Մորուս Հասրաթյանը՝ որդու հուշերում

01.07.2016 17:21
2761

Մեծ անհատականությունների կերպարն ամբողջանում է ժամանակակիցների, մտերիմների, արյունակից բարեկամների բնութագրումներով, հուշ-պատմություններով: Մորուս Հասրաթյանը երկու զավակ է ունեցել՝ Բակուր եւ Մուրադ: Ավագ որդին արդեն հանգուցյալ է, անվանի պատմաբանի, հայագետի մասին հուշեր ներկայացրեց կրտսեր որդին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը: Նրան առավել ճարտարապետության տեսաբան ու պատմաբան կարելի է անվանել:

1958 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժանմունքը: 1958-1964 թվականներին աշխատել է «Երեւաննախագիծ» ինստիտուտում, 1964 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում:

1988 թվականից արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչն է, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Առաջինն է հետազոտել ու շարադրել ուշ միջնադարի հայկական ճարտարապետության պատմությունը: Զբաղվում է Հայաստանի եւ մերձակա երկրների ճարտարապետական առնչություններով: 2015 թվականից ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է:

Մուրադ Հասրաթյանի փոխանցմամբ՝ մեծ հորեղբայրը՝ Քրիստափորը, ով հորից 20 տարով մեծ էր, գնացել էր Բաքու, ապրուստի եւ դիրքի տեր դարձել եւ իր ութ տարեկան եղբորը՝ Մորուսին տարել այնտեղ, կրթության տվել ռուսական դպրոցում: Մորուս Հասրաթյանը մինչեւ 18 տարեկանը Բաքվում է եղել: Նավթարդյունաբերության քաղաքում հարել է հեղափոխական շարժումներին, լսել Ստ.Շահումյանի, Ջափարիձեի, մյուս հեղափոխականների ելույթները, ոգեւորվել: 1918 թվականին, երբ լուծարվում է Անդրկովկասյան սեյմը, երեք հանրապետությունները բաժանվում են, ամեն ինչ խառնվում է իրար, ցանկանում է վերադառնալ Հայաստան: Ճանապարհները փակ են լինում, հայտնվում է Հյուսիսային Կովկասում, այդտեղ եւս մասնակցում հեղափոխական եւ ազգամիջյան շարժումներին, որպես երիտասարդ գաղափարական կոմունիստ (որդու բնորոշումն է):

Երեւան գալով՝ ընդունվում է պետական համալսարանի պատմագիտության ֆակուլտետ: Ապագա կնոջ՝ Սիրանույշ Մարտիրոսյանի հետ (ծագումով Կիրովականից, այժմ՝ Վանաձոր) մի կուրսում են սովորել: Սիրանույշը կրթություն էր ստացել Թիֆլիսում, որովհետեւ, ասում է Մուրադ Հասրաթյանը, այն ժամանակ Լոռու քաղաքամայրը Թիֆլիսն էր, Զանգեզուր-Ղարաբաղի քաղաքամայրը՝ Բաքուն: Երեւանը Արարատյան դաշտավայրի մայրաքաղաքն էր (իհարկե, այս ամենը ոչ պաշտոնական): Ինչեւէ, Սիրանույշ Մարտիրոսյանը հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Երեւանի Ն.Կրուպսկայայի անվան դպրոցում, հանրապետության վաստակավոր ուսուցչուհի էր:

1925 թվականից կուսակցության կոչով Մորուս Հասրաթյանը կոմերիտական աշխատանք է կատարել Լոռիում, հետո էքստեռն կարգով ավարտել է համալսարանը: 1930-ական թվականների սկիզբը նշանավորվում է նրա՝ Լենինգրադում սովորելով ու ասպիրանտուրան ավարտելով, աշակերտել է Հովսեփ Օրբելուն եւ Նիկողայոս Մառին, որտեղից վերադառնալով՝ ղեկավար աշխատանքներ է կատարել (կուսակցության եւ նյութական կուլտուրայի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, հեղափոխության թանգարանի տնօրեն): 1937-ին նշանակվում է Մատենադարանի տնօրեն: Դա այն ժամանակն էր, երբ ստալինյան բռնաճնշումների հետեւանքով հոգեւորականները հալածվում էին, վանքերն ու եկեղեցիները փակվում, ավերվում, այնտեղ գտնվող գրականությունը՝ ձեռագիր վիճակում նույնպես, հնատիպ գրքերը, որպես կրոնական գրականություն, ոչնչացնում էին: Հայրը ձգտում էր այդ ամենը փրկել-հավաքել, դրանք պահ տալ Մատենադարանին:

1938-1940 թվականները Մորուս Հասրաթյանի կենսագրության սպիտակ էջերն են: Քանզի բռնադատվել է, երեք տարի անցկացրել անազատության մեջ: Մտավորական ծանոթներից մեկը «մատերիալ» է գրել նրա դեմ, թե իբր երիտասարդների հետ հակասովետական զրույցներ է ունենում: Կալանավորել են 58 հոդվածով՝ ընդհատակյա պայքար սովետական կարգերի դեմ, որն ընդհուպ մահապատիժ է նախատեսում: Նույն ճակատագրի մարդկանց, որոնց քննիչները ստիպել են ստորագրել իրենց ուզած թղթի տակ, հավաքել են մի բանտախցում: Թիֆլիսից ժամանել է «տրոյկան» (ռազմական տրիբունալի անդամներ), եւ սկսվել է «դատավարությունը»:

«Պառկելու տեղ չկար, գիշերը նստած էինք քնում, - պատմել է հայրս, - հերթով կանչում էին, երեքին գնդակահարություն էին տալիս, մեկին՝ աքսոր, դարձյալ երեքին-չորսին՝ գնդակահարություն, մեկին՝ աքսոր: Երջանիկ զուգադիպությամբ հորս աքսոր է հասնում: Աքսորյալներին հավաքում են, որ Սիբիր տանեն, իր վիճակն այնպիսին է լինում (ոչ քայլում էր, ոչ կարգին տեսնում), թողնում են, որ բանտախցում հոգին ավանդի, բայց ֆիզիկապես պինդ է լինում, տանում են բուժարան, այնտեղ էլ չի ապաքինվում: Եվ այդպես մինչեւ 1940 թվականը բանտում է եղել՝ ծայրաստիճան վատառողջ վիճակում»:

Մուրադ Հասրաթյանը պատմում է նաեւ, որ երբ հորը բռնադատել են, իրենց երկու սենյականոց բնակարանից վտարել են: Ի դեպ, նրանց հարեւանը Դերենիկ Դեմիրճյանն էր, հիմա այդտեղ գրողի տուն-թանգարանն է: Իրենց բնակարանը հատկացրել են НКВД –ի ժողկոմի տեղակալին, ում երկու ամիս հետո գնդակահարել են: Իրենց մի սենյականոց բնակարան են տվել Լենինի (այժմ Հանրապետության) փողոցում գտնվող դատարանի շենքում: Երկհարկանի շենք էր, առաջին հարկում դատարանն էր, երկրորդում բնակվում էին: Մի սենյականոց այդ բնակարանում իրենց ընտանիքն ապրեց մոտ 20 տարի:

Մորուս Հասրաթյանի բանտարկվելուց հետո նրա ընտանիքի շուրջը դատարկություն էր ստեղծվել. «Մայրս պատմում է, որ ծանոթ-բարեկամ-ընկեր անհետացան: Փողոցում, երբ ծանոթ մարդու պիտի հանդիպեր, դեռ հեռվից վերջինս փոխում էր մայթը, որ չհանդիպեր եւ չբարեւեր իրեն: Այնքան վախ կար մարդկանց հոգիներում»:

Հոր վատառողջ վիճակի մասին տեղյակ լինելով գտնվեցին մարդիկ, ովքեր խորհուրդ տվեցին Մորուս Հասրաթյանի կնոջը՝ դիմելու ԽՍՀՄ գլխավոր դատախազին, որ նկատի ունենան առողջական վիճակը, վաստակը եւ գործը կարճեն, այն հիմնավորմամբ, որ գիտնականը իր գործունեությամբ կարդարացնի իրեն հայրենիքի առջեւ: Մայրը նման բովանդակությամբ տեքստ է պատրաստում, բայց մեկը պիտի խմբագրեր տեքստը, սակայն ոչ ոք չի գտնվում (դարձյալ վախի պատճառով): Օգնության ձեռք է մեկնում հնագետ, Էրմիտաժի թանգարանի ապագա տնօրեն Բորիս Պիոտրովսկին: Լենինգրադում ասպիրանտուրայում ուսանելիս Մորուս Հասրաթյանը, հավանաբար, ընկերացել էր Պիոտրովսկու հետ: Վերջինս էլ այդ տարիներին պեղումներ էր կատարում Կարմիր բլուրում: Նա հանձն է առել խմբագրել նամակի տեքստը: Մուրադ Հասրաթյանը տեղեկացնում է, որ նամակի ձեռագիրը պահպանված է, որի վրա հայրը մակագրություն է թողել. «Իմ միակ բարեկամը, ով բանտարկվելուցս հետո կապը չկտրեց ընտանիքիս հետ»:

Հոր, նաեւ մի խումբ ուրիշների գործերը վերանայում է Թիֆլիսից ժամանած նոր եռյակը: Քննիչները ասում են, հանցանքդ գրել, ստորագրել ես: Հայրս էլ թե՝ կարդացեք իմ խոստովանության ամեն նախադասության առաջին տառը (այն ռուսերենով էր գրված): Կարդում են՝ Всё, что здесь написано – ложь: Վերջին տառով էլ ж-ով սկսվում էր հետեւյալ նախադասությունը՝ желая быть искренним, я написал эту признательное показание: Քննիչները զարմացել էին նրա համարձակությունից: Բայց, այնուամենայնիվ, կարճել են գործը եւ ազատել են: Բանտարկությունից հայրս ազատվեց ծայրաստիճան վատառողջ վիճակում: Եղբայրը եւ քույրը ժողովրդական բուժումներով ոտքի են կանգնեցնում:

Բանտարկությունից հետո էլ դյուրին չի անցել Մ.Հասրաթյանի կյանքի ճանապարհը: Գնում է Հովսեփ Օրբելու մոտ, քանզի նրա ասպիրանտն է եղել. գործ խնդրելու: Օրբելին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից էվակուացվել էր Հայաստան: Նա ղեկավարում էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղը (Արմֆան), իսկ 1943-ին, երբ հիմնադրվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, ընտրվեց նրա նախագահ: Նա էլ թե՝ քեզ պատմության գծով չենք կարող աշխատանքի ընդունել, որովհետեւ կուսակցության համար ամենակարեւոր բնագավառը պատմությունն էր համարվում:

Իսկ Հասրաթյանը թեեւ ազատված էր, բայց դատված լինելու սեւ բիծը մնացել էր (այդպես էին ընկալում): Օրբելին հայտնում է, որ կընդունեն գրականության ինստիտուտ: Մորուսն ընդդիմանում է, թե ինքը գրականության ինստիտուտում ի՞նչ պիտի անի: «Դու լեզուներ գիտես, մայրենի լեզվի չափ գիտես ադրբեջաներեն, վրացերեն էլ գիտես, - ասում է Օրբելին, - մի քիչ էլ դրանք կատարելագործիր եւ թարգմանիր հայերեն Սայաթ-Նովայի ադրբեջաներեն եւ վրացերեն խաղերը: Սայաթ-Նովան մոտ 120 ադրբեջաներեն երգեր ունի, ավելի շատ, քան հայերենն ու վրացերենը միասին: Իսկ դրանց մասին ժողովուրդը տեղյակ չէ: Թարգմանի՛ր, ուսումնասիրիր, դա էլ կդառնա թեկնածուական դիսերտացիայի թեմա»:

Մուրադ Հասրաթյանը նշում է, որ երբ հայրը ընդունվում էր գրականության ինստիտուտ, պատմական գիտությունների թեկնածուի կոչում ուներ, որ ստացել էր 1935 թվականին: Խուզարկության ժամանակ ամեն ինչ տարել էին՝ փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, նաեւ գիտությունների թեկնածուի վկայականը: Դիմել է Մոսկվա՝ բարձրագույն ատեստավորման հանձնաժողով, որ կրկնօրինակը տան, պատասխանել են, թե արխիվը տեղափոխել են Կույբիշեւ (պատերազմ էր), չեն կարող օգնել:

Մի խոսքով, Սայաթ-Նովայի գրական ողջ ժառանգությունը դառնում է հայ ժողովրդի սեփականությունը: Ի՞նչն է ուշագրավ. Սայաթ-Նովայի խաղերը Մորուս Հասրաթյանը թարգմանել է Թիֆլիսի բարբառով, որոնք բնավ չեն տարբերվել հայերենով գրվածներից: Պատերազմի տարիներին Մորուս Հասրաթյանը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում Սայաթ-Նովայի ստեղծագործության մասին: Նույնիսկ առաջարկվում է միանգամից դոկտորի կոչում շնորհել, բայց առարկողներ են լինում, ասելով, թող մի լավ էլ դոկտորական գրի: Մինչեւ 1947 թվականը Մորուս Հասրաթյանը աշխատում է գրականության ինստիտուտում, այնուհետեւ տեղափոխվում է պատմության ինստիտուտ, զբաղվում հնագիտությամբ, որ նրա տարերքն էր, ավելի ուշ դասախոսում է Երեւանի պետական համալասարանում եւ հայկական մանկավարժական ինստիտուտում:

- Մորուս Հասրաթյանի գործունեության ո՞ր շրջանն է առանձնանում, - հարցնում եմ զրուցակցիս:

«Մեծ ավանդ ունի սայաթնովագիտության մեջ, բայց էությամբ պատմաբան էր, հայ ժողովրդի պատմության առաջին դասագրքի հեղինակներից էր, այն դասագրքի, որ տպագրվեց 1951 թվականին: Սիրում էր հնագիտությունը, պեղումներ է արել Սյունիքում, Արարատյան դաշտում, արդյունքներն ամփոփել եւ հրատարակել: Ծիծեռնավանքը չէր ուսումնասիրված, ինչը արել է նա, բացահայտելով դրա կարեւոր դերը հայ ճարտարապետության մեջ»:

Ինչպես որդին է վկայում, հայրը բնավորությամբ հանգիստ էր, բայց սկզբունքային, երբեք չէր նահանջում իր սկզբունքներից, տանն էր աշխատում եւ գիշերները. «Շատ էր ծխում, այն աստիճան, որ ես ու եղբայրս հակակրանք ունեցանք ծխելու հանդեպ եւ կյանքներումս երբեք չծխեցինք», - ասում է եւ հավելում, որ չափավոր էր ամեն ինչում, չէր հանգստանում, արձակուրդ կոչվածը նրա համար չէր, առողջարան կամ հանգստյան տուն գնալ չկար: Շատ էր սիրում դասավանդել, ուսանողների հետ շփվել, նրանց գիտելիքներ ավանդել, ուսանողներն էլ սիրում էին նրան: Ընկերները նշանավոր մարդիկ էին՝ ակադեմիկոսներ, պատմաբաններ՝ Սուրեն Երեմյան, Կարո Մելիք-Օհանջանյան, Վարդան Պարսամյան, Վարդգես Համազասպյան (հետագայում՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ), Լեւոն Խաչիկյան (հետագայում՝ Մատենադարանի տնօրեն), գրողներ՝ Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Շիրազ եւ ուրիշներ:

Ի դեպ, Ավ.Իսահակյանի հետ կապված մի դեպք պատմեց Մուրադ Հասրաթյանը. «Տասը-տասնմեկ տարեկան էի, հայրս բժշկի, թե մի այլ տեղ պիտի տաներ: Ճանապարհին մտանք գրականության ինստիտուտ, ինչ-որ մեկին պիտի տեսներ: Սենյակ մտավ նաեւ Իսահակյանը, հարցրեց. «Ո՞վ է այս երեխան»: Հայրս պատասխանեց. «Վարպետ, իմ տղան է, շատ ընթերցասեր է եւ քո գործերը, համարյա բոլորը կարդացել է»: Իսահակյանը չհավատաց, ժպտաց, բայց նաեւ հարցրեց, թե ինչ եմ հավանել իր ստեղծագործություններից: Ասացի, որ շատ եմ հավանել երեխաների համար նրա գրածները, լավ կլիներ, որ նա մանկական գրող լիներ: Բոլորը ծիծաղեցին, Իսահակյանն էլ ծիծաղեց, հետո ավելացրեց՝ գո՞ւցե երեխան ճիշտ է ասում»:

Շիրազն իր նոր լույս տեսած ժողովածուները նվիրում էր Մորուս Հասրաթյանին: Հերթական գիրքը նվիրելու ժամանակ Մորուսը նրան ասել է, թե երկար ստեղծագործություններն այնքան ուժեղ չեն, որքան կարճերը, էքսպրոմտները, ավելի նպատակահարմար է, նախապատվությունը տալ կարճերին: Շիրազը գիրքը բացել եւ տիտղոսաթերթին մի հիանալի բանաստեղծություն է գրում: Մարտիրոս Սարյանի հետ էր մտերիմ: Գեղանկարիչը սկսել է վրձնել Մորուս Հասրաթյանի դիմանկարը, բայց անավարտ է մնացել, ուստի ոչ մի տեղ չի ցուցադրվում:

Ուշագրավ են Մորուս Հասրաթյան-Համո Սահյան առնչությունները: Մուրադ Հասրաթյանն ասում է, որ իր տատը (հոր կողմից) Լոր գյուղից էր եւ իրենց՝ Սահյանների եւ Հասրաթյանների ընտանիքները բարեկամական կապ են ունեցել: Երբ Սահյանը, որ 1945-ից 1950 թվականը Բաքվում է բնակվել, գալիս էր Երեւան, իրենց տանն էր իջեւանում: Իրենց ընտանիքի մասին բանաստեղծություն է գրել: Նաեւ Բաքվից բանաստեղծություններ էր ուղարկում Մորուս Հասրաթյանին՝ նրա կարծիքն իմանալու: Կային բանաստեղծություններ, որոնք ուռա-հայրենասիրական ոգով էին գրված, օրինակ, Մոսկվայի 800-ամյակին նվիրվածը՝ Լենին, Ստալին, կոմունիզմ, մեր փարոսը եւ այլն: Կային նաեւ քնարական շնչով գրված բանաստեղծություններ: Դրանք Մորուս Հասրաթյանը տանում էր տպելու, չէի տպում, ասում էին՝ դրա ժամանակը չէ, պատերազմի վերքերն ենք բուժում, կոմունիզմ ենք կառուցում, այդ մասին պիտի գրել, այդ ի՞նչեր եք բերել: «Երկու ծայրահեղություն էր ստեղծվել, - հիշում է Մուրադ Հասրաթյանը, - բանաստեղծությունների մի մասը հայրս էր խոտանում, մյուս մասը, որն իսկապես տպագրելու բան էր, խմբագրությունները մերժում էին: Մի խոսքով, Սահյանի անտիպ բանաստեղծություններ էին մնացել մոտս, մի փոքր մասը տպագրվեց Սիսիանի «Որոտան» թերթում, մյուսները հանձնեցի գրականության եւ արվեստի թանգարան»:

Հրապարակման սկզբում նշեցինք, որ Մորուս Հասրաթյանի ավագ Բակուր որդին ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում էր դասավանդում, ըմբշամարտի գծով սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, մի խոսքով մարզիկ-մանկավարժ, ունի երկու դուստր՝ Նունե եւ Նարինե, երկուսն էլ՝ պատմության մասնագետ: Երկրային կյանքին Բակուր Հասրաթյանը հրաժեշտ է տվել յոթ տարի առաջ:

Մուրադ Հասրաթյանի կինը՝ Աիդա Կարապետյանը, մանկավարժ է, ֆրանսերենի դասատու: Նրանք մի որդի ունեն՝ Արեգ Հասրաթյան, ով շարունակում է հոր գործը: Ճարտարապետ-նախագծող էր, հետո զբաղվեց ճարտարապետության պատմությամբ, ատենախոսություն պաշտպանեց, գիրք հրատարակեց, «Արուճի վաղ միջնադարի ճարտարապետական համալիրը»: Հիմնականում աշխատում է ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, դոցենտ է, համագործակցում է Արվեստի ինստիտուտի հետ, որտեղ էլ համատեղությամբ աշխատում է:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48