Լոր գյուղում մահացել է Մեծ հայրենականի՝ մեր կողքին գտնվող վերջին վետերան Հակոբ Վարդանյանը

08.05.2025 11:21
1317

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Լոր գյուղում մահացել է Մեծ հայրենականի սյունեցի վերջին վետերան Հակոբ Վարդանյանը։    

... Ս․թ․ փետրվարի 16-ին մենք այցելել էինք Մեծ հայրենականի սյունեցի վետերան Հակոբ Վարդանյանին։

Ստացած տպավորություններն ու այցի արդյունքներն արտացոլվել են լրագրային հրապարակման մեջ՝ «Այցելություն Մեծ հայրենականի՝ մեր կողքին ապրող սյունեցի վերջին վետերան Հակոբ Վարդանյանին»  վերտառությամբ, որը, փոքր կրճատումներով, ներկայացնում ենք ստորև։

***

Լոր գյուղում բնակվող Հակոբ Լևոնի Վարդանյանը Մեծ հայրենականից վերադարձած 12752 սյունեցիներից վերջինն է, ով ապրում է մեր կողքին։

Ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 27-ին Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։

1942 թ. նոյեմբերին, երբ նոր–նոր էր լրանում 18-ամյակը, ներկայացավ Սիսիանի զինկոմիսարիատ և ցանկություն հայտնեց մեկնել ռազմաճակատ։

Կամավորական Հակոբ Վարդանյանին ընդառաջեցին, բանակային ծառայության առաջին՝ ուսումնական փուլն անցկացրեց Թբիլիսիում, որտեղից էլ՝ ռազմաճակատ…

Նրա մարտական ուղին կապված է Մեծ հայրենականի մի շարք ռազմաճակատների հետ՝ Մոսկվա, Ուկրաինա, Բելոռուսիա, Մերձբալթիկա, Քյոնիգսբերգ (Կալինինգրադ)։

Երկու անգամ վիրավորվել է. Ստալինո քաղաքի և Տաշքենդի ռազմական հոսպիտալներում բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։

Պատերազմական տարիներին մասնակից է եղել բազմաթիվ սխրական գործողությունների, ինչի վկայությունն են «Քյոնիգսբերգի գրավման համար» (1945 թ.) և մի շարք այլ մեդալները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիրը։ Նորանկախ Հայաստանում էլ արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալների։ Հաղթանակի հոբելյանական տարեդարձերին՝ ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից պարգևատրվել է հուշամեդալներով: Հուշամեդալներ է ստացել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կողմից:

1945 թվականին Երրորդ բելոռուսական ռազմաճակատում էր, որի հրամանատարը լեգենդար Հովհաննես Բաղրամյանն էր։

Հենց այդ ռազմաճակատի զորքերի մասնակցությամբ գրավվեց Քյոնիգսբերգ (Կալինինգրադ) քաղաքը, վերջնականապես ջախջախվեցին Արևելյան Պրուսիայում գտնվող ֆաշիստական զորքերը։

Այդ ընթացքում, որոշ ժամանակ, անմիջապես գտնվել է Հովհաննես Բաղրամյանի կողքին՝ լինելով նրա ձիապանը։

Հաղթանակից հետո ծառայութունը շարունակել է Ռիգայում, որտեղից էլ զորացրվել է 1947-ին։

Հակոբ Վարդանյանն այն ընտանիքի զավակն էր, որից երեք հոգի մասնակցում էին Մեծ հայրենականին։ Իրենից բացի ռազմաճակատում էին հայրը՝ Լևոն Վարդանյանը և ավագ եղբայր Սեդրակ Վարդանյանը։ Հայրը հիվանդության պատճառով շուտ զորացրվեց, իսկ եղբայրը զոհվեց մարտական գործողություններից մեկի ժամանակ։

1947-ին վերադառնալով հայրենի Լոր գյուղ՝ ընտանիք կազմեց, ունեցավ հինգ զավակ (երկու աղջիկ և երեք որդի)։

