Մարզպետի անփառունակ պաշտոնավարման տարելիցը

06.10.2017 10:07
2289

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ. հոկտեմբերի 6-ին,  ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը, ով մինչ այդ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալն էր, ավելի վաղ՝ նույն ընկերության վարչական տնօրենը:


Նրան Սյունիքի հանրությանը ներկայացրին հոկտեմբերի 10-ին՝ նախ՝ Կապանի օդակայանում, ապա՝ մարզպետարանի դալիճում:


Օդակայանում նորանշանակին դիմավորեցին սյունեցուն բնորոշ անկեղծությամբ եւ ջերմությամբ, աղուհացով եւ ողջերթի մաղթանքներով:


Նույն ուղղաթիռով Կապան էին ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:


Նախարարները ելույթ ունեցան ե՛ւ օդակայանում, ե՛ւ մարզպետարանի դահլիճում՝ արտահայտելով մտքեր, որոնք մեկ տարվա հեռավորությունից ավելի շատ երազի տպավորություն են թողնում:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը մշակել է կառավարման նոր մոտեցումներ ու եղանակներ, որոնց շնորհիվ Սյունիքում հնարավորինս կարճ ժամանակամիջոցում ակնկալվում է շոշափելի արդյունքների գրանցում: Պատահական չէ, որ Սյունիքի մարզից է սկսվում փոփոխությունների մեկնարկը: Սյունիքն առաջինն է, որտեղ մարզի կառավարման նոր մոդել եւ նոր մոտեցում է ձեւավորվում:


Դավիթ Լոքյանն էլ համոզմունք հայտնեց, որ նորանշանակ մարզպետը Սյունիքում կկարողանա առաջընթաց ապահովել կյանքի բոլոր ոլորտներում: Սյունիքի մարզը հանրապետությունում համախառն ներքին արդյունքով առաջինն է, բայց աղքատության ցուցանիշներն ամենաբարձրերից են: Մարզն ունի զարգացման լայն հնարավորություններ, եւ ժամանակն է ներդնել այնպիսի ծրագրեր ու գաղափարներ, որոնք կնպաստեն աշխատատեղերի բացմանը, աղքատության ցուցանիշների նվազմանն ու բարեկեցիկ համայնքներ ունենալուն: Հատկապես Սիսիանի տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումը կառավարության ուշադրության առանցքում կգտնվի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել արտադրական խմբեր եւ ապահովել համախառն ներքին արդյունքի աճ:


Նախարարները նաեւ հույս հայտնեցին, որ Սյունիքը շատ շուտով կլինի ընդօրինակման արժանի մարզ ամբողջ հանրապետությունում եւ նրա փորձը կլինի ուշադրության կենտրոնում:


Մի խոսքով՝ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետարան ուղարկեցին լավագույն, նույնիսկ անօրինակ հույսերով ու ակնկալիքներով:


Շատ շուտով պարզվեց մինչդեռ, որ նորանշանակ մարզպետը գնում է բոլորովին այլ ճանապարհով՝ երկրամասը տանելով չտեսնված ու չլսված փորձի ու փորձությունների ուղիով:


Ամենազարմանալին ու տարակուսելին դա չէր սակայն,  այլ այն, որ նման փորձարկումների ու փորձությունների ժամին  նրան օժտեցին անսահմանափակ, ավելի ճիշտ՝ հեքիաթային հնարավորություններով ու լիազորություններով:


Նախ՝ երկրի ղեկավարությունը նրան վերցրեց իր ամենազոր հովանու ներքո եւ բոլոր հարցերում աջակցելու պատրաստակամություն հայտնեց, ինչի մասին պատեհ թե անպատեհ առիթով խոստովանում էր ինքը՝ մարզպետը:


Իշխանական եւ իշխանամերձ լրատվամիջոցները հրահանգ ստացան՝ դրսեւորել առավել լոյալ վարքագիծ Վահե Հակոբյանի գործողությունների հանդեպ, նրա մասին՝ կամ լավը, կամ ոչինչ:


Երկրի գրեթե բոլոր գերատեսչությունները ձեռնպահ մնացին Վահե Հակոբյանի մասին գրված դիմում-գանգատներին, նրա մասին եղած թերթային հրապարակումներին ընթացք տալուց:


Վահե Հակոբյանի տրամադրության տակ դրվեցին երկրի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկության ֆինանսական հնարավորությունները: Նույնիսկ պետական պարգեւ շնորհվեց այդ ընկերության գլխավոր տնօրենին՝ հարկերը մեկ տարում 29 մլրդ դրամով նվազեցնելու համար:


Վահե Հակոբյանի տրամադրության տակ դրվեցին մարզի դատախազությունը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իրավապահ մյուս մարմինները:


Նա հանրապետության միակ պաշտոնյան դարձավ, ում թույլատրեցին աշխատանքի հաճախել ուղղաթիռով: Ընդ որում՝ մեկ միակողմանի թռիչքը Երեւանից Կապան մոտ 800 հարյուր հազար դրամ արժե:


Նրան թույլ տրվեց գործնականում օգտվել ծառայողական երեք մեքենայից եւ թիկնազորի ծառայությունից, որին ականատես ենք պարբերաբար:


Թույլ տրվեց կեղծել սեփական կենսագրությունը եւ հնարավորինս առեղծվածային մնալ հայ հանրության համար:


Թույլ տրվեց Սյունիքում գտնվելու ժամանակ բնակվել Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայի այն մասնաշենքում, որտեղ սովորաբար (տարածաշրջան այցելելիս) հանգրվանում են երկրի առաջին դեմքերը:


Թույլ տրվեց աշխատանքի հաճախել՝ երբ որ կամենում է եւ մեկ տարվա ընթացքում վեց անգամ մեկնել արձակուրդ:


Թույլ տրվեց սեփական ունեցվածքի վերաբերյալ օրենքով նախատեսված հայտարարագրերը կեղծել եւ խաբել պետությանը:


Թույլ տրվեց քարուքանդ անել մարզի առողջապահական եւ կրթական համակարգերը, կազմալուծել մարզպետարանի աշխատանքը, կազմաքանդել մարզպետարանի մի քանի վարչությունների եւ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքն ու ատելություն սերմանել հայոց պետության ու երկրի ղեկավարության հանդեպ:


Թույլ տրվեց թափուր աշխատատեղերի համար ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ Քաջարանի կոմբինատում մարդիկ բերել Երեւանից՝ վճարելով բազմապատիկ անգամ բարձր աշխատավարձ, քան տեղացիներին:


Թույլ տրվեց ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ կոմբինատում ստեղծել գործակալների մեծ ցանց՝ գործընկերների մասին վարկաբեկող տեղեկություններ հավաքելու նպատակով:


Թույլ տրվեց սեփական հայեցողությամբ եւ ինչ-որ գրպանային հիմնադրամի միջոցով տնօրինել այն գումարները, որոնք Քաջարանի կոմբինատն ավանդաբար ուղղում էր տարածաշրջանի առաջնահերթ խնդիրների լուծմանը:


Թույլ տրվեց գործ տալ իրավապահներին եւ դրանով իսկ վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ մարզում, ընդ որում՝ գործ տալ եւ գործ սարքել բոլոր այն մարդկանց մասին, ովքեր իրեն մարդատեղ չեն դնում:


Թույլ տրվեց մարզում աշխատատեղեր կրճատել, աղքատության նիշը բարձրացնել եւ Քաջարանի կոմբինատի պատվերների մեծ մասը տեղափոխել Երեւան՝ խեղդելով մարզի ձեռնարկատերերից շատերին:


Թույլ տրվեց Կապանի տարածաշրջանը զրկել իշխանական կուսակցությունից ԱԺ-ում պատգամավոր ունենալու ռեալ հնարավորությունից (առաջին անգամ անկախության տարիներին):


Թույլ տրվեց ինկվիզիցիայի ժամանակներին բնորոշ լկտիությամբ ու ցինիզմով պատերազմ հայտարարել մարզային թերթին:


Թույլ տրվեց պառակտել մարզի հանրությունը, մարդկանց հանել միմյանց դեմ:


Թույլ տրվեց ծաղրուծանակի ենթարկել մարզի մտավորականներին եւ հերթով նրանց դուրս մղել սյունիքյան կյանքից՝ զրկելով ինքնադրսեւորման հնարավորությունից:


Թույլ տրվեց սյունեցիների հետ շփվելիս դրսեւորել անզուսպ ցինիզմ, լկտի պահվածք, արհամարհանք, սպառնալից խոսելաոճ:


Թույլ տրվեց ստել, էլի ստել, ամեն հարցում ստել, խոստումներ տալ ու չկատարել:


Պաշտոնի բերումով ամիսներ առաջ վերցնելով ՀՀԿ անդամատոմս, իր գործունեությամբ լինելով Գարեգին Նժդեհի գաղափարների երդվյալ թշնամի, իրավունք ստացավ վարկաբեկել հանրապետական կուսակցության տեղական կառույցները՝ նրանց դերը մարզում հասցնելով զրոյի, թեեւ տարիներ շարունակ այդ կազմակերպությունները ՀՀԿ ամենակայացած ջոկատներն էին հանրապետությունում:


Նրան թույլ տրվեց…


Ահա այսպիսի Սյունիք ունենք Վահե Հակոբյանի պաշտոնավարման մեկ տարվա արդյունքում:
Այսպիսի «նվաճումներով» ենք նշանավորում նրա պաշտոնավարման մեկ տարին:


Մարզային կառավարման այսպիսի մոդելով ենք ամփոփում տարին…


Միջնադարյան այս մղձավանջի մեջ, այդուհանդերձ, կա եւ ուրախանալու, նույնիսկ հպարտանալու  վիթխարի մի իրողություն. այդ ամենից հետո անգամ Վահե Հակոբյանը չկայացավ ու չինտեգրվեց Սյունիքին, իսկ մարզը մերժեց նրան՝ համարելով օտարական, անցանկալի անձ, սովորական ասպատակ ու վնասարար:


Նա եղավ Հայաստանի միակ մարզպետը, որ իր ղեկավարությանը հանձնված երկրամասում ամեն օր մնաց ահուդողի մեջ, ինչ-որ անակնկալների սպասելիս, ինչ-որ փրկօղակներ որոնելիս:


Անշուշտ, կարելի է եւ եզրակացություններ ու ենթադրություններ անել, թե ովքեր եւ ինչի համար զորակից եղան նրան՝ մարզը փորձությունների ու փորձարկումների ճանապարհով տանելու անբարո գործում, թե ինչու նրա սանձը չքաշեցին, բայց դա այլեւս հետաքրքիր չէ, ինչպես որ անհետաքրքիր է, թե քանի օր կամ ամիս կտեւի քաղաքական այդ ննջեցյալի հուղարկավորումը: Այլ հարց կա՝ նրա հուղարկավորությունն օրեցօր ավելի է նմանվում թութանհամոններից մեկի մումիան քարայրում ամփոփելու ծիսակատարության, երբ ի պատիվ մումիայի անվերջ զոհողություններ են կատարվում, նաեւ՝ մարդկային զոհողություններ…


Թող ամենակարող Բարձրյալը պահապան լինի Սյունիքին եւ սյունեցուն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46