Մեղրասարի ոսկու հանքավայրը

11.09.2014 14:13
2369

Մեղրասարի ոսկու եւ արծաթի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերից մեկը ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա եւ իր որդիները մեծ բաժնեմաս ունեն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում,որը նախատեսում է մետաղների բաց հանքավայր շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի տարածքում:

«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն օրերս բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Սյունիքի մարզի Քարասար եւ Պրիխրեպտովոյի (Մեղրասար) ազնիվ մետաղների երեւակումում հանքաքարի փորձնական հանույթի տեխնոլոգիական մշակման եւ Տաշտուն համայնքի վարչական տարածքում հանքաքարից ոսկու եւ բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցման նախագծերը:

Հանքավայրը Սյունիքի մարզի Լիճք եւ Տաշտուն գյուղերից հեռու է ընդամենը 5 կմ: Այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով` 7.5 տարվա ընթացքում: Զբաղեցնելու է 73 հա տարածք, որից լցակույտի տարածքը կզբաղեցնի դրա համարյա կեսը` 33.5 հա-ն:

Այս ընկերությունը հանքավայրի շահագործման իր ծրագիրը բազմաթիվ խախտումներով է սկսել, որոնց «Հետքն» արդեն անդրադարձել է: Անցյալ տարվա հուլիսին ՀՀ բնապահպանության նախարարությունը Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ի նկատմամբ կայացրել էր ընկերության գործունեության դադարեցման որոշում, քանի որ ընկերությունը սկսել էր փորձարարական համալիր կառուցել` չունենալով բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Սակայն որեւէ այլ պատասխանատվության ՍՊԸ-ն չէր ենթարկվել:

Ավելին, չնայած «ԱՏ-մետալս»-ը չուներ փորձաքննության եզրակացության արդյունքները, դեռեւս 2013թ. մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշել էր արտոնել ընկերությանը. «ԱՏ-մետալս» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում` 2013 թվականի մայիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել էր մինչեւ 2016թ. մայիսի 30-ը: Ընկերությունը շուրջ 3 մլն դոլարի ներդրում է խոստացել եւ 270 հազար դրամ միջին աշխատավարձով 180 աշխատատեղ:

Ովքեր են շահույթ ստանալու հայկական ոսկուց եւ արծաթից

Այժմ տեսնենք, թե ինչու է այս ընկերությունն արտոնյալ, եւ ովքեր են իրականում հայ-ռուսական «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի բաժնետերերը:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` ռուսական բաժնեմասը «ԱՏ-մետալս»-ում 50.2% է, մնացյալ 49,8-ը` հայկական է:

45%-ի սեփականատերը հայկական «Վենտմայն» ՍՊԸ-ն է:

4,8%-ն էլ պատկանում է Կարեն Համլետի Հովսեփյանին:

Մնացյալ 50.2-ը հավասարապես կիսում են նույն հասցեում գրանցված ռուսական երկու ընկերություն` «Ավիատեխնոլոգիա գրուպ» ՍՊԸ-ն եւ «Ավիատեխնոլոգիա ԳԱՄ» ՓԲԸ-ն:

45%-ի սեփականատեր «Վենտմայն» ընկերությունը գերազանցապես ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանեկան բիզնեսն է: Այս ընկերությունում Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդին` Վարդան եւ Կարեն Հովսեփյանները, 30-ական տոկոսի բաժնետեր են, մնացյալ 10%-ը քաղաք Աբովյանում գրանցված Հայկ Մեժլումյանինն է: Վերջինս Համլետ Հովսեփյանի ընկերն է եւ «ԱՏ-մետալս»-ի գործադիր տնօրենը:

«ԱՏ-մետալս» ՍՊԸ-ում 4.8% բաժնեմասի սեփականատեր Կարեն Հովսեփյանը, ինչպես արդեն հասկանալի է, վարչապետի խորհրդականի որդին է, ինչը նշանակում է, որ ոսկու հանքավայրը շահագործող, «ԱՏ-մետալս» ընկերության 49.8%-ը (բացառությամբ «Վենտմայն»-ում 10% Հայկ Մեժլումյանի բաժնեմասից) Համլետ Հովսեփյանի ընտանիքինն է:

