Մխիթար Զաքարյան. «Համայնքների խոշորացումը ժամանակի հրամայականն է, որի անհրաժեշտությունն արդեն մի քանի տարի է՝ առաջացել է»

22.06.2016 12:38
4027

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջերս տեղի ունեցած գործադուլի, Մեղրու տարածաշրջանում համայնքների սպասվելիք խոշորացման, ապրիլյան քառօրյա պատերազմի եւ առհասարակ տարածաշրջանում ներկայումս իրականացվող ծրագրերի մասին է զրույցն Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ: 


- Պարոն Զաքարյան, հունիսի առաջին օրերին տեղեկություններ ստացանք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում գործադուլ է, եւ իբր գործադուլի նախաձեռնողները ՀՀԿ երիտասարդական թեւի՝ «Դավիթբեկյան ուխտերի» ներկայացուցիչներն են: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

- Ճշմարտությունն այն է, որ Ագարակի ՊՄԿ-ում գործադուլ է եղել, որը մեկնարկել է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայից` մոտ 270 աշխատակցի մասնակցությամբ: Նշեմ,  որ ֆաբրիկան ոչ միայն կոմբինատի, այլեւ Մեղրու ողջ տարածաշրջանի ամենամեծ արտադրամասն է, այսպես ասած` մեր հարվածային օղակը, տարածաշրջանի սիրտը: Գործադուլի մասնակիցներից մեկը եղել է Հանրապետական կուսակցության ակտիվ երիտասարդներից, բայց երեւույթը կուսակցականացնելը ոչ տրամաբանական է, քանի որ մասնակիցների թվում նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչներ կային: Բարձրացվել էին ներկոմբինատային, ներկոլեկտիվային հարցեր, որոնք բացառապես առնչվում էին գործատու-աշխատող հարաբերություններին: Իմ կարծիքով` գործադուլը նաեւ կոմբինատի արհմիության գործունեության բացթողումներից է, չնայած անվստահության հիմքեր չունեմ այդ կառույցի հանդեպ: Մինչ գործադուլին հասնելը, կոմբինատի աշխատակիցը պետք է գիտակցի, որ խնդիրների առկայության դեպքում կա մի կառույց, որ իրավասու է դրանք ըստ պատշաճի ներկայացնել համապատասխան մարմիններին, հակառակ դեպքում արհմիության գոյության իմաստը չեմ տեսնում: Ինչեւէ, գործադուլ է եղել, եւ, իմ խորին համոզմամբ, աշխատավորների պահանջն արդարացի էր: Որպես համայնքի ղեկավար` առաջին իսկ պահից գործադուլն ինձ համար դարձավ հրատապ միջամտություն պահանջող հարց, եւ անմիջապես հանդիպեցի կոմբինատի ղեկավարությանը` խնդրելով պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկելով իմ աջակցությունը: Կոմբինատի ղեկավարի առաջին արձագանքն այն էր, որ գործադուլը կազմակերպել է Հանրապետական կուսակցությունը: Ես խորհուրդ տվեցի ստեղծված իրավիճակին ավելի ռեալ մոտեցում ցուցաբերել եւ հանդիպելով աշխատավորներին` նախեւառաջ խնդրեցի առաջարկները ներկայացնել գրավոր ու հիմնավորված: Բացի դրանից` կոչ արեցի դադարեցնել գործադուլը եւ աշխատանքին զուգահեռ, արհմիության միջոցով, ներկայացնել իրենց պահանջները` միաժամանակ հիշեցնելով հարստացուցիչ ֆաբրիկայի կարեւորության մասին (ի դեպ, Ագարակի ՊՄԿ-ի համախառը ներքին արդյունքը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի 0.5%-ը): Մոսկվայից ժամանած սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերության հանձնաժողովը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, փաստեց, որ աշխատավորների պահանջն արդարացի է, եւ աշխատանքը վերականգնվեց՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ պլանը կատարելու դեպքում ստանալ պարգեւավճար (դրանից առաջ՝ մի քանի ամիս շարունակ, պլանը չէին կատարել եւ, բնականաբար, պարգեւավճար չէին ստացել, իսկ մայիս ամսին կատարելով պլանը` նույնպես չէին ստացել, ինչի հետեւանքով էլ առաջացել էր խնդիրը):

