«Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի»

19.02.2020 12:57
1255

Գաղտնիք չէ՝ դարեր ի վեր մեր ժողովրդի հայ մնալուն, չձուլվելուն օգնել է մեր հավատը, մշակույթը, ազգային արժեքները։ Սակայն այժմ այդ արժեքները ոչ միայն անտեսվում են, այլ դրանց տեղն են զբաղեցնում օտար, մեր բնույթին ու տեսակին ոչ հարիր երևույթները, որոնք ամրապնդում են իրենց դիրքերը մեր առօրյայում։ Սկսում ենք հեռանալ ազգայինից։ 

Մյուս կողմից էլ հասարակությունն է փոխվում՝ չարություն, հայհոյանքներ, ցասում, իրար լսելու անկարողություն։ Երբ Արարատի մարզի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանին հարցնում ենք ազգային արժեքների ու հասարակության տրամադրությունների մասին, առաջինը մեջբերում է հայտնի միտքը. «Մարդը կապիկ է առանց հավատքի։ Անհավատ կինը մայր է կավատի»։ 

«Եթե ես Ավետարանից չխոսեմ անգամ, Շիրազի այս խոսքերն ամեն ինչ ասում են։ Կապիկն իր կապիկություններով ամեն ինչ կարող է անել և պատասխան չտալ։ 

Այո՛, ունեմ մտավախություն, անհանգստություն, որ կորցնում ենք ազգային դիմագիծը, տեսնում ենք երևույթներ, որոնք հարվածում են հավատքին, եկեղեցուն, հայոց ազգային բարքերին։ Այն ելևէջները, որոնք հիմա կան, ինձ համար ոչ միայն հաճելի չեն, այլև տագնապալից են, ընդ որում, սա նոր չի սկսվել։

Տեսեք՝ միրգը միանգամից չի փչանում, միանգամից չի նեխում։ Ամեն ինչ սկսվում է մի փոքր կետից, այնուհետ դա սկսում է ամբողջ միրգը փչացնել։ 

Հասարակության ներսում այս փոփոխությունները վերջին մեկ տարվա արդյունքը չեն, սա տարիների ընթացքում սկսված երևույթ է՝ ոչ ճիշտ կառավարման, գուցե ոչ ճիշտ վերաբերմունքի հետևանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տեր Մխիթարը։

Այնուհետև անդրադառնում է հասարակության տրամադրություններին։ «Գիտեք՝ ներկայումս շատ է տարածված դեմագոգիան։ Երբ ինչ-որ մեկին մի ճիշտ բան ես ասում, բոլոր կողմերից հարձակվում են վրադ։ 

Բոլոր մարդիկ, որոնք գիտեն ճիշտը, տեսնում են այն, հարձակումներից պաշտպանվելու համար ստիպված են լինում երբեմն լռել։ 

Մենք մեր մտավորականությանը, հոգևոր իշխանավորներին քննադատում ենք, որ իրենք չեն խոսում, բայց հենց փորձում են մի ճշմարտություն ասել, քանի որ իրենք ավելի հեռատես են, ավելին են տեսնում և հասկանում, քիչ ծանծաղ միտք ունեցող մարդիկ, որոնք միայն իրենց ոտքերի տակ են տեսնում, միանգամից հարձակվում ու, բառիս բուն իմաստով, սկսում են «քլնգել» նրանց։ Որպեսզի այդ հարվածների տակ չընկնեն, մարդիկ ստիպված լռում են։ Հիմա շատ տարածված է ևս մեկ բան։ 

 

Օրինակ՝ եթե իմ հոգևոր բարձրաստիճանավորը, պետական իշխանության ներկայացուցիչը, անգամ իմ համայնքն իմ առջև սահմանափակումներ դնի, անտեղի վարկաբեկի, նեղացնի, փորձի ինձ անընդհատ նսեմացնել, իմ և ցանկացածի մեջ գործելու է ինքնապաշտպանության բնական ռեակցիան։ 

Ենթագիտակցորեն մարդը սկսելու է իր անձը, իր ինքնասիրությունն ու շահերը պաշտպանել։ Եվ դա շատ բնական է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ներկայումս մեր իրականության մեջ տեղի ունեցող շատ երևույթներ նա տարօրինակ ու անբնական է կոչում։ «Մենք պետք է իմանանք՝ ո՞ւմ ենք լսում, ո՞վ է մեզ առաջնորդում։ 

Գերեզմանի փոս չտեսած ջահելը մեկ էլ հանկարծ խոսում է սահմանի խրամատների մասին, ատրճանակ չտեսած «լոպազները» խոսում են տանկից ու հրթիռներից, «պապաների շողքի տակ մեծացածները», որոնք անգամ ամառային մի գիշեր դրսում չեն գիշերել, խոսում են դիրքերում կանգնած զինվորների մասին։ 

Դե արի ու այդ մարդկանցից բան հասկացի։ Գլուխը դարձել է ոտք, ոտքը դարձել է գլուխ։ Ձեռքերը, որոնք գլխի պաշտպաններն են, անկապ թափահարում են։ Չգիտեն՝ որտե՞ղ է գլուխը, որ պաշտպանեն այն»,-ասում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվը։ 

