Կառավարման համակարգի օպտիմալացման վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը տեղերում աղավաղվո՞ւմ է

06.02.2017 11:36
1717

«Սյունյաց երկիր» մարզային թերթի 20.01.2017թ. թիվ 2 (420) համարում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի տարեկան հաշվետվության վերաբերյալ Արմինե Հարությունյանի հեղինակած նյութում ասված է. «Գաղտնիք չէ, որ հանրապետությունում սկսվել է հաստիքների կրճատման գործընթաց, ինչից անմասն չի մնացել նաեւ Կապան համայնքը: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ համայնքապետարանում եւ նրա ենթակա կառույցներում կկրճատվի մոտ 40-50 հաստիք»:

Հայտնի է, որ ավելի քան ինը տարի է՝ մեր երկրի ամբողջ կառավարման համակարգը խոր ճգնաժամի մեջ է: Ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական պետական մարմինները, դրանց ստորաբաժանումները եւ համայնքային հիմնարկները գործում են, մեղմ ասած, անարդյունավետ: Վաղուց խնդիր է առաջացել օպտիմալացնել դրանք, որպեսզի նկատելի արդյունքներ ստացվեն:
Հենց այդ նպատակով էլ մեր նոր կառավարության ղեկավարը` Կարեն Կարապետյանը, փորձում է անել դա, որը միանգամայն ողջունելի է: Ինչպես շատ-շատերին, այնպես էլ ինձ լավատեսական հույս է ներշնչում դա: Գործընթացը, մինչդեռ, բոլորովին էլ միտված չէ սոսկ հաստիքների ու աշխատատեղերի կրճատումների:

Փաստ է նաեւ, որ օպտիմալացում ասվածի ներքո հատկապես մարզերի կտրվածքով, ղեկավարները` գրեթե 100 տոկոսով, հասկանում են միայն աշխատատեղերի կրճատում: Այսպիսի մոտեցումը ոչ այլ ինչ է, քան կառավարման մարմինների գործունեության կատարելագործմանն ուղղված պետական քաղաքականության խեղաթյուրում, վարկաբեկում, վիժեցում: Մյուս կողմից, նման մոտեցումը դժգոհություն, հուսալքություն է առաջացնում հասարակության մեջ:

Օպտիմալացում արտահայտությունը ծագել է լատիներեն օպտիմուս բառից, որը հայերենում թարգմանվում է լավագույն: Այսինքն՝ օպտիմալացմամբ ուզում են լավացնել, արդյունավետ (հարգարժան վարչապետ Կ.Կարապետյանի ասած՝ էֆեկտիվ) դարձնել երկրի կառավարման համակարգի, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքը:

Արդյո՞ք այդ լավացումը միայն աշխատողների թվի կրճատումների հաշվին կարող է կատարվել, թե՞ կան նաեւ այլ ուղիներ: Միանշանակ պետք է ընդգծել, որ այո՛, կան, այն էլ շատ, ու ավելի արդյունավետ, քան կրճատումներն են:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նոր տարվա նախօրյակին` դեկտեմբերի 29-ին, հայտարարել է, որ առաջիկա օրերին, թե շաբաթներին կամ ամիսներին կրճատելու է 40-50 աշխատող եւ հանգիստ գնացել իր տուն՝ Նոր տարի եւ Սուրբ ծնունդ նշելու:

Դրանով այդ օրերին  նա լարված եւ մտահոգ վիճակ է ստեղծել քաղաքապետարանի եւ ենթակա բոլոր  հիմնարկների, կազմակերպությունների կոլեկտիվներում, յուրաքանչյուր աշխատողի մեջ:

Պետք է հասկանալ, որ օպտիմալացումն ինչ-որ արշավ  չէ (ընտրությունների հանգույն), այլ անընդհատ գործընթաց, որը պետք է անել շատ զգույշ, պատճառաբանված, հիմնավոր ու առանց աղմուկի: Մինչդեռ ոչ միայն Կապանում, այլ ընդհանրապես մեր չինովնիկների ճնշող մեծամասնությունը տեսնելով, որ վարչապետը որոշ չաշխատող կառույցներ է վերացնում, ձախողված կադրեր ազատում, իրենք էլ տարիներով ժանգոտված թրերը հանել եւ սկսել են անկանոն աջ ու ձախ անել: Դե գիտեք, բութ գործիքի արածն էլ, աստված հեռու տանի, աղետալի է լինում` հատկապես, երբ առաջն առնող չի լինում…

