Մելանյա Մարտիրոսյանի մասին՝ հոբելյանի առիթով

25.03.2026 09:46
1633

Մեր հանդիպումը տեղի ունեցավ պարի փորձասենյակում։ Տակավին երիտասարդ մրահոն, հմայիչ աղջնակը գրավեց ուշադրությունս։ Գրավիչ ժպիտ ուներ, սլացիկ նուրբ իրան։ Պարի խմբի ղեկավար Բորիկ Հարությունյանը ծանոթացրեց (փորձը նոր էր ավարտվել, և ամենայն պատասխանատվությամբ կարգի էր բերում սենյակը). «Մելանյան է, իմ լավագույն պարուհին և օգնականը»։ Քանի որ ժամանակին պարուհի եմ եղել, հայացքներով փոխանակվեցինք, և մի տաք հոսանք անցավ մեր միջով։ Ժպտացինք իրար, և դա եղավ մեր բարեկամության սկիզբը...

Դա 1983 թվականին էր. սկսվեց երկար տարիներ ձգվող ստեղծագործական ճանապարհը, որի գլխավոր դերակատարը Մելանյա Մարտիրոսյանն էր։

Կապանի մշակույթի պալատի պարի անսամբլը երեք տարիքային խումբ ուներ՝ ավագ, միջին և փոքր։ Մելանյան անսամբլի առաջատար պարուհին էր, բայց, միաժամանակ, միջին և փոքր խմբերի փորձավարը։

Շատ ժամանակ չունեինք, առջևում փառատոն էր՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված, բազմաթիվ համերգներ լեռնագործների մոտ՝ Կապանի և Քաջարանի հանքերում, գյուղերում և յայլաղներում։ Աշխատում և փորձեր էինք անում օր ու գիշեր։

Գլխավոր հանդիսությունը Համամիութենական փառատոնն էր՝ նվիրված հաղթանակի 40-ամյակին։ Պարզվեց՝ պատշաճ ներկայանալու համար պարի համապատասխան հագուստներ՝ տարազներ չունեինք։

Շատ մեծ դժվարությամբ Երևանի «Նոր տարազ» կարի արտադրամասում հանձն առան՝ կարճ ժամանակահատվածում կարել ազգային տարազները։

Հիշում եմ Մելանյայի ուրախությունը, երբ առաջին անգամ փորձասենյակում փորձեց Զանգեզուրի տարազը։ Բոլորս՝ ես, Բորիկ Հարությունյանը, Մելանյան, Աշոտը (Խուշին) և խմբի մնացած անդամները կանգնել էինք փորձասենյակում, և մեզ թվում էր՝ աշխարհի երջանիկներն ենք, քանի որ մինչ այդ պահը Կապանում ոչ մի պարի խումբ ազգային հագուստ չէր ունեցել։

Անսամբլը բազմաթիվ հաղթանակներ գրանցեց համամիութենական և հանրապետական մրցույթ-փառատոներում, ստացավ «Ժողովրդական կոլեկտիվ» բարձր կոչումը։

Այդ հաղթանակներում պարուհի-փորձավար Մելանյան ուներ իր մեծ ներդրումը։

Ժամանակն էր մասնագիտական կրթություն ստանալու։ Մելանյան ընդունվում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը՝ պարային խմբի ղեկավարի մասնագիտությամբ։

Ուսումնառության տարիներին Հայաստանի պարարվեստի մեծերի հետ անմիջական շփումը, նրանցից առած դասերը  ստեղծագործական մեծ ճանապարհի սկիզբն էին։ Վանուշ Խանամիրյան, Սուրեն Չանչուրյան, Ֆրունզե Ելանյան, Արտյուշա Կարապետյան, Ռաֆիկ Պողոսյան, Լյուդմիլա Վիկտորովնա Սիմանովա, Տատյնա Բորիսովա. ահա պարարվեստի այն աստղերը, որոնց դպրոցի միջով անցավ նա և հղկվեց: Մասնագիտական կարողությունները և հմտությունները քայլ առ քայլ զարգացնելով՝ փորձեց սեփական հմտությամբ տարբեր պարային խմբերում և կոլեկտիվներում բեմադրություններ անել. Երևանի ժամացույցի գործարանի մշակույթի պալատի «Զարթուցիչ» մանկական պարի անսամբլ, Արարատյան գոտու ուսանողական ջոկատի «Նազելի-86» աղջիկների պարի խումբ...

1986 թվականին Մելանյան վերադառնում է Կապան և նշանակվում Կապանի արվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժնի դասատու, այնուհետև՝ բաժնի վարիչ՝ մինչև 2003 թվականը։ Զուգահեռաբար՝ 1990 թվականին Կապանի մշակույթի պալատում, 1997 թվականին՝ Քաջարանի մշակույթի պալատում և թիվ 27 գիշերօթիկ դպրոցում հիմնադրում է պարի ստուդիաներ։ Բազմաթիվ սաներ հենց այդ ստուդիաներում են կրթվել, հայեցի դաստիարակվել, ծանոթացել հայ պարարվեստի մշակույթին, հայկական պարի միջոցով դարձել հայրենիքի պահապան ուստրեր և դուստրեր։

2001-2016 թվականներին Կապանի մշակույթի պալատում գլխավորում է իր իսկ հիմնադրած «Զանգեզուր» պարի մանկապատանեկան ստուդիան, որի սաները համաքաղաքային և մարզային համերգների, փառատոների մասնակիցներ էին, հանրապետական մրցույթ-փառատոների հաղթողներ և մրցանակակիրներ՝ «Բարեկամության կամուրջներ 2004, 2005, 2006», «Վանուշ Խանամիրյանի անվան միջազգային փառատոն» և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոն։

