Նա իր տաք հացից, իր տաք խոսքից բաժին է հանում բոլորին

11.07.2018 10:27
1813

Գորիսի քաղաքային պատկերասրահում գորիսեցի Նվարդ Բալասանյանի անհատական ցուցահանդեսն է բացվել. դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ ու նաեւ անիմալիստական ժանրի ստեղծագործություններ, որոնց  թագն ու պսակը  կենդանիներից ձիերն են:   Նվարդ Բալասանյանի «կերպավորած» ձիերն ուրիշ  են:

-Ձիերը հավատարմության խորհրդանիշ են, ընտանիքի խորհրդանիշ: Նրանք խորհրդանշում են սեր, ուժ, համախմբվածություն,-ասում է Նվարդ Բալասանյանը,-դրա համար էլ իմ շատ կտավների  «հերոսները»  ձիերն են:

Նվարդի ձիերը սլանում են ժամանակի ու տարածության մեջ, նրանց սլացքի  միջից ծնվում է  հավատի լուսաբացը, ժամանակը պահմտոցի չի խաղում ձիերի հետ, ձիերը սանձում են  ժամանակը, եւ երկրակեղեւն անգամ ճեղք է տալիս, եւ այդ ճեղքից պոռթկում է սերը, բարությունը եւ տարածվում ամենուր ու ամենեցուն, որովհետեւ Նվարդ Բալասանյանն ուզում է, որ մարդիկ սիրեն իրար, որ սերն ու բարությունը կամրջեն աշխարհն ու մարդկանց, որ աշխարհի ոչ մի անկյունում  ռումբեր չպայթեն, այլ խաղաղ լուսաբացները դառնան բոլորի բարի առավոտի ավետաբերը: Եվ այդ խաղաղ լուսաբացի մեջ իրար սիրող ու գգվող ձիերն ու անգամ վերջալույսի շողերի հետ ասես պար բռնած ձիերի երամակը  վերջալուսի շողերից  է կերտում աշխարհի խաղաղությունը եւ  այն ասես  կոչ է մարդկանց՝ մարդիկ, կյանքը հավերժ չէ, բարին գործեք եւ վայելեք  աշխարհը, բնությունը, թաթախվեք բնության գույներով, միաձուլվեք բնությանը եւ ձեր շուրջը խենթություն տարածեք:

-Իմ տեսակը տարածությունն է,-ասում է Նվարդ Բալասանյանը:

Եվ Նվարդ Բալասանյան նկարչուհին տարածության մեջ ամուր է կանգնել եւ այդ տարածությունից բուռ-բուռ տալիս է մարդկանց որպես սուրբ նշխարք, բաժանում է դարձյալ... Սեր ու բարություն: Եվ  դա այն պատճառով, որ մարդկային  գոյության ամենաանհրաժեշտ բաղադրիչը՝ խիղճը, միշտ պայքարի ելնի  մարդու ես-ի դեմ, որ նյութապաշտ այս դարի թոհուբոհում նա իր տաք հացից ու իր տաք խոսքից բաժին հանի բոլորին. «կարդում» եմ նրա կտավներում:

-Բոլորի մեջ գենետիկան խոսում է,-ասում է Նվարդ Բալասանյանը,- եւ դիմանկար ստեղծելուց հենվել եմ նրանց գենետիկայի վրա, որպեսզի դիմանկարները սոսկ դիմանկարներ չլինեն, այլ տվյալ դիմանկարը դառնա այդ գերդաստանի պատմությունը:

Իսկ դիմանկարներում գորիսեցիներն են, ծանոթ դեմքեր, ծանոթ պատմություններ ու կենսագրություններ: Եվ ոչ ոք չի վիճարկում Նվարդի «գենետիկական տեսությունը»: Նա ճիշտ շեշտադրում է կատարել: Նրա ստեղծած դիմանկարներն  իրենց գենետիկական կոդն ունեն: Եվ այդ կոդն այն բանալին է, որով Նվարդ Բալասանյանը կարողացել է ստեղծել մնայուն դիմանկարներ: Իսկ կոդն այդ գտնել ու կարդալը քչերին է հաջողվում:

Էլ ինչ գորիսեցի նկարիչ, որ ժայռեր չի նկարելու: Ժայռերն ասես  մեր թալիսմանն են, մեր լինելիությունը, մեր պատմությունը, մեր կենսագրության խոսուն վավերագրերը: Եվ Նվարդի ժայռերը քարացած չեն, անշարժ չեն: Դրանք խոսում են քեզ հետ, բոլորի հետ, ամեն ազգի հետ՝ իր լեզվով եւ բոլորի հետ յուրովի: Եվ ցուցահանդեսի այցելուներն ասես  ժայռերի մեջ փնտրում են մեր ապուպապերի պատմությունը, որ գալիս է անհիշելի ժամանակներից:

Նվարդի համար ներշնչանքի աղբյուր է դարձել նաեւ  ջուրը: Ջուրը նկարչուհու համար ազատություն է , օդ: Եվ նրա կտավներում ջուրը դարձել է գիրկընխառն ալիքներ, բայց հեզ ու խաղաղ ալիքներ, որ քնքշորեն փարվում են ամենքին ու զովացնում բոլորին:

Նվարդ Բալասանյանը մանկուց է նկարում: Նկարելու սերը նրան տարել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Այն ավարտելուց հետո ստացել է  նկարիչ-գծագրողի որակավորում:  Աշխատանքի է անցել Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցում:

-Ամեն տարի իմ աշակերտներից առնվազն հինգը նկարչության ասպարեզն է ընտրում,-ասում է Նվարդը: -Դա  իմ աշխատանքի ամենամեծ գնահատականն է:

Նրա գնահատականն է նաեւ հետեւյալ փաստը. այս տարի Նվարդ Բալասանյանը դարձավ Ռուսաստանի Դաշնության նկարիչների ակադեմիայի  անդամ:

-Ես շնորհակալ եմ մեր համաքաղաքացի, մոսկվայաբնակ Մարտիկ Գասպարյանին, ով այդ գործում մեծ դեր խաղաց: Նա իմ ստեղծագործությունները ներկայացրեց ակադեմիայի խորհրդին, խորհուրդն էլ հավանություն տվեց իմ գործերին, ու ես դարձա ակադեմիայի անդամ:

Եվ այս ցուցահանդեսը, որ  հանդիսավորությամբ բացվել է Գորիսի քաղաքային պատկերասրահում ու որի ժամանակ այցելուները դրվատանքի ջերմ խոսքեր ասացին նկարչուհու հասցեին, Նվարդի սերն է  մեր քաղաքի հանդեպ:

Ալվարդ Մեսրոպյան

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17