Մեկ տարի առաջ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ստանձնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը

16.10.2019 17:36
2222

(Հունան Պողոսյանը պատասխանում է «Սյունյաց երկրի» հարցերին)

2018 թ. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց գեներալ-լեյտենանտ, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի՝  ոչ վաղ անցյալի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Սյունիքի մարզպետի անցած մեկ տարվա գործունեությունն ամփոփելու, նաեւ սյունիքյան որոշ հիմնախնդիրների հանդեպ նրա դիրքորոշումն ու ծրագրերը ճշտելու նպատակով հարցազրույցի հրավիրեցինք Հունան Պողոսյանին:

***

-Պարոն Պողոսյան, ուրախ ենք Ձեզ հետ հերթական անգամ զրույց անցկացնելու հնարավորության համար:

Սյունիքի թիվ 1 պետական պաշտոնյայի հետ զրույցը, ամեն ինչից զատ, հնարավորություն է՝ անդրադարձ կատարելու մարզի բնակչությանն առավել մտահոգող հարցերին, դրանց լուծման ուղիներին:Այնպես որ՝ շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար:

- Ես էլ եմ շնորհակալ հրավերի եւ թերթի միջոցով սյունեցիներին հուզող հարցերին անդրադառնալու հնարավորություն ընձեռելու համար։

- Դուք Սյունիքի մարզպետ նշանակվեցիք 2018 թ. ամենաբուռն շրջանում՝ հետհեղափոխական կամ իշխանափոխությանը հաջորդած օրերին:

Դա, հիրավի, մեծ սպասումների ժամանակաշրջան էր:

Անցել է մեկ տարի, իսկ հեղափոխությունից՝ մեկուկես տարի:

Ձեր խոսքը՝ ի՞նչ տվեց թավշյա հեղափոխությունը կամ իշխանափոխությունը Սյունիքին:

- Հեղափոխությունը Սյունիքին, իսկ առհասարակ, նաեւ ողջ Հայաստանին ու նրա քաղաքացիներին տվեց ազատություն, հնարավորություն եւ ժամանակ՝ մտածելու, թե ինչպես է  պետք  ապրել ու արարել, կառուցել ու ստեղծագործել։ Բայց, ինչպես արդեն առիթներ ունեցել եմ նշելու, հեղափոխություն առաջին հերթին պետք է կատարել մեր մտածելակերպում ու կենցաղում, անհրաժեշտ է համատեղել բոլոր կարող ուժերը,  համախմբվել երկրի իշխանությունների շուրջ եւ շարժվել առաջ, միմիայն առաջ։

- Փորձենք թվերի լեզվով ամփոփել անցած մեկ տարին, խնդրեմ:

Ի՞նչ խնդիրներ հաջողվեց լուծել Սյունիքի մարզում:

- Այս հարցազրույցի ձեւաչափում ու սահմաններում հնարավոր չէ ամփոփել մեկ տարում արվածը, դրա համար առանձին հաշվետվություն կհրապարակենք, որտեղ տեսանելի կլինեն մանրամասները՝ նաեւ թվերի լեզվով։ 

Իսկ բնակչության հետ ամենօրյա աշխատանքից պարզ է մեկ բան՝ մարդու կյանքում կարեւոր է աշխատանքը եւ աշխատանքն է խնդիրների լուծման բանալին: 

Եվ ամենօրյա շփումների, այցերի, հանդիպումների  միջոցով հասկանում ու վեր ենք հանում մարզի հոգսերը, փորձում լուծումներ տալ:

- Մարզպետի պաշտոնը, ուզենք - չուզենք, քաղաքական պաշտոն է պետական մեր համակարգում:

Երբ հետադարձ հայացք ենք ձգում մինչեւ 1995 թվական, մինչեւ վարչատարածքային բարեփոխում եւ մարզպետական ինստիտուտի ձեւավորում, ակնհայտ է դառնում, որ Սյունիքի մարզպետներից յուրաքանչյուրը՝ ունեցած քաղաքական-սոցիալական հենարանի առումով, տարբեր վիճակում է գտնվել:

Ո՞վ է Ձեր քաղաքական-սոցիալական հենարանը Սյունիքում:

Այո՛, իշխող քաղաքական ուժն է Ձեզ վստահել Սյունիքի մարզպետի պաշտոնը, բայց կուսակցական չեք:

Սյունիքյան հայտնի ֆինանսական կենտրոններն էլ, թույլ տվեք ասել, ուրիշների ազդեցության տակ են:           

Տեղական որեւէ կլան կամ խմբավորում չեք ներկայացնում…

- Կարծում եմ՝ թե՛ իմ եւ թե՛ մարզպետարանի ողջ ղեկավարության հենարանը, բոլոր առումներով, արարող, ստեղծող մարդն է, հայը, սյունեցին, ով հասկացել է այս փոփոխությունների դրական շարժընթացը, ունի առողջ մտածելակերպ, երկրի զարգացման իր տեսլականը եւ ցանկություն՝ մասնակցելու իր, մեր զավակների, բոլորիս ապագայի կերտմանը։ 

- Ըստ մեզ (թվերը, փաստերը մի կողմ դրած)՝ անցած մեկ տարում մարզը դուրս բերվեց ինտրիգների, խարդավանքների աներեւակայելի լաբիրինթոսից, երբ մարդկանց հանում էին միմյանց դեմ, երբ մարզում հանրային լարվածություն էին հրահրում:

Մեզ թույլ ենք տալիս արձանագրել, որ անցած մեկ տարվա սյունիքյան հաջողություններից մեկը հենց դա է:

Եվ ուզում ենք հուսալ, որ տարածքային քաղաքականության այդ գիծն այսուհետ առավել   դոմինանտ է լինելու Ձեր գործելակերպում։

- Հավաստիացնում եմ, որ դոմինանտ եւ կենսունակ կլինի ու կշարունակվեն ոչ միայն այդ գիծը, այլեւ առկա խնդիրների լուծման շատ այլ գծեր, ձեւեր ու մեթոդներ․․․

- Մի դիտարկում եւս, որ նույնպես շատ կարեւոր է, որի վերաբերյալ Ձեր մտածումներին նույնպես կուզենայինք ծանոթանալ:

Մարզպետն ու մարզպետարանն այլեւս որեւէ թիմի, որեւէ կլանի, որեւէ խմբակի գործիքը չեն:

Մյուս կողմից՝ դա շատ պատասխանատու վիճակ է:

Ինչպե՞ս եք կառուցում հարաբերությունները մարդկանց հետ, ավելի ճիշտ՝ շարքային սյունեցիների հետ:

- Այո՛, այդպես է․ ասեմ, որ այդ ամենին հասնելու կամ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու հստակ դեղատոմսեր չկան, ի վերջո, յուրաքանչյուր անհատ կամ հանրային խումբ առանձին մոտեցում ու գործելաոճ է պահանջում, բայց հիմնական սկզբունքը սա է․ մենք սիրում, հարգում ենք սյունեցիներին ու մեր աշխատանքում եւ առօրյայում անում ենք ամեն ինչ, որ իրենք էլ մեզ սիրեն ու հարգեն։

 - Իսկ ի՞նչ անհաջողություններ ունեցաք անցած մեկ տարում կամ ի՞նչ սպասելիքներ ունեիք, որ ինչ-ինչ պատճառներով (օբյեկտիվ կամ սուբյեկտիվ) իրականություն չդարձան:

- Գիտե՞ք, առավելագույնը, հնարավորինս շատը, լավագույնն անելու, իրագործելու ցանկությունն այնքան մեծ է, որ եթե ինչ-որ բան չի ստացվել կամ ստացվում, նույնիսկ ոչ մեր մեղքով, ապա դա որպես անհաջողություն ենք դիտարկում։ Իսկ կուտակված ու դեռեւս չլուծված խնդիրներն այնքա՜ն շատ են, որ ամեն ինչ անում ենք՝ օր առաջ դրանք լուծված տեսնելու համար։

- Մարզպետի ինստիտուտի մասին ամենատարբեր (հաճախ ոչ դրական) տեսակետներ են շրջանառվում հանրության մեջ։

Պատճառներից մեկն այն է, որ մարզպետարանների կազմավորումից հետո (1995-96 թթ.) չկարողացանք ընդունել տարածքային կառավարման մասին օրենք, այսինքն` խաղի կանոնները չհստակեցրինք։

Անշուշտ, ուրիշ պատճառներ էլ կային ու կան։

Ձեր կարծիքը տարածքային կառավարման այսօրվա մոդելի` մարզպետարանների մասին, արդյո՞ք կայացել են դրանք, արդյո՞ք խոչընդոտներ կան լիարժեք գործունեություն ապահովելու ճանապարհին։

