Նարեկ Ղահրամանյան. «Թավշյա հեղափոխությունից հետո պիտի լծվենք տնտեսական հեղափոխության իրականացմանը»

04.12.2018 16:59
1592

Այցեքարտ. Նարեկ Ղահրամանյան

Ծնվել է 1991 թվականի ապրիլի 16-ին Կապանում: 2007-2008 ուստարում ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը, 2012թ.-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում: 2012թ.-2014թ. ծառայել է  ՀՀ զինված ուժերում: 2014թ.-2015թ. աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում: 2016թ.-ին աշխատել է «Վայբլ» ՍՊԸ-ում: 2018թ.-ին թավշյա հեղափոխությունից հետո եղել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Նախընտրական քարոզարշավի շրջանում դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Սյունիքի մարզում էր «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:  Այցից  հետո «Սյունյաց երկիրը» զրույցի հրավիրեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից N12 ընտրատարածքից (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի) առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Ղահրամանյանին:

- Հենց նոր վերադարձաք «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում անցկացված հանդիպումներից, ձեր տպավորությունները կամ ի՞նչն է ավելի շատ տպավորվել ձեր մեջ:

- Քարոզարշավը մեկնարկեց Մեղրուց, շարունակվեց Քաջարանում եւ այնուհետեւ Կապանում, ավարտվեց Գորիսում, սա առաջին օրվա երթուղին էր: Հաջորդ օրն ընտրարշավն սկսվեց Սիսիանից, հետո Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր եւ ավարտվեց Արենիում: Շատ տպավորված եմ երկու մարզերի բնակիչների ջերմ ընդունելությունից: Թեեւ  անբարենպաստ եղանակին, մարդիկ ոգեւորությամբ էին մասնակցում հանրահավաքներին  եւ առանց պարտադրանքի: Երբ գիտեին՝ այսինչ ժամին հանրահավաք է լինելու, մեկ ժամ առաջ արդեն տեղում էին լինում: Բոլոր տեղերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, ներկայացրեց իր տեսլականը երկրի ապագային  առնչվող,  այն է՝ առաջիկա հինգ տարում Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն, որի իրականացնելու ամենակարեւոր նախապայմանը, ըստ նրա, ազատ քաղաքացին է եւ նրա անհատական ջանքը: «Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի բարձր տեխնոլոգիաների երկիր»,- հանրահավաքներում հայտարարում էր վարչապետի պաշտոնակատարը: Բացի այդ՝ նա իր ելույթում  հույժ կարեւորում էր մեր կյանքի բոլոր ոլորտներում արդարություն, ազատ մրցակցություն հաստատելու հանգամանքը: Այո, թավշյա հեղափոխությունից հետո մենք պիտի լծվենք տնտեսական հեղափոխության իրականացմանը, որ ես պակաս կարեւոր չեմ համարում, քան առաջինը:

- Անցնենք  ձեր  կողմից  իրականացվող ընտրարշավին: Ի՞նչ ձեւաչափով էին դրանք ընթանում ընտրողների հետ, հասանելի՞ եք ընտրողներին:

- Այս քարոզարշավից, որ հենց նոր վերադարձա,  ձեւաչափն այսպիսին էր, շարժական բեմ կար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի  պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ շրջում էինք մարզի խոշոր քաղաքներով, ներկայացնում վերջին վեց ամսում կատարվածը, նախանշում անելիքները, մատնանշում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները, այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարը հանրությանը ներկայացնում էր «Իմ քայլը» դաշինքի կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներին: 

- Խոսքը ձեր ընտրարշավի մասին է, որպես պատգամավորի թեկնածու, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի:

- Մենք հրաժարվել էինք նախկին արատավոր պրակտիկայից, երբ համայնքի ղեկավարին զանգում էր պատգամավորի թեկնածուն եւ մարդկանց զոռով հանում էին տներից: Ես իմ թիմով՝ մի քանի տղա ու աղջիկ, մեր քարոզչական նյութերով մտնում ենք մարդկանց տները, բացատրում առաջիկա ընտրությունների կարեւորությունը, այնուհետեւ ներկայացնում կենսագրությունս, իմ նախընտրական ծրագիրը: Խոսք է լինում նաեւ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի մասին:  Տպավորված եմ մարդկանց հյուրամեծարությամբ: Այդպիսի ժողովրդին պիտի ծառայել ու ծառայել:

Ասեմ, որ շտաբներ ունեմ Կապանի տարբեր փողոցներում, որտեղ աշխատում են իմ համակիրները:

- Բոլորն էլ առաջիկա ընտրություններին ֆավորիտ են համարում «Իմ քայլը» դաշինքին: Իսկ դուք անձամբ ո՞ւմ եք լուրջ մրցակից համարում «Իմ քայլը» դաշինքին: Ո՞վ կլինի երկրորդ քաղաքական ուժը: Այդ հարցին մեր նախորդ զրույցի ժամանակ չպատասխանեցիք, քանի որ դեռ հայտնի չէր ընտրություններին մասնակցող կուսակցությունների շրջանակը: Այժմ, կարծեմ,  ամեն ինչ տեսանելի է ու պարզ:

- Չեմ ուզում պատասխանել այդ հարցին, քանի որ պատասխանը գուշակությունների ոլորտից է,  իսկ ես գուշակությամբ չեմ զբաղվում: Ամեն ինչ որոշվելու է քվեարկության հաջորդ օրը, երբ պարզ կդառնան ընտրությունների արդյունքները, թե ով որքան ձայն  է հավաքել եւ ով կանցնի խորհրդարան:

- Ունե՞ք մի կարգախոս, որով առաջադրվում եք, թե՞…

- Այնքան էլ կողմ չեմ կարգախոսներին: «Իմ քայլը» դաշինքն ունի իր կարգախոսը. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», որում կարծես ամեն ինչ սպառիչ ասված է եւ ընտրվել է ոչ թե մի անհատի կողմից, այլ տարբեր մարդկանց կարծիքը հաշվի առնելով: Եվ ամենակարեւորը՝ արտահայտում  է դաշինքի դիրքորոշումը:

- Իսկ ընտրվելու դեպքում ո՞ր հանձնաժողովում եք տեսնում  ձեր գործունեությունը որպես ԱԺ պատգամավորի:

- Անկեղծ ասած՝ այդ մասին վաղ է մտածել, բայց ինձ հոգեհարազատ եմ համարում  տեղական ինքնակառավարման, քաղաքաշինարարության ոլորտները: Երկրաբան եմ մասնագիտությամբ, ուրեմն նաեւ ընդերքօգտագործմանը, բնական պաշարներին առնչվող խնդիրներն իմ տեսադաշտում են: Կփորձեմ ներուժս օգտագործել այն հանձանժողովում, որ համակարգում է  այդ խնդիրները:

Իմ թվարկածը «տեղավորվում» է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակում:

- Որպես պատգամավորի թեկնածու՝ կուզեի առանձնացնեիք երեք հիմնախնդիր, որ ընտրվելու դեպքում լինելու են ձեր տեսադաշտում:

- Ամենակարեւորը մարդկանց զբաղվածության   խնդիրն է, որը սուր արտահայտված է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Չնայած մեր մարզում  առկա հանքարդյունաբերական ձեռնարկություններին՝ Սյունիքը  գործազրկությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Շիրակի մարզից հետո: Երկրորդը՝  քաղաքացիների իրավական պաշտպանությունը, եթե չկա նորմալ արդարադատություն, այդ երկիրը, մարզը նորմալ  զարգանալու շանս չունեն: Եվ իհարկե, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնակության համար խնդրահարույց է մնում բնապահպանությունը: Մեր մարզի տարածքում գտնվող պոչամբարներն ասվածի ավելորդ ապացույց են: Մանավանդ Արծվանիկի պոչամբարի ընդլայնմանը զուգընթաց գյուղատնտեսական նշանակության հողեր մնում են թափոնաջրերի տակ:

- Ո՞րն է ձեր ընտրազանգվածը, ո՞ւմ վրա եք դուք հենվում:

- Ես հենվում եմ թիվ 12 ընտրատարածքի բոլոր ընտրողների վրա: Իմ ընտրազանգվածն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացին է: Այս հարցին մի անգամ էլ եմ անդրադարձել. չկա մի խավ, որ ասեմ՝ սա իմ ընտրազանգվածն է:

- Երկու մարզերում էլ եղել եք,  այնուամենայնիվ, ո՞րն է բնակչության առջեւ ծառացած ամենասուր պրոբլեմը: Ինչի՞ց է հիմնականում դժգոհում ժողովուրդը:

- Ժողովուրդը հիմնականում բողոքում է ցածր աշխատավարձից ու թոշակից, գործազրկությունից: Ինձ համար առաջնահերթ խնդիրը բարեկարգ ճանապարհներ ունենալն է: Մանավանդ Երեւան- Կապան միջպետական ճանապարհի ասֆալտածածկի վատ որակն է մտահոգիչ: Ճիշտ է, վերջին վեց-յոթ ամսում որոշակի բարելավվել է նշվածս ճանապարհի որակը, բայց դա բնավ էլ բավարար չէ: Այդ ուղղությամբ զգալի աշխատանք պիտի անել: Ռուս դասականն է ասել՝ երկրի զարգացմանը խոչընդոտում են ճանապարհները եւ հիմարները (дороги и дураки): Ի դեպ, սա բոլոր երկրներին է վերաբերում: Հենց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Վայոց ձորով եւ Սյունիքով անցնող ճանապարհը որքան կենսական, նաեւ ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: 

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին կամ ձեր խոսքն ընտրողին:

Իմ խոսքն ինձնից առաջ ասել են բազմաթիվ մարդիկ, քաղաքական գործիչներ եւ ուժեր: Երբ քաղաքացին կոռումպացված իշխանության դեմ է ելնում եւ ասում հեռացիր՝ նա հեռանում է: Եւ այդ հեռացումն ապահովող քաղաքական ուժն առաջադրել է իր թեկնածությունը: Այս ընտրություններում յուրաքանչյուր ընտրողի քվեն է որոշում թե առաջիկա հինգ տարում ինչ Ազգային ժողով պիտի ունենանք, ինչ քաղաքական կուրս պիտի ընտրի նորընտիր խորհրդարանը: Ընտրողներին կխնդրեի քվեարկության գնալ խղճի մտոք ու սրտի թելադրանքով: Շատ կարեւոր է, որ քաղաքացին ընտրի գիտակցաբար, իր կամքով: Այս մասին մարզային քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկնում էր՝ մեզ «հարամ» ձայն պետք չէ, մեզ արջի ծառայություն մատուցել պետք չէ:

Ուրեմն՝ բարի ընտրություն բոլորիս:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

 

 

 

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38