Լրացավ Սամվել Ալեքսանյանի 60-ամյակը

25.01.2016 15:06
3262

Հուզմունքից դողում են ձեռքերս, բերկրանքից ուռչում է կուրծքս, սիրտս ծփում է ծով ուրախությամբ:

Ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել 75 տարիների գագաթից հետ նայել ու հիշել...

...Հիսունամյա աշխատանքային գործունեության ընթացքում սիրել եմ բոլոր աշակերտներիս. նրանք խելացի էին, ուշիմ, ընթերցասեր, աշխատասեր, մարդասեր, հայրենասեր:

1966-ին էր: Խանդավառ երիտասարդ էի՝ նվիրված աշխատանքիս, սիրով, գորովով լի: Կարծես երեկ էր:

...Չորրորդ դասարան, տասնութ կայծկլտուն աչքեր, խելացի դեմքեր: Սակայն ամիսները, տարիներն ընդհանուրից զատեցին մեկին: Չափից շատ լրջություն, փոքրիկին ոչ հատուկ մտքի խորություն, խելացի պատասխաններ. ահա թե ինչը նպաստեց զատվելուն:

Աչքիս առջեւ են մաքուր, կոկիկ տետրերը, ստեղծագործական շարադրությունները՝ գրված մեծ ներշնչանքով, նվիրված մարդուն, հայրենիքին, բնությանը, աշխատանքին:

Գրականությունը նրա տարերքն էր: Բոլոր գրողների ստեղծագործությունները հավասարապես ուսումնասիրում եւ մեկնում էր: Հիշում եմ, երբ անցնում էինք Րաֆֆու կյանքն ու ստեղծագործությունը, պատմեց «Սամվել» վեպի սյուժեն: Պատմեց Րաֆֆուն հատուկ ճոխ հայերենով: Իսկ իմ հարցին՝

- Ի՞նչ կանեիր դու, եթե քո ծնողներն էլ այդպես վարվեին:

Նա պատասխանեց.

- Իմ ծնողներն այդպիսի բան չէին անի:

Նա հետաքրքրասեր էր:

Դեռեւս պատանի, «Գարուն» ամսագիր էր ընթերցում:

Նոյյան տապանի մասին նոր տեղեկությունները դասընկերներին էլ էր հասցրել պատմել:

Ես նրա մեջ տեսնում էի ապագա մեծ գրականագետին: Սակայն... Պատմաբան, գրականագետ, ուսումնասիրող, լրագրող… Այսօր՝ Սյունյաց աշխարհի Տարեգիր-Մունետիկ:

Ի՛մ Սամվել, Սամվե՛լ Ալեքսանյան, ի՛մ հպարտություն, ի՛մ ուրախություն:

Վաթսունամյա իմ աշակերտը փայփայում է իր մտքի ու ջանքի ծնունդ «Սյունյաց երկիր» թերթը: Լրագրողին հատուկ սրությամբ, զգոնությամբ, պատասխանատվությամբ թերթի էջերում լուսաբանում է մեծ ու փոքր իրադարձություններ, հոբելյաններ, անթեղների տակից հանում է լուսավոր դեմքեր, պրպտուն մտքով գտնում մանրամասներ նրանց գործունեության մասին:

Ես «Սյունյաց երկիր» թերթի պարտաճանաչ ընթերցողներից եմ: Սեղանս զարդարում են Ակսել Բակունցին, Համո Սահյանին, Աշուղ Աշոտին, Գրիգոր Տաթեւացուն, Մովսես Խոտանանցուն, Սերո Խանզադյանին եւ էլի շատերին, Հայng երկրի հարավային դարպասն ամուր պահող բնակավայրերին նվիրված հատուկ համարները:

Ընթերցում եմ թերթի լուսավոր էջերը, հիանում եւ զարմանում նրա մտքի ելեւէջումով, հետաքրքրասիրությամբ, ոգորումով եւ որոնումով: Եվ ...

