Մարզպետի հրահանգով Սյունիքի ոստիկանները գործեր են հորինում «Սյունյաց երկրի» դեմ

06.02.2018 14:43
2469

Ընթերցողին արդեն տեղյակ ենք դարձրել, որ վերջին շրջանում մարզպետի պատվերով եւ Սյունիքի ոստիկանության ջանքերով ինչ քայլեր են ձեռնարկվում «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի դեմ: Արդյունքում՝ քրեական երկու գործ է հարուցվել…

Թերթի գործունեության տասնհինգ տարվա ընթացքում ոչինչ չենք թաքցրել ընթերցողից՝ առաջնորդվելով լիակատար թափանցիկության սկզբունքով: Այժմ նույնպես հավատարիմ ենք այդ գործելակերպին՝ ոչինչ չթաքցնել, քանզի ընթերցողի դատից վեր ուրիշ դատ չկա:

Ուստի եւ ներկայացնում ենք հարուցված քրեական գործերի հիմնական հանգամանքները: 

Այսօր՝ առաջին գործի մասին:                                                     

                                                                          ***

Եվ այսպես՝ Կապանի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 182-ի 1-ին մասի հատկանիշներով՝ շորթում:

Գործի փաստական հանգամանքներին եւ իրավական առանձնահատկություններին անդրադառնալուց առաջ տեղյակ պահենք՝ ոստիկանության Կապանի եւ Գորիսի բաժիններ հաղորդումներ են ներկայացրել Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարյանը, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր ՄՆացականյանը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցը, Գորիսի բնակիչ Գարիկ Կարապետյանը:

Ավելի վաղ ասել էինք, որ մարզպետարանի կրթության վարչության պետի տեղապահ Մերի Գանդալյանը զանգահարում է դպրոցների տնօրեններին՝ ճշտում՝ խմբագրությունից զանգահարե՞լ են թերթի համար, թե՞ ոչ, կարո՞ղ եք իրավապահներին հաղորդում տալ, թե՞ ոչ: Ավելի ուշ այդ գործին մեկ էպիզոդով միացել է նաեւ Գորիսի համայնքապետարանը:

Կկարողանա՞ն մարզպետարանն ու Գորիսի համայնքապետարանը նոր դիմումատուներ հավաքագրել, թե՞ ոչ. հարցի պատասխանը ժամանակը կտա:

Բողոքաբեր Գարիկ Կարապետյանի եւ նրա դիմումի մասին՝ քիչ հետո, իսկ հիմա դպրոցի տնօրենների հաղորդումների մասին:

Ի՞նչ են գրում դիմումատուները ոստիկանություն ներկայացված հաղորդումներում. ի դեպ, բոլոր դիմումների տեքստերը գրեթե նույնն են՝ կարծեք գրված լինի մեկի կողմից:

Գրում են՝ իբր խմբագրության հաշվապահ Գայանե Բաղդասարյանը զանգահարել է իրենց՝ ասելով, եթե թերթ չբաժանորդագրվեք, ապա թերթում ձեր մասին վարկաբեկող տեղեկություններ կհրապարակվեն:

Ընդ որում՝ ասվածը հիմնավորող, հավաստող ոչ մի փաստ կամ ապացույց, միայն մերկապարանոց նախադասություն:

Այդ ամենից հետո, բնականաբար, բազում հարցեր են առաջ գալիս, որոնցից մի քանիսը կուզենայինք հրապարակավ քննության առնել:

Հարց 1. կարո՞ղ էր հաշվապահը թերթի բաժանորդագրության (իրացման) հարցով զանգահարել մարդկանց:

Իհարկե կարող էր: Եվ նույնիսկ պարտավոր էր. թերթի բաժանորդագրության (իրացման) կազմակերպումը նրա պաշտոնեական պարտականություններից մեկն է: Ավելին, նա կարող էր զանգահարել հարյուրավոր քաղաքացիների (ինչպես եւ արել է ու անելու է այսուհետ), հանդիպել շատերի հետ, գրություններ ուղարկել՝ առաջարկելով «Սյունյաց երկիր» թերթ եւ ոչ թե գումար խնդրել:

«Սյունյաց երկիրը» ինքնաֆինանսավորվող լրատվամիջոց է եւ իր գործունեությունը կազմակերպում է բաժանորդագրությունից, հատավաճառից, գովազդային ծառայությունից ու հատուկ թողարկումներից, նաեւ հովանավորներից ստացված գումարների, ինչպես եւ հիմնադրի ներդրումների հաշվին:

Եվ ինչպես աշխարհի բոլոր թերթերը, այնպես էլ «Սյունյաց երկիրը», ամեն տարվա ավարտին իրականցնում է բաժանորդագրություն (իրացման ծրագրավորում) հաջորդ տարվա համար, ուրվագծում մյուս անելիքները:

Հարց 2. հաշվապահը սպառնացե՞լ է բողոքաբերներին, թե՞ ոչ:

Իհարկե ոչ: Որեւէ փաստ կամ ապացույց այդ առումով դիմումատուները չեն նշում: Ինչպես քիչ առաջ ասացինք՝ միայն մերկապարանոց մեկ-երկու նախադասություն:

Հարց 3. կարո՞ղ էր, ի վիճակի՞ է, ընդունա՞կ է Գայանե Բաղդասարյանը որեւէ մեկի հետ խոսել սպառնալիքի լեզվով:

Բացառվում է…

Նախ՝ խմբագրությունը հանդես է գալիս իր արտադրանքն իրացնողի դերում: Եվ անտրամաբանական կլինի, որ սեփական արտադրանքն իրացնող-վաճառողը պոտենցիալ գնորդին սպառնալիքներ ուղղի:

Մյուս կողմից՝ Գայանե Բաղդասարյանն աշխատում է խմբագրության մի սենյակում, որտեղ եւս չորս-հինգ հոգի են աշխատում: Փոքրիկ սենյակում յուրաքանչյուրի խոսակցությունը լսելի է: Եվ որեւէ մեկը նրանցից երբեք հաշվապահից չի լսել ոչ միայն սպառնալիք, այլեւ ձայնի բարձրացում. միայն խնդրանք եւ ոչ նույնիսկ առաջարկություն: Անգամ մերժողների հետ խոսակցությունն ավարտում է «շնորհակալություն» կամ «ներեցեք անհանգստացնելու համար» արտահայտություններով:

Իրացման խնդիրներով եւ առհասարակ իր պարտականություններով հաշվապահը զբաղվում է աշխատանքային օրվա եւ աշխատանքային ժամերի ընթացքում: Այնպես որ՝ խմբագրության աշխատողները սովորաբար եւ ակամա լսում են նրա խոսակցությունները, ինչպես եւ ինքը լսում է նրանց խոսակցությունները:

Մի հանգամանք էլ կա՝ Գայանե Բաղդասարյանին ճանաչում է գրեթե ամբողջ Կապանը, նա բարձր կուլտուրայի տեր, առաքինի եւ բարեհամբավ կնոջ համարում ունի: Ու եթե նույնիսկ շատ կամենա ու շատ ջանքեր գործադրի, ապա չի կարող որեւէ մեկին վիրավորել, սառը խոսք ասել, առավել եւս՝ սպառնալ: Ընդհակառակը, դատապարտում է բոլոր նրանց, ովքեր մարդկային շփումներում, աշխատանքում չնչին կոպտություն եւ ոչ պատշաճ վերաբերմունք ենք դրսեւորում:

Հարյուրավոր ընթերցողներ, քաղաքացիներ տասնհինգ տարի շարունակ հաճույքով են համագործակցում բարձր կուլտուրայի տեր այդ անձնավորության հետ: 

Հարց 4. նշված դիմումատուները, այդ ամենով հանդերձ, բաժանորդագրվե՞լ են «Սյունյաց երկիր» 2018-ի համար:

Ոչ ոք նրանցից թերթ չի բաժանորդագրվել:

Հարց 5. թերթ չբաժանորդագրվելուց հետո նրանց մասին որեւէ նախադասություն կամ բառ  կամ արտահայտություն (բացասական իմաստով) հնչե՞լ է թերթի կամ կայքի էջերում:

Ոչ:

Սիրուշ Ակլունցը, օրինակ, 2009 թվականից ի վեր «Սյունյաց երկիր» չի բաժանորդագրվել, եւ ութ տարվա ընթացքում նրա մասին բացասական որեւէ նախադասություն չի գրվել:

Հարց 6. ի՞նչ արատավորող տեղեկությունների մասին կարող էր խոսք լինել առհասարակ:

Դիմումատուները բառ անգամ չեն ասում հնարավոր արատավորող տեղեկությունների մասին:

Մենք նույնպես չունենք նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 182-ի մեկնաբանություններում, մինչդեռ, ենթադրվում է արատավորող տեղեկությունների մի ամբողջ շրջանակ՝ հանցագործության մեղսագրում, հիվանդություն, հոգեկան կամ ֆիզիկական արատ ունենալու մասին տեղեկություն եւ այլն:

Որքանով տեղյակ ենք՝ նշված տնօրեններից եւ ոչ մեկին հանցագործություն չի մեղսագրվում, նրանք հիվանդ չեն եւ հոգեկան ու ֆիզիական արատներ չունեն:

Միգուցե նման խնդիրներ նրանք ունեն եւ վախեցել են, որ կբացահայտվի, կհանրայնացվի, բայց մենք նման տեղեկությունների առայժմ չենք տիրապետում:                                                                         

                                                                              ***

Իրավական բնույթի որոշ հարցեր արդեն իսկ արծարծեցինք, փորձենք հայացք ձգել ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 182-ի սկզբունքային մի քանի առանձնահատկությունների վրա: 

Շորթման սուբյեկտիվ կողմը, ըստ գործող օրենքի, բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Ասել է թե՝ պոտենցիալ հանցավորը գիտակցում է իր պահանջի անօրինականությունը, ինչի համար էլ սպառնալիք է տալիս:

Այս դեպքում դիտավորության մասին խոսք լինել չի կարող, քանի որ թերթը տարածելու մեր իրավունքը խիստ օրինական է:

Առհասարակ, թերթերի, ամսագրերի տարածումը (հատավաճառով, անվճար բաժանելով, համացանցով տարածելով, բաժանորդագրությամբ) օրինական գործունեություն է. այդ նպատակով տարբեր տեսակի տեղեկագրեր են հրատարակվում, հայտարարություններ են արվում, գովազդային հոլովակներ են սփռվում, սոցցանցերով նյութեր տարածվում եւ այլն: 

Մենք էլ իրականացնում ենք նման գործեր պարբերականի տպագիր օրինակի տարածման համար: Այդպես եղել է մինչեւ հիմա, այդպես կլինի այսուհետ:

Այնպես որ՝ թերթի տպագիր օրինակի տարածման համար դիմում ենք հարյուրավոր ու հազարավոր մարդկանց, տնտեսվարողների, հկ-ների, պետական կառույցների…

Իրավական մեկ այլ եւ վճռորոշ հանգամանք. շորթումը շահադիտական հանցագործություն է, ասել է թե՝ հանցավորը ցանկանում է հարստանալ ուրիշի հաշվին:

Առաքվող թերթի մեկ համարի դիմաց տարվա ընթացքում 10 հազար դրամ վճարելու դեպքում, ըստ օրենքի, խմբագրությունը պետք է ցանկանար հարստանալ ուրիշի՝ այն մարդու հաշվին, ում թերթ է տվել:

Շորթմանը բնորոշ իրավական այդ կողմի լիակատար բացակայության մասին է խոսում մի քանի ակնհայտ հանգամանք:

Նախ՝ ինչո՞ւ մեկ թերթի համար 10 հազար դրամ եւ ոչ ավել կամ պակաս:

Դա թերթի ստեղծման եւ առաքման արժեքն է, իսկ ավելի ստույգ՝ ինքնարժեքը: Տասը հազար դրամն ունի իր կառուցվածքը: Եվ դրանում մեկ լումա շահույթ չկա:

Ստեղծված ոչ բարվոք վիճակով (տնտեսական, հասարակական դրություն, տպագիր մամուլի հանդեպ պահանջարկի նվազում, ընթերցողների հետապնդում մարզպետի կողմից) թելադրված քայլ է, որպեսզի մեր արտադրանքն իրացվի, տարածվի, որպեսզի լրատվական շուկայում դիմանանք:

Արդյունքում՝ 2018թ. ֆինանսական բյուջեով թերթը որեւէ շահույթ չի նախատեսել: Ավելին՝ թերթի 2018թ. գործունեությունը պլանավորվել է մոտ 2.5 մլն դրամ դեֆիցիտով (վնասով), ինչն արտացոլված է նաեւ ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացրած փաստաթղթերով, երբ քննարկվում էր անկախ պարբերականներին ցույց տրվող պետական աջակցության խնդիրը: Ընդ որում՝ պետական աջակցության գումար է նախատեսվել հինգ հարյուր հազար դրամ: Այնպես որ՝ շահույթ ստանալու մասին առայժմ խոսք չկա: Հետեւաբար՝ 10 հազար դրամի դիմաց թերթը չէր կարող շահույթ ակնկալել, չէր կարող ուրիշի հաշվին հարստանալու խնդիր ունենալ, մանավանդ որ (եթե այդ գումարը փոխանցվեր) գումարը չէր փոխանցվելու Գայանե Բաղդասարյանին, այլ հիմնադիր ՍՊԸ-ին:

Եվս մեկ իրավական հանգամանք. այս դեպքում շորթման առարկան պետք է հանդիսանար գույքային բնույթի ինչ-որ գործողություն (ծառայության մատուցում): 

Մինչդեռ, խմբագրությունը ոչ թե գումար է խնդրել, այլ ապրանք է առաջարկել, ծառայություն է առաջարկել՝ «Սյունյաց երկիր» թերթի տպագիր օրինակ ամբողջ տարվա համար՝ ավելի քան 30 թողարկման հաշվով: Այսինքն՝ տվյալ մարդուն առաջարկվում է ապրանք (ծառայություն), որի համար, բնականաբար, պիտի վճարի, ինչպես դա արվում է առուվաճաքի բոլոր գործողություններում ու աշխարհի բոլոր ծագերում:

Իսկ դա նշանակում է, որ ստեղծված վիճակում բացակայում է շորթման առարկան:                                                                                

                                                                         ***

Մենք խոստացել էինք առանձին անդրադարձ կատարել բողոքաբեր Գարիկ Կարապետյանին ու նրա բողոքի էությանը:

Ո՞վ է Գարիկ Կարապետյանը:

Մեծ դժվարությամբ ճշտեցինք նրա ով լինելը, Գորիսում նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում: Մի մասն ասում էր՝ քաղաքի աղբը հավաքող տղերքից է, մյուս մասն էլ՝ թե՝ հիվանդ տղա է, քաղաքում չի երեւում: Հետո պարզեցինք, որ Գորիսի կոմունալ տնտեսության հիմքի վրա մեկ տարի առաջ ձեւավորված «Բնակարանային տնտեսություն եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվապահն է:

2018թ. բաժանորդագրության ընթացքում ինչ առնչություն է ունեցել թերթի հետ:

Ոչ մի առնչություն, նրա հեռախոսահամարը թերթի հաշվապահին տվել է կազմակերպության տնօրեն Վահագն Միքայելյանը՝ ՀՈԱԿ-ի հարկային կոդը վերցնելու համար. մնացած բոլոր հարցերը՝ համագործակցության համար, մինչ այդ պայմանավորված ենք եղել տնօրենի հետ:

Այդ ամենից հետո հաշվապահը զանգահարել եւ տնօրենի ասածի հիման վրա խոսել է Գարիկ Կարապետյանի հետ ու նրանից վերցրել հարկային կոդը՝ էլեկտրոնային հաշիվ ուղարկելու համար:

Այսքանը…

Սակայն թերթի երկրորդ համարից հետո զանգահարել են Գորիսի փոստից եւ տեղեկացրել, որ այդ կազմակերպությունը հրաժարվում է վերցնել թերթը: Մենք էլ դադարեցրել ենք (առանց որեւէ խոսքի) թերթի առաքումը:

Գարիկ Կարապետյանի բողոքն ի հայտ գալուց հետո Վահագն Միքայելյանը տեղեկացրել է, որ ինքը տեղյակ չէ իր հաշվապահի գործողություններից, որ ինքը որեւէ խնդիր չունի թերթի հետ, որ թերթի՝ նախապես պայմանավորված հինգ օրինակից հրաժարվելու մասին առաջին անգամ է լսում:

Ինչպես տեսնում եք, բոլորովին այլ վիճակ է. նախ՝ Գարիկ Կարապետյանը ո՛չ տվյալ հիմնարկի սեփականատերն է, ո՛չ տիրապետողը: Ուրեմն՝ ի՞նչ հիմքով է նա հանդես է եկել, երբ կամայաբար արգելել է թերթի առաքումը, երբ էլեկտրոնային հաշիվը (իր ղեկավարից թաքուն) ներկայացրել է Գորիսի ոստիկանություն, երբ հերյուրանք է տարածում թերթի հաշվապահի զանգերի կապակցությամբ:

Այս դեպքը, որքան էլ ջանա շահագրգիռ կողմը, ոչ միայն չի տեղավորվում շորթում հասկացության, այլեւ շորթման փորձի տակ, քանզի, կրկնում ենք, բողոքաբերը ոչ հիմնարկի սեփականատերն է, ոչ տիրապետողը, ոչ էլ թերթի բաժանորդ է:                                                             

                                                                         ***

Ամփոփենք ասվածը՝ բացակայում է շորթման առարկան: Չկա գոնե մեկ փաստ կամ ապացույց, որ հաշվապահը սպառնացել է դիմումատուներին, ընդհակառակը՝ կան ապացույցներ (խմբագրության աշխատակիցների վկայությունը), որ Գայանե Բաղդասարյանը որեւէ մեկի հետ խոսելիս սպառնալից արտահայտություններ չի օգտագործել: Միաժամանակ՝ դիմումատուների վերաբերյալ չկան տեղեկություններ, որոնք օրենքով սահմանվածի շրջանակներում կարող են լինել արատավորող: Այնուհետեւ՝ բացակայում է շորթման սուբյեկտիվ կողմը՝ դիտավորությունը: Բացակայում է գործողության շահադիտական բնույթը: 

Եվ ուրեմն՝ հարց Սյունիքի մարզի ոստիկանության ղեկավար Արշավիր Գեւորգյանին՝ լավ, հասկացանք, մարզպետը պատվիրել է եւ դուք էլ շնչակտուր ձգտում եք ի կատար ածել պատվերը, ո՞ւր է հանցակազմը, ո՞ւր է դիտավորությունը, ո՞ւր է շահադիտական ձգտումը, ո՞ւր է հանցագործության առարկան:

Այդ հարցերն առայժմ պատասխան չունեն, ինչի համար էլ մի փոքր ուշացումով հրաժարվել ենք բացատրություն տալ Կապանի եւ Գորիսի ոստիկաններին: Հրաժարվելու ենք բացատրություն կամ ցուցմունք տալ նաեւ մարզի մյուս իրավապահ մարմիններին, քանի դեռ նրանց ղեկավարները հնազանդորեն կատարում են Վահե մարզպետի ապօրինի հանձնարարականները:

Այդ կապակցությամբ նամակ ենք հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին , ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով խմբագրության հետ առնչվող բոլոր նյութերի քննությունը տեղափոխել հանրապետության մեկ այլ մարզ:

Պահանջը շարունակելու ենք այսուհետ եւս, այլապես ցուցմունք կամ բացատրություն կտանք միայն դատարանում:                                                           

                                                                       ***

Տեղի ունեցող իրադարձությունները շարունակում ենք գնահատել խոսքի ազատության դեմ պայքար, «Սյունյաց երկիր» թերթի ու syuniacyerkir.am կայքի գործունեությունը կասեցնելուն միտված գործողություններ, Սամվել Ալեքսանյանի օրինական լրագրողական աշխատանքը խափանելուն ուղղված ակնհայտ քայլեր:

Չկարողանալով կատարել իր երդումը՝ 2017-ին փակելու «Սյունյաց երկիրը», մարզպետը դիմում է ամենաստոր եւ նողկալի քայլերի՝ օգտվելով վերին իշխանությունների թողտվությունից:

Այդ ամենին զուգահեռ Սյունիքի մարզպետարանը պաշտոնական գրություններ է էլեկտրոնային փոստով հղել մարզի բոլոր դպրոցներին՝ 5-ական օրինակից բաժանորդագրվելու Վահե-Էլիզաբեթի ընտանեկան թերթը: Ընդ որում՝ այդ բաժանորդագրությունը պիտի կատարվի երեխաների կրթության եւ դաստիարակության համար պետական բյուջեից հատկացված գումարներով: Եվ դա, ըստ ոստիկանապետի ու Վահեի, օրինական է …

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25