- Հավանաբար իրենց գործունեության պատճառով են մարզպետներն ու մարզպետարաններն առիթ տվել տարբեր գնահատականների եւ տեսակետների։ 

Կարծում եմ՝ մարզպետարանների գոյությունն ու աշխատանքն արդարացված են ու անհրաժեշտ, եւ դրա համար էլ  այս օրերին ԱԺ օրակարգում է «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը։    

Ինչպես գիտեք, մարզերում պետական կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում էին ՀՀ նախագահի 1997 թ․ ՆՀ-278-Ն հրամանագրով, որը, սակայն, ՀՀ նախագահի 2018 թ․ ապրիլի 9-ի ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցրած էր ճանաչվել:

Վերոնշյալ նախագիծն արդեն խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է:

Համոզված եմ՝ օրենքի ընդունումից հետո շատ հարցերի պատասխաններ կտրվեն, կհստակեցվեն լծակները, լիազորությունները, հետեւաբար եւ պատասխանատվության շրջանակն ու մարզպետարանին ներկայացվող  պահանջները։

- Մարզպետարանների օպտիմալացումն օրակարգում է:

Ի՞նչ է սպասվում Սյունիքի մարզպետարանին՝ կառուցվածքային առումով, աշխատակիցների կրճատումների առումով:

Կկարողանա՞ք տեր կանգնել պրոֆեսիոնալներին, իրենց գործի նվիրյալներին, որեւէ մեկի հովանավորությունը չվայելողներին, չէ՞ որ դա էլ ոչ դյուրին խնդիր է փոքր միջավայրում:

- Ինչպես պետական բոլոր կառույցներում, մարզպետարաններում էլ օպտիմալացում է սպասվում, դեռեւս հստակ չեն ապագա կառուցվածքն ու կրճատվող հաստիքների թիվը, եւ, իհարկե, ամեն ինչ պետք է առողջ տրամաբանության սահմաններում արվի, անշուշտ, պիտի տեր կանգնենք պրոֆեսիոնալներին ու նվիրյալներին եւ ճիշտ համադրենք փորձն ու երիտասարդությունը։  

- Դուք մեր հանրապետության իրավապահ համակարգի, մասնավորապես ոստիկանական ոլորտի փորձառու եւ երեւելի դեմքերից եք:

Հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում մարզի իրավապահների գործունեությունը:

Ի դեպ, մարզի ոստիկանությունում կադրային վերջին փոփոխությունները բավականին դրական են ընդունվել երկրամասում:

Հասկանում ենք՝ իրավապահ ոլորտի համակարգումն ուղղակիորեն Ձեր գործառույթների մեջ չի մտնում, բայց մի հարց,  այնուամենայնիվ, հետաքրքրում է հազարավոր սյունեցիների. Սյունիքը կազատվի՞ իրավապահ համակարգի ոչ բարի համբավ ունեցող գործիչներից:

- Համաձայն չեմ Ձեր ընդհանրական բնորոշումներին ու ձեւակերպումներին, մեկ-երկու պաշտոնյաների հետ կապված ինչ-որ դեպքեր կարող են լինել, բայց մեծ հաշվով իրավապահ համակարգը բարեխղճորեն աշխատում է, եւ իրականացվող  փոփոխություններն ակնհայտ են ու դրական։

- Պարոն մարզպետ, փորձենք թվերի լեզվով տալ բոլորին հետաքրքրող մի հարցի պատասխանը՝ ի՞նչ հանքեր են գործում Սյունիքում, ի՞նչ է իրենից ներկայացնում Սյունիքն ընդերքօգտագործման տեսակետից:

Ի՞նչ է տալիս ընդերքօգտագործման ներկայիս աննախադեպ մասշտաբը Սյունիքին, շարքային սյունեցուն:

- Մարզի մետաղական հանքավայրերից ներկայում շահագործվում են երեքը՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի եւ  «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից: Այդ ձեռնարկությունները ՀՀ խոշոր ձեռնարկություններից են եւ բազմաթիվ աշխատատեղեր են ապահովում շարքային սյունեցու համար:

Սյունիքի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով, ու բոլորիս խնդիրն է՝ ընդերքօգտագործումն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում: 