Եվ հպարտանքով խորհում եմ, որ ես այն հաջողակներից եմ, ում աշակերտն ուսուցչի մտքին ճախր է տալիս եւ հասցնում աշխարհներին:

Սամվե՛լ, այսօրվա հոբելյարը դու ես:

Շնորհավորում եմ եւ մաղթում արեւշատություն:

Թո՛ղ միտքդ միշտ պայծառ ու արեւափայլ լինի, գրիչդ՝ հատու, ձեռքդ՝ ամուր, գիրդ՝ հիշատակող:

ԱՄԱԼՅԱ ԵՍԱՅԱՆ
Հարժիսի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցչուհի

 

Երբ մեկին ցանկանում ես շնորհավորել հոբելյանի առթիվ, ակամա փորձում ես մտաբերել, թե երբվանից ես ճանաչում, քանի տարվա մտերիմ-ծանոթ ես: Սամվել Ալեքսանյանին ճանաչում եմ 1970-ական թվականներից, երբ վերադարձա խորհրդային բանակից: Առիթի բերումով ժամանակ առ ժամանակ շփվել ենք: Շփումներն առավել հաճախակի դարձան, երբ 1980-ականների վերջից սկսեց խմբագրել 

«Զանգեզուր» շրջանային թերթը: Պիտի ասեմ, որ բարդ ժամանակաշրջանում նա ստանձնեց խմբագրի պաշտոնը: 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասեց երկրաշարժը, արդեն սկսվել էր Հայոց համազգային շարժումը, այնուհետեւ խորհրդային կայսրությունը փլուզվեց: Ահա այդ դժվարին ժամանակաշրջանում «Զանգեզուր» թերթը լույս էր տեսնում եւ դարձավ այդ ժամանակաշրջանի տարեգիրը:

Դժվար է գերագնահատել տպագիր մամուլի դերը: Եթե խոսում ենք թերթի մասին, հիշում եմ Շուշին, որտեղ նախախորհրդային տարիներին երկու տասնյակից ավելի թերթ ու հանդես էր լույս տեսնում: Դա մեկ դար առաջ էր, իսկ այժմ՝ մեր օրերում շատ-շատերը թերթը, որպես այդպիսին, փորձեցին դարձնել բիզնեսի միջոց, շատերն էլ իրենց սկզբունքներին հավատարիմ մնացին, որոնցից մեկը ինձ համար Սամվել Ալեքսանյանն է: Նրա խմբագրած թերթի ընթացքը չընդհատվեց, թեպետ շատ փորձություններ տեսավ: Շատ բան երբեմն պայմանավորված էր անձնական հարաբերություններով, ինքն էլ երբեմն տուժեց այդ հարաբերություններից, բայց կարողացավ իր սկզբունքներին հավատարիմ մնալ:

Ուզում եմ հատկապես նշել նրա խմբագրած «Սյունյաց երկիր» թերթի գործունեության մասին, որ 12 տարի է ընդգրկում, բայց հսկայածավալ աշխատանք կատարեց: Իր փոքրիկ թիմով ներկայացրեց արժեքներ, որոնք վաղուց մոռացված էին: Խոսքս Սյունյաց ոստաններին, Սյունիքի երեւելի դեմքերին (եւ ոչ միայն) նվիրված թերթի հատուկ թողարկումների մասին է, որոնք ժամանակ առ ժամանակ դրվում են ընթերցողի սեղանին: Եթե այսօր էլ չհիշենք Սյունյաց պատմությունը կերտողներին, վաղն անդառնալիորեն ուշ է լինելու: Եվ այսօր դրանք այցեքարտի արժեք ունեն: Ուշագրավն այն է, որ այդ հատուկ համարներում հանդես են գալիս հանրապետությունում ճանաչված գիտնականներ, պատմաբաններ, գրականագետներ, դրանից զատ՝ այդ համարները լայն արձագանք են ունենում գիտական հանրության կողմից, քանզի այն ամենը, ինչ ներկայացվում է դրանցում, արվում է պատշաճ մակարդակով (նաեւ գիտական):

