պատերազմական իրադարձություն կամ օտար նվաճողների հետ ռազմական բախման մի խոշոր իրողություն է ընկած, ընդ որում՝ ռազմական այդ բախումն այնպիսի նշանակություն է ունեցել, որ մեր նախնիները համեմատել են Հայկի ու Բելի ճակատամարտի հետ:

Այդ ավանդազրույցը հազարերորդ անգամ ցույց է տալիս նաև, որ դարերի ընթացում Սյունիքում է վճռվել հայոց ճակատագիրը, ինչն այսօր որևէ մեկը մոռանալու կամ դրանից դասեր չքաղելու իրավունք չունի:

Զարմանալի չէ, որ տորթնեցիները դարեր շարունակ հավատացել են այդ զրույցին ու հպարտացել, որ հայոց աշխարհը նվաճել կամեցող Բելը ջախջախվել է հենց Ինջաբելում:

***

2023-ի հուլիսի 5-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Ինջաբել, ապա բարձրացավ Աճանանի (Տափասարի կամ Թափասարի) լեռնագագաթ:

Մեզ ընկերակցում էին երկու երևելի այրեր՝ Գրիշա Խաչատրյանն ու Սմբատ Երեմյանը:

Գրիշա Խաչատրյանը հանգամանալից պատմում էր այդ վայրերի հետ Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի և Պողոս Տեր-Դավթյանի առնչությունների մասին:

Այդ վայրերում լինելուց հետո միայն կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ էր Գարեգին Նժդեհը 1918-20 թթ. Զանգեզուրյան հերոսամարտի ժամանակ հայկական ուժերի գլխավոր հենակետերից մեկը դարձրել Ինջաբելը: Այդտեղից տեսանելի են և՛ Մեծ Իշխանասարն ու Գլուխ Ձագեձորոն, և՛ Եռաբլրի սարահարթն ու Գորիսի բազմաթիվ գյուղեր, և՛ Կապանի Աճանանի ձորի գյուղերն ու Երիցվանքը, և՛ Շուռնուխն ու Խուստուփը: Բայց առավել լավ ու ամբողջական երևում է (հարավից) Կապանի տարածաշրջանի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը՝ Կատարը (3012 մ)՝ մերձակա Հարսնաքարով, նաև Խուստուփի ու Կատարի միջև գտնվող Կոմբախ լեռնագագաթը (Խուստուփ լեռնազանգվածի հյուսիսային ճյուղավորության գագաթն է, Բեխ գյուղից հարավ-արևմուտք):

Մենք տպավորվեցինք նաև հարուստ բուսականությամբ: Աշխարհի բոլոր ծաղիկները, կարծեք, ժամադրվել ու հավաքվել էին Ինջաբելում, իսկ նրանց անդորրը հսկում էին երկնային իրենց թագավորությունում անընդհատ հերթապահող արծիվները:

Տպավորվեցինք առատ խոտածածկով, անեզր արոտավայրերով: Մեղվաբուծության, անասնապահության, դեղագործության համար բացառիկ նպաստավոր այդ վայրերը, սակայն, չեն օգտագործվում ըստ նշանակության և հնարավորությունների, ինչը, բնականաբար, ափսոսանքի տեղիք է տալիս:

Վերջում կանգ առանք Աճանան լեռան հյուսիս-արևմտյան կողմում գտնվող մի տափարակում, որ հայտնի է իր խաչքարով կամ ֆալլոսի պաշտամունք հիշեցնող խորհրդանիշ-քարով (2626 մ բարձրությամբ լեռնագագաթ Բարգուշատի լեռնաշղթայի արևելյան մասում, Գորիսի և Կապանի շրջանների սահմանագլխին, Մալդաշ գյուղից հարավ-արևմուտք):

Անտառաշատցիներն այդ վայրը կոչում են Խաչի քար, իսկ մալդաշցիները՝ Խաչերի դաշտ:

Այդտեղից պարզորոշ երևում է քիչ հեռավորության վրա գտնվող Մալդաշ (Քաշունի) գյուղը: Եվ ուրեմն չէինք կարող չհիշել Պողոս Տեր-Դավթյանին: 1920 թ. հոկտեմբերի 21-23-ին Նժդեհի կողմից Ինջաբելում պարտություն կրած բոլշևիկյան զորքերը հենց այդ վայրով էին նահանջում դեպի Մալդաշ: Սակայն այնտեղ վրա է հասնում Պողոս Տեր-Դավթյանի գլխավորած սիսիանյան հեծելազորը, որն էլ վերջնականապես ջախջախում է նրանց:

Ինջաբելից վերադարձանք Տափասարի և Կատարի միջև ընկած հեքիաթային անտառով, որը, առանց չափազանցության, ոչ միայն Կապանի ու Սյունիքի, այլև համայն Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից է: Զբոսաշրջության համար դժվար թե մեզանում գտնվի այնպիսի  մեկ այլ վայր, ինչպիսին Աճանանի ձորն է՝ Աճանան կամ Նորաշենիկի ջուր անվանյալ գետակով, անտառներով ու երկնքի հետ զրույցի բռնված լեռնագագաթներով, անզուգական բուսական ու կենդանական աշխարհով, սառնորակ աղբյուրներով...

Սամվել Ալեքսանյան

В Ереване почтили память легендарного лётчика Нельсона Степаняна

01.04.2026 15:01

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

01.04.2026 14:57

Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է

01.04.2026 14:15

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպումից

01.04.2026 14:12

Նախագահը հրաժարվել է Վազգեն Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է ՍԴ

01.04.2026 12:59

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը կքննի Մնացական Մարտիրոսյանը

01.04.2026 12:54

ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ

01.04.2026 10:46

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

01.04.2026 10:44

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն աշխատանքային այցով Իշխանասար բնակավայրում էր

31.03.2026 23:35

Երկու 18 տարեկան դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, ովքեր եկեղեցում հարգանք չեն դրսևորել տասնյակ հավատացյալների նկատմամբ․ Արման Թաթոյան

31.03.2026 22:06

Ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը․ նույնիսկ տեսաուղերձների հարցը չի լուծել Վերաքննիչ դատարանը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

31.03.2026 22:01

Ժաննա և Արաքսյան չեն վճարում նաև տների գույքահարկերը

31.03.2026 19:41