Նարինե Մովսիսյան. «Պարն ինձ ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս»

04.01.2024 12:15
2446

Հարցազրույց «Նարա դանս» պարի ստուդիայի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Նարինե Մովսիսյանի հետ

- Եկեք, մեր զրույցը սկսենք շատ պրոզայիկ մի հարցով, ի՞նչ է պարը Նարինե Մովսիսյանի համար, Ձեր ընկալումներն արվեստի այդ ճյուղի վերաբերյալ:

- Հարցին սպառիչ պատասխանելու համար կմեջբերեմ մեծն Կոմիտասի խոսքերը՝ մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է, պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: Պարն ինձ համար մի աշխարհ է, որտեղ բոլորովին անհոգ եմ ու երջանիկ: Նաև պարն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս՝ լինել անկաշկանդ ու անմիջական: Պարը նաև միջոց է՝ շփվելու ինձ համար անչափ սրտամոտ և հարազատ դարձած սաներիս հետ։

- Ե՞րբ ու ինչպե՞ս ընտրեցիք պարը՝ որպես մասնագիտություն և ընդհանրապես ո՞ր տարիքից եք սկսել լրջորեն զբաղվել պարով։

- Բնակվել եմ Կապանի Շինարարների թաղամասում, հաճախել թիվ 10 միջնակարգ դպրոցը։ Առաջին դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել եմ թիվ 27 գիշերօթիկ դպրոց, որտեղ Բորիկ Հարությունյանը պար էր դասավանդում։ Այդտեղ էլ այդ պարուսույցի օգնությամբ, ինչպես ասում են, առաջին քայլերս սկսեցի անել պարի աշխարհում։ Իսկ որպես պարուսույց սկսել եմ 1998 թվականից, Շինարարների թաղամասի թիվ 3 ակումբ-գրադարանից, որտեղ հարյուրավոր երեխաներ էին հաճախում։ Մեկ տարի հետո ինձ Կապանի մշակույթի կենտրոնից հրավիրեցին Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու բացօթյա բեմահարթակում ելույթ ունենալու: Որքան հիշում եմ՝ Մայիսի 1-ի տոնակատարությունն էր, որտեղ հանդես եկան իմ սաները, հավանության արժանացան, ինձ հրավիրեցին Կապանի մշակույթի պալատ, և արդեն 23 տարի է՝ ինձ հարազատ դարձած կոլեկտիվում եմ։

Սկզբում մի սենյակ հատկացրին, բայց դժվար էր այն պարասենյակ անվանել, այլ պարզապես տարածք էր, որտեղ մանուկների հետ պիտի պարապեի։ Փառք Աստծո, այսօր ունեմ այն, ինչին տարիներ ի վեր ձգտում էի։ Իսկ օրերս էլ հայելիներ և զուգափայտ տեղադրեցին, ինչը պարապմունքների համար լիարժեք պայմաններ է ստեղծում: Խոսքը կահավորված պարասենյակի մասին է։ Երբ տեսա երեխաների հոսքը դեպի պարարվեստի աշխարհ, մտածեցի՝ անպայման մանկավարժական կրթություն պիտի ստանամ: Նախ՝ ավարտեցի Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը՝ «Մանկավարժության մեթոդիկա» մասնագիտությամբ, այնուհետև Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը։

- Ո՞ր տարիքից մինչև ո՞ր տարիքն են հաճախում «Նարա դանս» պարային ստուդիա: Կա՞ տարիքային սահմանափակում: Տղանե՞րն էլ են պատրաստականությամբ հաճախում:

- Պարարվեստի ստուդիան հաճախում են չորս տարեկանից սկսած մինչև 18 տարեկանը: Այդ տարիքից հետո շատ դժվար են հաճախում. կամ ուսումը շարունակում են Երևանում կամ թողնում են պարը։ Շատ կան շրջանավարտներ, ովքեր «Նարին» շոու ստուդիան ավարտելուց հետո ուսումը շարունակում են Կապանի արվեստի պետական քոլեջում։ Քոլեջի պարային բաժինն ավարտելուց հետո ոմանք ուսումը շարունակում են Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում, ինչը մեզ համար շատ ողջունելի է։ Հաճելի է գիտակցել, որ ձեռագիր ես թողնում մատաղ սերնդի դաստիարակության գործում: Ցավալի է, որ տղաները նույն պատրաստակամությունը չեն դրսևորում, ինչ աղջիկները:

- Ինչպե՞ս է լուծվում, մասնավորապես, ազգային տարազի հարցը՝ մանավանդ որ «Նարին»-ը ներկայացնում է հայկական ժողովրդական, նաև այլ ժողովուրդների պարեր: Իսկ պարն առանց համապատասխան տարազի դժվար է պատկերացնել:

- Վերջերս համայնքապետ Գևորգ Փարսյանի աջակցությամբ 20 հայկական տարազ ենք ձեռք բերել, որից հետո մեկ ամիս անց մեկնել ենք Երևան, մասնակցել «Նազանք»-2023 բազմաոճ պարերի ամենամյա մրցույթ-փառատոնին: Վերադարձել ենք մեդալով, գավաթով և պատվոգրով: Կուզենայի, որ բարերարներ շատ լինեն, որ սաներիս ծնողները հոգսեր քիչ ունենան: Ճիշտ է՝ պարային խումբը գործում է անվճար, բայց տարազներ ձեռք բերելու համար դժվարությունների առջև ենք կանգնում: Հիշում եմ՝ փոքրիկների պարը բեմադրելու համար Երևանից հրեշտակի 50 թևեր եմ բերել:

- Որքանով տեղյակ ենք, Քաջարանի մշակույթի պալատում ևս հանդես եք գալիս որպես պարուսույց: Այնտեղ ևս պարային խումբ եք ղեկավարում:

- Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի հրավերով, համայնքապետի մշակութային հարցերով պատասխանատու Արմենակ Հայրապետյանի աջակցությամբ, Քաջարանի մշակույթի պալատում համատեղությամբ աշխատում եմ։ Այդտեղ, իմ ղեկավարությամբ գործում է «Զանգեզուր» պարային համույթը, որտեղ հաճախում են և՛ տղաներ, և՛ աղջիկներ: Ցավոք, տղաները քիչ են։ Շաբաթական երկու անգամ հաճախում եմ Քաջարան և այնպես անում, որ և՛ Կապանում, և՛ Քաջարանում պարարվեստի գործունեությունս չտուժի: «Զանգեզուր» պարային համույթը ևս պարբերաբար մասնակցում է փառատոների և արժանանում մրցանակների, վերջերս էլ մասնակցեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության շրջանակում անցկացված տոնական համերգին:

- Մեր զրույցին որպես ավարտ՝ ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ծրագրերը, ի՞նչ եք նախատեսում առաջիկայում:

- Փոքրիկների հետ պարապմունքներ սկսել ենք սեպտեմբերից։ Մեկ տարի՝ խոսքս 2024 թվականի մասին է, արդյունավետ պետք է աշխատենք, որ հավուր պատշաճի նշենք «Նարին» պարային խմբի 25-ամյակը, որը լրանում է 2025 թվականին։ Մտադիր ենք հոբելյանական հանդիսությանը հրավիրել «Նարին» պարային խմբի նախկին սաներին, ովքեր ձեռագիր են ստեղծել։ Նաև հյուրեր կլինեն, մասնավորապես, Հայաստանի պարարվեստի միության նախագահ, նշանավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի դասախոսներս, նաև այն մարդիկ, ովքեր ինձ աշխատանքով ապահովել են, օգտակար խորհուրդներ տվել, իրենց հնարավորությունների սահմաններում նեցուկ եղել, որ ես կայանամ։

Երախտապարտ եմ բոլորին և անչափ շնորհակալ։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի խմբագրությանը՝ պարարվեստին հատուկ համար նվիրելու և պարուսույցների աշխատանքը լուսաբանելու համար: Կուզենայի պարուսույցներին, մանկավարժներին, ընդհանրապես, միշտ գնահատված տեսնել: Թող աշխարհում լինի խաղաղություն, մեր բալիկներն էլ միշտ երգեն, պարեն և ուրախանան:

 

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

15 հունիսի 2023 թ.

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11