Ղեկավարին ժողովուրդը պետք է ընդունի

15.05.2014 13:15
2093

Հարցազրույց «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ, բանասիրության դոկտոր Շչորս Դավթյանի հետ


 

 

– Դուք եղել եք Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը, հետո «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը, նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր եք: Լինելով պաշտոնյա, նաեւ մշակույթի ասպարեզում եք Ձեզ դրսեւորել, Ձեզ հարգել են հասարակությունը եւ մտավորականը: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ղեկավարը:

– Մարդն ինչ տեսակ պաշտոն էլ որ ունենա, եթե կապված չէ մշակույթի, գրականության հետ, ինքը լիարժեք ղեկավար չի կարող լինել: Ամենից առաջ մարդ պետք է լինես, ինտելեկտ ունենաս, որի միջոցով կարող ես նաեւ գյուղատնտեսությունն էլ ղեկավարել, որովհետեւ այդքան բարդ երեւույթ չի ղեկավարելը, եթե լինես իսկական մարդ` քո ազգի մշակույթով թաթախված եւ քեզ զգաս ազգի իսկական զավակը: Ղեկավարին ժողովուրդը պետք է ընդունի, եթե չընդունեց որպես անձնավորություն, ոչինչ չի ստացվի, այսինքն` պիտի զգա, որ իր գլխին տեր կա, մարդ կա, որ իրենց մասին հոգում է, մտածում է իրենց խնդիրները լուծի, ամեն ինչը: Բացի դրանից, ժողովուրդը պետք է շոշափելիորեն զգա, պիտի տեսնի, որ իր գյուղը փոխվեց, ասֆալտապատվեց, գյուղում դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց ու համալիրներ կառուցվեցին, այսինքն` այն ամենը, ինչը մարդու կենսամակարդակն է բարձրացնում, հենց դա զգաց` ղեկավարին կընդունի: Նախկինում պատկառանք կար, որովհետեւ գիտեին` ղեկավար կա, ով մտածում է իրենց մասին:

– Ձեր պարագայում ինչպե՞ս դա ստացվեց` համատեղել պաշտոնն ու մշակույթը, լինել սիրված եւ ընդունված:

– Դա ինքն իրեն չի ստացվում, ես ձգտում էի այն ժամանակ հանրապետության մշակութային, գրական վերնախավին բերել Սիսիան, որպեսզի ժողովուրդը շփվի ու զգա, թե ինքն ում հետ գործ ունի: Այդ իմաստով առաջինը Համո Սահյանն էր, քանի որ ինքը տեղացի էր, նրա հետ նաեւ մյուս գրողները` Վահագն Դավթյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, նաեւ Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանը, բացի գրողներից` Սոս Սարգսյանն էր, ում հետ երկար ժամանակ ընկերություն եմ արել, Սոսի «Կանչ» գրքում կա իմ այդ տարիների աշխատանքի մասին, որ այս մարդը մարդկանց մասին մտածելուց բացի, մտածում է նաեւ հոգեւոր միջավայր ստեղծելու մասին, որ ժողովուրդն այդ հոգեւոր տարածության մեջ լինի: Էլի ուրիշ մտավորական ու արվեստագետներ` քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, ով սիսիանցի էր, գեղանկարիչ Զաքար Խաչատրյանը, այդպես շատերը: Այդ ամենն իր փոխազդեցությունն է ունենում, մեծերից սովորում ես, շփումը խորացնում է քո մտածողությունը, հայացքը: Այդ ամենի հետեւանքով Սիսիանի ժողովրդի մեջ կատարվեց հեղափոխության պես մի բան, այդ մեծերի հետ այնքան հանդիպեցին, որ դրանից հետո մի նպատակ ունեին միայն. իրենց երեխաներին կրթության տալ, եւ եկավ մի ժամանակ, որ Սիսիանը` բնակչության համեմատությամբ, բուհ ընդունվողների թվով հանրապետությունում առաջին տեղում էր: Իսկ մինչեւ իմ աշխատած տարիներն էլի գնում էին բուհեր, բայց հիմնականում գյուղատնտեսական մասնագիտությամբ, սակայն հետագայում հայացքը շրջվեց` արդեն գնացին դեպի բանասիրություն: Նաեւ մտածում էին, որ մեր քարտուղարը բանասեր, գիտության թեկնածու է, եւ դա օրինակ էր դառնում մյուսների համար:

– Ժամանակի հայացքն ավելի՞ մշակութային էր, կայսրության շնչառությո՞ւնն էր, որ մեզ պահում էր մտքի լայն շրջանառության մեջ:

– Չէի ասի, թե այդքան մեծ էր այդ երեւույթը, բայց Հայաստանում ավելի շատ էր, մյուս հանրապետություններ գնալով տեսել եմ, այդ ռիթմը զգացել եմ նաեւ մերձբալթյան հանրապետություններում, նրանք էլ, ինչպես Հայաստանում, շատ մեծ տեղ էին տալիս մշակութային երեւույթներին: Կարեն Դեմիրճյանը, ում հետ ես 10 տարի աշխատել եմ, նույնպես մշակութային մեծ ներուժ ուներ եւ մեզ ստիպում էր մշակույթով հետաքրքրվել: Կանչում էր, օրինակ, գարնանացանի մասին խորհրդակցության, վերջում ասում էր` այսօր Սունդուկյանի թատրոնում «Հացավանի» պրեմիերան է, կգնաք նայեք: Այն ժամանակ, օրինակ, եթե Համո Սահյանը Սիսիանում էր, եւ Դեմիրճյանն այդ ճանապարհով պիտի անցներ, պիտի մտներ, Սահյանին տեսներ ու նոր գնար, որովհետեւ համարում էր իր ազգի մեծությունը, որի նկատմամբ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Հիմա այդ բաները չկան, նաեւ չկա մեկը, որ այս ամենն իր տեղը դնի, եւ չեմ կարծում, որ այսպիսի խառնափնթոր վիճակներով լավ արդյունքի հասնենք: Ոչ միայն Դեմիրճյանը, նաեւ մյուսներն այդ հայացքն ունեին, նաեւ ասեմ, որ այն ժամանակ` բարեբախտաբար, եւ այսօրվա համար` դժբախտաբար, ճանապարհ չանցած նախարարներ չկային, բացի այդ, նրանց 60-70 տոկոսի մեջ գործունյա լինելուց նաեւ տաղանդ կար, եթե աշխատանքը չզուգակցվի տաղանդի հետ, բարձր արդյունք չի ունենա:

– Այսօր ի՞նչ կատարվեց, թվում էր` անկախություն ձեռք բերելուց հետո մենք ենք լինելու մեր գլխի տերը, եւ ավելի է զարգանալու մշակութային, հասարակական կյանքը, ընդգծվելու են արժեքները, բայց ճիշտ հակառակ պատկերն ունենք:

– Ամենամեծ պատճառը ոչ միայն մշակույթի ասպարեզում, այլ նաեւ տնտեսության մեջ է, ոչինչ համակարգված չէ: Այսօր, օրինակ, հանրապետությունում կա 480 հազար հեկտար վարելահող, բայց դրանց կեսը չի օգտագործվում, չկա մի այնպիսի համակարգ, որ այս գործընթացը լիարժեք կազմակերպի, իսկ նախկինում գոնե մի հեկտարը չէիր կարող թողնել անմշակ: Ինչպես Համո Սահյանն էր ասում` հողը մարդուց խռովել է, այսօր արդեն այդ հողի խռովվածությունը կա մարդուց: Այսօր ամեն ինչ խառնվել է իրար եւ մշակույթի ասպարեզում, եւ տնտեսության մեջ, եւ մարդկային կյանքում, դրանց համակարգումը, դասակարգումը չկա, ոչ մի բան իր տեղում կանոնակարգված չէ: Այսօր ինչ ուզում` անում են բոլոր ասպարեզներում, ճիշտն ու սխալը չես կարողանում իրարից տարբերել, նորից եմ կրկնում` այս ամենի պատճառն ընդհանուր համակարգի բացակայությունն է:

– Այս ամենով հանդերձ, այսօր մարդն արժեւորված չէ, քաղաքացին է անտեսված եւ իրեն զգում է ավելորդ ու բարոյալքված: Մենք մարդ արժե՞քն ենք կորցրել:

– Նախկինում մարդուն մեծ երեւույթ էին վերագրում, շարքային քաղաքացուց մինչեւ մտավորական արժեւորում էին եւ դրանով հպարտանում էին: Նաեւ համայնք կար, մարդն ապրում էր այդ համայնքի կյանքով եւ իրեն ուժեղ էր զգում, այսօր այդ համայնքն էլ չկա, ինչո՞ւ, որովհետեւ համայնքի ղեկավարը մի ջահել է, որը հեղինակություն չունի, կրթություն էլ չունի, բայց ընկեր-բարեկամ ունի եւ ինքն է ընտրվում: Նախկինում Սիսիանի սովխոզ-կոլխոզի բոլոր ղեկավարները եղել են բարձրագույն կրթությամբ, նաեւ մյուս մասնագետները, իսկ հիմա այդ 40 գյուղից 6-ի ղեկավարն է բարձրագույն կրթությամբ: Ի՞նչ եղավ, անկախություն տվեցին, որ անգրագետ մարդկանց բերենք-դնենք ղեկավա՞ր, բայց Սիսիանի ամենափոքր գյուղի, որը 300 բնակիչ ունի, գյուղապետը քշում է 25-30 հազար դոլարանոց ջիփ: Ամեն ինչ անում են իրենց համար, բայց ժողովրդի լավ ապրելու մասին չեն մտածում:

– Այսօր ունենք քայքայված տնտեսություն, բարոյալքված հասարակություն եւ լայն թափով արտագաղթ: Ձեր տարիների փորձից ու հեռավորությունից ինչպե՞ս եք գնահատում մեր այս վիճակը:

– Այսօր ես ամենամեծ ողբերգությունն արտագաղթն եմ համարում, աղքատությունից, մշակութային ջարդից, արժեքների կորստից ավելի վատը եւ ամենավատն արտագաղթն է: Եթե նախկինում դպրոցի առաջին դասարան գնում էր, օրինակ, 100 հազար աշակերտ, այսօր գնում է 40 հազար, այդպես օր օրի մարդը պակասում է երկրի բոլոր ասպարեզներում: Պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ազգը մի քիչ էլ քոչելու սովորություն ունի, բայց, իհարկե, մարդն իր վաղվա օրվա նկատմամբ լավատեսորեն չի տրամադրված, դրա համար է գնում, ինքը չգիտի, թե վաղն ինչ է լինելու, իր երեխայի ապագան ինչ է լինելու: Եթե մի քիչ նյութապես ապահովված լինեն, ավելի կպակասի արտագաղթը: Իսկ երկրի ներսում էլ շերեփուկի նմանվող վիճակ է, Երեւանն ինչ-որ չափով կա, իսկ ծայրամասերը դատարկվում են, որովհետեւ հողը եկամուտ չի բերում, մարդը չի կարողանում ապրել, դրա համար էլ թողնում-գնում է: Մարդուն ասում են` կենսաթոշակի համար վճարիր, նա էլ ասում է` ես չեմ մնալու Հայաստանում, որ 20 տարի հետո ստանամ, ինչո՞ւ վճարեմ: Սերունդ չի աճում, երիտասարդներն ամուսնանալու, ընտանիք պահելու հնարավորություն չունեն, 1990 թվին ասում էինք` 15-20 տարուց լավ կլինի, արդեն 24 տարի է անցել, ե՞րբ է լավ լինելու:

– Մեզ հիմա ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ կարելի է անել, որ իսկապես կյանքը լավ լինի, ինձ թվում է` կարող ենք, չէ՞:

– Ես այդքան մարգարեություն չունեմ, որ կարողանամ այդ ամենը գուշակել, բայց որ կարելի է ղեկավարել, դրանում ես համոզված եմ: Առաջինը` գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ պետք է այնպիսի մարդիկ դնեն, ովքեր մտածեն ժողովրդի մասին, մի փոփոխություն անեն, մի բան, ոչ թե մտածեն միայն իրենց գրպանի մասին, այս խնդիրը կա: Վերջապես կարծում եմ` եթե նստեն ու մտածեն, լուրջ գիտական ծրագրեր մշակեն, կարող են շատ բան փոխել, այսօր կարող են մեր ժողովրդի պոտենցիալ ուժն օգտագործել, նաեւ գիտական հիմնարկների կարողությունը, որոնք օտարված են: Համակարգ չկա, եթե մեր կյանքը համակարգվի, շատ բան կփոխվի երկրում:

ՖԵԼԻՔՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
http://www.hraparak.am/, 08.05.2014

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10