- Հիմա ինչպե՞ս եք գնահատում «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության վիճակը, որը, որքանով տեղյակ ենք, պայմանավորված է համաշխարհային շուկայում պղնձի գների նվազմամբ: Եթե չենք սխալվում, պղնձի գինը մոտեցել է նվազագույն ցուցանիշին՝ վերջին յոթ տարվա կտրվածքով, ինչը շարունակվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կարող են կրճատվել քաղաքում իրականացվող սոցիալական ծրագրերը, ինչպես նաեւ աշխատատեղեր:

- Իրականում միջազգային շուկայում մետաղի գների անկումը կոմբինատում ստեղծել է ծանր վիճակ, բայց նշեմ, որ նույն վիճակն է նաեւ հանրապետության մյուս հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Բայց ասեմ, որ համեմատությունը բնավ Ագարակի ՊՄԿ-ի օգտին չի խոսում: Ես փորձագետ չեմ, եւ բնական է, որ յուրաքանչյուր խնդիր ներսից ավելի տեսանելի է: Կարծիքներ կան, որ ձեռնարկությունում ստեղծված ծանր վիճակն օբյեկտիվ պատճառներից զատ նաեւ սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված, ինչպես օրինակ, ձեռնարկության ոչ արդյունավետ կառավարմամբ: Խնդրին տեղյակ է սեփականատեր ընկերության ղեկավարությունը. հուսով եմ ու համոզված, որ արձագանքները չեն ուշանա: Վստահ եմ, որ ոչ մի սեփականատեր չի ցանկանա վնասներ կրել, որոնք կարող են պայմանավորված լինել նախեւառաջ սխալ կառավարմամբ: Գործադուլի` ինձ` որպես համայնքի ղեկավարի առնչվող ամենակարեւոր կետն աշխատավորների սոցիալական պահանջից բացի նաեւ բարոյական պահանջ ներկայացնելն էր: Ըստ աշխատավորների` մինչ գործադուլ սկսվելը կոմբինատի ղեկավարը նրանց հետ հանդիպման ժամանակ դրսեւորել է ոչ պատշաճ պահելաձեւ, ինչն անհարգալից վերաբերմունք է որակվել: Վստահ եմ, որ սա բացառություն էր, եւ հետագայում նման խնդիրների չենք բախվի: Ես օրեցօր ավելի եմ համոզվում, որ մեր երկրի իսկական տերը ժողովուրդն է, որն էլ արժանի է նորմալ վերաբերմունքի:

- Մեղրու տարածաշրջանում, փաստորեն, կատարվում է վարչատարածքային աննախադեպ բարեփոխում, ինչն իմանում ենք ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի որոշումից: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններն ընդգրկված են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում եւ առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել են:

Փաստորեն, Մեղրու ամբողջ տարածաշրջանի բնակավայրերն ընդգրկվում են մեկ համայնքի մեջ:

Բավական շատ է քննարկվել այդ հարցը՝ նաեւ մեր թերթի էջերում:

Հիմա, իհարկե, արդեն կանգնած ենք փաստի առաջ:

Եվ, այդուհանդերձ, կուզենայինք եւս մեկ անգամ անդրադառնալ Մեղրու համայնքների խոշորացման նպատակահարմարությանը, թեեւ հիշում ենք նախկինում Ձեր որդեգրած դիրքորոշումը:

- Իմ դիրքորոշումն այս հարցում միշտ էլ հստակ է եղել եւ հիմնված է հաշվարկների, արդյունավետ կառավարման վրա: Տեղական ինքնակառավարման ութ տարվա, իսկ մինչ այդ էլ ֆինանսական ոլորտում ունեցած աշխատանքային փորձս թույլ է տալիս վստահորեն ասել, որ համայնքների խոշորացումը ժամանակի հրամայականն է, որի անհրաժեշտությունն արդեն մի քանի տարի է` առաջացել է: Իմ կարծիքով` 90-ականների ժամանակ կատարած վարչատարածքային բարեփոխումն իր պատմական դերն ավարտել է, եւ ներկայումս ՏԻՄ համակարգի վերափոխման, ժամանակի պահանջներին համընթաց քայլելու եւ հարմարվելու խնդիր է առաջացել: Նշեմ, որ երկրորդ անգամ համայնքի ղեկավար ընտրվելուց հետո իմ աշխատանքի ընթացքում անընդհատ բախվում եմ ներկայիս կառավարման ձեւից բխող խոչընդոտների: Չեմ կարող ասել, թե մյուս բնակավայրերի համար որքանով է նպատակահարմար խոշորացումը. ինչպես ասում են` մի՛ դատիր մարդու մասին այնքան ժամանակ, քանի դեռ չես քայլել նրա կոշիկներով, բայց Մեղրու տարածաշրջանի համար այս փոփոխությունը միանգամայն նպատակահարմար եւ արդյունավետ կառավարման հնարավորություն է ստեղծում: Մեղրու տարածաշրջանն արդեն իսկ մեկ համայնք է` իր խնդիրներով, գործունեությամբ: Դժվար է տարանջատել, թե որտեղ է սկսվում Մեղրու խնդիրը, որտեղ` Ագարակինը եւ հակառակը: Եվ քանի որ խնդիրները հնարավոր չէ տարանջատել, բնականաբար լուծման ուղիներն էլ համատեղությամբ են դիտարկվում: Ներկա իրավիճակը համայնքների համար միայն լճացում է առաջացնում:

- Հանրապետությունում, նաեւ մեր մարզում, ունենք համայնքների խոշորացման (միավորման) նախադեպ: Դուք ծանո՞թ եք նրանց փորձին, խոշորացման նախնական արդյունքներին:

Եթե նախկինում միայն տեսական կանխատեսումներ կարող էինք անել, ապա այսօր պետք է որ կոնկրետ արդյունքներով խոսենք:

- Բոլորովին տարբեր իրողություններ են, եւ համոզված եմ, որ Տաթեւ նորաստեղծ համայնքում էլ դրական արդյունքները նկատելի կլինեն՝ պայմանավորված հատկապես տարածաշրջանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագրերով: Գուցե այսօր դժվարություններ կան, եւ վեց ամիսը շատ կարճ ժամանակ է արդյունքներն ընդհանրացնելու համար, բայց մի բանում համոզված եմ` նախկին կարգավիճակում մնալն ավելի վատ վիճակ էր ստեղծել: Ներկայիս ՏԻՄ համակարգը դարձել է ինքնանպատակ: Իմ կարծիքով` գյուղական համայնքում ունեցած մեկ աշխատատեղն ավելի թանկ է, քան Ագարակ կամ Մեղրի քաղաքների երկու աշխատատեղը: Շվանիձորում, Վարդանիձորում, Լիճքում եւ այլ գյուղական համայնքներում մեկական հաստիք ունենալն ինձ համար ավելի կարեւոր է. «ղեկավարելը» դեռեւս աշխատատեղ չէ: Պետության հատկացրած նյութական միջոցները պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործել. ես կարծում եմ, որ գյուղում ավելի առաջնային է թեկուզ հինգ երեխայի համար մանկապարտեզ ունենալը, քան… 

- Վստահ ենք, որ ՀՀ կառավարության առաջարկած նախագիծը՝ ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», կընդունվի, եւ ս. թ. սեպտեմբերի 18-ին Մեղրի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան:

Դուք կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը Մեղրի համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ:

- Ամենայն հավանականությամբ՝ այո, բայց քանի դեռ օրենքը չի ընդունվել, քանի դեռ ընտրական գործընթացը չի սկսվել, վաղաժամ է խոսել այդ մասին: Իմ ապագան կապում եմ մեր տարածաշրջանի հետ, եւ պատրաստ եմ փորձս, կարողություններս ծառայեցնել մեր տարածաշրջանի վաղվա օրվան: 

- Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է ավելի քան երկու ամիս, բայց դեռ չեն դադարում քննարկումները՝ պատերազմական օրերի, պատերազմի դասերի շուրջ:

Պատերազմի օրերին, ինչպես եւ հաջորդած ժամանակաշրջանում, Ձեզ ավելի շատ տեսնում էինք Մեղրի-Նախիջեւան սահմանագծում, ասել է թե՝ կամավորականների՝ դեպի Ղարաբաղ ձգվող շարասյուներից դուրս:

- Պատերազմի էության, ընթացքի ու հետեւանքների մասին կարելի է անվերջ խոսել, բայց պատերազմը մի այնպիսի իրավիճակ է, որը, ինչպես կյանքի մյուս բնագավառներում, պիտի հաղթահարել եւ հաղթողի դերում լինել: Իսկ հաղթում է նա, ով կարողանում է ճիշտ ու արդյունավետ համախմբել առկա ողջ ներուժը: Ես հայկական կազմավորված բանակի առաջին ժամկետային զինծառայողներից եմ, եւ այն ժամանակվա զինվորականների ու կամավորականների գործունեությունն այսօրվա ստեղծված իրավիճակի հետ համեմատելով կարող եմ գնահատականներ տալ: Եվ որքան համոզված եմ համայնքների խոշորացման արդյունավետության, այնքան էլ համոզված եմ կանոնավոր բանակի առավելության հարցում: Իմ կարծիքով` կամավորների հոսքի մեջ վնասակարության աստիճանն ավելի բարձր էր… Այդ օրերին մեզ անհրաժեշտ էր նախեւառաջ զինկոմիսարիատների համակարգված ու օպերատիվ աշխատանք, եւ բնավ էլ 90-ականների նման չէր ստեղծված իրավիճակը, երբ զինկոմիսարիատները ոստիկանների օգնությամբ էին իրականացնում զորահավաք: Հիմա մենք հասել ենք այն մակարդակին, որ շարքային քաղաքացին գիտակցաբար է մեկնում սահման: Առաջին գծում հրամանատարը, ինչպես ռուսն է ասում, պետք է царь и бог լինի, եւ այնտեղ «երկրորդ հրամանատար» ունենալու կարիք չկա: Եթե խաղաղ ժամանակ թույլ տված թերությունն անցնում է անհետեւանք, ապա պատերազմի ժամանակ այն հավասարազոր է հանցագործության: Համենայն դեպս ես ինձ չեմ տեսնում առաջնագիծ կամավորականներ տանելու եւ հետ բերելու կամ նրանց շարքերում լինելու դերում: Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձությունների ընթացքում ունեցած իմ դերակատարությանը, ապա դիրքորոշումս այն էր, որ պատերազմը միայն Թալիշի կամ Ջաբրաիլի ուղղությամբ չի ընթանում. սա պատերազմ է երկրների միջեւ, եւ բոլոր ուղղություններով սահմանների պաշտպանությունն առաջնային է: Պատերազմը սկսելուց հետո չէ, որ սկսում են պատրաստվել մարտական գործողություններին, այլ պետք է պատրաստ լինել դեռեւս այն ժամանակ, երբ դեռ պատերազմի շունչը չի էլ զգացվում:

- «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը վերջերս Գողթանսարի պաշտպանական դիրքերում էր, տեսանք, թե որքան մեծ աշխատանքներ են կատարվել, նաեւ կատարվում հենակետերի ամրապնդման, ինժեներական կառույցների ամրացման ուղղությամբ: Տեղական իշխանությունները կարողանո՞ւմ են աջակից լինել դժվարին այդ գործերի կատարմանը:

- Անկեղծ ասած մեր համայնքում եւ ընդհանրապես Մեղրու տարածաշրջանում մարդիկ ինքնաբուխ աջակցել են բանակին՝ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով: Նախիջեւանի սահմանի ամենաբարձր կետերից մեկում նոր հենակետ ենք կառուցել, որի համար լրացուցիչ ֆիզիկական ուժ էր հարկավոր: Ագարակում տարածած հայտարարությանն անմիջապես արձագանքել են ինչպես տեղի, այնպես էլ Մեղրու ողջ տարածաշրջանի բնակիչները: Ի դեպ, Ագարակի գնդի հրամանատար Կարեն Սեդրակյանը խոստովանեց, որ ՀՀ ոչ մի տարածքում նման անմնացորդ նվիրված գործունեության օրինակի երբեւէ ականատես չի եղել: Անկախ սոցիալական դիրքից, կարգավիճակից` բոլորը մասնակցեցին պաշտպանական դիրքերի ամրապնդմանը: Ժողովուրդը գիտակցում է սահմանի ամրության ու պաշտպանության անհրաժեշտությունը: Երբ սկսվում է պատերազմը, յուրաքանչյուրիս խնդիրն է դիմել զորքի հրամանատարությանը եւ միայն շարժվել նրանց հրամաններով, նրանց պահանջները կատարելով:

- Ագարակ քաղաքի ըմբշամարտիկների խմբակի համբավը, ըստ էության, դուրս է գալիս մարզի սահմաններից: Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստան, իսկ վերջերս՝ Ռուսաստանի Դաշնություն, ավելի ստույգ՝ Հյուսիսային Կովկաս…

Ինչպե՞ս անցան վերջին մրցումները, ի՞նչ արդյունքներով վերադարձան երեխաները:

- Այսօրվա հաջողությունները համեմատության մեջ նշանակալի են: Գրեթե երեք տարի է, ինչ Ագարակում գործում է ըմբշամարտի խմբակը, որի կազմակերպման համար նախապես խորհրդակցել եմ տարբեր մարդկանց հետ, հաշվի առել մեր պայմանները (ի նկատի ունեմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարեւանությունը, որտեղ ըմբշամարտն ազգային մարզաձեւ է), հոգեկերտվածքը եւ այլն: Առհասարակ համաձայն չեմ, երբ ընտրում են մի մարզաձեւ, որը հեռանկարային չէ: Մարզաձեւ ընտրելիս առաջնային նպատակ պիտի լինի օլիմպիական չեմպիոն պատրաստելը: Տարբեր երկրներ այցելելու նպատակը ոչ միայն մրցումներին մասնակցելն ու հաջողություններ գրանցելն է, այլեւ այդ երկրների մշակութային, մարզական ավանդույթներին ծանոթանալը, ինչպես նաեւ ցույց տալ, թե հարեւան երկրներում ինչպես են վերաբերում մեր ազգային արժեքներին, ինչը Հայաստանի հանդեպ հարգանք առաջացնելու տարբերակներից մեկն է: Ես դեմ եմ, երբ անընդհատ շեշտում ենք հայ ժողովրդի սակավաթիվ լինելու փաստը. սա շատ վատ է, ընդհակառակը՝ մեր գործողություններով պետք է մեծացնենք ավելի զորեղանալու հաստատակամությունը: Մենք պիտի ուժեղ լինենք, իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհներից մեկն էլ ըմբշամարտով զբաղվելն է, որի խմբակի սաները, համոզված եմ, բանակում ծառայելիս անպայման կառանձնանան իրենց ուժով, կարգապահությամբ եւ այլ հատկանիշներով: Առաջիկայում նախատեսվում է մասնակցել Բաթումում կայանալիք առաջնությանը, կլինեն նաեւ փոխայցելություններ մեր հանրապետության տարբեր վայրերում ըմբշամարտով զբաղվող խմբերի միջեւ: Ինչ վերաբերում է հովանավորությանը, ապա քանիցս նշել եմ, որ ըմբշամարտն իմ նախասիրությունն է, եւ իմ ընտանեկան բիզնեսի միջոցներով ենք իրականացնում դրա հետ կապված շատ ծրագրեր:      

- Այս տարվա փետրվարի 6-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց Մեղրու բժշկական կենտրոնը: Հիշում ենք՝ վիճարկվում էր տեղի ընտրության հարցը: Հիմա նոր հիվանդանոցն իրականություն է: Ինչպե՞ս եք գնահատում մեկնարկը:

- Սա այն դեպքերից է, երբ սկզբից բոլորը կարծում էին, որ տեղի ընտրությունը նպատակահարմար չէ, իսկ հիմա բոլորը համոզվել են, որ ճիշտ որոշում էր: Հիմա, երբ արդեն հիվանդանոցն իրականություն է, բնակիչները զգում են առավելությունը եւ չեն դժգոհում դրա գտնվելու վայրից, մանավանդ որ համայնքների խոշորացումից հետո կլուծվի նաեւ տրանսպորտային երթուղիների հարցը: Վերջերս հարեւան հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների կատարած այցը խոստանում է հետագա սերտ համագործակցության հնարավորությունների ստեղծում: Մեր առողջապահության նախարարությունը Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցին հատուկ ուշադրություն է դարձնում, եւ զարգացման ծրագրեր կան, որոնց արդյունքները, կարծում եմ, մոտ ապագայում տեսանելի կլինեն:    

- Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ Ագարակի հիվանդանոցի շենքը: Դուք, որքանով հիշում ենք, այդ շենքը բնակելի դարձնելու ծրագրեր ունեիք:

- Այս պահին շենքը հիվանդանոցի հաշվեկշռում է, եւ աշխատանքներ են տարվում այն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու ուղղությամբ: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ պայմանավորվածություն ունենք, որ շենքը վերոնշյալ վարչության սեփականություն դառնալուց հետո դիմենք համապատասխան մարմիններ՝ այն համայնքի սեփականություն դարձնելու եւ բնակելի շենքի վեր ածելու համար. մի քանի անգամ նշել եմ, որ Ագարակում բնակարանի հարցը շատ լուրջ է: Ի դեպ, վերջերս տարածաշրջան կատարած այցելության ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես հավանություն տվեց մեր այդ մտահղացմանը:   

- Մեզ հետաքրքրող մի հարց եւս. ի՞նչ ընթացքի մեջ է Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգի Ագարակի թեւի կառուցման ծրագիրը: 2015-ին, որքանով տեղյակ ենք, ծրագրի առաջին փուլն ավարտվել է, իսկ Ագարակի ուղղությամբ, կարծեք, շարժ չկա:

- Ակնկալում ենք, որ հաջորդ տարի կունենանք ինքնահոս ոռոգման ջուր: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրով ոչ միայն Ագարակի, այլեւ արաքսամերձ բոլոր համայնքներում, միաժամանակ, ոռոգման ներքին ցանցի բարելավում է նախատեսվում: Բայց մենք ջրի կուտակման հարցը պետք է լուծենք նաեւ փոքր ու մեծ ջրամբարներ կառուցելով: Կիսաանապատային գոտում գտնվող համայնքների կենսագործունեությունը պայմանավորված է ջրով: Բացի Զվարի ջրամբարի կառուցումից, որ կառավարության միջնաժամկետ  ծրագրերի մեջ է ներառվել, նաեւ փոքր ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա:  

- Մեղրի եւ Ագարակ համայնքների գազաբաշխման ցանցի մասին: Ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարությունում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սաներջի» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին»: Նախկինում էլ խնդրին առնչվող որոշումներ եւ խոստումներ են եղել, ի՞նչ է արվել կամ արվում այդ ամենից հետո:

- Գազաբաշխման ցանցի կառուցման աշխատանքներն ինտենսիվորեն իրականացվում են, եւ խոստացել են աշնանն ավարտին հասցնել: Իրանի Իսլամական Հանրապետության հատկացրած գումարի 85%-ը տրամադրվել է Մեղրի համայնքի, 15%-ը` Ագարակ համայնքի գազիֆիկացմանը: Ագարակը կգազիֆիկացվի մոտ 60%-ով, մնացածի համար գումարի հայթայթման խնդիր կա, որի լուծման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ: 

- Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, ինչպես հայտարարվեց, տեղափոխվում են Սյունիքի մարզ:

Այս տարվա փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունում «Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տեղամասային ճարտարապետ Արթուր Սանոյանը հայտարարեց, որ արդեն ավարտվել է Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, պատրաստում են մրցութային փաստաթղթերը՝ Ագարակ-Վարդանիձոր 20 կմ-ոց հատվածի նախագծման եւ շինարարության մրցույթի համար: Ո՞ր փուլում են աշխատանքները:

- Տեղեկություններ չունեմ, միայն կարող եմ փաստել, որ անհամբեր սպասում ենք այդ աշխատանքներին, քանի որ մեր զարգացման պլանները կախված են նաեւ այդ ճանապարհի կառուցումից:

- Կուրիսի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ապամոնտաժելու եւ Ագարակ քաղաք տեղափոխելու ծրագիր կար, նույնիսկ 2012-ին պետբյուջեով 12 մլն դրամ հատկացվեց նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար, ինչին հետեւել էին հնագիտական աշխատանքներ…

- Խնդրի լուծման համար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պետք է տրամադրի 400 հազար դոլար, բայց, կոմբինատի ֆինանսական ծանր վիճակով պայմանավորված, դեռեւս այդ հարցը լուծում չի ստացել, թեեւ Ագարակ քաղաքում Աստծո տաճար ունենալը շարունակում է մնալ օրակարգում:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01