«Կատյուշայի» զանգեզուրցի հրամանատարը

15.05.2015 15:02
1810

Կյանքիս ընթացքում, սկսած դպրոցական տարիքից, հարգել եմ պատերազմում զոհվածների հիշատակն ու հաղթանակով վերադարձածներին: Նրանք ինձ համար հերոսներ են: Շատ գրքեր եմ կարդացել այդ թեմայով եւ շարունակում եմ կարդալ: Մոտ 30 զեկուցում եմ կարդացել մայիսի 9-ի կապակցությամբ, մամուլում հոդվածներ եմ հեղինակել, գիրք եմ հրատարակել: Պատրաստ է տպագրության եւս մեկ գիրք` «Հուշագիրք Մեծ հայրենականում զոհված զանգեզուրցիների»:

Ավարտվելու վրա է «Զանգեզուրցիները Մեծ հայրենականում եւ աշխատանքում» մենագրությունը:
Մեծ հայրենականի մասնակիցներից մեկի` Սամսոն Հակոբյանի մասին է սույն ակնարկը:
Սամսոն Հակոբյանը ծնվել է 1918թ. Գորիս քաղաքում, բազմազավակ ընտանիքում:

Ընտանիքն ունեցել է տասը ժառանգ` յոթ տղա, երեք աղջիկ: Դրանցից ութը վաղաժամ զրկվել է կյանքից: Ժառանգներից ողջ են մնացել մեծը` Աշխենը, եւ փոքրը` Սամսոնը: Սամսոնը երկու տարեկան էր, երբ մահացավ հայրը: Աշխենն ամուսնացավ եւ ընտանիք կազմեց Սամարղանդում: Մի քանի անգամ փորձ արեց մորը եւ եղբորը Գորիսից տեղափոխել Սամարղանդ` բնակություն հաստատելու: Իսկ երբ մայր ու որդի մեկնեցին Աշխենին տեսակցության, աղջկա խնդրանքը մերժեցին` ասելով` Գորիսը մեր հարազատ ծննդավայրն է, մենք Գորիսից հեռանալ չենք կարող…

Մայրը խնամքով ու գուրգուրանքով պահում եւ մեծացնում է մինուճար որդուն, տալիս ուսման:
Սամսոնը նախնական կրթությունն ստացավ ծննդավայրում` առաջադեմ գիտելիքներով, օրինակելի վարքով: Դպրոցական տարիներին կողմնորոշվեց մանկավարժ դառնալ` մոր հետ խորհուրդ անելով: Ցանկությունը եւ նպատակը իրականանում են, երբ բարձր առաջադիմությամբ սովորում եւ ավարտում է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: Նույն տարիներին մանկավարժական ուսումնարանը, կարելի է ասել, բուհին հավասար գիտելիքներ էր տալիս: Այդ կրթօջախն է լրացրել Զանգեզուրի բոլոր բնակավայրերի դպրոցների մանկավարժների պահանջարկը: Նորավարտ Սամսոնին գործուղում են Գորիսի շրջանի Տեղ գյուղի միջնակարգ դպրոց` աշխատելու պատմության ուսուցիչ: Հաջորդ ուսումնական տարում` 1938-39թթ., նշանակվում է Գորիսի դպրոցներից մեկում` դարձյալ պատմության ուսուցիչ: Ուրախ էր երիտասարդ մանկավարժը, հպարտ էր, չնայած ուսումնառության տարիներին պատմության մասին տխուր հաղորդումներ է ունկնդրել:

Երիտասարդ մանկավարժ Սամսոն Հակոբյանը սիրած աղջիկ ուներ Գորիսի մանկավարժական ուսումնարանում: 1939թ. օգոստոսին ամուսնանում է նրա հետ: Նա էլ դպրոցի աշխատող էր, ուսուցչուհի: Գորիսից էր` Օրդյանների հայտնի գերդաստանից:

Ընտանիքի ուրախությունը երկար չի տեւում: Նույն տարվա աշնանը Սամսոնը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առողջ էր եւ հպարտ: Հպարտ էր, որ գնում է հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու:

Սովետաֆիննական սահմանում քաղաքական, ռազմական եւ ֆիզիկական կոփվածություն ստանալուց հետո զինվորին տեղափոխում են արեւմտյան Բելոռուսիայի Պոլոցկ քաղաք:

1941թ. հունիսի 18-ին հրամանատար Մաշկովը` բնիկ կրասնոդարցի, կանչում է Սամսոն Հակոբյանին եւ Վահան Գյուլամբարյանին (Գորիսի Խնձորեսկ գյուղից)` ասելով` «Դուք 89-րդ հակատանկային բրիգադի կարգապահ եւ գրագետ զինվորներից եք, հրամանատարությունը որոշել է ձեզ ուղարկել Սմոլենսկ` ականանետային ուսումնարանում սովորելու: Շուտով պատերազմ է սկսվելու, իսկ մենք հրամանատարներ քիչ ունենք»:

Ծառայության մեջ գտնվող Սամսոնի զորացրվելուն քիչ էր մնացել: Բայց ահա հունիսի 22-ին ամեն ինչ փոխվում է: Սամսոնն ու Վահանն արդեն Սմոլենսկի ռազմական դպրոցում են, իսկ գերմանական բանակի հրամանատարությունը հսկայական ուժեր է նետել քաղաքի վրա: Սմոլենսկը երկաթգծի կարեւոր հանգույց էր: Այս մասին մարտիկը լսել էր ուսումնարանի ղեկավարից` Նովիկովից: Երկու ամիս շարունակ Սմոլենսկը կրակե կարկուտի տակ էր: Թեժ մարտերի մեջ էր ինքը` Սամսոնը: Ուսումնարանում սովորող զինվորներն ակտիվորեն մասնակցում են քաղաքի պաշտպանությանը: Մարտերը թեժ էին: Վյազմայի ռմբակոծության ժամանակ ոտքից վիրավորվում է Սամսոնը:

Ծանր վիրավոր զինվորներին տեղափոխում են Մոսկվա, այդ թվում` Սամսոնին: Մոսկվայի զինվորական հոսպիտալում շատ թե քիչ բուժում ստանալուց հետո տեղափոխում են Պետրոզավոդսկ` Կարելական ճակատ: Կարճ ժամանակ չանցած` նա քաղղեկի տեղակալն էր: 1941թ. վերջին ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը: 1942թ. Սամսոն Հակոբյանին գործուղում են Մոսկվա` մասնակցելու նոր զինատեսակի` ռեակտիվ ականանետի յուրացման դասընթացներին:
Երկամսյա դասընթացի ավարտից հետո Հակոբյանին տրվում է ավագ լեյտենանտի կոչում ու նշանակվում ականանետային մարտկոցի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո հայտնի դարձավ, որ Սամսոնը Հայաստանից զինատեսակի մարտկոցի միակ հրամանատարն է եղել, իսկ Սովետական Միության մասշտաբով` առաջիններից մեկը: 17-րդ բրիգադը կազմ ու պատրաստ էր ռազմական գործողությունների համար: Գերմանական զորաբանակները պաշարել էին Լենինգրադը: Նրա հետ կապող միակ ճանապարհը, ինչպես հայտնի է, սառցակալած Լադոգա լիճն էր, որ հետագայում անվանեցին «Կյանքի ճանապարհ»:

17-րդ բրիգադը «Կյանքի ճանապարհը» պաշտպանողներից էր: Երկու ամիս լճի պաշտպանական դիրքերում մնալուց հետո հրաման է տրվում տեղափոխվել Ստալինգրադ: Այնտեղ բախտորոշ ճակատամարտեր էին ընթանում: Բազմաթիվ ու բազմատեսակ զենքերի համազարկերի մեջ լսելի էին լեգենդար «Կատյուշայի» համազարկերը, որից սարսափահար էին լինում գերմանացիները: «Կատյուշայի» հրամանատարն այստեղ թեթեւակի վիրավորվում է: Նա դիմանում է դրան ու դուրս չի գալիս մարտադաշտից: Ծանր ու ահավոր մարտեր էին գնում Երզովկայում: Սամսոն Հակոբյանին հրավիրում են Մոսկվա` խորհրդակցության: Նպատակը մեկն էր` անցնել վճռորոշ գրոհի, ազատագրել Ստալինգրադը:

Պետք է նշել, որ սովետական ուժերը Ստալինգրադում բացարձակապես գերակշռում էին: Այդտեղ շրջապատման մեջ դրվեց գերմանական 330 հազարանոց խմբավորումը: Գերագույն հրամանատարությունը հրաման արձակեց ոչնչացնել թշնամու զորքերը եւ մնացորդներին քշել 150-200 կմ հեռու: Ֆաշիստական բանակը Ստալինգրադում թողեց 147 հազար դիակ:

Սամսոն Հակոբյանն իր «Կատյուշայի» համազարկերով մասնակցեց Լենինգրադի, Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի եւ այլ նշանավոր ճակատամարտերի: Ակտիվորեն մասնակցեց եվրոպական երկրների` Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրման համար մղվող մարտերին:

1945թ. գարնանը սկսվեց վերջին գրոհը մայրաքաղաք Բեռլինի վրա: Վերմախտը վերջին ուժերը կենտրոնացրել էր Բեռլինում եւ նրա մերձակայքում, սակայն դա էլ չօգնեց ֆաշիստներին` փրկվելու անվերապահ կապիտուլյացիայից:

1945թ. մայիսի 8-ին «Կատյուշայի» հայորդի հրամանատարը հաղթանակի բերկրանքը վայելողների շարքերում էր: Մայիսի վերջին մեկամսյա արձակուրդ է ստանում եւ գալիս տուն: Խաղաղ պայմաններում, առաջին անգամ, հարազատ ընտանիքում նստում են համեստ սեղանի շուրջ:

Առավոտյան Լաստի խութի բարձունքից արեւի ջերմացնող շողերը դանդաղորեն տարածվում են Գորիսի վրա: Խաղաղ են երկիրն ու երկինքը: Դադարել են «Կատյուշայի» համազարկերը: Գորիսյան մաքուր օդը եւ վարդաստանի բույրը գերել են հրամանատարին: Սեփական պարտեզում կնոջ` Սիրանուշի հետ, քայլում է կանաչ գորգի վրա, ու յոթ տարվա կաղապարված կարոտը հոգու մեջ ծիծաղ է արթնացնում:

Արձակուրդը լրանալուց հետո Սամսոնը վերադառնում է զինվորական շարք, կինը` իր հետ: Զորամասը եղբայրական Բելոռուսիայում էր:

…Մեկ տարի խաղաղ պայմաններում ծառայելուց հետո` 1946թ. հուլիսին, զորացրվում է «Կատյուշայի» հրամանատարը` մայորի կոչումով, 22 շքանշան ու մեդալ կրծքին:

Մեկ առ մեկ հիշում էր, թե որն ինչի համար եւ երբ է ստացել: Հաճախ էր պատմում, որ 1949թ.` Կրեմլում, «Կարմիր աստղ» շքանշանն իր կրծքին ամրացրել է Մ.Կալինինը: Հրավիրված բարձրաստիճան հրամանատարները խմբով նկարվեցին: Կենտրոնում Մ.Կալինինն է` առաջին շարքում, նրանից աջ` Սամսոն Հակոբյանն է: Այդ նկարը պահպանվել է:

Չցանկանալով անավարտ թողնել մանկավարժի գործը` շարունակում է աշխատանքը Գորիսի դպրոցներից մեկում` ուսուցիչ: Հետո սովորում եւ ավարտում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Դրանից հետո Լենինգրադում սովորում եւ ավարտում է առեւտրի դպրոցը: Պատրաստի կազմակերպիչ էր, հասարակական-քաղաքական ակտիվիստ: Դասավանդել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում, հետո նշանակվել Գորիսի քաղկոոպի նախագահ, այնուհետեւ աշխատել շրջանային սպառողական կոոպերացիայի նախագահի տեղակալ, գյուղվարչության կադրերի բաժնի վարիչ, Տաթեւհէկշինի բանմատբաժնի պետ, Արփա-Սեւան կառույցի բանմատբաժնի պետ:

Ընտանիքը տեղափոխվում է Երեւան. նոր կյանք է սկսվում: Նրա հինգ ժառանգը` բարձրագույն կրթությամբ, ընտանիք են կազմում, ապրում Երեւանում:

…Նրա երեւանյան բնակարանում եմ: Գնացել եմ տեսակցության: Ուրախությամբ կարդում էր «Պրավդա» թերթը: Ամուր բռնեց ձեռքս եւ ասաց` Արմենս 27 տարեկան է: Մոսկվայում պաշտպանել եւ ստացել է իրավաբանության դոկտորի կոչում:

Հենց այդ մասին կարդում էր «Պրավդա» թերթում: Խնդրեցի եւ այդ թերթը վերցրի: Մեկական բաժակ թթի օղիով շնորհավորեցինք թոռնիկ Արմենին` գիտության դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ:

Սամսոն Հակոբյանը սերտորեն կապված է եղել հայ գրողների հետ: Ամենօրյա շփման մեջ էր Սերո Խանզադյանի հետ, մանկության ընկերներ են եղել: Ընկերություն է արել Մկրտիչ Սարգսյանի, Համո Սահյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Վազգեն Մնացականյանի եւ ուրիշների հետ:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ պարտքս համարեցի պատմել Սամսոն Հակոբյանի մասին, մահվանից տասը տարի անց վերհիշել նրա ծառայությունները հայրենիքի հանդեպ` դրանով արտահայտելով մեր հարգանքը ծանրագույն այդ պատերազմի բոլոր վետերաններին եւ խոնարհումը` զոհվածների հիշատակի առջեւ:

ԺՈՐԱ ՄԱՆՈՒՑՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25