Նա տվեց հայրենիքին ամեն ինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչնչով դեռ չի փոխհատուցել. Լեւոն Զուրաբյանը՝ Դավիթ Մաթեւոսյանի մասին

25.10.2020 16:28
4607

«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Մաթեւոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչեւ վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել  է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել։ Փայլուն զինվորական էր՝ հրետանավոր, բայց էդ կարգավիճակին հասել էր ինքնուս՝ լինելով հնարամիտ ինժեներ եւ անցնելով առաջին արցախյան պատերազմի դպրոցը։ Որպես զինվորական, ռազմի դաշտում անողոք էր թշնամու հանդեպ, բայցեւ, ինչպես իսկական զինվորական, հարգանքով էր վերաբերում հակառակորդին, երբեք նրան չթերագնահատելով եւ բացարձակ մարդկային վերաբերմունք դրսեւորելով գերիների նկատմամբ։ Հետեւաբար, հարգված էր ոչ միայն հայերիս կողմից, այլ նաեւ ադրբեջանցիների։ Իր խոսքը խոսք էր, դա գիտեին եւ մերոնք, եւ նրանք։ Դրա համար էլ գերիների փոխանակման գործը միշտ իրեն էր հանձնարարվում։ Չգիտեմ, էդքան քանակությամբ լավ մարդկային որակներ մեկ մարդու մեջ ո՞նց էր տեղավորվում, եւ մեկ այլ նմանը աշխարհում  կա՞ ընդհանրապես։ Համարձակ, սկզբունքային, պատասխանատու, վճռական, ուժեղ, արդար, բարի, ճշմարտախոս, խորաթափանց, նրբազգաց, խելացի, կարեկցող, սրամիտ, ժպտերես, ազնիվ, բաց, համակրելի, սթափ, գործնական, աշխատասեր, հուսալի, շռայլ։ Անսահման ազնվականությո՜ւն։ Ոչ մեկից ոչ մի բան երբեք չի վերցրել, եւ բոլորին միշտ միայն տվել է իր ստեղծած բարիքները, աջակցությունն ու եռանդը։

Հայրենիքի պաշտպանության գործը նրա համար միայն սահմանների պաշտպանությունը չէր։ Հայրենիքի պաշտպանության գործը նրա համար նաեւ հայրենիքի մաքրությունն էր, արդարությունը, ժողովրդավարությունը եւ ազատությունը։ Այդ գործի համար էլ նա պատրաստ էր ամեն զրկանքի։ Միայն այն հանգամանքը, որ Դավիթի նման մարդը կարող էր շինծու մեղադրանքներով մեկուկես տարի անցկացնել բանտում, նրան կալանավորած բռնապետության լավագույն դատավճիռն էր։ Բայց նրան ոչինչ չէր կարող ընկճել կամ կոտրել, հալածանքները նրան միայն ավելի զորեղ եւ պայծառ էին դարձնում։ Դավիթը նաեւ տաղանդավոր գրող էր, որի համար չկար ազգություն, այլ կար մարդ։ Դաժան պատերազմ անցած, նամ միշտ քարոզում էր սեր, արժանապատվություն եւ խաղաղություն։ Հրանտի, Վանոյի երկրի եւ հողի զգացողությունը կար իր շնորհալի գործերում։ Սա նաեւ իմ ընտանիքի համար անձնական եւ դաժան ողբերգություն է։ Իմ ամենամտերիմ եւ ամենա֊ամենահարազատ ընկերներից էր։ Երբ գալիս էր Մեղրիից, առաջինը պետք է գար Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ եւ պայթեցներ մեր քաղաքական բանավեճը, իսկ երեկոյան պիտի գար մեր տուն, որ ըմբոշխնեինք Շողերի ճաշերը եւ իր քաշած թզի, թթի եւ սերկեվիլի օղիները։ Միակ բանը, որով երեխու պես պարծենում էր, իր քաշած օղիներն էին, եւ իսկապես հիասքանչ էին։ Նրա ամեն գալը տոն էր դառնում՝ ճշմարտության, ուրախության, անկեղծության։ Հիմա էլ դեռ երկար ժամանակ տոն չի լինելու։ Ընտանիքիս վշտակցությունը կնոջը՝ Սուսաննային, զավակներին՝ Թեւոսին, Հերմինեին, Ղեւոնդին։ Մի բան էլ։ Փակագծերը հիմա չեմ բացելու, բայց էնպես էր ստացվել, որ ինքնապաշտպանությունը կազմակերպելիս, Դավիթը մի քանի հոգու հետ միասին, ըստ էության, մեն֊մենակ էր մնացել թշնամու բանակի դիմաց։ Ինչպես միշտ, նա ընդունեց մարտահրավերը, գիտակցաբար եւ խիզախաբար մտնելով անհավասար մարտի մեջ, որովհետեւ այլընտրանք չկար։ Նա տվեց հայրենիքին ամեն ինչ, ինչ ուներ, բայց հայրենիքը իրեն ոչնչով դեռ չի փոխհատուցել։ Նրա անցած ուղին, նրա հերոսական անձնատուր պայքարը հայրենիքի գոյության եւ ազատության համար, նրա անկրկնելի քաղաքացիական ծառայությունը սեփական երկրին արժանի են Ազգային հերոսի կոչմանը»։


aravot.am

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26