Եվ հենց սրանով է Սամվել Ալեքսանյան անձն ու գործն արժեւորված ինձ համար եւ շատ-շատերի: Այսօր, հավատացած եմ, մարզերում նման հետեւողականությամբ թերթ պահող չկա: Նաեւ ուզում եմ նշել, որ այս տարի լրանում է մարզային կառույցների, մարզպետարանի ստեղծման 20-ամյակը, եւ հենց Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ ստեղծվեցին մարզային պարբերականները՝ «Սյունիք» պաշտոնաթերթը, «Սյունիքի ղողանջներ» ռադիոն, «Ձագեձոր» հեռուստատեսությունը: Եվ նորից եմ կրկնում՝ նրա համար երբեք հեշտ չի եղել, բազում խոչընդոտներ հաղթահարելով է անցել իրեն բաժին հասած ճանապարհը եւ հավատարիմ մնացել իր կոչմանը: Դա անչափ կարեւոր է:

Ուրեմն եկեք ողջունենք եւ շնորհավորենք նրա ծննդյան 60-ամյակը: Ի սրտե մաղթենք առողջություն, իր ընտանիքին՝ արեւշատություն: Ցանկությունս այն է, որ գրչի մարդիկ Սամվել Ալեքսանյանի նման լինեն եւ նույնքան նախանձախնդիր, որքան նա է, տպագիր մամուլի պահպանման գործում:

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ

Պարոն Ալեքսանյան

Խորապես շնորհավորում եմ Ձեզ՝ նվիրյալ հայորդուն, ծննդյան 60-ամյա հոբելյարի առթիվ: Անչափելի է Ձեր վաստակը ազգիս նշանավոր դեմքերի կյանքը եւ գործունեությունը լուսաբանելու, հանրության կյանքին վերաբերող բազմաթիվ հրատապ խնդիրներ անաչառորեն վերլուծելու բնագավառում: Սամվել Ալեքսանյան անունը ուղղակիորեն ասոցացվում է մարզում եւ հանրապետությունում մեծ հռչակ վայելող «Սյունյաց երկիր» թերթի հետ: Ուստի թող Տիրոջ օրհնությամբ քաջառողջությունը եւ ողջամտությունը ուղեկիցը լինեն Ձեր կենսաճանապարհի, իսկ «Սյունյաց երկիր» թերթը՝ ի դեմս Ձեզ, ունենա թավշյա ընթացք: Եվ թող Աստծո կամոք խաղաղություն եւ անխախտ հավատ տիրի Ձեր եւ Ձեր ընտանյաց անդամների հոգիներում:

Մակար վարդապետ Հակոբյան
Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Հարգելի պարոն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Ձեզ` 60-ամյա հոբելյանի առթիվ: Բարձր գնահատելով Ձեր կատարած աշխատանքը՝ այն համարում եմ հայրենանվեր եւ արժեքավոր: Նվիրումով, վարպետությամբ եւ մասնագիտական լրջությամբ կատարված աշխատանքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:

Սյունյաց աշխարհի, նրա պատմության, գրականության եւ մշակույթի մասին շատ է խոսվել եւ գրվել (հիշենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմությունն» ու «Ժամանակագրությունը», Ալիշանի «Սիսականը» եւ էլի շատ ու շատ գործեր), շատ` ոչ այնքան ծավալով, որքան պարբերականությամբ, բայց ասել, որ անելիքի շրջանակն այլեւս ընդլայնվելու հավակնություններ չունի, միանշանակ սխալ է, որովհետեւ բոլորիս աչքերի առջեւ հենց մշակութային կյանքի ակտիվացմանն ու Սյունյաց աշխարհի գրականության հանրահռչակմանն է միտված Ձեր գլխավորած «Սյունյաց երկիր» թերթի առաքելությունը: Եվ ահա, ընթացիկ համարներին զուգահեռ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2014 թվականի ապրիլին հրատարակվեց հատուկ համար՝ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին՝ նմանը չունեցող ծավալով, բովանդակությամբ եւ շքեղ ձեւավորմամբ:

Եվ եթե ընդունենք, որ երբեմն լավ աշխատանքին հստակ գնահատականներ տալով՝ բախվում ենք դրա իրական դերն ու նշանակությունը արժեւորելու խնդրին, ապա եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեր հոբելյանը` մաղթելով նորանոր հաջողություններ, քանզի ուղին, որով ընթանում եք, հիրավի, արդար է եւ հայրենանվեր:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Հայաստանի ժուռնալիստների միությունը սիրով, ջերմությամբ, մեծ գնահատանքով շնորհավորում է Ձեզ` ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Վաթսուն տարվա ավելի քան երեք տասնամյակը Դուք նվիրել եք ժուռնալիստիկային. քիչ է ասել, թե նվիրվել եք: Դուք համբերությամբ, հետեւողականությամբ, խելամտորեն, նաեւ հայրենասերի չխամրող զգացմունքներով գրել ու գրում եք Ձեր չքնաղ բնաշխարհի, պատմականորեն անօրինակ սխրանքներ գործող, երկիրը պահող-պահպանող, Ձեր լեռնաշխարհի պես ամուր, Ձեր հողի, արմատների պես հզոր մարդկանց մասին:

Դուք արժանի եք Ձեր մասնագիտությանը, գրչին, Ձեզ համար չկա խոչընդոտ, եթե պետք է հերթական հոբելյանական համարը պատրաստել նվիրված Սյունյաց աշխարհի մեծերին:

Իսկ նրանք` այդ մեծերը շատ են:

Նրանց համար չգիտես թե ինչ հնարքով Դուք գտնում եք եւ հեղինակներ, եւ արխիվային նյութեր, եւ ֆինանսական միջոցներ…

Ձեր հնարամտության, եռանդի, կազմակերպական ունակության, նվիրվածության գաղտնիքը մեկն է. Դուք սիրում եք Ձեր աշխարհը, մասնագիտությունը եւ հավատարիմ եք երկուսին էլ, հավատարիմ եք Սյունյաց երկրին…

Շնորհավոր Ձեր հոբելյանը ու թող բազում փառավոր հոբելյաններ նշվեն, թող ընթերցողի դուռը միշտ բախի «Սյունյաց երկիր» թերթի հերթական բովանդակալից համարը:

Բարի երթ Ձեզ:

ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Սիրելի Սամվել

Ընդունիր իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ծննդյանդ 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ամեն անգամ, երբ լսում եմ քո ձայնը` լինի հեռախոսով, թե սակավ հանդիպումների ժամանակ, թվում է՝ հաղորդակցվում եմ մեր սարերի լույս ու վեհություն ներշնչող ոգուն: Դու անհունորեն կերպարվել ես մեր անզուգական աշխարհով` ձեռքիդ մեջ Սյունյաց զանգի լեզվակը, որի ձայնը միշտ ղողանջում է ոչ միայն Մեծ, այլեւ  Փոքր Սյունիքում ու ամբողջ հայոց աշխարհում: Քո ազնիվ ու նվիրական ներկայությունը անմնացորդ հավատարմություն է Մխիթար Սպարապետի, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի պատգամներին, Ակսել Բակունցի, Համո Սահյանի, Սերո Խանզադյանի, Գուսան Աշոտի եւ մեր մյուս երեւելիների սրբազան ուխտին:

Սամվել ջան, «Սյունաց երկիրը», որի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն ես տարիներ շարունակ, իր ամեն համարով ներկայանում է որպես մեր ժողովրդի հերոսական տարեգրության յուրատիպ ամփոփում,  ինչը, անշուշտ, քո սիրուց ու նվիրումից, հայրենասիրությունից ու բարությունից է գալիս, թելադրված է բարձր ինտելեկտով… Ես պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ բազմիցս եմ հիացել ու բավականություն զգացել թերթի էջերում զետեղված բարձրաճաշակ ստեղծագործություններով, համարձակ ու խիզախ հրապարակումներով, մեր մեծերին նվիրված թողարկումներով: Անշուշտ, դրվատանքի արժանի գործ ես կատարում, ընդգծեմ` նաեւ, բնականաբար, արցախանպաստ, որը միտված է հոգեւոր, պատմամշակութային ու գրական ժառանգության պահպանմանն ու արժեւորմանը, մեր ընդհանուր իղձերի եւ նպատակների իրագործմանը, ինչի համար եւ, առիթից օգտվելով, շնորհակալություն եմ հայտնում աստվածահաճո առաքելությանդ համար:

Թույլ տուր վերստին շնորհավորել հոբելյանդ, մաղթել ամենալավն ու բարին, Մեծ եւ Փոքր Սյունիքների ամենաչքնաղ ծաղիկներն ու ալպիական մանուշակները` այս խստաշունչ բուք ու ձյունի մեջ, նվիրաբերել քեզ` հրաշալի նկարագրով Մարդուն, նվիրյալ Հային, անխոնջ Դպիրին…

Խոսքս ավարտեմ արցախյան օրհնանքով` շեն կենաս, ախպեր:

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Արցախ, 2016թ.

Մեծարգո Սամվել Ալեքսանյան

Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը, մի հոբելյան, որ ինքնաբերաբար ստիպում է հայացք նետել անցած ճանապարհին:

Ձեր կյանքն ու գործունեությունը կապված են հայրենի Սյունիքի հետ: Մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության եւ հասարակագիտության բաժնում սովորելուն զուգընթաց Դուք Ձեր աշխատանքային գործունեությունն սկսել եք ծննդավայր Հարժիս գյուղում, այնուհետեւ վարել եք Գորիսի շրջանային խորհրդի մշակույթի բաժնի աշխատանքները:

Բայց Ձեր նախասիրությունը լրագրողությունն էր, մամուլը: Աշխատեցիք Գորիսի շրջանային «Զանգեզուր» թերթի խմբագիր, Սյունիքում եւ Վայոց ձորում՝ Արմենպրեսի թղթակից, Սյունիքի հարցերով պետնախարարի աշխատակազմի լրատվական ծառայության պետ, հիմնադրեցիք տարածաշրջանային ռադիոկայանը՝ Սյունիքում եւ Վայոց ձորում սփռվող:

Հայաստանում վարչատարածքային նոր կառույցների ձեւավորումից հետո Դուք դարձաք Սյունիքի մարզպետարանի լրատվության եւ հանրային կապերի բաժնի վարիչ, Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար: Ձեր անմիջական մասնակցությամբ է հիմնադրվել «Սյունիք» մարզային պարբերականը եւ «Սյունիքի ղողանջներ» մարզային ռադիոն: Որոշ ընդհատումներով խմբագրել եք «Սյունյաց աշխարհ» պարբերաթերթը, իսկ 2003-ից «Սյունյաց երկիր» մարզային թերթի հիմնադիր գլխավոր խմբագիրն եք:

Ձեր ստեղծագործական եւ կազմակերպչական ձիրքն առավել արդյունավետ եղավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում: Հեշտ չէին ո՛չ ժամանակները, ո՛չ էլ մարդկային ու պաշտոնական հարաբերությունները, բայց Դուք թեեւ դժվարությամբ, սակայն անկորուստ անցաք այդ ճանապարհը, որովհետեւ անձնական շահից ավելի բարձր դասեցիք հայրենիքի շահը, ինչն էլ աստիճանաբար միաբանեց հայրենասեր ուժերին եւ նպաստեց ոչ միայն թերթի անխափան հրատարակությանը, այլեւ հեղինակության բարձրացմանը թե՛ մարզում, թե՛ հանրապետությունում ընդհանրապես:

Ձեր եւ Ձեր ղեկավարած խմբագրակազմի նպատակային աշխատանքի արգասիքն են թերթի բոլոր համարները եւ հատկապես բացառիկները: Մարզային թերթի համար դա լրագրային նոր ու բարձր մշակույթ է, որ Դուք ներդրեցիք, արմատավորեցիք եւ պահպանեցիք:

Ինձ ծանոթ են թերթի գրեթե բոլոր այդ համարները, որոնց թիվը երեք տասնյակից ավելի է: Դրանցից յուրաքանչյուրն ասես մեկական հանրագիտարան լինի՝ նվիրված նշանավոր անձանց, պատմական կարեւոր իրադարձությունների, առանձին քաղաքների, ճարտարապետական կառույցների ու բնակավայրերի: Հնարավորության դեպքում այդ համարների նյութը կարելի է տպագրել առանձին գրքերով՝ որպես մատենաշար:

Դուք, հարգելի Ալեքսանյան, վերացրիք մարզային թերթի գավառական կարգավիճակը մայրաքաղաքային հրատարակությունների համեմատ: Դեռ ավելին՝ նյութերի ընտրությամբ, հեղինակային հարուստ ու բարձր կազմով, լեզվական-սրբագրական գրագիտությամբ, ձեւավորման որակով դարձաք օրինակելի նույն այդ մայրաքաղաքային պարբերականների համար:

«Սյունյաց երկիր» մարզային թերթն այսօր դարձել է Սյունյաց աշխարհի դեմքը եւ կարող է իր հերթին եղանակ թելադրել ընդհանուր գրական-մշակութային ասպարեզում:

Էջ առ էջ այսօր Դուք գրում եք Սյունիքի նոր ժամանակների պատմությունը, որ մի նոր ու հավաստի սկզբնաղբյուր պետք է դառնա ապագա սերունդների համար: Ինչքան ամբողջական՝ այնքան լավ, ինչքան անկողմնակալ՝ այնքան վստահելի:

Մեծարգո Սամվել Ալեքսանյան

Ձեր այս ազգօգուտ գործունեության բարձր գնահատությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը, մաղթում եմ ոգու ամրություն, աշխատանքային եռանդ, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացում:

Բարեկամաբար սեղմում եմ Ձեր վաստակած աջը եւ բարձրաձայն ասում՝ անենք առավելագույնը արժանապատիվ ու բարոյական Հայրենիք ունենալու համար:

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայոց լեզու եւ գրականություն» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր

Հայ մարդու ոգեղեն կերպարի մասին խոսելիս երբեւիցե ավելի հզոր բնութագրում, քան Չարենցինն է եղել, կարծում ենք, անիմաստ է փնտրել: Հիշում եք չէ՞, հեղինակի հարցադրումն իր «պոեմանման վեպում»՝ «Ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում», ապա՝ հարցի պատասխանը թողնում է ընթերցողին. «Սիրելի՛ ընթերցող, թողնում եմ, որ դու... այո՛, դու, - գտնես Նաիրին: Սույն այս պոեմանման  վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի»:

Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով ես էլ եմ փորձել պատկերացնել Նրան: Գուցե եւ չարենցյան ազդեցությամբ եւ կամ՝ արյան կանչով Նրան փնտրել շուկայի փայտ ծախողի հայացքում, ամենասովորական գյուղացու աչքերում, արդեն հավերժին պատկանող ծնողիս սրտամաշ բույրում...:

Սամվել Ալեքսանյանին ուզում եմ բնութագրել այդ իսկ տողերով՝ դարերով քայլած, արարող, ետ չնայող, ապագային լուսավոր նայող պատանու խանդավառությամբ, մի խոսքով՝ Հայ մարդ, որին կարելի է սիրել, հարգել, չափանիշ ընդունել:

Արարման ամենամեծ խորհուրդը հայ մշակի, սերմնացանի, աշխատավորի խոնարհ ջանասիրությամբ ամեն օր իր գործն անելն է:

Երանի նրան, ով հատկապես այս հատկանիշով կկերտի իր կենսագրությունը, եւ վաստակած՝ ակոսների մեջ կկաթի նրա ճակատի արդար քրտինքը:

Մեր սիրելի ընկեր, գործընկեր, բարեկամ Սամվել Ալեքսանյանին մաղթում եմ իր հերկած ակոսների միջով դեռ երկար քայլել ու «Սյունյաց երկրի» բազում նոր համարներ արարել:

Սուսաննա Գրիգորյան
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ ուղղված Սամվել Ալեքսանյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք հղում հոբելյարին՝ ցանկանալով ամուր առողջություն, երջանկություն, ամենայն բարիք, նրա ընտանիքին՝ բարեկեցություն եւ արեւշատություն: Եվ ամենակարեւորը՝ թող կյանքի երկրորդ վաթսունամյակը ավելի կենսուրախ ու հոգսերից զերծ ապրելու տարիներ լինեն:  

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25