Նամակ մեկուսարանից

19.11.2020 12:16
1203

Քննիչի աշխատասենյակից ինձ իջեցնում են մեկուսարան /խուց/։ Այն ամենը, ինչ կա ինձ մոտ, հերթով գրանցում են՝ տալիքը ինձ, պահ տալիքը՝ պահոց։ Տղաներն իմանալով ով լինելս, հուզված են։ Զգացմունքային են, բայց իրենց գործի գիտակն են։

Տեղափոխվում եմ խուց։ Ուրախացնող լռություն է։ Դատարկ է, ինչպես այս պահին գլուխս... Ուզում եմ գլուխս խփել մի տեղի՝ հասկանալու՝ ցավու՞մ է, թե՞ ոչ, բայց տղաներն ասել են՝ չաղմկել։ Սսկված նստում եմ թախտի անկյունում ու սկսում ուսումնասիրել։ Կահավորված է սեղան, աթոռ, թախտ, պահարան, ծածկված սանհանգույց։ Ժպտում եմ ու մտածում, թե ինչպե՞ս եմ օգտվելու սանհանգույցից։ Ամաչում եմ։ Փորձում եմ կահույքս իմ ճաշակով վերադասավորել, չի ստացվում՝ պատին է մեխված կամ հատակին։

Ակամա մտածում եմ, թե քանի քանիսն են անցել այս խցով եւ ինչ ճակատագրի արժանացել։

Լռությունը հաճելի է, եւ սկսում եմ կռվել խոհերիս հետ…

- Թուհ, էլի նույն կռիվը։ Պատերազմի դաշտում կռիվ է, քաղաքական դաշտում կռիվ է, սոցցանցերում կռիվ է, ամենուր կռիվ է ... Հոգնեցի։

Սողնակի շրխկոցից սթափվում եմ։

- Սուրճ կխմե՞ք:

-Իհարկե, շնորհակալ եմ։

Վայելում եմ սուրճս ու մտածում այն ամենի մասին, ինչ կատարվում է իմ հետ, մեր երկրի հետ ու կարծում եմ, որ շարունակությունն եմ կատարվածի եւ կատարվելիքի։

Երեւի սկսում եմ ցնորվել կամ ցնորվել եմ։

- Հայր, կներես, որ հաճախ ձայնս բարձրացրել եմ քո հարցասիրության պատճառով։ Հա, ի դեպ, որդիներս էլ են քո նման հարցասեր։

- Իմ փոքրիկ բալիկներ, ինձ կներեք, ես երեւի չկարողացա արժանի հայր լինել, ես իմ հայրենիքն ավելի շատ սիրեցի, քան ձեզ։

- Իմ զինակից ընկերներ, ինձ ներեք, որ ձեզ էլ եմ ինչ-որ առիթով վիրավորել, չգիտեմ, տարի՞քս է, թե՞ նյարդերս են տեղի տվել։

- Իմ զոհված ընկերներ, ինձ ներեք, չկարողացա ձեզ պաշտպանել, պատերազմ էր... Հիշու՞մ եք՝ զոհված եղբորս՝ Աղվանին էլ եմ դա ասել։

- Իմ անթաղ զինվորներ, իմ բալեք, ինձ կներեք, որ չկարողացա ձեզ հողին հանձնել ու անթաղ թողեցի թշնամու մոտ՝ ամայի դաշտերում։ Իշխանությունը ապիկար էր, խաբեբա, վաճառված ու աթոռին կառչած։

- Իմ հայ ժողովուրդ, ինձ ներեք, որ ժամանակին չկարողացա ներկայացնել այն սուտը, որ իրականության փոխարեն էր մատուցվում։

Խցում արկեր չեն պայթում, «բայրաքթարներ» չեն խոցում, ինչպես խրամատում։ Պաշտպանվելու խնդիր էլ չունեմ, որովհետեւ մի ամբողջ ԱԱԾ ինձ է պաշտպանում... ումի՞ց... ինչի՞ց...

Հոգուս մեջ մի արկ է պայթել, որ ինձ պատեպատ է տալիս, ափեափ է տալիս, աշխարհից աշխարհ է տալիս ու չեմ հասկանում, թե Աստված ինչո՞ւ թողեց, որ ազգս դարձավ օտարի կամակատար՝ կորցնելով իր եսը, իր դիմագիծը։

Ժամանակը կանգ է առել, մեռած է։ Ես կորցրել եմ ժամանակի զգացողությունը։ Լույսն ու մութն են դարձել իմ ներքին ժամանակը։ Իմ շատ սիրելի բարեկամներ, իմ ներսի մութը դուք եք։ Դուք պիտի ցավի զգացումով հպարտանաք, որ այդ հրամանատարը, որին դատում են՝ ձեր եղբայրն է, ձեր հորեղբայրն է, ձեր քեռին է, ձեր ընկերն է, ձեր ընկերոջ հայրն է, ձեր հրամանատարն է ու պիտի սգվորի տեսք ընդունեք՝ շրջապատում ավելի տեսանելի ընկալվելու եւ շրջապատին ձեր հանդեպ ավելի զգայական դարձնելու համար։ Իսկ գիտե՞ք ինչու է այդպես, որովհետեւ դուք նախիրն եք... այո, այո նախիր, իմ բարեկամ նախիրը, իմ հարազատ նախիրը, իմ ազգի նախիրը կամ ուղղակի նախիրը։ Իսկ գիտե՞ք իմ ներսի լույսը ովքեր են... Ինձ բարեկամ ու հարազատ մնացին իմ լավ ու վատ զինակիցները, իմ զոհված ընկերները, իմ անթաղ ու թաղված զինվորիկները։

- Ինձ կանչում են քննության...

 

Աշոտ Մինասյան

Ք. Երեւան

14.11.2020թ.

 

 

Ների'ր վարդապետ

 

Անեծքդ կարդա, վարդապետ հայոց,

Դու սիմվոլն էիր Հայոց աշխարհի,

Անիծիր նրան, ում որ օծեցիր

Կոնքեռ կարգեցիր իմ Սուրբ աշխարհի։

Թեւերդ բացիր, խաչվիր վարդապետ,

Ինչպես որ խաչվեց Հիսուսը խաչին,

Ազգս ուրացավ իր դավանանքը,

Նորից ընտրեց իր Բարաբբային։

Վակասը հանիր ու դարձրու սուր,

Դավաճանները ներսից են գործում,

Քո ժողովրդին մի նոր ոգի տուր

Մեր հայրենիքը կիսել են փորձում։

Սու՞րբս էլ խաբվեց, անիծվա՞ծ ենք մենք,

Թու՞յն էին խառնել մեր սուրբ սկիհին,

Կանթեղդ վառի՛ր, խփի՛ր զանգերդ,

Թող որ կոչ լինի իմ ժողովրդին։

Շապիկդ հագիր, մազե շապիկը,

Որ զգաս ցավը համայն հայության,

Ու առաջնորդիր զորքերին հայոց,

Որ նորից ապրենք փառքը հաղթության։

Մեղա, տեր Աստված, մեղա։

 

Աշոտ Մինասյան

15.11.2020թ

ԱԱԾ մեկուսարան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08