Լեռնահայաստանի գոյամարտի պատմական դասերը. Կապանի պատմության փառավոր էջերից մեկը

11.12.2019 15:10
2713

(Նյութի հեղինակ՝ Քրիստինե Պետրոսյան, Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, պատմաբան)

 

 

Սյունիքն ու Արցախը ՝ Մեծ Հայքի այդ երկու խոշոր նահանգը, եղել եւ այսօր էլ մնում են մեր երկրի արեւելյան անառիկ պատնեշները:

Թեպետ երկու տարածաշրջանն իրենց պատմական տարածքների զգալի հատվածը կորցրել են քոչվոր թուրք-թաթարական ցեղերի դեմ մղած` հարյուրամյակներ տեւող պայքարում, սակայն, ոչ միայն պահպանել են իրենց տարածքների զգալի մասը, այլեւ հանդիսացել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոններ:

Այսօր մենք ցավով ենք խոսում այն մասին, որ հայկական Նախիջեւանը չդիմացավ քոչվոր ելուզակների ճնշմանը եւ որպես ինքնավար հանրապետություն գտնվում է Ադրբեջանի կազմում։ Այդ պատմական սխալը չկրկնեց Սյունիքը. սյունեցիների անընկճելի ոգու ու պայքարի շնորհիվ երկրամասը մնաց Հայաստանի անբաժանելի մաս։ Արցախի դեպքում էլ պատմական սխալը շտկվեց ավելի ուշ՝ քսաներորդ դարի վերջին։

Դավիթբեկյան, Նժդեհյան եւ Արցախյան շարժումները Հայոց ազգային ազատագրական պայքարի պատմության ոսկե շղթայի տարբեր օղակներն են:

Երեք շարժումների արդյունքում ստեղծվեցին ինքնուրույն ազգային պետության տարբեր մոդելներ:

Դավիթբեկյան իշխանությունն ընդհատվեց, երբ այդ իշխանության ստեղծողը անակնկալ, դեռեւս երիտասարդ մահացավ:

Իսկ Նժդեհյան իշխանության վախճանը որոշվեց փետրվարյան ապստամբության պարտությամբ:

Այդ երկու շարժումների ժամանակ էլ հայությունը միասնական չէր:

Հայոց բազմադարյան պատմության մեջ Արցախյան շարժումն այն եզակիներից էր, որ հայությունը միասնական էր:

1988 թ. փետրվարի 20-ին արցախահայությունն ամբողջ հայութան հետ միասին պայքարի ելավ իր ազատության եւ անկախության համար:

1988-94 թվականներին սկիզբ առավ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ հայոց մերօրյա հերոսներն ազատագրեցին Արցախը։

Սյունիքն Արցախյան շարժման կենդանի եւ անմիջական արձագանքողը եղավ:

1989 թվականի վերջից Արցախյան շարժումը Սյունիքում մտնում է որակական նոր փուլ:

Սյունիքի սահմանները պաշտպանելու նպատակով կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, պաշտպանական խորհուրդներ, որոնք ձեռնամուխ եղան ինքնապաշտպանության հետ կապված բոլոր հարցերի լուծմանը, այդ թվում` տեղում ինքնաշեն զենքերի արտադրությանը:

Ամենաանմխիթար վիճակում հայտնվեցին Կապանի, Գորիսի եւ Մեղրու շրջանները: Թշնամին տարբեր զինատեսակներից գնդակոծում էր Գորիս եւ Կապան քաղաքներն ու այդ շրջանների հայկական գյուղերը, սպառնում կաթվածահար անել Կապան-Գորիս ավտոմայրուղին:

Կապան եւ Քաջարան քաղաքներն արտաքին աշխարհի հետ կապ ունեին միայն Աղվանի-Տաթեւ անավարտ ճանապարհի միջոցով, որը կոչվեց «Կյանքի ճանապարհ»:

Ազերիները Կապանը ռմբակոծում էին ռազմական ինքնաթիռներով, մահաբեր «գրադ» կայանքով: 1990-1993 թվականներին Սյունիքը դարձել էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չհայտարարված պատերազմի թատերաբեմ:

1992 թ. ապրիլի 24-ից Կապանը թիրախ էր դարձել ազերիների համար: Սահմանամերձ շրջաններից հրետակոծության հետեւանքով գետնին էին հավասարվում բնակելի տներ, զոհվեցին եւ վիրավորվեցին հարյուրավոր կապանցիներ։ Լինում էին ռազմական ընդհարումներ: Խոշոր ընդհարումներից մեկն ազերիների հետ եղել է Օռած քար կոչվող ուղեկալում  1992թ. օգոստոսի վերջին: Ազերիները մեծ ուժերով փորձում էին վերցնել այդ ուղեկալը, քանի որ այն կարեւոր նշանակություն ունեցող ռազմավարական կետ էր, որն իշխում էր քաղաքի վրա: Կռիվներ միշտ էլ լինում էին Օռած քար հենակետում՝  հարձակումներ մեքենաների վրա, կրակահերթեր… Հրետակոծվում էին նաեւ Կապանի սահմանամերձ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ, Սյունիք, Ագարակ, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ եւ Ուժանիս գյուղերը: Կառուցված հողային պատնեշները եւ շրջանցող ճանապարհներն ի զորու չէին ապահովելու բնակչության անվտանգությունը: Աշնան վերջերին Ներքին Հանդ գյուղի 3 կմ ճանապարհահատվածն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ: Օրակարգային խնդիր էր՝ վերացնել հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը: Նոյեմբերին կայացվեց պատմական որոշումը: Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հրամայեց սկսել Կապանի օպերացիան: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ- լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը մշակեց օպերացիայի ծրագիրը, որը նպատակաուղղված էր թշնամուն շրջանի հարակից տարածքներից դուրս շպրտելուն եւ Կապանը հրետակոծությունից փրկելուն: Գործողությունների իրականացումը ղեկավարում էր գնդապետ Յուրի Խաչատուրովը, որի գլխավորությամբ Կապանում ստեղծվեց օպերատիվ շտաբ: Նախապատրաստական եւ հետախուզական աշխատանքներն անձամբ իրականացրեց հրետանու պետ, գնդապետ Մ. Գրիգորյանը:

Երկշաբաթյա հետախուզությունից հետո որոշվեցին հարձակման ուղղությունները՝ Շուռնուխի ուղղությամբ` գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայան, Կարմրաքարի ուղղությամբ՝ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյան, Կապանի (Զանգելանի) ուղղությամբ՝  գնդապետ Յուրի Խաչատուրով:

Շուրջ կեսժամյա հրետանային պատրաստությունից հետո՝ 1992 թ. դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ ժամը 6:30-ին, Կապանը պաշտպանող ուժերն անցնում են հարձակման՝ Կապանը խոցող կրակակետերը ոչնչացնելու եւ Կովսականի շրջափակումը վերացնելու համար: Մարտական ջոկատներն առաջադրանք ստացած՝ շարժվեցին դեպի ազերիների ամրացված դիրքերը: Հանկարծակիի բերելով թշնամուն, նրանք հողին հավասարեցրին խրամատները եւ կարճ կրակահերթեր տալով՝ մտան ազերիների դիրքեր: Հակառակորդը խուճապահար փախավ եւ ամրացավ Ղազանչիից վեր թմբի վրա: Կարճ հրետանային պատրաստությունից հետո հրաման ստացվեց գրավել նաեւ այդ դիրքը: Ջոկատները սկսեցին գրոհը: Գրեթե առանց դիմադրության բարձրացան եւ գրավեցին այդ բարձրունքը…

Կապան եւ Քաջարան քաղաքներում ստեղծվեցին երկրապահ  կամավորական ջոկատներ: Արցախյան գոյամարտի օրերին Կապանի երկրապահ-կամավորական ջոկատը կրում էր «Գարեգին Նժդեհ» անունը, իսկ ջոկատի մարտիկները տոգորված էին նժդեհյան գաղափարներով: Գործողությանը մասնակցում էին Կապանի սահմանապահ գումարտակը, Սիսիանի, Վանաձորի, «Արաբո» եւ «Սեւ հովազ» ջոկատները, որոնց հաջողվեց մի քանի ժամ տեւած մարտերից հետո լիակատար պարտության մատնել թշնամուն:

Մաքրագործվեցին կրակակետի վերածված շուրջ տասնյակ ադրբեջանաբնակ գյուղեր՝ Աղքենդը, Ղազանչին, Սայիդլարը, Գյունղըշլաղը, Դարալին, Ջանբարը, Շայըլըն, Փիրվեյսլին, Տրիցատին, Ներքին եւ Վերին Յեմեզլին:

Սահմանը հետ քաշվեց 15-կմ խորք: Հայկական ուժերը մտան Շերիֆլու կիսակայարանը, այնուհետեւ հետ նահանջեցին:

Դեկտեմբերի 10-ը Կապանի պատմության նշանակալի էջերից է:

Դեկտեմբերի 10-15-ին` Կապանի ազատագրման օրերին զոհվեցին Արմեն Հայրապետյանը (Միկրոբ), Արշակ Աբգարյանը, Գառնիկ Սահակյանը, Թահիր Բադալյանը, Օլեգ Խալափյանը, Վիկտոր Սարգսյանը, Ստանիսլավ Գայամյանը, Վարդան Համբարձումյանը, Իլգար Միրզոյանը։

Կապան քաղաքը վերագտավ իր բնականոն կյանքը՝ դուրս գալով ապաստարանային աղետալի վիճակից:

Ապաստարաններում էր գործում Կապանի հիվանդանոցը` օգնություն ցուցաբերելով թե՛ բնակչությանը, թե՛ վիրավոր ազատամարտիկներին:

Վերացավ Կապանի գրավման սպառնալիքը, ոչնչացվեցին Կապանը խոցող կրակակետերը, թշնամին շպրտվեց հեռու:

Կապանի օպերացիայի շնորհիվ բացվեցին Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ, Եղվարդ գյուղերի ճանապարհները:

Հակառակորդը զրկվեց Կապան քաղաքն ուղիղ նշանառությամբ հրետակոծելու հնարավորությունից, մինչդեռ եթե չլիներ Կապանի օպերացիայի այսպիսի հաղթական ավարտը, թերեւս հերթը չէր հասնի Քարվաճառի ազատագրմանը:

Ադրբեջանը փորձեց հետ բերել կորցրածը եւ դեկտեմբերի 12-ին թշնամու երկու ռմբակոծիչն ներխուժեցին Կապանի օդային տարածք եւ կրակ բացեցին Շահումյան փողոցում հացի հերթի մեջ կանգնած խաղաղ բնակիչների  ուղղությամբ՝  խլելով  27 կապանցու կյանք:

Ռազմավարական բարենպաստ դիրքերի գրավումը բարձրացրին զորքի մարտական տրամադրությունը:

Ազատագրական մարտերը Կուբաթլուի եւ Զանգելանի ուղղությամբ չդադարեցին 1993 թվականի ընթացքում` մինչեւ այդ շրջանների ամբողջական ազատագրումը:

Ազատագրվեցին Հայաստանի պատմական տարածքները՝ Քարվաճառ-Քելբաջարը, Կովսական- Զանգելանը …

Հայ-ադրբեջանական պատերազմի օրերին ադրբեջանցիները զգացին հայ ժողովրդի միասնական պայքարի զորությունը, ընկրկեցին եւ ջախջախվեցին։

Արցախյան գոյամարտը 20-րդ դարում մղված հայ ազատագրական պայքարի ամենահաջող դրվագներից է, որը պսակվել է կատարյալ եւ փառավոր հաղթանակով: Ինչը երբեք ոչ մի պարագայում չպետք է մոռանալ։

Արցախյան ազատամարտի տարիներին հայ ժողովուրդը մի բռունցք դարձավ, «Մեկ ազգ, մեկ նպատակ» կարգախոսը քանդեց քաղաքական ու գաղափարական բոլոր պատնեշները: Քսաներորդ դարի սկզբին Սյունիքի՝ Լեռնահայաստանի համար մղվող պայքարը, ավելի ուշ Արցախյան գոյաամարտը հաստատեցին մի պարզ ճշմարտություն՝ ապավինել սեփական ուժերին ու ձեռք բերել ներքին միաբանություն։ Այդ  հրամայականը մեր առջեւ ծառացած է նաեւ այսօր…

                   

Աղբյուրները՝

1. Վարդան Գեւորգյան, «Լեռնահայաստանի հերոսամարտը» , Երեւան, 1991

2. Արամ Սիմոնյան, «Զանգեզուրի գոյամարտը» ,   Երեւան, 2000

3. Ռ. Համբարձումյան, «Վարք Նժդեհի»,   Երեւան, 2001

4. Վլ. Ղազախեցյան, «Նժդեհը Զանգեզուրում», Երեւան, 2001

5. Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Հախվերդյան, «Սյունիքի պատմություն», Երեւան, 2001

6. Էդգար Էլբակյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 2014թ.

7. Արտեմ Վարդանյան, Շչորս Դավթյան «Գիրք անմահաց» (Արցախյան ազատամարտում զոհված կապանցիների հիշատակին), Երեւան, 1994

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25