Կարմիր խաչը կփորձի տեսակցել Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանին. ԱԱԾ-ն այդ դեպքով քրեական գործ է հարուցել

31.07.2020 19:58
6043

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ 30-ամյա Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ եւ 329-րդ հոդվածների՝ մարդուն առեւանգելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Արթուր Գեւորգյանը:

Հիշեցնենք՝ Նարեկը որպես անհետ կորած որոնվում էր հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել: Միայն մեկ շաբաթ անց՝ հուլիսի 15-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ հրապարակեցին, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:

Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը երեք օր անց՝ հուլիսի 22-ին, բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին: Նարեկ Սարդարյանն ամուսնացած է, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ, ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Նարեկ Սարդարյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու մասին Ձեր դիմումը՝ Ադրբեջանի առաջ որոշակի պահանջներ դնելով: Այս մեկ շաբաթվա ընթացքում  Ադրբեջանը ի՞նչ տեղեկություններ է փոխանցել նրա ընտանիքին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել առհասարակ:

- Դեռ որեւէ տեղեկություն չենք ստացել, ոչ մի հաղորդակցություն չի եղել, սպասում ենք:

- Տեղեկացվա՞ծ էլ չեք՝ արդյոք Ադրբեջանում քրեական գործ հարուցվել է թե ոչ:

- Դա եւս ՄԻԵԴ-ի պահանջների մեջ է մտնում. տեղեկացնելը՝ քրեական գործ կա, թե ոչ, եթե կա, նյութերը ուղարկելը: Մենք հիմա փորձում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ ստանալ:

- Արդեն հաջողվե՞լ է ինչ-որ բան պարզել:

-Կան որոշակի զարգացումներ, հիմա դեռ չենք ուզում տեղեկություն տալ, որովհետեւ Կարմիր խաչը խնդրում է սպասել, շատ ինֆորմացիա չտալ, բայց կա որոշակի պայմանավորվածություն, որ Կարմիր խաչի Ադրբեջանի ներկայացուցիչները այնտեղ հանդիպեն նրա հետ, ինչպես Կարեն Ղազարյանի դեպքում էր (Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղից է, ունի առողջական խնդիրներ, Ադրբեջանում է հայտնվել 2018 թվականի հուլիսին, մեկ տարի չանցած՝ դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, լրտեսության եւ այլ հոդվածներով,-խմբ.): Դե, Կարմիր խաչը դա պարտավոր է անել, որպես կանոն, անում է, թեեւ մեծ ընդմիջումներով, ոչ կանոնավոր կերպով: Իրենք չեն ուզում իրավական գործընթացներին միջամտել, միայն ընտանեկան հարաբերություններում միջնորդի դեր են ստանձնել: Հուսով ենք՝ այդ առաքելությունը կիրականացնեն:

- ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել էր նաեւ պատասխանել հարցին՝ արդյո՞ք Սարդարյանը հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների եւ Հայաստանի իշխանությունների հետ: Որքանով հայտնի է, մինչ Ձեր դիմումը Սարդարյանի հարազատները որեւէ կապ չեն ունեցել նրա հետ, ճի՞շտ է, անգամ տեղեկություն չունեին նրա գտնվելու վայրի մասին:

-Այո, բացարձակապես, միակ ինֆորմացիան որ կա, այն կարճ  տեսահոլովակն է, որ Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են, այն էլ՝ ոչ պաշտոնական աղբյուրներով, եւ մեր լրատվամիջոցները վերցրել են, կրկին ոչ պաշտոնական աղբյուրներով վերահրապարակել: Այսինքն՝  հարազատները ունեն միայն այդ կարճ տեսանյութը, որտեղ Սարդարյանը ինչ-որ պատմություն է պատմում, որը արժանահավատ չէ, հարցեր է առաջացնում նաեւ այդ պատմությունը պատմելու եղանակը: Այս անորոշությունն է հիմնական պատճառը, որ ընտանիքը դիմել է ՄԻԵԴ: Իհարկե, երբ ՄԻԵԴ-ը գանգատը կոմունիկացնում է, նշանակում է՝ նա անցնում է միջազգային պաշտպանության տակ:

-Ադրբեջանին հատուկ ձեռագի՞ր էր այդ տեսանյութը այդկերպ հրապարակելը:

-Շատ նման էր նախկինում տեղի ունեցած դեպքերին, օրինակ՝ Ղազարյանի, Սարիբեկյանի գործով (Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից էր, հովիվ, գերեվարվել է 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել նրա դին՝ խոշտանգված վիճակում. այդ գործով 2020 թվականի հունվարին ՄԻԵԴ-ը ճանաչել է կյանքի եւ խոշտանգումների արգելքի իրավունքների խախտումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով վճարել 62 հազար եվրո փոխհատուցում,- խմբ.): Այսինքն՝ ձեռագիրը  նույնն է. ինչ-որ լեգենդ են քաղաքացու վրա հյուսում եւ նրան զրկում են կապի հնարավորությունից, որպեսզի այդ լեգենդը աշխատի: Եվ փաստերն են շատ նման. սահմանին մոտ՝ 2-3 կամ 1.5-2 կմ հեռավորության վրա, քաղաքացիական անձը տվյալ դեպքում զբաղվել է իր ֆերմայով եւ հանկարծ հայտնվել է Ադրբեջանում. այդ ինչպե՞ս, ե՞րբ. սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում:

-Ինչպե՞ս պիտի տրվեն այդ հարցերի պատասխանները:

- Դե, մենք դա փորձում ենք պարզել իրավական գործընթացով: Դրանից զատ Կարմիր խաչը, որպես հումանիտար, ոչ իրավական կազմակերպություն, հուսով ենք, նույնպես միջոցներ կձեռնարկի այցի համար, որպեսզի հարազատները, թեկուզ միջնորդավորված, տեղեկություն ստանան, ինչպես Կարեն Ղազարյանի դեպքում է արվում:

- Պարո՛ն Ղազարյան, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն հայտնեց, որ ձեռնարկվում են միջոցներ՝ Սարդարյանին Հայաստան վերադարձնելու համար, դեպքին արձագանքեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Այս ընթացքում կապի մեջ եղե՞լ եք, համագործակցություն կա՞ պետական մարմինների հետ: 

- Պետական մարմինների հետ համագործակցության եզր մենք չունենք. հարուցվել է քրեական գործ, եւ ամենայն հավանականությամբ ծնողներին կներգրավեն որպես տուժողի ներկայացուցիչ կամ մենք կդիմենք, բայց միակ ձեւը քրեադատավարական եղանակն է: Այդ գործը շատ նախնական էտապում է դեռ, տեսնենք, եթե հնարավորություն լինի, նրա հարազատները կներգրավվեն, որպեսզի կարողանան մասնակցել վարույթին:

- Իսկ ՄԻԵԴ-ը ի՞նչ ժամկետ է սահմանել Ադրբեջանին ներկայացրած պահանջների կատարման համար:

- Դե, նախ մեզ համար է ժամկետ սահմանել, որպեսզի մենք հիմնական դիմումը ներկայացնենք մինչ օգոստոսի 19-ը, իսկ Ադրբեջանի համար ժամկետ է սահմանվել սեպտեմբերի 2-ը:

- Այսինքն՝ այն, որ անցնող մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը որեւէ քայլ չի ձեռնարկել, իրավական առումով դեռ խնդրահարույց չէ՞:

- Մեզ համար, նրա հարազատների համար ամեն օրն էլ խնդրահարույց է: Կոնկրետ այդ ժամկետը շատ երկարատեւ է. սա հրատապ միջոց է, որին ժամկետ են սահմանել մեկուկես ամիսը: Բայց, իհարկե, էլի շնորհակալ ենք, դա միակ մարմինն է աշխարհում, որը որոշել է ներգրավվել այս իրավական գործընթացում:

- Ձեր բուն գանգատը, որ առաջիկայում պիտի ներկայացնեք, կոնկրետ ինչի՞, ո՞ր իրավունքների մասին է:

- Դե, մենք կորոշենք արդեն. նրա կյանքն է վտանգի տակ, առողջությունը, կապի միջոցների բացակայությունը... Այս պահին մեզ համար կարեւոր հարցերն են՝ արդյո՞ք նրան տրվել է դատարանի իրավունք, տրվե՞լ է փաստաբան, արդյո՞ք հնարավորություն կա նրա հետ կապ հաստատելու, կա՞ քրեական գործ, առաջին հերթին նրա ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունն է կարեւոր, անվտանգությունը, գտնվելու վայրը եւ նաեւ վերադարձի հարցը, իսկ գանգատը երկրորդ կարեւոր հարցն է, որը մենք անպայման կներկայացնենք մինչ օգոստոսի 19-ը:

armtimes.com

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04

Այսօր ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81 ամյակն է

09.01.2026 15:56

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ելույթ է ունեցել

09.01.2026 15:44

Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

09.01.2026 14:07

Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին

09.01.2026 13:59

Տարեցները համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում

09.01.2026 12:38

ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե Իրանի իշխանությունները սպանեն ցուցարարներին․ Թրամփ

09.01.2026 00:29

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

08.01.2026 21:13