Ինչ խոսք, կրճատումներով եւս կարելի է ինչ-որ չափով լավացնել այս կամ այն կառույցի աշխատանքը, սակայն այս պարագայում բոլորովին էլ վճռորոշ չի կարող լինել այն: Սա ավելի շատ պետք է դիտել որպես ճարահատյալ միջոց, նոր քաղաքականությանը համահունչ քայլելու պատրանք: Արդյունքում, շատ դեպքերում ժողովրդական առածում ասվածի նման է ստացվում` երբ հազիվհազ ծնված մեկի մարմնամասը գյորմամիշը կտրում եւ դեն է նետում` որպես ավելորդ մասի:

Օպտիմալացումը պետք է իրականացնել տվյալ պետական կամ տեղական միավորի ամբողջական կառուցվածքում` այդ թվում դրա ներքին ստորաբաժանումներում` ընդհուպ մինչեւ նրանց միջեւ անելիքների ճիշտ բաշխում եւ այլն, որով  էլ մեծապես պայմանավորված է սպասվելիք վերջնական արդյունքի չափը: Ինչքան գիտականորեն ճիշտ եւ հիմնավորված լինի այդ քայլը, կառույցն այնքան  արդյունավետ կգործի:

Մեր կարծիքով՝ հիմա հենց դրանով էլ զբաղված է Հայաստանի կառավարության նորանշանակ ղեկավարը: Վերջին ամիսներին նախարարություններ են լուծարվել, ԾԻԳ-եր եւ այլ կառույցներ փակվել, բայց դրանց կողքին ստեղծվել են այլ կառույցներ, որոնք նոր դիրքերից, այլ եղանակներով պետք է փորձեն ձախողված բնագավառներում գործերը կարգավորել: Կհաջողվի՞ նրանց, թե՞ ոչ, ժամանակի հարց է: Ըստ երեւույթին մի մասը քննություն կբռնի, մեկ այլ մասը՝ ոչ, եւ այդ մասով նորից միջոցներ պետք է ձեռնարկվեն: Սա բնականոն պետք է համարել: Կարեւորն այն է, որ չաշխատող ենթակառույցներն օր առաջ հայտնաբերվեն ու փոփոխվեն:

Մի խոսքով՝ քննվող գործընթացը միանգամայն սխալ է կրճատում կոչել: Ընդհակառակը: Սոցիալական ցանցերում երբեմն հանդիպում ենք կարծիքների, թե մեր վարչապետն այս ի՜նչ է անում. մի կողմից կրճատում է, մյուս կողմից՝ նոր կառույցներ  ստեղծում: Այսպիսի քաղաքականությունը, իմ կարծիքով, պետք է ողջունել, քանզի միտված է, որքանով հասկանում եմ, ոսկե միջինը գտնելուն եւ իրոք աշխատող պետական մարմիններ ունենալուն, որ երկիրը կարողանա հաղթահարել ստեղծված ծանր վիճակը:

Որպեսզի ավելի ցայտուն լինի, որ օպտիմալացումը զուտ կրճատում չի ենթադրում, այլ ընդհակառակը՝ միջոցառումների մի ամբողջ համալիր, բերենք մի օրինակ:

Մի քանի տարի առաջ Հայաստանի ԱԻՆ նախարարությունը` իր կառուցվածքային ստորաբաժանումներով հանդերձ, տեխնիկական զինվածությամբ, գործելու ձեւերով ու  եղանակներով, ֆինանսական միջոցներով եւ մյուս այլ հնարավորություններով շատ ավելի թույլ պետական կառույց էր, քան ներկայումս է: Ի՞նչ է կատարվել:

Հաշվի առնելով երկրի համար կառույցի կարեւոր դերը` նախարարությունում կատարվել է օպտիմալացում-լավացում: Ստեղծվել են արդյունավետ գործող անհրաժեշտ նոր ստորաբաժանումներ, ձեռք են բերվել արդիական տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, ավելացվել է աշխատակազմը` լուրջ տեղ հատկացնելով կադրերի ուսուցման ու որակավորման բարձրացմանը, զգալիորեն ավելացել են ֆինանսական ներդրումները: Կարծում եմ՝ համամիտ կլինեք, որ այս կառույցը, ի տարբերություն շատերի, հիմա ավելի արդյունավետ է գործում, եւ մեր բնակչությունը դժգոհ չէ նրանից:

Թվում է՝ մեր տեղական մարմինները եւս պետք է կառավարման գործում ղեկավարվեն ու աշխատեն այդպիսի մոտեցմամբ, որ հաջողեն ու մտքներից մեկընդմիշտ  հեռացնեն «կրճատել» հասկացությունը եւ հնարավորինս քիչ օգտվեն դրանից: Հատկապես հիմա, երբ ընթանում է համայնքների խոշորացման գործընթաց, պետք է շատ ուշադիր կիրառել նշված լծակը:

Հարց է առաջանում` կրճատողներն արդյո՞ք տեղերում արել են համապատասխան ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ հանգել անհրաժեշտ եզրակացությունների, թե որն է պատճառը, որ տասնյակ տարիներ չեն լուծվում այս կամ այն հարցերը, ի՞նչ քայլեր են պետք, դրանց  ենթակա կառույցները կամ ծառայությունները կարո՞ղ են արդյունավետ լինել, հարկ չկա՞ արդեն քննություն բռնած որեւէ մեկի փորձը ներդնել, որակավորված նոր մասնագետները, աշխատողները չէ՞ին շտկի վիճակը, ի՞նչ կտար կադրերի որակավորման բարձրացման կազմակերպումը եւ այլն:

Այդ ամենից հետո իրենց կհաջողվի՞ մշտապես թերակատարվող բյուջեի մուտքերի հավաքումը սահուն, լիարժեք եւ լիովին իրականացնել, գործող թափթփված բազարները վերափոխել մակարդակով սպասարկում իրականացնող շուկաների, շտկել առեւտրի ու սպասարկման, նաեւ մյուս ոլորտներում անթույլատրելի, հակահիգիենիկ վիճակները, բարելավել բնակավայրերի սանիտարիան, ջրամատակարարումը, կանխել կոյուղացանցերի խափանումները, աղբանոցներում կատարվող անասնամորթերը եւ էլի շատ բաներ:

Եթե նման խնդիրներ լուծելու նպատակով լրացուցիչ ստորաբաժանումներ ստեղծվեն, աշխատողներ ընդունվեն ու արդյունքում կարգավորեն թեկուզ խնդիրների մի մասը… Արդյո՞ք դա օպտիմալացում չէ:

Հուսախաբ եմ անելու նրանց, ովքեր հույս ունեն, որ ակտիվ կրճատումներով կառավարության աչքին բարձր կերեւան: Հաստատ է, որ այնտեղ, առիթ լինելու դեպքում, ավելի շուտ հարցնելու են՝  ի՞նչ արդյունք ունեք, ինչպիսի՞ ծրագրեր ու թարմ նախաձեռնություններ, քանի՞ աշխատատեղ եք բացել եւ այդ ուղղությամբ ի՞նչ սպասելիքներ կան, քանիսո՞վ են ձեզ մոտ պակասել օտար ափեր մեկնողները, քանի՞ հարսանիք, ծնունդ եք գրանցել, դպրոցում քանի՞ աշակերտ է ավելացել եւ նմանատիպ այլ հարցեր:

Այսպիսով՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների օպտիմալացման առումով կարելի է հանգել հետեւյալին:

1. Երկրի կառավարությունից մինչեւ տեղական ինքնակառավարման մարմիններ`դրանց ստորաբաժանումներով, ենթակա հիմնարկներով, կազմակերպություններով հանդերձ,  իրենց առջեւ մշտապես վերափոխման, կատարելագործման եւ առաջադրվող պահանջներին համապատասխանելու  խնդիր ունեն թե՛ կազմակերպական կառուցվածքի առումով, թե՛ աշխատակազմի ավելացման կամ պակասեցման, ինչպես եւ կառավարման գործում բարձր տեխնոլոգիաների կիրառման տեսակետից:

2. Օպտիմալացում-լավացումը պահանջում է բավարար ֆինանսական միջոցներ, որի ստեղծմանը պետք է ուղղված լինի ամբողջ կառավարման համակարգի ոչ միայն ուշադրությունը, այլ նաեւ միտքն ու հոգին: Այլ տեղերից միջոցներ սպասելը կործանարար է:

3. Օպտիմալացումը մշտական գործընթաց է, որ խնդիր ունի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին հասցնել այնպիսի հանգրվան, որ նա աշխատի առավել թափանցիկ, սահուն ու անկաշկանդ եւ ապահովի բարձր արդյունքներ:

ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48

Շուրջ 117 մլն դրամ Սյունիքի բուժհաստատություններին

20.12.2024 15:32

Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից. Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները. Օսկանյան (տեսանյութ)

20.12.2024 15:07