Մեղրեցիների  մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին

14.02.2025 12:49
355

Մեղրու շրջանը յուր առատ բերքով

Հայտնի է դարձել մեր մեծ երկրին,

Բյուր անուշահամ յուր քաղցր մրգով

Մտել է սիրտը Կարմիր բանակին:

 

Կոնսերվան ասեմ, չիրը, չամիչը,

Նուռ լիմոնն  ասեմ, թե արախիսը,

Ձոր լեռան վրա շրջանն ինքը

Խաղ բաղեն լցրել գինին ծով լիքը։

 

Աշուղ Աշոտը լավը  չտեսած

Երբեք չի գովի,ով ինձ լսողներ,

Նա միշտ գովում է յուր աչքով տեսածը,

Մարդկության օգուտ փայլուն գործերը:

                                                                       1944 թ., Աշուղ Աշոտը՝ պատերազմի ժամանակ  թիկունքային Մեղրիի մասին

1941 թ. հունիսին  սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ժամանակավորապես խախտեց խորհրդային ժողովրդի խաղաղ աշխատանքը։ Պատերազմի առաջին օրերին հարյուրավոր երիտասարդներ ռազմաճակատ մեկնեցին հայրենիքի ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Պատերազմի ընթացքում Մեղրու շրջանից  մոտ 1900 մարդ է զորակոչվել բանակ, որից 800 հոգի  զոհվեց տարբեր ռազմաճակատներում։ Դեռ այսօր էլ  հիշում են  հրամանատարներ Բագրատ Դանիելյանի, Սոկրատ Մարկոսյանի, Հարություն Թումանյանի, Մկրտիչ Փեցյանի, Գուրգեն Պողոսյանի անունները, ովքեր հրամանատարելով  առանձին զորամասեր, մարտադաշտում ցուցաբերեցին բազմաթիվ քաջագործություններ։

Հայրենիքին անգնահատելի ծառայություններ մատուցեց ինժեներատեխնիկական ծառայությունների գեներալ-մայոր Տիգրան Մելքումյանը։ 1932 թվականին ավարտելով Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան, իր ողջ կյանքը կապեց ավիաշինարարության հետ։  Տիգրան Մելքումյանը 1940 թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա եւ ստանում տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Ավելի քան տաս տարի ղեկավարում է գիտահետազոտական ինստիտուտը եւ ավիացիայի գործարաններից մեկը՝ որպես գլխավոր կոնստրուկտոր։ Մելքումյանը գիտական  խոշոր ներդրումներ է կատարել հայրենական ավիացիայի զարգացման գործում։ Հայրենական մեծ պատերազմի ահեղ օրերին, թողնելով ակադեմիայի դասախոսական ամբիոնը, նա մեկնում  է ռազմաճակատ եւ խիզախորեն մարտնչում ֆաշիստական զավթիչների դեմ։ Ծառայելով կործանիչ ավիացիոն դիվիզիաներից մեկում` մեծ կորուստներ  է պատճառել թշնամու կենդանու ուժին եւ զրահատեխնիկային։ Մելքումյանը մնում է գործող բանակում մինչեւ պատերազմի հաղթական ավարտը։ Պատերազմից հետո նորից նշանակվում է ռազմաօդային ակադեմիայի ամբիոնի վարիչ եւ միաժամանակ ավիացիոն մոտորաշինության կենտրոնական ինստիտուտի պետ։

Մոտորաշինության ասպարեզում գիտական նոր հայտնագործման համար 1949 թՄելքումյանին շնորհվում է պետական մրցանակ, հայրենիքին ծառայելու համար  Սովետական Միության վեց  շքանշան։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին աչքի ընկնող ծառայություններ մատուցեց ավիացիայի ինժեներ-գնդապետ Ավետիս Դանիելյանը։

Նա 1935 թ. ավարտում է Մոսկվայի ռազմագիծ-օդային ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի օրերին ղեկավարել  է կործանիչ ավիացիայի տարբեր զորամասեր, իր համարձակ գրոհներով զգալի կորուստներ պատճառել թշնամուն։

Խիզախության եւ հմուտ ղեկավարության շնորհիվ հրամանատարությունը նրան նշանակել է կործանիչ ավիացիայի կորպուսի հրամանատար։ Այս պոստում նա ցուցաբերել է կազմակերպչական մեծ ունակություններ եւ խիզախության փայլուն օրինակներ։ Գնդապետ Ավետիս Դանիելյանն աչքի ընկնող ծառայությունների համար պարգեւատրվել  է շքանշաններով եւ մեդալներով։