- Հանքարդյունաբերությանն առնչվող շատ հարցեր չէինք ցանկանա քննարկել սույն հարցազրույցում, քանզի դրանք դուրս են մարզպետի գործառույթների տիրույթից:

Եվ, այդուհանդերձ, մի հարց չենք կարող շրջանցել. ի՞նչ է կատարվում Արծվանիկի պոչամբարում: 

Կատարվե՞լ են արդյոք համապատասխան հանրային քննարկումներ, չէ՞ որ պոչամբարն օրեցօր ընդլայնվում է:

Կատարվե՞լ են արդյոք ՇՄԱԳ-ի վերանայման աշխատանքներ:

- Դուք ինքներդ նշեցիք, որ հարցը մարզպետի լիազորությունների շրջանակից դուրս է: Կարծում եմ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տիրապետում է իրավիճակին, եւ ՇՄԱԳ-ի վերանայման հարցերով պետք է նրանց մասնագետներին դիմել: 

- Սյունիքը լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրագումար է. դրանով է Սյունիքն անկրկնելի եւ հզոր:

Ինչպե՞ս եք գնահատում վիճակը գյուղերում:

Գյուղեր կան, որ կանգնած են լինել- չլինելու ստույգ վտանգի առջեւ:

Կառավարությունում տեղյա՞կ են այդ գյուղերի ճգնաժամային վիճակի մասին, եւ ի՞նչ է արվում դրությունը շտկելու համար:

- Մարզի գյուղական բնակավայրերը ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ կառավարության մշտական ուշադրության տիրույթում են, ինչի ապացույցը մեր մշտական այցերն են, նաեւ վերջերս ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի կատարած շրջայցը մեր գյուղերում ու  խնդիրներին տեղում ծանոթանալը:

Մշտապես կատարվում է խնդիրների «գույքագրում», ըստ առաջնահերթության ներկայացվում կառավարություն, ու ելքեր են փնտրվում դրանց լուծում տալու համար։ 

Օգտվելով առիթից՝ կցանկանայի գովեստի խոսքեր հղել մեր գյուղացիներին, որոնք  չընկրկելով դժվարություններից, շարունակում են ապրել ու արարել հայրենիքում:

- Կյանքը ցույց տվեց, որ համայնքների խոշորացումը լեռնային գյուղերի գոյապահպանության հարցում մեծ ռիսկեր է պարունակում:

Սկզբից ասում էին՝ տեսնենք եւ հետո միայն ամփոփենք արդյունքները:

Հիմա ամեն ինչ տեսանելի է:

Կառավարությունում մտադիր չե՞ն վերլուծել, թե խոշորացումից հետո ինչ է տեղի ունեցել գյուղական ամեն մի բնակավայրում:

- Չեմ կարծում, թե դա ռիսկային է, հենց մեր մարզի համայնքների օրինակով կարող եմ ասել, որ խոշորացումը ճիշտ էր։  Հատկապես փոքր գյուղերն իրենց խեղճ բյուջեներով տարիներ ի վեր որեւէ հարց չէին կարողանում լուծել։ Մինդեռ հիմա խոշոր համայնքները, այսպես ասած, իրենց հետեւից տանում են փոքրերին ու գյուղերում բազմաթիվ աշխատանքներ են արվել խոշորացված համայնքների բյուջեների հաշվին կամ  էլ պետբյուջե-համայնք համաներդրումով՝ լուսավորություն, ճանապարհների բարեկարգում, ջրագծեր, աղբահանության կազմակերպում եւ այլն։ Անելիքները շատ-շատ են, եւ ըստ առաջնահերթությունների շարժվում ենք։  

- Հանրապետության, ինչպես եւ մարզի տնտեսական առաջընթացի գլխավոր գրավականներից մեկը (եթե ոչ ամենագլխավորը) ներդրումների մակարդակն է:

Վերջին մեկ տարում Սյունիքում կատարված ներդրումների պատկերը, խնդրեմ:

- 2018թ. մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով տարվա ընթացքում տեղական եւ միջազգային կառույցների, հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների միջոցով, ընդգրկելով մարզի բոլոր համայնքները, իրականացվել են շուրջ 49 մլրդ դրամի զարգացման, ներդրումային եւ վարկային ծրագրեր: 2019թ. ցուցանիշներն ավելին կլինեն: Բերեմ մեկ օրինակ. 2018թ. համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ընդհանուր գումարը կազմել է 445.2 մլն դրամ, որից համայնքների ներդրումը՝ 227.8 մլն դրամ, իսկ 2019թ. համար պլանավորված է շուրջ 3.8 միլիարդ դրամ, որից համայնքների ներդրումը՝ շուրջ 1.5 միլիարդ դրամ է:

- Մեր նախորդ հարցազրույցում (31 հունվարի 2018 թ.) Դուք ասացիք, որ  2018-ին մարզում ստեղծվել է 900 աշխատատեղ:

Իսկ ի՞նչ կասեք հիմա՝ աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդրի կարգավորման առումով:

Ոչ պակաս հետաքրքիր է մեկ այլ հարց՝ մարզից արտագնա աշխատանքի մեկնողների դինամիկան:

- Շատ հաճախ ունենում ենք հակառակ պատկեր՝ կա աշխատատեղ, սակայն չկա աշխատող: ՀՀ վարչապետը զորավարժությունների ժամանակ Սիսիան կատարած վերջին այցի ժամանակ  էլ բարձրաձայնեց դրա մասին: Մարզում ներկայումս ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ, եւ շինարարական ընկերությունները դժվարությամբ են կարողանում համալրել թափուր աշխատատեղերը: Սյունիքում ստեղծված աշխատատեղերի թիվը  կամփոփենք 2019թ. ավարտից հետո:

Նշեմ, որ հեղափոխությունից հետո քչացել են արտագնա աշխատանքի մեկնողները: Քիչ չեն օրինակները, երբ մարդիկ վերադառնում են արտագնա աշխատանքից՝ այլեւս չմեկնելու որոշմամբ, վերադառնում են ընտանիքներով: Ամենօրյա ընդունելությունների ժամանակ հանդիպում եմ այդպիսի մարդկանց:

- Անցած տարվա սյունիքյան ակնառու հաջողություններից մեկը, դարձյալ մեր դիտարկմամբ, մարզի ավտոմայրուղիներում կատարված եւ կատարվող հսկայածավալ աշխատանքն է:

Կարելի է նույնիսկ աննախադեպ համարել այդ ամենը:

Միեւնույն ժամանակ՝ պիտի խոստովանել, որ հատկապես մայրուղիներից  գյուղական բնակավայրեր ձգվող ճանապարհների վիճակը շատ դեպքերում մնում է ծայրահեղ վատ:

-Մարզում աննախադեպ ծավալների եւ որակի ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում։ Բնականաբար, ծրագրերն ընտրվում են ըստ առաջնահերթությունների, եւ առաջին պլանում միջպետական մայրուղու հատվածներն էին ու խոշոր համայնքներն իրար կապողները։ Այնպես չէ, որ գյուղական ճանապարհներին ընդհանրապես աշխատանք չի արվել, որոշ տեղերում, որտեղ որ սպասարկումն իրականացնում են մարզի ՃՇՇՁ-ները, բարեկարգվել են մասնակի, կամ խոշորացված համայնքներն իրենք են իրենց ուժերով բարելավել։ Ամեն դեպքում, ծավալները շատ մեծ են, ու քանի որ երկար տարիներ ոչինչ չի արվել, չարվածը աչքի է զարնում, բայց հերթը, իհարկե, գյուղերին էլ կհասնի։ Օրինակ, հստակ է, որ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Տաթեւ-Աղվանի ճանապարհի շուրջ 12,5 կմ հատվածը։

Երեկ եւ այսօր ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, իր տեղակալների ու այլ պատասխանատուների հետ շրջել, ստուգել ենք ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում կատարված եւ ընթացող աշխատանքների ողջ ծավալն ու որակը՝ Գորայքից մինչեւ Ագարակ (Սիսիանի զանգերից մինչեւ հայ-իրանական պետական սահման)։  

- Ունե՞ք Հյուսիս-հարավ ավտոմայրուղու սյունիքյան հատվածին առնչվող նոր տեղեկություններ:

- Կարող եմ ասել, որ այս պահին մեկնարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է ՀՀ  կառավարության եւ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։  Ըստ պայմանագրի՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում, իսկ ճանապարհահատվածի վերակառուցումը կիրականացվի 2021-23 թվականներին։