Տեր Մխիթարը նշում է՝ իր տեսակով խաղաղասեր մարդ է, սիրում է իր օջախը, ընկերներին, սահմանի խրամատները: «Սիրում եմ այնտեղ լինել, զինվորների հետ զրուցել։ Այդ սերն է ինձ հայրենիքում պահում։ 1991 թվականից կարող էի արտասահմանում ապրել, այնտեղ աշխատել, ունեի այդ հնարավորությունը, բայց չեմ գնացել»,հավելում է մեր զրուցակիցը։ Անցում ենք կատարում նաև մոտ երկու տարի առաջ երկրում տեղի ունեցած փոփոխություններին։ 

«Ես և իմ նման մի քանի հոգևորական ժամանակին մասնակցել ենք քայլերթերին, հավաքներին՝ պարզ տրամաբանությունից ելնելով։ Նախկինում հալածվել եմ թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանավորներից։ Դրա մասին խոսում եմ, որովհետև այլևս կորցնելու բան չունեմ։ Այն, ինչ կորցրել եմ, արդեն կորցրել եմ, էլ գտնելու ժամանակ չկա, որ փնտրեմ ու գտնեմ։ 

Վիրավորվածությունից և անզորությունից, տեսնելով, որ եկել էր մի պահ և մեկը, որ այդ կապանքներից մեզ հանում էր, խոստանում, որ նսեմացված, ծնկած վիճակից պետք է ոտքի կանգնենք, հոժարակամ սկսեցինք ծնկած դիրքից դուրս գալ և քայլել։ 

Շատ անգամ կոմունիստների նման ասում ենք՝ դեպի պայծառ ապագա ենք գնում, բայց չգիտեինք, թե այդ պայծառ ապագան ի՞նչ ճանապարհներով էինք գնում, ինչպիսի՞ն էր լինելու այդ ճանապարհը, պարզապես ուզում էինք հնից ազատվել։ 

Ասում են՝ հեղափոխություն են անում, որպեսզի հեղափոխականներից ազատվեն։ Ի վերջո, միշտ էլ հեղափոխություն է լինում հին հեղափոխականներից ազատվելու համար։ Սա վերջինը չէ, էլի է լինելու։ Ցանկացած իշխանություն, եթե չվերարտադրվի, գալիս է կառավարելու տասը տարի ժամկետով։ 

Նրա վերարտադրվելու հետևանքով տուժելու է ժողովուրդը»,-նշում է հոգևոր հովիվը։ Նա կարծում է՝ մեծ հաշվով հասարակ ժողովրդի համար մեկ է, թե ով կլինի, ասենք, հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, ՍԴ նախագահը։ «Ինձ համար էլ է մեկ, թե նրանք ովքեր են, բայց ինձ համար կարևոր է, որ պետության գլուխը լինի իմաստուն մարդ, որովհետև չորս կողմից շրջապատված ենք թշնամիներով։ Մեզ պետք է հզորանալ։ 

Խոսքերով չենք կարող թշնամու դիմաց կանգնել, պետք է հզոր լինի մեր բազկի ուժը։ Իմաստություն է պետք։ Չի կարելի նեղ անձնական հարցերն առաջ մղել։ 

Դու ինձ ես վատություն արել, ես քեզ կփոխհատուցեմ։ Ի վերջո, երբ ժողովուրդն իշխանավոր է ընտրում, նա գիտի, որ այդ իշխանավորն իրեն պետք է ծառայի։ 

Ընտրողն ունի մեկ սիրտ, որով սիրում է իշխանավորին, իսկ իշխանավորը պետք է ունենա բազում սրտեր, որպեսզի կարողանա բոլորին սիրել առանձին-առանձին։ Այդ սերը բացակայում էր, մի սիրտ կար, որն ընդամենը մի քանի հոգու էր սիրում։ 

Այդպես չի կարող լինել։ Դա ձախողված ճանապարհ է։ Իշխանավորը, հզորը, ուժեղը պետք է ներողամիտ լինի։ Հասարակության մեջ ուժեղ մարդը պետք է ների դիմացինին, ասի դու սխալ ես արել, բայց ես քեզ ներում եմ, հիմա գնա ճիշտ ճանապարհով։ 

Այս աշխարհում ամենակարող մարդ գոյություն չունի։ Ինչո՞վ են հպարտանում։ Վերջում մեռնելը չէ՞, բա չգա՞ն մի ծաղիկ բերեն ու ափսոսան։ 

Հերոսի, ճանաչված մարդու, բարի գործ անող մարդու մեջ պետք է անպայման թերություն գտնեն, ոչ թե դրականը գնահատեն, այլ հակառակը՝ գտնեն բացթողում և սկսեն քննադատել։ Այդպես չպետք է լինի։ Հասարակությունը չի կարող մասնատվել։ 

Դա կործանման ամենաառաջին քայլն է։ Մի օր ատելությունը սելավ է դառնալու, ամեն ինչ սրբի, տանի։ 

Այն չարությունը, որ կաթիլ-կաթիլ սերմանում ենք, դառնալու է որոմի արտ, որտեղից չենք կարողանալու բարություն քաղել, որտեղ երբեք չի կարողանալու աճել ցորենի հասկը, որը կկերակրի մեզ»,-եզրափակում է տեր Մխիթարը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

past.am

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37