Առանձին ընտանիքներ ռազմաճակատ  են ճանապարհել ընտանիքի բոլոր երիտասարդներին։ Օրինակ, Կարճեւան գյուղի բնակիչ Գրիգոր Մարկոսյանն իր հինգ որդուն՝ Անդրանիկին, Մինասին, Մկրտիչին, Զավենին եւ Օնիկին, որոնցից չորսը հերոսի մահով ընկան ռազմի դաշտում, ռազմաճակատից վերադարձավ միայն մեկը՝ Մինասը։

1942 թվականին գերմանաֆաշիստական զորքերը մոտեցան Կովկասյան գլխավոր լեռնաշղթային։ Վաշտի կուսկազմակերպիչ Մինաս Մարկոսյանը ռազմական դժվարին եւ պատասխանատու հանձնարարություն ստացավ։ Նա իր ջոկատով պետք է կտրեր թշնամու առաջխաղացումը՝ Մարուխի սառցակալած լեռնանցք։ Չորս օրվա  ընթացքում նա հաղթահարեց դժվարանցանելի ճանապարհը եւ հասավ Մարուխի լեռնանցքին։ Վաղ առավոտյան թշնամին շրջապատեց հոգնած ջոկատին։ Գնահատելով ստեղծված ծանր իրավիճակը, Մարկոսյանն ընդունեց անհավասար մարտը։ Ջոկատը, որը բաղկացած էր հինգ հոգուց, թույլ չտվեց թշնամու հիսուն ավտոմատավորին ոչ մի քայլ առաջ շարժվելու եւ հերոսական դիմադրություն ցույց տվեց։ Գերմանական «Էդելվայս» դիվիզիայի օպերացիան խափանվեց Մարկոսյանի խիզախ ջոկատի ջանքերով։

Ողբերգական ծանր ապրումներ ունեցավ Տաշտուն գյուղի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը։ Նրա հինգ որդին՝ Սուրենը, Գուրգենը, Մկրտիչը, Հովհանն ու Մուշեղը մարտնչեցին տարբեր ռազմաճակատներում եւ հերոսի մահով բոլորն էլ զոհվեցին։ Տաշտունում դեռ  հիշում են  վայելչակազմ, պարթեւահասակ, արծվային հայացքով Գուրգեն Առաքելյանին։  Նա պատերազմի առաջին օրը հրաժեշտ տվեց Օխչիի միջնակարգ դպրոցի կոլեկտիվին, որի տնօրենն  էր, եւ մեկնեց ռազմաճակատ։ Ընդունակ, ձեռներեց եւ քաջակորով երիտասարդը պատերազմի բովում մեկ ու կես տարվա ընթացքում հասավ տանկային զորքերի կապիտանի աստիճանի։ Սեւաստոպոլ քաղաքի ազատագրման համար մղվող մարտերում քաջաբար զոհվեց։

Մեղրեցիները մեծ հարգանքով են հիշում խրոխտ հայացքով Արշակ Տեր-Զաքարյանին։ Նա անցել է մարտական կյանքի փառավոր ուղի` լեյտենանտի աստիճանից մինչեւ գվարդիայի գնդի հրամանատարի, Ստալինգրադից մարտերով հասել մինչեւ Հունգարիա։

Արշակ Տեր-Զաքարյանը հինգ անգամ վիրավորվելուց եւ ապաքինվելուց հետո նորից է անցել զորամիավորման գլուխ եւ խիզախորեն գրոհի տարել իր գնդի մարտիկներին։

Հունգարիայում՝ Բալատոն լճի մոտ արյունահեղ  մարտերում նա 1945 թ. փետրվարին զոհվում է եւ թաղվում Սիքսարդ քաղաքում։ Սիքսարդցիները մեծ գուրգուրանքով են պահպանում հերոսի գերեզմանը։ Խորհրդային միության մարշալ Կոնեւը հետեւյալն է գրել Տեր-Զաքարյանի այրուն. «Շատ ցավալի է, որ երբ Հայրենական պատերազմը մոտ է ավարտին, այլեւս մեր շարքերում չէ համարձակ, մարտական ընկեր Զաքարյանը։ Ծանր վիշտ է մեզ բաժին ընկել, հարգելի Նազիկ Եփրեմովնա, բայց պատերազմն առանց զոհերի չի լինում»։

