Խոսք գնահատանքի. Վալերիկ Ասրյանի մասին՝ 70-ամյակի առիթով

21.07.2023 14:25
1942

Հայոց Արցախի ծանրագույն այս օրերին տոնական բոլոր արարողությունները և հանդիսությունները Սյունիքում պարուրված են յուրօրինակ թախիծով. մտքով այնտեղ ենք՝ պաշարված ու չարիքի դեմ մեն-միայնակ կանգնած Արցախ հերոսական ամրոցում:

Ստեղծված իրավիճակում կարևոր են նաև իրար ձեռք ձեռքի տալը, միմյանց հետ ունեցած տարաձայնությունները մի կողմ դնելը, յուրաքանչյուրի կարելիությունները տեսնելն ու գնահատելը և դրանք ընդհանրական նպատակին ուղղելը:

Հենց այդ նկատառումի թելադրանքով է, որ չկարողացանք անտարբեր անցնել Շինուհայրում և ենթաշրջանի գյուղերում մեծ ճանաչում ու հեղինակություն ունեցող Վալերիկ Գրիշայի Ասրյանի հոբելյանի կողքով. հուլիսի 22-ին դառնում է 70 տարեկան:

... Հեռավոր 1978-ի աշնանն էր, Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանում տողերիս հեղինակին վստահեցին երիտասարդական կազմակերպության (կոմերիտական կազմակերպության) ղեկավարի պարտականությունը: Ստիպված էի հայրենի Հարժիսից ամեն օր գնալ հարևան Շինուհայր: Նոր ու անծանոթ միջավայր էր ոչ միայն ինձ համար, այլև մեկ տասնյակի հասնող երիտասարդ ճարտարագետների համար, ովքեր Երևանի պոլիտեխնիկականն ավարտելուց հետո աշխատանքի էին նշանակվել Շինուհայրի գործարանում:

Այդ ժամանակ էր, որ նորեկներիս կյանքում հայտնվեց ձեռնարկության արհմիութենական կազմակերպության նախագահ Վալերիկ Ասրյանը:

Մարդկային վեհ հատկանիշներով ու կազմակերպչական ունակություններով օժտված այդ անձնավորության համար միևնույն չէր, թե ոնց ենք համակերպվում-ինտեգրվում կոլեկտիվին, ոնց ենք սնվում կամ հանգստանում, որտեղ ենք գիշերում, եթե օրվա վերջին չէինք հասցնում վերադառնալ Գորիս կամ գյուղ:

Ընթացքում հնարավոր չէր չնկատել՝ Վալերիկ Ասրյանը նույն կերպ հոգատար էր հազար հոգանոց կոլեկտիվի ամեն մի անդամի հանդեպ...

Եվ նման գործելակերպով, պատասխանատվությամբ ու մարդկայնությամբ տասնհինգ տարի շարունակ՝ 1978-93 թթ., գլխավորեց Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանի արհկոմը՝ ցույց տալով՝ կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես տնտեսության մեջ ամենաթանկ կապիտալը մարդն է...

Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանը, անշուշտ, մեծ տեղ է զբաղեցնում Վալերիկ Ասրյանի կյանքի ու գործունեության ամբողջ անդաստանում: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի բաժինը 1978-ին ավարտելուց հետո վերադարձավ գյուղ և դիսպետչերի կարգավիճակով աշխատանքի անցավ ռետինե կոշիկների գործարանում: Երեք ամիս անց ընտրվեց ձեռնարկության արհմիութենական կազմակերպության ազատված նախագահ:

Մեծ հռչակ ուներ այն ժամանակ միութենական նշանակության այդ գործարանը: Հիմնադիր տնօրեն Էդիկ Հարությունյանը, ով կազմակերպչական բացառիկ ունակություններով, մարդկային վեհ հատկանիշներով օժտված անձնավորություն էր, քիմիական արդյունաբերության ոլորտում ԽՍՀՄ-ում  ճանաչում ունեցող ղեկավար, շատ հետաքրքիր ու բանիմաց մարդկանց էր հավաքել իր շուրջը՝ Միհրան Միրումյան, Մելս Ծատրյան, Ռուբեն Ալեքսանյան, Կառլեն Մանուչարյան, Սեյրան Արզումանյան... Թիմի երևելի անդամներից էր Վալերիկ Ասրյանը: Նրանց հաջողվեց արագացնել նորահիմն ձեռնարկության կայացման գործընթացը՝ Գորիս քաղաքի, Շինուհայրի և մերձակա գյուղերի երիտասարդների համար ստեղծելով մոտ հազար աշխատատեղ:

Վալերիկ Ասրյանն այսօր էլ մեծագույն հարգանքով ու պատկառանքով է հիշում Էդիկ Հարությունյանին, թիմակից ընկերներին: Եվ անթաքույց հպարտություն է ապրում կատարված գործերի համար:

Արարումի այդ երթը շարունակվեց նաև հետագայում, երբ Էդիկ Հարությունյանին փոխարինեց Գառնիկ Մինասյանը, ապա՝ Ռուբեն Ալեքսանյանը:

Ավելի ուշ՝ 1993-98 թթ. Վալերիկ Ասրյանը ձեռնարկության փոխտնօրենն էր:

Սակայն, Հայաստանում (և ոչ միայն) պահանջված ու եզակի այդ ձեռնարկությունը նույնպես անհետացավ ժամանակի անխոհեմության և կամայականության հորձանուտում:

1998-ից հետո Վալերիկ Ասրյանի կյանքում մի նոր փուլ է մեկնարկում, որ շարունակվում է մինչև մեր օրեր: Դա կարելի է անվանել ձեռներեցության և ստեղծարար աշխատանքի փուլ, որը նրան բերեց հաջողակ ու կայացած գործարարի համբավ:

Հիմնադրեց ալրաղաց՝ Շինուհայր գյուղում՝ սպասարկելով և՛ համագյուղացիներին,  և՛ մերձակա գյուղերի բնակիչներին:

Հիմնադրեց ջերմոցային տնտեսություն՝ բանջարեղեն մատակարարելով գյուղի բնակչությանը:

Հիմնադրեց «Ավչի» ընկերությունը, որը զբաղվում է Շինուհայրի ավազահանքի շահագործմամբ:

Եվ այլ ձեռնարկումներ...

Այդ ամենի մեջ, իհարկե, առավել ծանրակշիռ է «Ավչի» ընկերությունը (մեր հոբելյարը Շինուհայրի Ավչունց գերդաստանից է, որից էլ ծագում է ՍՊ ընկերության անվանումը): Շինուհայրի հանրահայտ ավազահանքը, ըստ մասնագետների և լաբորատոր հետազոտությունների, միակն է տարածաշրջանում, որի հողային մասը զրո է, որից ստացվում է բարձրագույն մակնիշի բետոն: Հանքավայրում արտադրվում է երեք տեսակ ավազ՝ մանր, միջին և խիճ, նաև շլաքաբլոկ:

Շինուհայրի ավազահանքի գործունեությունը, ըստ Վալերիկ Ասրյանի, յուրօրինակ բարոմետր է, որով կարելի պատկերացում կազմել, թե շինաշխատանքներն ինչ ակտիվություն ունեն հատկապես Գորիսի տարածաշրջանում:

Նոր բիզնես ծրագրեր էլ ունի. ուշագրավ է հատկապես անասնապահական խոշոր ֆերմա ստեղծելու մտադրությունը:

Վալերիկ Ասրյանը գեղեցիկ, հանրության մեջ հարգանք վայելող ընտանիք է ստեղծել Սուսաննա Սուլեյմանյանի հետ (ամուսնացել են 1976-ին): Երեք զավակ ունեն՝ մեկ որդի, երկու դուստր, նաև յոթ թոռնիկ: Երեք զավակն էլ հանրության համար օգտակար մարդիկ են դարձել:

Հյուրընկալ այդ օջախում ընկերներով, մտերիմներով եղել ենք բազմաթիվ անգամ: 1970-ականների վերջին, երբ դեռ ընտանիքը բնակվում էր Շինուհայր բանավանում, մեր հանդիպումներին մասնակցում էր նաև տիկին Սուսաննայի լուսահոգի հայրը՝ Շինուհայրի դպրոցի երկարամյա տնօրեն, գյուղի վաստակաշատ ուսուցիչ Վաղարշակ Սուլեյմանյանը: Եվ հաճույքով ժողովրդական ու գուսանական երգեր էր կատարում: Հատկապես բարձր արվեստով էր կատարում Գուսան Ջիվանու հանրահայտ երգը՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան...»:

***

Իսկ հիմա, երբ Վալերիկ Ասրյանը բոլորում է կյանքի յոթ տասնամյակը... Եռանդով լեցուն է, ապրում է գյուղի հոգսերով, երկրի հոգսերով:

Առանձնահատուկ սեր ունի հին գյուղի հանդեպ, որտեղ ծնվել է 1953 թ. հուլիսի 22-ին, որտեղ էլ սովորել է մինչև յոթերորդ դասարանը՝ մինչև գյուղի տեղափոխվելը ներկայիս վայր:

Ցավ է ապրում, որ հին գյուղի և Որոտանի կիրճի բերքառատ այգիները գրեթե անմշակ են դարձել. պատճառներից գլխավորը համարում է նպաստների քաղաքականությունը՝ «Նպաստը գյուղացու հերն անիծեց, գյուղացուն օտարեց իր այգուց, իր դաշտից»:

- Մենք մոռացել ենք չափազանց կարևոր մի ճշմարտություն՝ երկիրն ուժեղ և պաշտպանված լինելու համար պետք է զարգացած տնտեսություն ունենա, պետք է կարողանանք դրսևորել աշխատելու և արարելու հայի աստվածատուր կարողությունը,- ասում է Վալերիկ Ասրյանը:

Ցավ է ապրում Արցախի շուրջ ստեղծված խառնակ վիճակի համար, հայրենական մեր տարածքների կորստի համար, մեր խեղճացած վիճակի համար, բայց և հավատում է հայ ժողովրդի՝ այս ծանր կացությունից արժանապատիվ դուրս գալու ներուժին:

***

Ներկայիս գյուղի հարավ արևմտյան հատվածում ավազահանքի բլուրն է, որը շինուհայրցիների հնագույն սրբավայրերից է, որտեղ հրաշալի մի խաչքար է միայն պահպանվել՝ խոնարհված:

Ժողովրդական չխամրող հիշողության մղումով գյուղի երիտասարդները 2016 թվականին այնտեղ երկաթյա խաչ են կանգնեցրել՝ 14 մ բարձրությամբ, 8 մ լայնությամբ: Հիմնադրման ժամանակվանից՝ ամեն օր, երբ մութն է վրա հասնում, Մատաղասարի բլրի նորակերտ խաչը լուսավորվում է՝ հույս և հավատ ներշնչելով և՛ գյուղացիներին, և՛ անցորդներին. հեղինակը նույնպես Վալերիկ Ասրյանն է:

***

Ահա այսպիսի ճանապարհ է անցել Վալերիկ Ասրյանը...

Իսկ ապրելու բանաձևը եղել ու մնում է նույնը՝ աշխատանք ու սեփական ուժերին ապավինում, ընկերասիրություն, ազնվություն մարդկանց ու գործընկերների հետ հարաբերություններում, անմնացորդ նվիրում հայրենի եզերքին...

Հարգելի Վալերիկ Գրիշայի, ընդունեք ջերմ և սրտաբուխ շնորհավորանքս ծննդյանդ 70-ամյակի կապակցությամբ, ընդունեք մաղթանքներս՝ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, ծրագրերի իրականացում և, իհարկե, արժանապատիվ խաղաղություն մեր երկրին, Արցախ աշխարհին ու հայ ժողովրդին:

Սամվել Ալեքսանյան

 

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52