2007 թվականին Կապանը տոնում էր քաղաքի կարգավիճակ ստանալու 70-ամյա հոբելյանը։ Տոնակատարության ստեղծագործական խմբում Մելանյա Մարտիրոսյանը պատասխանատու էր պարի խմբերի մասնակցության համար։ Մենք զգում էինք, որ ինչ-որ բան պակասում է տոնակատարությունն ավելի շքեղ դարձնելու համար։ Հենց նրա առաջարկով զանգահարում ենք Երևան՝ «Բերդ» պարի անսամբլի ղեկավար Կարեն Գևորգյանին, ով Մելանյայի կուրսընկերն էր։ Չնայած մեծ զբաղվածությանը՝ Կարեն Գևորգյանը տալիս է իր համաձայնությունը, մնացածը կազմակերպական հարցեր էին, որոնք լուծվեցին մշակույթի նախարարության հետ։ Անսամբլը Կապանում էր, և այն տոնակատարության զարդը դարձավ...

2008-2013 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» Սյունիքի մարզի պարարվեստի մեթոդիստ-մանկավարժն էր։ Ծրագրի շրջանակում հիմնվում են Մեղրիի և Քաջարանի արվեստի մանկական դպրոցների պարարվեստի բաժինները։

2011 թվականին Կապանի արվեստի պետական քոլեջում բացվում է պարարվեստի բաժին, որտեղ էլ նշանակվում է պարարվեստի դասախոս։

2008 թվականին բացվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, կուրս է բացվում նաև Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնին կից, որտեղ պարարվեստի դասախոս է նշանակվում Մելանյա Մարտիրոսյանը։

Հենց այդ կուրսի հետ բեմադրվում է «Երկիր մոլորակը մեր տունն է» էպիկական ներկայացումը (ռեժիսոր՝ Ս. Մարտիրոսյան, պարերի բեմադրիչ՝ Մ. Մարտիրոսյան)։

2017 թվականին Քաջարանում հիմնադրվում է «Զանգեզուր» պարարվեստի ստուդիան, 2020 թվականին՝ «Նռանե» պարի համույթը. գեղարվեստական ղեկավար՝ Մելանյա Մարտիրոսյան։ «Նռանե» պարի համույթի հետ սկսվում է մի նոր շրջափուլ։ Համույթը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և մասնակցում 2022 թվականի դեկտեմբերին «Պրահայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին՝ ստանալով առաջին կարգի մրցանակ:

Մենապարուհի Սառա Ստեփանյանը 2023 թվականի մարտին մասնակցում է Փարիզի «Աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին և ստանում առաջին կարգի մրցանակ: 2023 թվականի ապրիլին մասնակցում է Եվրոպայի «Երիտասարդ տաղանդներ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ Բարսելոնայում ստանալով երկրորդ կարգի մրցանակ: 2023 թվականի սեպտեմբերին մասնակցում է «Մշակութային պարտեզ» միջազգային փառատոնին, Վիլնյուսի 700-ամյակին նվիրված կառավարական համերգին՝ Կաունասում: 2023 թվականի դեկտեմբերին մասնակցում է Կաունասի հայկական համայնքի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգին։

Հաշվի առնելով նրա մասնագիտական բարձր կարողությունները՝ 2025 թվականի դեկտեմբերին Կաունաս քաղաքում անցկացվող միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ է  և վարպետաց դասեր անցկացնում Լիտվայի հայկական պարային խմբերի հետ։

2023-ից «Արթ Մյուզիք» միջազգաին մրցույթ-փառատոնի ժյուրիի հանձնախմբի անդամ է։

2005 թվականից ՀՀ պարարվեստի գործիչների միության անդամ է։

2024 թվականի հունվարից Կապանի արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնի դասախոս է։

Ճանապարհը շարունակվում է...

- Ովքե՞ր են հանդիսացել ներշնչանքի աղբյուր պարարվեստում, ո՞րն է այն նշաձողը, որին ձգտել ես, - հարցնում եմ Մելանյային:

- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ, ՀՀ պարի պետական անսամբլի մենակատարներ Սոֆի Դևոյանը, Սրբուհի Բաբայանը, Կարինե Ղազարյանը, Աիդա Հարությունյանը և անսամբլի ղեկավար Վանուշ Խանամիրյանը։

– Ովքե՞ր են շարունակում գործդ։

- Արգինե Գևորգյանը մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Կապան և այսօր Կապանի արվեստի դպրոցի պարուսույցն է։

Մարիա Հարությունյանն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, Մոսկվայում հիմնել է «Զանգ» հայկական պարի ստուդիան։

Սառա Ստեփանյանը, հուսով եմ, ապագայում նույնպես կշարունակի իմ գործը։

- Ի՞նչ կմաղթես երիտասարդներին։

- Անաղարտ պահել հայկական պարը, այն մեր ինքնության վկայականներից է, հայ տեսակի պահպանման կարևոր զենքը։

Շնորհավորում եմ հոբելյանդ, հարգելի Մելանյա, ուրախ և հպարտ եմ, որ ստեղծագործական ողջ ճանապարհիդ վկան և ուղեկիցն եմ եղել։

Ցանկանում եմ ամուր առողջություն քեզ և որդուդ՝ նրա ընտանիքի հետ միասին։

Վարձքդ ի կատար։

 

Սուսաննա Մարտիրոսյան

Մշակույթի և հասարակական գործիչ

 

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

01.08.2026 17:42

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01