Մարտական սխրանքներով է հայտնի Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի դասակի հրամանատար Խորեն Հարությունյանը։ Նրա դասակը Թերեքի ազատագրման ժամանակ գիշերով անցնում է գետը, կտրում թշնամու նահանջի ճանապարհը։ Երբ մեր զորքերը հարձակման են անցնում, այդ պահին Հարությունյանի դասակը թշնամուն հսկայական զոհեր է պատճառում։ Թերեքի ազատազրկման համար մղվող մարտում քաջի մահով է զոհվել Խորեն Հարությունյանը։

Թամանյան 89-րդ  դիվիզիայի մարտական գործողություններին է մասնակցել եւ նրա կազմում  Բեռլին հասել Վանիկ Սարգսյանը, ով միացել է Բեռլինի պատերի տակ կատարվող հայկական «Քոչարի» պարողներին։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Ագարակ գյուղից ռազմաճակատ մեկնեց կոմունիստ Համազասպ Դավթյանը։ Պատերազմի ամբողջ ժամանակաշրջանում՝ 409-րդ դիվիզիայի կազմում, մասնակցել է արյունահեղ մարտերին՝ հասնելով մինչեւ Չեխոսլովակիա։

1945թմարտին 228-րդ դիվիզիայի զորքերը գրավեցին Չեխոսլովակիայի Վրաբլե քաղաքը։

Ֆաշիստները նահանջող զորամասերին ապահովելու համար Նիտրա գետի արեւմտյան ափին թողել էին մի վաշտ. հաղթահարելով գետանցումը, գրոհի նետվեց։ Հանկարծ երեւացին ֆաշիստական տանկերը, որոնք մահաբեր գնդակներով  ստիպեցին գրոհողներին գամվել գետնին։ Ստեղծվեց անելանելի դրություն, որը լավ էր հասկանում վաշտի հրամանատարը։ Հապաղումը կարող էր ճակատագրական լինել վաշտի համար. նա գտավ ելքը՝ կրկնել Ալեքսանդր Մատրոսովի եւ Հունան Ավետիսյանի սխրանքը։ Նա վերցրեց հակատանկային նռնակների կապոցը, առաջ վազեց` գոչելով` մահ ֆաշիստներին, ու նետվեց առաջին տանկի տակ` ճանապարհ հարթելով իր գրոհող վաշտի համար։ Վաշտը հաղթեց իր դյուցազն հրամանատարի հերոսական մահվան գնով։

Ռազմաճակատում իրենց քաջագործություններով աչքի ընկան Ռուբեն (Բուլիկ) Մխիթարյանը, «Զվեզդա» տանկի հրամանատար Սարգիս Սաղաթելյանը, Բելոռուսիայի ազատագրմանը մասնակցած եւ զոհված  հետախույզ Կոնստանդին Առաքելյանը, Սերոբ Օհանյանը, Գրիշա Ազատյանը եւ երախտիքի արժանի այլ մասնակիցներ:

Հիշարժան է, որ 1944թհոկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ՊՊԿ նախագահ  Ի. Ստալինը ողջույնի հեռագիր է ուղարկել Մեղրիի շրջկոմի քատուղար Ս.Ղազարյանին հետեւյալ բովանդակությամբ`  «Հայտնեցեք իմ եղբայրական ողջույնը եւ ՍՍՌՄ կառավարության  շնորհակալությունը  Մեղրիի շրջանի աշխատավորությանը»:

Միաժամանակ  թիկունքի աշխատանքները նվիրումով կատարելու համար 1945թ. հունիսին Մեղրու շրջանի 85 բնակիչ պարգեւատրվել է «Կովկասի  պաշտպանության համար» մեդալով:

1965-1968 թթ. շրջանի տարածքում հուշակոթողներ  հիմնվեցին` Մեծ հայրենականում զոհված մեղրեցիների հիշատակը հավերժացնող։ Նրանց վրա փորագրվեցին  Երկրորդ աշխարհամարտում զոհված մեր համերկրացիների  անունները

Սերունդներն  այդ հուշարձաններին այցելելով պիտի երախտիք հայտնեն ժառանգված խաղաղության համար:

Հիշեցեք եւ հիշված կլինեք։

 

Նաիրա Հայրապետյան

 

Կոմիտասյան երգեր. «Անձրեւն եկաւ շաղալէն»

16.03.2025 18:50

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

16.03.2025 15:18

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը

16.03.2025 14:45

Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է պատմել

16.03.2025 11:34

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն

15.03.2025 23:11

Կայացավ Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ արտահերթ նիստը

15.03.2025 23:05

Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

15.03.2025 16:31

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

15.03.2025 12:36

Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

15.03.2025 10:47

Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

14.03.2025 21:44

Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

14.03.2025 20:28

Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

14.03.2025 19:41