Նախկին ոստիկանը մեղադրում է Կապանի ոստիկանության պահպանության բաժնի պետ Արտաշ Մարտիրոսյանին

09.06.2018 11:33
3206

Խմբագրություն եկած այցելուն ձեռքին հսկա ցուցապաստառ ուներ, եւ դա մեզ համար բնավ էլ անակնկալ չէր: Քանզի ոստիկանության նախկին աշխատակից, չորս անչափահաս երեխայի հայր Աշոտ Մկրտչյանը վերջին ժամանակներս Կապանում բողոքի ակցիաներ է անում`  ոստիկանական համազգեստով եւ ցուցապաստառով, որում շարադրված են նրա պահանջները: Համաժողովրդական ընդվզման օրերին եւս նա կապանցի ցուցարարների հետ էր, բայց իր պահանջներով ու ցուցապաստառով: Իսկ ավելի վաղ` 2017թ հոկտեմբերի 25-27-ը, Գարեգին Նժդեհի հրապարակում հացադուլ էր հայտարարել, որից դուրս եկավ Սյունիքի մարզպետի հորդորով: Ավելի ստույգ, երբ վերջինս փոխհատուցեց հացադուլավորի օգտագործած բնական գազի եւ էլէներգիայի վճարները: Օրեր առաջ՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, նստացույց է արել Կապանի ոստիկանության առջեւ՝ մեղադրելով Կապանի ոստիկանության պահպանության բաժնի պետ Արտաշ Մարտիրոսյանին հանցագործության մեջ՝ իր 4 անչափահաս երեխային վնաս հասցնելու համար: 

Ի՞նչ է ուզում Աշոտ Մկրտչյանը, ո՞րն է նրա բողոքի ակցիաների պատճառը: Ներկայացնենք գործի նախապատմությունը: Նա ոստիկանական համակարգում է 1999թ-ից: Մոտեցել էր թոշակի անցնելու տարիքը: Բնակարան ստանալն էլ յոթ սարի հետեւում չէր: Բայց ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի 2016թ. օգոստոսի N1318-Ա հրամանով ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից` հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա: 

Աշոտ Մկրտչյանն այն համոզումն ունի, որ ծառայության ընթացքում քրոնիկ հիվանդություն է ձեռք բերել, իրեն պիտի թոշակավորեին, քանի որ երկարամյա ստաժ ուներ, այլ ոչ թե զրկեին աշխատանքից, որ միեւնույնն է՝ ապրուստի միակ միջոցից: Մանավանդ որ նրա խնամքի ներքո անչափահաս չորս երեխա կա, որոնցից կրտսերը 1.3 տարեկան է, ավագ որդին՝ հինգերորդ դասարանում է, դուստրը` չորրորդ, մյուս որդին՝ երկրորդ: Եվ դրան գումարած` կինը չի աշխատում, երրորդ կարգի հաշմանդամ է: Եվ ընդամենը 46 հազար դրամ նպաստ է ստանում: «Ուրիշ բան չեմ ուզում, գոնե ոստիկանական թոշակ հատկացնեն, որովհետեւ առողջությունս ծառայության ընթացքում եմ կորցրել, այլապես ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս», -ասում է ոստիկանության նախկին աշխատակիցը:

Հետաքրքիր նրբերանգներ ունի նրա առողջությունը կորցնելու պատմությունը: Ամեն ինչ սկսվեց... ատամից:

Մեր զրույցի ժամանակ նա պնդում էր, որ իր ատամը բուժելու փոխարեն ոստիկանության պոլիկլինիկայի բժիշկներն ավելի են բարդացրել իրավիճակը` սխալ բուժումներ իրականացնելով: Ատամը բորբոքվել էր. Կապանի պոլիկլինիկայի բժշկից ուղեգիր է վերցրել եւ մեկնել մայրաքաղաք ոստիկանության պոլիկլինիկա` բուժզննում անցնելու եւ իր ղեկավարին` Արտաշ Մարտիրոսյանին ցույց տվել Երեւան գնալու ուղեգիրը եւ տեղեկացրել, որ գնում է բուժման: Երբ ոստիկանության պոլիկլինիկայում հեռացրել են ատամը, դրանից հետո լնդից անդադար թարախ է հոսել, օրեր հետո սկսել է քթից հոսել: Բժշկական սխալները հարթելու այլ ելք չունենալով` Աշոտ Մկրտչյանը դիմում-նամակ է գրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ անուշադրության է մատնված, բժիշկները պատշաճ բուժում չեն կատարում, որ կարողանա հետ վերադառնալ աշխատանքի: Նաեւ պնդում էր բժիշկների սխալ բուժման պատճառով է վատթարացել իր առողջությունը: Նա չի կարողանում իրեն հատկացված արձակուրդի ընթացքում բուժվել եւ հետ վերադառնալ աշխատանքի, որի պատճառով նրա նկատմամբ սկսվում է ծառայողական քննություն:

 Բայց սա ամենը չէ. պարզվում է,որ իր պետը երկու զեկուցագիր է գրել. մեկն ուղղված է եղել ոստիկանության պոլիկլինիկայի տնօրենին,  որով տեղեկացրել է, թե Աշոտ Մկրտչյանը չի ներկայանում ծառայության: Մյուս զեկուցագրով ՊՊԳ վարչության պետին հայտնում է, որ Աշոտ Մկրտչյանին պետք է ուղարկել նյարդաբժշկական կենտրոն՝ հետազոտության՝ հետագա ծառայությունը չխոչընդոտելու համար, քանի որ ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերել: Ծառայողական քնությունն իրականացնող ՊՊԳ վարչության աշխատակից Արտակ Ադամյանն Աշոտին տեղեկացրել է, որ գնում են ընդհանուր ստուգման: Ի վերջո նրան տարել են Ավանի հոգեկան առողջության կենտրոն, որտեղից հետագայում եզրակացություն են տվել՝ թե «Անձի պարանոիդ խանգարում՝ հայցամոլ դրսեւորումով», ինչն էլ առիթ է դարձել չորս անպաշտպան երեխայի հորն աշխատանքից ազատելուն:

 Արդարությունը պահանջում է ասել, որ ընդհանուր առմամբ դրականորեն բնութագրվող Աշոտ Մկրտչյանի ծառայողական բնութագրից՝ տրված ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի պետ Արտաշ Մարտիրոսյանի կողմից,  տեղեկանում ենք, որ 2016թ. հունվարին քաղաքացիների նկատմամբ քաղաքակիրթ եւ հարգալից վերաբերմունք չցուցաբերելու փաստով հայտարարվել է «խիստ նկատողություն»: Եվ սրան հետեւում է. «Տույժից հետո նա հետեւություններ չի արել ու շարունակում է անկիրթ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ: Անհիմն վիճաբանության մեջ է մտնում վերադասի հետ: Հաճախ չի գիտակցում իր գործողություններից բխող հետեւանքը»:

 Ինչեւէ, Աշոտ Մկրտչյանը դիմել է տարբեր ատյաններ, ընդհուպ մինչեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչպես ներկայացնում է, իր խաթարված իրավունքների վերականգնման համար: Դիմում է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, նրա խնդիրներին անդրադարձել է «Առավոտ» օրաթերթը՝ «Նախկին ոստիկանի երեք երեխաներն այս տարի դպրոց չեն գնա» վերտառությամբ հրապարակմամբ: Ընդհանրապես նրան վերաբերող նյութերը մի հաստ թղթապանակ են կազմում: Մի այլ հրապարակում էլ եղել է «Հետք» կայքում՝ «Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է՝ աշխատանքից ազատվել է բժիշկների սխալ բուժումների ու եզրակացության հիման վրա» վերտառությամբ:

 Աշոտ Մկրտչյանը հաստատ համոզված է, որ ինքը հանիրավի զրպարտված է. «Լավ, սխալ եմ, ինչո՞ւ ինձ զրկել են բնակարան ստանալու իրավունքից, ինչո՞ւ ինձ չեն հետազոտել՝ հիվա՞նդ եմ, թե՞ ոչ: Շատ բաներ կարող են ճշտել ծառայողական քննությամբ»:

 Հիմա էլ մտադրություն ունի բողոքի ակցիաներ անել մայրաքաղաքում, մասնավորապես, ՀՀ ոստիկանության շենքի մոտ:  Պահանջում է ծառայողական քննություն անցկացնել, հիմնավորելու՝ ոստիկանությունից իրեն ազատելու հիմքերը: Արդարության հասնելու մյուս ուղին դատարան դիմելն է, բայց իր ասելով՝ այդ ճանապարհն իրեն ձեռք չի տալիս, քանզի տեղյակ է դատական քաշքշուկներից, այդ առիթով հավելում է՝ երեխաներս սովի կմատնվեն: Եվ իրոք, այս ամբողջ պատմության մեջ ամենատխուրն այն է, որ տուժում են Աշոտ Մկրտչյանի անմեղ երեխաները՝ երեքը՝ դպրոցական, չորրորդի երկու տարեկանը դեռ չի լրացել… 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԳՈՒՄ-ի շուկայի մսի իրացման կետերը փակվել են․ ՍԱՏՄ

13.12.2024 20:15

Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում խաղաղության պահպանման վրա․ Հասանով

13.12.2024 20:08

Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Սիսակ Գաբրիելյանը՝ նոր որոշման մասին

13.12.2024 18:55

Միջոցառում` նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին

13.12.2024 18:22

Մարտուն Զաքարյանի կտավների ցուցահանդեսը Քաջարանի մշակույթի պալատում, որտեղ նաև «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրությունն էր

13.12.2024 16:18

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար

13.12.2024 14:58

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

13.12.2024 14:56

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

13.12.2024 14:53

Վերահրատարակվել է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» գիրքը

13.12.2024 14:45

Փաշինյանը մեկնել է ՌԴ

13.12.2024 11:04

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ

13.12.2024 11:02

Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

13.12.2024 09:00