-  2019 թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ հայտնի բիզնես – ֆորումը՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի» կարգախոսով:

Ի՞նչ տվեց ֆորումը մարզին, ի՞նչ ընթացքի մեջ են ստորագրված համաձայնագրերը կամ ներկայացված ծրագրերը:

- «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը նպատակ ուներ ներդրողներին ներկայացնել մարզում առկա բիզնես-ծրագրերը: Կարծում եմ՝ ներդրումների ներգրավումը եւ ծրագրերի իրականացումը շարունակական եւ անընդհատ գործընթաց են:

Որպես ֆորումի հաջողություն՝ կարող եմ նշել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքված հուշագրի շրջանակներում Կապանի երկու դպրոցում «Արմաթ» լաբորատորիաների ստեղծումը: Կրկնեմ, գործընթացը շարունակական է:

- Վերջին տարիներին մենք շատ ենք խոսում սյունիքյան տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին: Եվ հիմա կարող ենք փաստել, որ Սյունիքում զբոսաշրջությունն արդեն իր լուրջ տեղն ունի՝ համապատասխան ենթակառուցվածքներով:

Ներկայացրեք, խնդրեմ, զբոսաշրջության վիճակը Սյունիքի մարզում:

- Մարզը լուրջ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման առումով, եւ մեր խնդիրն է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել առկա առավելություններն օգտագործելու համար:

Տարեցտարի աճում է մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը: Գաղտնիք չէ, որ Տաթեւի վանքը եւ «Տաթեւեր» ճոպանուղին ՀՀ ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից են:

Այս տարի ավարտվել է Տաթեւից Խուստուփ մոտ 250 կմ երկարությամբ քայլարշավային երթուղու կառուցումը, որը միացնում է շուրջ 30 գյուղական բնակավայր մարզում՝ նպաստելով հարակից տարածքների գրավչությանը, պատմական վայրերի բացահայտմանն ու էկոտուրիզմի զարգացմանը։ Խոսքը Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի մասին է:

Հաջորդ տարի, ինչպես նշեցի, կվերակառուցվի Տաթեւ-Կապան ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը, ինչը եւս մեկ լուրջ խթան կդառնա մարզի տարածքում զբոսաշրջության համաչափ զարգացման համար։

Անելիքների ցանկը շատ երկար է, եւ դրան ապագայում կանդրադառնանք մայրաքաղաքում կազմակերպվելիք քննարկման շրջանակներում։

- Սեպտեմբերի վերջին եւ  հոկտեմբերի առաջին օրերին համաբանակային զորավարժություններ էին Հայաստանում եւ Արցախում, ինչի առիթով, ի դեպ, Սյունիք ժամանեց նաեւ հանրապետության վարչապետը:

Ինչպե՞ս եք գնահատում այդ վարժանքները եւ մասնավորապես Սյունիքում տեղաբաշխված զորամիավորումների, նաեւ Սյունիքի զինկոմիսարիատի գործունեությունն այդ օրերին:

- Զորավարժություններին մասնակից ու համագործակցող բոլոր կողմերի աշխատանքը նորմալ եմ գնահատում, իսկ այդ ընթացքում սյունեցին հերթական անգամ ցույց տվեց իր կամքը, մարտական ոգին եւ սերն առ հայրենիք։ Բոլոր գերատեսչություններն ու կազմակերպությունները, համայնքները կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրները։ Իհարկե,  կային թերություններ եւս, զորավարժությունները նաեւ դրանք ի հայտ բերելու համար են, ու շտկման ուղղությամբ պետք է աշխատանք տանենք։

-  Մեղրիի հետ կապված երկու հարց:

Նախ՝ մարդիկ ոգեւորված են, որ շրջանն ի վերջո կունենա գազամատակարարում:

Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:

Եվ երկրորդ՝ օրեր առաջ վարչապետը հերթական անգամ տարակուսանք հայտնեց Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարի առնչությամբ՝ ասելով, թե այնտեղ ազատ տարածք չի մնացել:

Ի վերջո, ի՞նչ է սպասվում Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրին:

- Նախատեսվում է կազմել Մեղրի համայնքի գազիֆիկացման համար անհրաժեշտ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որը կֆինանսավորի Ագարակի ՊՄԿ-ն, որից հետո պարզ կլինի, թե որքան գումար է անհրաժեշտ՝ գործն ավարտին հասցնելու համար: Ուզում եմ շեշտել, որ խնդիրը կառավարության եւ մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, եւ վստահություն հայտնել, որ երկար տարիներ անլուծելի համարվող խնդիրն ի վերջո դրական ելք կունենա:

Մեղրու ազատ տնտեսական գոտու հողերի հարցով քրեական գործ կա հարուցված, որի ընթացքը պատշաճ չեմ համարում մեկնաբանել, կարծում եմ՝ պետք է սպասենք հանգուցալուծմանը:

Ուզում եմ շեշտել, որ ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու հարցում մեծ շահագրգռվածություն կա թե՛ իրանական կողմի, թե ԵԱՏՄ գործընկերների շրջանում: Դրա վառ վկայությունը տարբեր երկրների դեսպանների պարբերական այցերն են Սյունիք ու այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունները։

-  Սյունիքի ամենամեծ հարստությունը հողային ռեսուրսն է:

Ներկայացրեք, խնդրեմ, մարզի վարելահողերի օգտագործման պատկերը, որը հետխորհրդային տարիներին միշտ էլ խնդրահարույց է եղել մարզում:

Ընթացիկ տարում պետությունն ինչո՞վ օգնեց գյուղացուն։

- Մարզի 43․8 հազար հա վարելահողերից անմշակ է  60 տոկոսը: Սյունիքում մի շարք ծրագրեր են իրականացվում միտված գյուղատնտեսության զարգացմանը: Օրինակ՝ 2019թ. սուբվենցիայի ծրագրի շրջանակներում իրականացվում է Սիսիան համայնքի Անգեղակոթ, Բռնակոթ եւ Որոտնավան բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը, արդեն ավարտին է մոտենում Սիսիան եւ Արեւիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերում գյուղատնտեսական մեքենասարքավորումների համալրման ծրագիրը:

Գյուղատնտեսության զարգացման համար պետական օժանդակության բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀՀ-ում:

-  2019-ը ծանր տարի էր հատկապես հրդեհների առումով:

Փորձագետներից շատերի կարծիքով՝ դրանք հաճախ պայմանավորված էին մարդկային գործոնով (եւ ոչ միայն եղանակային):

Կարելի՞ է արձանագրել, որ այդ ամենից համապատասխան կառույցները դասեր են քաղում:

- Քանի որ հրդեհների մեծ մասը մեր բնակչության անփութության հետեւանք էին, իսկ այս տարվա ծավալները՝ աննախադեպ շատ, հաճախ էլ՝ անմատչելի վայրերում, կարծում եմ՝ պետական կառույցներին աշխատանքում թերանալու մեջ մեղադրել չի կարելի։ Իհարկե, աշխատանքերի առաջին պլանում ԱԻՆ փրկարար ծառայության մարզային կառույցն էր ու այն  կատարում էր իր գործառույթները, բայց ուզում եմ առանձնացնել նաեւ այլ կազմակերպությունների նվիրված, սրտացավ եւ իրոք անձնվեր աշխատանքն ամռանը  Սյունիքում անտառային  հրդեհների մարման գործում՝  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի անձնակազմն է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատակիցները,  մարզում տեղակայված բանակային կորպուսների կազմը՝ հրամանատարներն ու զինվորները,  համայնքապետարանները, տեխնիկա տրամադրող  ճանշինները, հանքարդյունաբերական կոմբինատները, այլ տնտեսվարողներ։ Չլինեին նշածս այս կառույցների համատեղ աշխատանքն ու մասնակցությունը, հնարավոր չէր լինի արդյունավետ պայքարն ու հրդեհների մարումը։

- Հանրակրթության ոլորտը քաղաքականացված վիճակից, կամայականություններից դուրս բերելու խնդիր ունենք, ինչպես եւ կրթության ու դաստիարակության գործն աստիճանաբար առաջին պլան մղելու խնդիր։

Այդ բոլորով հանդերձ՝ որո՞նք են հանրակրթության ոլորտում Ձեզ անհանգստացնող խնդիրները։

- Դեռ չեմ կարող ասել, որ այդ ոլորտում իդեալական կամ գոհացնող վիճակ է,  ընթացքի մեջ ենք, ու անչափ կարեւոր այդ բնագավառում, իհարկե, ամբողջովին չենք լուծել բոլոր հարցերն ու չենք հասել այն մթնոլորտին, որին ձգտում են, շատ անելիքներ կան։ Հին մտածելակերպի ու վարքի արատավոր դրսեւորումները պետք է արմատախիլ արվեն։ 