Հակոբ Վարդանյանը պատերազմից առաջ Կապանում արհեստներ էր սովորել, որով և զբաղվեց հետպատերազմյան տարիներին։

Տևական ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ գյուղի կոլտնտեսային կյանքին, աշխատեց նաև Տաթևհէկի ու Շամբհէկի շինարարություններում։

Ճակատագիրը քանիցս նրան տխուր անակնկալներ է մատուցել՝ կորցրեց կնոջը, ավագ որդուն՝ Սամվելին, կորցրեց թոռանը՝ 33-ամյա Հակոբին, Արցախյան 3-րդ պատերազմում կորցրեց եղբորորդի, պահեստի փոխգնդապես Արթուր Գալստյանին։ Ողբերգական այդ պատահարները ծանրածանր անդրադարձ են ունեցել նրա վրա, սակայն մինչև վերջ ճիգեր է գործադրել վշտահար այդ վիճակից գերդաստանը դուրս բերելու և բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ։

2024 թ. դեկտեմբերի 27-ին հարազատներն ու մերձավորները նշեցին Հակոբ Վարդանյանի 100-ամյակը։

Օրեր առաջ՝ փետրվարի 16-ին, Համո Սահյանի տուն–թանգարանի վարիչ Քնքուշ Հարությունյանի ընկերակցությամբ, այցելեցինք Մեծ հայրենականի վետերանին՝ նրան փոխանցելու մեր երախտագիտությունը։

Ցավոք, նրա առողջական վիճակը խիստ մտահոգիչ էր։

Եվ, այդուհանդերձ, փորձեցինք զրուցել մեծահարգ վետերանի հետ։ Նրա խոսքը, սակայն, ընկալելի չէր այլևս, բայց դա չխանգարեց, որ ինքը՝ դեմքի ժպտաթով արտահայտությամբ ու ձեռքի շարժումներով, իր ուրախությունը փոխանցի մեզ՝ իրեն տեսակցության գնալու համար։

Քնքուշ Հարությունյանը և համագյուղացի Արտավազդ Հարությունյանը պատմեցին Հակոբ Վարդանյանի՝ գյուղում ապրած և աշխատած տարիների գործունեության մասին։ Ըստ նրանց՝ Հակոբ Վարդանյանը հպարտությամբ էր հիշում Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությանն առնչվող դրվագներ, մտաբերում իր հրամանատարներին ու մարտական ընկերներին։

Հակոբ Վարդանյանին առանձնակի խանդաղատանքով բնութագրեց Սենիկ Միքայելյանը, ով 1984-89 թթ. գլխավորել է Լորի կոլտնտեսությունը. «Երբ ընտրվեցի կոլտնտեսության նախագահ, ինքն արդեն կենսաթոշակառու էր։ Եվ չնայած այդ հանգամանքին, հանրային ակտիվ կյանքով էր ապրում, աշխատող–արարող մարդ էր, գյուղին նվիրված անձնավորություն, ընդգծված հարգանք էր վայելում գյուղի երիտասարդության շրջանում, նաև հումորի զգացում ուներ։ Քանիցս նրան խնդիրներ եմ առաջադրել՝ տնտեսության գործերի հետ կապված, և միշտ էլ պատասխանատվությամբ է կատարել առաջադրանքները»։

Անշուշտ, մեզ համար մեծ պատիվ էր Հակոբ Վարդանյանի հետ շփվելը, նրա կողքին առժամանակ գտնվելը։

Տանը պահպանվում են նրա մի քանի լուսանկար, որոնցից մեկը՝ պատերազմական օրերից, առավել տպավորիչ էր։ Այդ լուսանկարից հպարտություն, արժանապատվություն, տղամարդկություն է ծորում...

Մենք հրաժեշտ տվեցինք Հակոբ Վարդանյանին՝ նրան մաղթելով առողջություն։

Սամվել Ալեքսանյան

Հ․Գ․

Հակոբ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12։00 Լոր գյուղում։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08