Լույս է տեսել «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարը՝ նվիրված Գուսան Աշոտի 110-ամյակին

08.06.2017 14:46
2957

 

 

 

 

 

 

 

 

Հայոց մեծ գուսանը

(Սամվել Ալեքսանյանի խմբագրականը «Սյունյաց երկիր» թերթի՝ Գուսան Աշոտի 110-ամյակին նվիրված համարում)

Գուսան Աշոտը դեռեւս 5-րդ դարում Մովսես Խորենացու հիշատակած Գողթան գավառի գուսանների նորօրյա շառավիղն էր:

Նա հայոց միջնադարյան տաղասացների ու քնարերգուների տաղերով, խաղերով, հայրեններով, մեր հոգեւոր շարականներով սնված ու ոգեշնչված անհատականություն էր: Իսկ «երգի օվկիան» Կոմիտասն ամբողջ կյանքում նրա համար եղավ «մարգարտյա երգի աղբյուր»:

Նա հայոց աշուղների ժառանգորդ մեր վերջին ամենաբարձր գագաթն էր:

Սայաթ-Նովայի սիրերգության անօրինակ շարունակողն էր: Ինքն այլ կերպ էր դա ասում՝ «Ձեռքիս թասը ավանդական քո հին թասն է, Սայաթ-Նովա»:

Այն բացառիկն էր, ում ժամանակակիցներն անվանեցին «20-րդ դարի Սայաթ-Նովա»:

Հայոց աշխարհին Ջիվանի եւ Շերամ տված գուսանական զարմի արժանավոր ներկայացուցիչն էր 20-րդ դարի երկրորդ կեսում:

Ինքն էր, ում Հովհաննես Բադալյան մեծանուն երաժիշտ-կատարողն անվանեց «Ամենայն հայոց գուսան»:

***

Գուսան Աշոտի երգերը, անշուշտ, իր ապրած ժամանակաշրջանի ծնունդ են: Բայց դրանք ճեղքել են ժամանակային պատնեշն ու ծորում են ժամանակների մեջ:

Ծննդյան 110-ամյակի առիթով հայացք ձգելով Գուսանի անցած ճանապարհին, նրա գրական ու երաժշտական ժառանգությանը՝ վերստին պիտի փաստենք, որ Գուսան Աշոտի արվեստն անմահ է: Նրա երգերը վաղուց են իրենց մնայուն տեղը զբաղեցրել հայոց երաժշտական գանձարանում:

Այսօր մեր հանրապետության երաժշտական կյանքը, հայոց երաժշտական առօրյան հնարավոր չէ պատկերացնել առանց Գուսանի երգարվեստի:

Գուսան Աշոտի երգերի արդիականության, պահանջված լինելու պատճառները շատ են, բայց մի քանիսը կուզենայինք հիշել:

Գուսանի ստեղծագործական աշխարհի հենքը ժողովրդական մտածողությունն է: Նա ժողովրդական անեղծ հույզերի ու խոհերի, ժողովրդի հոգեւոր աշխարհի թարգմանն է, ժողովրդական երգի կաթնաղբյուրից ջուր խմած ասացողն ու երգահանը:

Նրա ստեղծագործությունները մարդկային հոգու ազնիվ թրթիռների արձագանք են, անկեղծ ապրումների արձագանք:

Նա կարողացել է արտացոլել հայ մարդու հուզական ներաշխարհը, իղձերն ու երազանքները:

Ստեղծագործական նման իրողությունների առկայությունն է պատճառը, որ նրա երգերն այսօր էլ հոգեհարազատ են, որ այսօր էլ հաճելի զգացմունքներ են արթնացնում յուրաքանչյուրիս մեջ, որ  նրա երգերն այսօր էլ մեզ ապրեցնում են:

***

Գուսան Աշոտ անձնավորության մեջ գոյակցում էին բացառիկ երգահանն ու զգայուն բանաստեղծը:

Ավետիք Իսահակյանը դեռեւս 1938-ին է նկատել՝ «…Երբ լսեցի երիտասարդ աշուղ Աշոտի երգերը… հուզվեցի եւ ասացի՝ փառք Աստծուն… Սյունյաց Գողթանի ոգին կենդանացել է»:

Մեծանուն բանաստեղծ Համո Սահյանն էլ ասում էր՝ «Աշոտը ե՛ւ մեծ բանաստեղծ է, ե՛ւ մեծ երգահան»:
Գուսան Աշոտի ստեղծագործությունների չափը, կշռույթն ու հանգը չեն միայն, որ հիշեցնում են խոսքի բանաստեղծականության մասին: Նրա ստեղծագործություններում պատկերային այնպիսի գունագեղության ենք հանդիպում, տաղաչափական ձեւերի այնպիսի իմացության, առինքնող անկեղծության, պարզության, քնարական քնքշության, դրամատիկ ապրումների, հույզերի եւ խոհերի ներդաշնության, ոգեղենության այնպիսի դրսեւորումների, արտահայտչական այնպիսի հնարքների ու ձեւերի, որոնք հաստատում են, որ գործ ունենք բանաստեղծական վառ երեւույթի հետ:

Ժողովրդական երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանը վերհիշում էր՝ «Ինձ խոստովանել է, որ սկզբից տեքստն է ստեղծում, եւ նոր միայն բանաստեղծական խոսքից ծնվում են հնչյունները՝ նույնքան զարմանահրաշ պատկերներով եւ գույներով»:

Անշուշտ, Գուսանի բանաստեղծական խոսքն ավելի է հուզիչ դառնում, երբ այն պարուրվում է իր հյուսած մեղեդիներով:

***

Լինելով հայոց գուսանական-աշուղական արվեստի վեհափառներից մեկը՝ Գուսան Աշոտն իր երգերով, ինչպես նկատում է Տիգրան Մանսուրյանը, դարձավ «հայելին երկնասլաց ու հպարտ Սյունյաց աշխարհի: Իր ստեղծագործությունները ներշնչված ու լեցուն եղան այս անարատ հողի գեղեցկությամբ, հայոց բառ ու բանի հոգեհմա վառվռունությամբ… »:

Գրեթե նման դիտարկում է արել աշուղական արվեստի մերօրյա երախտավոր Թովմաս Պողոսյանը՝ «Աշուղ Աշոտն իր հայրենի հողի ու ջրի, զուլալ աղբյուրների ծնունդ է, Սյունյաց երգիչ է, նրա երգերի մեջ ակնհայտորեն մեղեդի հյուսելու ձեւը, բնույթը, ճաշակը Սյունիքինն է, Սյունյաց աշխարհինն է: Նրա անմահական քչքչան աղբյուրների, նրա խոր ձորերի եւ ամպերի մեջ մխրճված սարերի կատարների, քերծերի երգիչն է աշուղ Աշոտը»:

Իսկ մեծահամբավ Ռուբեն Մաթեւոսյանի բնութագրմամբ՝ «Գուսանը նաեւ Գորիսի այցեքարտն է, գորիսեցին իրավունք ունի հպարտանալ, որովհետեւ այդտեղ են ծնվել Գուսան Աշոտը, ինչպես եւ Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, այդ հողից է ձայն առել Տաթեւիկ Սազանդարյանը… »:

Թատերագետ, գրականագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեւորգ Աբաջյանն էլ գրում է. «….Ծննդավայրի բնությունը, միջավայրն ու ժայռերի ծերպերում ապրող մարդիկ շունչ են տվել Գուսանի մեղեդիներին: Զանգեզուրցիներն այսօր էլ պահել են իրենց նախասկիզբ անկեղծությունն ու անմիջականությունը, լեզվի յուրահատուկ հնչերանգները, բարբառը, որը նման է անզարդ, անպաճույճ երգի, որ  անտես ճամփեքով թափանցում է ունկնդրի սիրտը»:

***

Գուսան Աշոտի մահվանից հետո՝ նրա ծննդյան օրը՝ ապրիլի 25-ը, ամեն տարի նշվում էր Գորիսի շրջանային «Զանգեզուր» թերթում, քանի դեռ այդ պարբերականի խմբագիրն էի (մինչեւ 1996թ. մարտի 14-ը): Հետագայում «Սյունիք», «Սյունյաց աշխարհ» մարզային թերթերում նույնպես ժամանակ առ ժամանակ անդրադառնում էինք Գուսանի արվեստին՝ ձգտելով վառ պահել նրա հիշատակն ու հաղորդակից լինել նրա երգարվեստին: «Սյունյաց երկիր» թերթը մի քայլ առաջ գնաց այդ տեսակետից: Երգի մեծ վարպետի 100-ամյակի առթիվ հրատարակեց հատուկ համար (17 հունվարի 2007թ., N113, չորս տպագրական մամուլ):

Գուսանին հատուկ համար նվիրելու գաղափարի մասին տեղեկացրել էինք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով էլ սիրով արձագանքեց մեր նախաձեռնությանը եւ հովանավորեց տպագրությունը:

Հոբելյանի օրերին պարզ դարձավ, որ թերթի  1400 տպաքանակը չի բավարարում համարի հանդեպ եղած պահանջարկը: Եվ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ 1000 տպաքանակով վերահրատարակվեց Գուսան Աշոտին նվիրված հոբելյանական համարը:

Այդ համարի հիմքում նախկինում՝ տարբեր առիթներով ասված կարծիքներ էին, բայց ձգտել էինք հնարավորինս արդիական հայացք ձգել Գուսանի արվեստին: Դրանում մեզ օգնել էին Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Թովմաս Պողոսյանը, Շավիղ Գրիգորյանը, Արզաս Ոսկանյանը, աշուղագետ Լուսինե Նազարյանը եւ ուրիշներ (այդ նյութերի մի մասը տեղ է գտել նաեւ թերթի սույն համարում):

Հայոց մեծ գուսանի 110-ամյակի նախօրեին, սակայն, թերթի նոր համար հրատարակելու պահանջ առաջացավ: Կարեւոր էր հանգամանքը, որ տարիների ընթացքում փոխվել էին մեր պատկերացումները հատուկ (բացառիկ) համարների վերաբերյալ, բավականին փորձ էինք կուտակել, ավանդույթներ ստեղծել: Մի խոսքով՝ Գուսանին նորովի ներկայացնելու խնդիր ծագեց:
Եվ ամիսներ շարունակ թեմայի շուրջ ստեղծագործական որոնումների մեջ էինք ամբողջ խմբագրակազմով, նաեւ մեր գործընկեր լրագրողներով:

***

Խոստովանենք, որ Գուսանի երկրային կյանքի օրերում, ինչպես նրա ստեղծագործությունների պատշաճ հրատարակման, նոտագրման, հանրահռչակման, տարածման, այնպես էլ այդ ստեղծագործությունների շուրջ գրականագիտական, երաժշտագիտական քննարկումներ կատարելու, գնահատելու համար առավել բարենպաստ պայմաններ կային: Ասել է թե՝ խորհրդային տարիներին Գուսան Աշոտի ստեղծագործություններին, նրա երաժշտական ու բանաստեղծական աշխարհին շատերն էին անդրադարձել: Սակայն ծննդյան 110-ամյակի առիթով ձգտեցինք Գուսանի ժառանգությանը նախեւառաջ նայել այսօրվա պատուհանից: Դա էր նաեւ թերթի սույն համարի գլխավոր նպատակներից մեկը:

Եվ եղան երաժշտական աշխարհի, գրականության, արվեստի բազում ճանաչված ներկայացուցիչներ, ովքեր մեծագույն սիրով արձագանքեցին մեր առաջարկությանը եւ բարձրարժեք, գիտականորեն հիմնավորված հոդվածներով ու գնահատանքի խոսքով վերստին ու նորովի արժեւորեցին Գուսան Աշոտի ստեղծագործությունները:

Այդ հոդվածները զետեղված են թերթի սույն համարում, բայց պատշաճ ենք համարում անուն առ անուն հիշել նրանց եւ թերթի խմբագրակազմի, մեր ընթերցողների, սյունեցիների երախտագիտությունը հայտնել նրանց: Այդ անուններն են. աշխարհահռչակ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյան, կոմպոզիտոր, երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյան, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթեւոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունց, ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյան, Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի քյամանահար եւ մեներգիչ Մխիթար Քեթցյան, «Երգ երգոց» հեռուստատեսային հաղորդաշարի խմբագիր եւ սցենարի հեղինակ Լեւոն Գալստյան, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան, երգչուհի Մանիկ Գրիգորյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Սաֆարյան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի խմբավարության եւ ձայնագրման ամբիոնի նախկին դասախոս Վալերիկ Գասպարյան, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյան:

***

Ինչպես վերեւում նշեցինք, ժամանակին Գուսան Աշոտի ստեղծագործություններին անդրադարձել են հանրապետության ճանաչված գրականագետներն ու երաժշտագետները: Թեեւ ամեն մի խոսք հետաքրքիր է յուրովի, բայց հնարավոր չէր բոլորը զետեղել համարում: Դրանցից առանձնացրինք եւ համարում պատշաճ տեղ հատկացրինք Վարդգես Պետրոսյանի, Հրանտ Թամրազյանի, Գարեգին Հովսեփյանի, Սեւակ Արզումանյանի, Գեւորգ Աբաջյանի, Շավիղ Գրիգորյանի հոդվածներին:

Մեր գրողներից ոչ ոք այնքան հանգամանալից չի քննարկել գուսանական-աշուղական արվեստին առնչվող հարցեր, որքան մեր մեծ հայրենակից Սերո Խանզադյանը: Նրա հոդվածները, նկատառումները, կարելի է ասել, յուրօրինակ ներդրում են բանասիրության այդ ոլորտում: Ուստի եւ նպատակահարմար գտանք ներկայացնել դրանք:

Աշուղական արվեստի առանձնահատկությունների մասին տարիներ առաջ մեր թերթի էջերում պատմել էր աշուղագետ Լուսինե Նազարյանը: Այդ հոդվածն այսօր էլ պահպանում է հրատապությունը, ինչի համար էլ զետեղեցինք համարում:

Առաջին անգամ ծավալուն անդրադարձ ենք կատարում Գուսանի ստեղծագործությունների լեզվին. դժվարին այս խնդիրը լուծեցինք մեր հայրենակից, բանասիրական գիտությունների թեկնածու, Գորիսի պետական համալսարանի դասախոս Սվետլանա Մանուչարյանի օգնությամբ:

Համարում որոշակի տեղ է հատկացվում հուշագրությանը եւ առհասարակ այն հրապարակումներին, որոնցում երեւում են Գուսանի Աշոտի կերպարի գորիսյան ընկալումները: Այդ առումով, հիրավի, մեծ քանակությամբ նյութեր են հավաքվել, բայց ընտրություն կատարեցինք՝ մեր ունեցած տեղին համապատասխան: Հուշագրություններում, օրինակ, նախապատվություն տվեցինք նախեւառաջ նոր գրվածքներին:

Առիթ ենք ունեցել ասել, որ 1987-88թթ. Գուսան Աշոտը մի քանի ամիս զբաղված էր գորիսեցիների հիշողության մեջ անթեղված ժողովրդական բանահյուսության նշխարները հավաքելով: Դրանցից մի քանիսը նույնպես ներկայացնում ենք:

Երկրային կյանքին հրաժեշտ տալու օրերին հնչած ելույթների, հրապարակված հոդվածների մի մասը նույնպես ներկայացնում ենք ընթերցողին:

Անդրադարձել ենք նրա հիշատակի հավերժացման իրողություններին եւս:

Ներկայացրել ենք Գուսան Աշոտի ներաշխարհը սնուցած անհատականություններին՝ Գրիգոր Նարեկացուն, Նահապետ Քուչակին, Նաղաշ Հովնաթանին, Սայաթ-Նովային, Կոմիտասին նվիրված նրա հրաշալի բանաստեղծությունները:

Գուսանը պատկերացրել է աստվածաբուխ իր առաքելությունը եւ իր կոչման խորհուրդը կարողացել մեկնել: Դա հատկապես արտացոլված է «Գուսանն էն է», «Գուսանի աստղը», «Հայ գուսան» ստեղծագործություններում:

Ներկայացնում ենք Գուսանի ստեղծագործությունների համառոտ մատենագրությունը եւս:

Գուսանի կենսագրությունն առաջինը շարադրել է Սերո Խանզադյանը «Աշուղ Աշոտ» հոդվածում. ընթերցողն այդ հոդվածից, ինչպես եւ Անդրանիկ Կարապետյանի մենագրությունից կարող է պատկերացում կազմել Գուսանի կյանքի ուղու մասին:

Գուսանի մասին ժամանակին կարծիք են հայտնել հայոց մեծերից շատերը՝ Ավետիք Իսահակյանը, Համո Սահյանը եւ այլք. գնահատանքի այդ խոսքերին ընթերցողը նույնպես կարող է ծանոթանալ:

Գուսանի հայրենակիցներից շատերը նրան բանաստեղծություններ են նվիրել՝ Քաջիկ Դորունց (Միքայելյան), Դուխիկ Հայրապետյան, Ապետնակ Գրիգորյան, Կարո Օհանյան, Լորետա Գրիգորյան, Գուրգեն Ադամյան, Վլադիմիր Որոտանցի (Բաղդագյուլյան), Վոլոդյա Նավասարդյան, Գարեգին Բաբայան, Ադամ Ադամյան… Նրանց բանաստեղծություններին համարում ծանոթանալու հնարավորություն ենք ընձեռում:

Մի շարք նյութերից ավելի ամբողջական պատկերացում ենք կազմում Գուսանի օջախի մասին: Ուշագրավ են հատկապես նրա որդու՝ Համլետ Դադալյանի հետ հարցազրույցը եւ Գուսանի ծոռնուհու՝ Լուսինեի մասին Ռեդիկ Հայրապետյանի ակնարկը: Վերստին ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացրել Գուսանի «Սուրբ մայրեր», «Օջախում», «Հայրիկ» կոթողային գործերը: Ներկայացրել ենք նաեւ Գուսանի վաղամեռիկ որդու՝ Ռուբեն Դադալյանի բանաստեղծություններից մի քանիսը:

Կարեւոր նշանակություն ենք տվել համարի լուսանկարներին:

Գուսանի, նրա բնօրրանի, մերձավորների նկարներից բացի ընդգրկել ենք այն մարդկանց լուսանկարները, ովքեր նշանակալից դեր են խաղացել Գուսանի ստեղծագործությունների տարածման, հանրայնացման գործում, որոնց թվում են Գուսանի երգերի մեծահամբավ կատարողները: Ներկայացվում են ճանաչված համույթների լուսանկարները, որոնք նպաստել եւ նպաստում են Գուսանի երգերի ժողովրդականացմանը: Առանձին էջերով ներկայացրել ենք «Սյունյաց երկիր» թերթի արխիվում, Գորիսի երկրագիտական թանգարանում, Գորիսի պետական քոլեջում, Գորիսի պիոներ-դպրոցականների նախկին պալատում, «Զանգեզուր» թերթի արխիվում պահպանվող, ինչպես նաեւ Ռոբերտ Ալեքսանյանի, Խասան Հարությունյանի, Ռոբերտ Շահնազարյանի, Քաջիկ Միքայելյանի ընտանեկան ալբոմներից վերցված լուսանկարները:

***

Գուսանի Աշոտի 110-ամյակին նվիրված հատուկ համար թողարկելու ցանկությունն իրականություն դարձավ մեր հայրենակիցների՝ մոսկվայաբնակ Էդիկ Հարությունյանի, թիվ 12 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի, 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններում թիվ 12 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի, Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի կամեցողության շնորհիվ:

Ինչն էր ուշագրավ. Գուսան Աշոտին նվիրված մեր այս նախաձեռնությանը նրանք արձագանքեցին ոգեւորությամբ՝ ամեն մեկն իր սիրո դրսեւորմամբ յուրովի արժեւորելով Գուսանի վաստակը հայոց երաժշտական արվեստում:

Առանձնահատուկ հարգանքի ու գնահատանքի է արժանի «Սյունյաց երկիր» թերթի ողջ խմբագրակազմը. որերորդ անգամ կոլեկտիվի մարդիկ ցույց տվեցին, որ իրենք Սյունյաց աշխարհի նվիրյալներից են, Սյունիքի հոգեւոր-մշակութային կյանքը նորոգ պահողներից:

Որերորդ անգամ նրանք ցուցանեցին, որ իրենց գործի անզուգական վարպետն են:

Ընթերցողն անպայման պետք է այս առիթով եւս անուն առ անուն ճանաչի նրանց ու հպարտանա նրանցով. Վահրամ Օրբելյան, Արմինե Հարությունյան, Գրիգորի Սահակյան, Սլավիկ Նավասարդյան, Գայանե Բաղդասարյան, Նուբար Դավթյան, Մերի Ավանեսյան, Վասիլ Սահակյան:

Ինչպես բոլոր նմանատիպ համարներ հրատարակելիս, այս անգամ էլ մեզ հետ էր մեր թերթի գեղարվեստական խորհրդի նախագահը՝ Սյունյաց աշխարհի մերօրյա մեծատաղանդ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը. մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրան:

Համարի նյութերի պատրաստման դժվարին գործում անուրանալի է «Սյունյաց երկիր» թերթի վաղեմի բարեկամներ, Գուսան Աշոտի երգարվեստի երկրպագուներ Ռեդիկ Հայրապետյանի, Ալվարդ Մեսրոպյանի, Սուսաննա Բաբաջանյանի դերը:

Բոլոր այդ մարդկանց մեր հարգանք ենք ընծայում եւ լավագույն մաղթանքներ հղում:

***

2017թ. ապրիլի 25-ին՝ Գուսան Աշոտի 110-ամյակի օրը, «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը նույնպես Գորիսի մերձակայքի ամենաբարձր բլուրներից մեկում հավերժորեն ննջող Գուսանի գերեզմանի մոտ էր:

Այդտեղից ինքը հովանի է ոչ միայն հրաշք Գորիսին, այլեւ ամբողջ Սյունիքին ու հայոց տանը:
Գնացել էինք օրհնաբանելու նրա աճյունն ամփոփող մեր  հողը, որ հայ ժողովրդին Գուսան Աշոտ է պարգեւել:

Գնացել էինք հաղորդվելու Գուսանի հոգեւոր ներկայությանը՝ համոզված լինելով, որ նրա տաղերը՝ խաչքարեր դարձած, ուղեկցելու են հայ ժողովրդին:

Հոգ չէ, որ նրա 110-ամյակը չնկատվեց Սյունյաց աշխարհին անփութորեն շուլալված, բայց մեր աշխարհի հոգեւոր արժեքներին անհաղորդ հերթական անցավոր իշխանավորների կողմից:

Գուսանը մեզ ու նրանց նման բյուր անցավորների է ճանապարհելու, քանզի նա վաղուց է անվախճանության ճամփան բռնել…

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01