Մի քանի օր առաջ մարզպետարանում`  մասնագիտական տոնի առիթով,  մեծարեցինք արժանավոր ուսուցիչներին, անկեղծ զրույց ծավալվեց, խոսեցինք նաեւ խնդիրներից ու մտահոգող երեւույթներից։  

Հաշվի առնելով մանկավարժների աշխատանքի բոլոր բարդությունները՝ կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրի  կարեւոր առաքելությունն է սիրել մասնագիտությունը եւ նվիրյալ լինել՝ պատշաճ գիտելիքներ տալով աշակերտներին։

- Ինչպե՞ս եք գնահատում մարզի բուժական հաստատությունների վիճակը, նկատի ունենք հատկապես մասնագետներով ապահովվածությունը։

Ունե՞նք մանկան մահացության դեպքեր։

Ունե՞նք նորություններ բուժական սարքավորումների, լաբորատորիաների արդիականացման ուղղությամբ։

- Մեր բժշկական կենտրոնները, բացի Սիսիանից, բոլորն էլ ժամանակակից վերանորոգում  եւ հարմարավետ շենքային պայմաններ ունեն։ Իսկ բուժհաստատությունների արդիականացումն անընդհատ գործընթաց է, եւ պարբերաբար տեխնիկական վերազինում է կատարվում, այս պահին խիստ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանք ենք տանում։ Ինչ խոսք, մասնագետներով ապահովվածության խնդիրը մնում է արդիական, հատկապես՝ նեղ մասնագետների, եւ այդ բացը փորձում ենք լրացնել պարբերաբար Երեւանից բժիշկներ հրավիրելով:

Իսկ Սիսիանի ԲԿ-ի հիմնանորոգման խնդրին կառավարությունում եւս տեղյակ են, ու այն մեզ համար առաջնային  հարցերի ցանկում է, լուծումներ ենք փնտրում։ 

Ներկայացնեմ մանկական մահացության վերջին տարիների վիճակագրությունը․ 2016թ.՝ 8.2 պրոմիլ, 2017թ.` 6.7 պրոմիլ, 2018թ.՝ 5.5 պրոմիլ․ սա՝ մասնագիտական լեզվով, իսկ առավել պարզ նշանակում է, որ մանկական մահացության թիվը վերջին տարիներին նվազել է։  

- Մարզպետարան-համայնքապետարաններ հարաբերությունը:

Արդյո՞ք մարզպետարանն ունի համապատասխան լծակներ՝ համայնքապետարանների եւ համայնքապետերի գործունեությունը վերահսկելու համար:

- Գիտե՞ք, կարեւորն այն է, որ քաղաքացին՝ ընտրողը ճիշտ գնահատի համայնքի ղեկավարների աշխատանքը, կարողանա սթափ մտածել, տարբերել իրական աշխատանքը ցուցադրականից ու կատարի ճիշտ ընտրություն։ Եվ այսօր առավել քան համոզված ասում եմ, որ ոչ ոք չի կարող միջամտել ընտրություններին։ Իսկ նման ճանապարհով ընտրված համայնքի ղեկավարներն անկերկբա «դատապարտված»  են  բարեխղճորեն աշխատելու եւ հաշվետու լինելու  ընտրողների առջեւ։ Այս պարագայում արդեն նոր բնույթ են ստանում նաեւ մարզպետարան-համայնքապետարան հարաբերությունները ու հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ անել ամեն ինչ, որ դրական առումով ամրապնդվի, բարելավվի մեր ընտանիքների, համայնքների, մարզի, հայրենիքի վիճակը, շարժվենք միայն ու միայն առաջ՝ ունենալով բոլորիս համար շատ սիրելի Սյունյաց աշխարհի եւ Հայաստանի Հանրապետություն հայրենիքի զարգացման տեսլականը։

- Պարոն Պողոսյան, դե ինչ, Ձեզ հաջողություն ենք ցանկանում՝ պատասխանատու առաքելության ճանապարհին:

- Շնորհակալ եմ «Սյունյաց երկրի» հարթակում Սյունիքի մարզպետի մեկ տարվա գործունեությունն ամփոփելու համար։

 

Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ




Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06