Մոսկվայում 2007-ին գրանցված «Ավիատեխնոլոգիա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրները եւ մասնակիցները ռուսներ են` Սերգեյ Արոնով, Գենադի Մուլին, Սերգեյ Մուլին, Պավել Խանչին: ՌԴ ընկերությունների ռեգիստրի տվյալների համաձայն` այս ընկերությունը գիտահետազոտական գործունեություն է իրականացնում բնական եւ տեխնիկական գիտությունների ոլորտներում, արտադրում է տարաբնույթ մետաղյա իրեր, զբաղվում է արդյունաբերական նախագծերով, արդյունաբերական շինարարությամբ, բեռնափոխադրումներով, վարկերի տրամադրմամբ, մետաղյա թափոնների մշակմամբ, գեոդեզիական եւ քարտեզագրական եւ մի շարք այլ գործունեություններով: Խմբին են պատկանում ռուսական ավիացիայի համար սարքավորումներ արտադրող գործարաններ:

«Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ն նույն հասցեում է գրանցված եւ հանդիսանում է նույն` «ԱՏ խմբի» ընկերություն: Բաժնետերեր են` «Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՍՊԸ-ն (խոշոր բաժնետերը), «ՌՊՏ» ՍՊԸ-ն եւ «ՆՏ» ՍՊԸ-ն:

«Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ն, սակայն, 2002թ.-ից ներգրավված է քրեական գործերում` Նիժեգորոդյան մարզի նահանգապետի նախկին տեղակալ Վիկտոր Կլոչայի եւ Կուլեբանյանի մարզի նահանգապետ Նիկոլայ Ռյաբիկինի մասնակցությամբ, ովքեր փորձել են տիրանալ «Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ի որոշ բաժնեմասին: Վիկտոր Կլոչան եւ Նիկոլայ Ռյաբիկինը տարբեր ժամանակներում եղել են «Ավիատեխնոլոգիա ԳՀՄ» ՓԲԸ-ին պատկանող Կուլեբանյան մետալուրգիական գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանն ունի ավիացիայի համար հատուկ արտադրանքներ թողարկելու մենաշնորհ: Այն ստրատեգիական նշանակություն ունի Ռուսաստանի թե ռազմական, թե քաղավիացիայի համար:

Սերգեյ Մուլինի մասին ռուսական մամուլում հրապարակումները հակասական են: Նա անցել է նաեւ մերձմոսկովյան Ստուպինոյի մետալուրգիական գործարանի 50 մլն դոլար վարկային պատմությանն առնչվող քրեական գործով, երկրից հեռացել է եւ ապրել Լիխտեյնշտեյնում: Հետախուզվել է ինտերպոլի կողմից:

Որտեղից հայտնվեցին ռուսները

Ռուս գործընկերը, ինչպես բացատրեց վարչապետի խորհրդական Հ.Հովսեփյանը, ՌԴ կառավարության` պետական բաժնեմասով «Ռոսավիա» ընկերությունն է ու մասնավոր անձինք: Ռուսների հետ Մեղրասարի հանքավայրի շահագործման նախաձեռնողն անձամբ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է եղել: Այդ մասին խորհրդական Հովսեփյանը խոստովանեց «Հետքի» հետ զրույցում: Խարկովի իրավաբանական ինստիտուտն ավարտելուց հետո ուսանողական ընկերներ են մնացել, եւ երբ դժվարություններ է ունեցել ներդրումներ անելու հարցում, դիմել է նրանց օգնությանը: «Դրել եմ տուն, տեղ, ամեն ինչ, վարկ եմ վերցրել, ռիսկի եմ գնացել, փող եմ դրել, հետո պարտնյորի խնդիր ունեի, կարողացա գտնել մարդիկ, որոնք վստահեցին, եւ եկան ներդրումներ արեցին Հայաստանում», – պատմում է Համլետ Հովսեփյանը:

Սակայն պետական գրանցման փաստաթղթերում ընկերությունների հիմնադիր կամ մասնակից պետական բաժնեմաս ունեցող որեւէ ընկերություն չկա: Թերեւս, վարչապետի խորհրդականը ռուսական պետական բաժնեմասը շեշտում է իր գործընկերների լրջությունը ցույց տալու համար:

Իր գործընկերների քրեական պատմությունների մասին Հ. Հովսեփյանը տեղյակ է: Սակայն ՌԴ գլխավոր դատախազությունից ճշտել է, որ որոշում է կայացվել եւ «դրանց լրիվ մաքրել են»: «Մուլին եղբայրներն արդարացվել են, իրենց գործընկերներն են սրիկաներ, ուզեցել են խլել գործարաններն իրենցից, հիմա դրանք մաքրվել են: Նորմալ մարդիկ են եւ պատրաստակամ են տրամադրված Հայաստանի եւ ժողովրդի նկատմամբ, նույնիսկ իրենք են առաջարկել սոցիալական ծրագրեր իրականացնել» – ասում է Հ.Հովսեփյանը:

Ինչպես նշում է խորհրդականը` ռուսական կողմն արդեն 12 մլն դոլարի ներդրում է կատարել, երկրորդ ծրագրով կրկնակի կամ եռակի պետք է արվի. դեռ պարզ չէ, քանի որ նախագծերը տակավին ավարտին չեն հասցրել: «Միայն ոսկու հանքավայր չէ, այնտեղ մենք բազմամետաղի լուրջ ծրագրեր ունենք` գործարան ենք կառուցել, արդեն ավարտին ենք հասցրել, կառուցելու ենք երկրորդ գործարանը, որը ռեգիոնում լինելու է միակը: Մեր հանրապետության համար շատ լուրջ ներդրում է, որը ռուսական կողմն անում է մեզ հետ միասին», – ասում է խորհրդականը:

Համլետ Հովսեփյանը հավաստիացնում է, որ Հայաստանում առաջին անգամ այնպիսի տեխնոլոգիա է կիրառվելու, որը որեւէ բնապահպանական վտանգ չի ստեղծի տարածքի համար: Պայթեցումներ չեն լինելու, քանի որ հողն այնպիսին է, որ պայթեցման անհրաժեշտություն չկա: «Ես այն մարդը չեմ, որ թույլ տամ այդպիսի բան, դուք գիտեք իմ անցած ճանապարհը, եթե մի քիչ իմ կենսագրության հետ ծանոթ լինեք, կիմանաք», – արձագանքում է Հ.Հովսեփյանը` բնապահպանական ռիսկերի մասին մեր հարցադրմանը:

Հ. Հովսեփյանն ասում է, որ տարածքի գյուղերը քանդված ու ավերված էին: Իսկ Նախիջեւանի սահմանակից Տաշտունում մարդ չէր մնացել, հիմա կամաց-կամաց վերադառնում են, գյուղը սկսել է շնչել: Լիճքում ու Տաշտունում նախատեսել են սոցիալական ծրագրեր իրականացնել. լուծել դպրոցի, գազի, ճանապարհների խնդիրները: «Եթե դա չանենք, բա ով անի, բա դրա մասին պետք է մտածենք, ոչ թե գոռգռանք, փորձենք խանգարել եւ այլն: Հիմա մենք նավթ չունենք, գազ չունենք, մենք էլ ունենք սա», – հիմնավորում է Հ.Հովսեփյանը:

Այժմ գործարանի փորձարկման գործընթացներն են. չինացիներն են եկել՝ իրենց սարքավորումները տեղադրելու: Ըստ Հովսեփյանի` նախատեսվում է ավարտել այդ աշխատանքները եւ սեպտեմբերի սկզբներին սկսել շահագործումը:

Հարցին, թե արդարացել են արդյոք ներդրողների հույսերը հանքաքարի մասով, Համլետ Հովսեփյանն ասում է. «Որոշ չափով ոչինչ, ինչ-որ մենք մտածում էինք, կա: Բացի դրանից, նոր նյութեր էլ ենք հայտնաբերել, հեղինակային իրավունքը ստացել ենք, դրա մասին էլ կհայտնենք լրացուցիչ»:

Բիզնես գործունեությունը չի՞ խանգարում վարչապետի խորհրդականի գործունեությանը՝ մեր հարցին Համլետ Հովսեփյանը պատասխանում է. «Ոչ, դուք գիտեք՝ վարչապետի խորհրդականը ինչ է, բիզնեսը մասնավոր..., աշխարհում դուք գիտեք ընդունված է` մասնավոր մարդիկ աշխատում են երկրի նախագահներ, մասնավոր բանը ինչ է: Ես ներդրում ունեմ արած, ունեմ ակցիա (բաժնետոմս-հեղ), ես այնտեղ ոչ կառավարման եմ մասնակցում, ոչ էլ չգիտեմ ինչի, ընդհակառակը`օգնում եմ ինչ-որ բանով, որպեսզի ավելորդ խոչընդոտներ չառաջանան»:

Մեր դիտարկմանը, թե կառավարմանը չմասնակցելով տիրապետում է հանքավայրի հետ առնչվող բոլոր մանրուքներին, պատասխանում է. «Իհարկե ամեն ինչին տեղյակ եմ, ո՞նց կարող է տեղյակ չլինեմ, ինչ խաբե՞մ: Պարտավոր եմ տեղյակ լինելու, ի՞նչ անօրեն բան եմ անում, որ տեղյակ էլ չլինեմ: Մեր երկրի համար այնքան բան է արվում այստեղ, բա ներդրումներ ենք ներգրավում, աշխատատեղեր ենք ստեղծում, ուզում ենք, որ մի քիչ մեր երկիրն էլ շնչի, ինչ է` վատ բան ենք անո՞ւմ:

Քրիստինե Աղալարյան
Մարինե Մադաթյան
http://hetq.am/

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34