Ներկայիս սերունդն ավելի ազատամիտ է

23.01.2015 17:00
1936

Գեղի գյուղական համայնքում 1989թ. սեպտեմբերին բացվեց հայկական դպրոց՝ ընդամենը 4 աշակերտով, եւ տնօրեն ընտրվեց Ժենյա Խաչատրյանը: Սկզբնական շրջանում բավականին շատ խոչընդոտներ կային դպրոցի կայացման ճանապարհին: Ճիշտ է, շենքային պայմանները բավարար էին, բայց նախկինում այդտեղ սովորում էր 600-ից ավելի ադրբեջանցի աշակերտ, եւ վերաբնակների հետ եկած տարաբնույթ ավանդույթների, վարքուբարքի, աշխարհայացքի, անգամ բարբառների դրոշմն էր կրում դպրոցը, ինչն ավելի էր դժվարացնում մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը: Ինչեւէ, բազում դժվարություններ հաղթահարելով՝ այսօր դպրոցն արդեն ունի 25-ամյա պատմություն:

2004 թվականից դպրոցի տնօրենությունը ստանձնել է Խորեն Տեր-Ստեփանյանը, եւ այդ ժամանակ դպրոցում սովորում էր 32 աշակերտ: Տասը տարվա ընթացքում աշակերտների թվի դինամիկան մեծ վայրիվերումներ չի ունեցել: 2014-15 ուստարում դպրոցում սովորում է 29 աշակերտ, որից երկուսն է քաղաքաբնակ: Այս ուստարում 5 աշակերտ է ընդունվել առաջին դասարան: 2015-16 ուստարում առաջին դասարան կընդունվի 3-4 աշակերտ: 2013-14 ուստարում ավարտել է 5 աշակերտ, որից 2-ն ընդունվել է բուհ, այս ուստարում կավարտի 5 աշակերտ, որից մեկ հոգի կդիմի բուհ:

2011 թվականից դպրոցին կից գործում է նախակրթարան, որտեղ օրական մի քանի ժամ նախադպրոցական տարիքի երեխաները ստանում են նախնական գիտելիքներ: Երրորդ տարին է՝ նախակրթարանը ֆինանսավորում է մարզպետարանը: Ներկայումս հաճախում է 3 երեխա, հաջորդ տարի նախնական տվյալներով կայցելի 2 երեխա:

Գյուղում երեխաների թիվն աստիճանաբար նվազում է, ինչը հետագայում կարող է հանգեցնել նույնիսկ դպրոցի փակմանը: Արցախյան պատերազմի ընթացքում շատ ընտանիքներ տեղափոխվեցին գյուղ, բայց, իհարկե, ժամանակավոր: Գյուղը լի էր փախստականներով, ովքեր հայերեն չգիտեին, որ ավելի էր դժվարացնում ուսուցումը: Սկզբնական շրջանում դասընթացներ էին կազմակերպում նաեւ ծնողների համար: Ներկայումս այլեւս այդ խնդիրը չկա, քանի որ բոլորն արդեն ունեն հայկական կրթություն:

Դպրոցում, բացի 4-րդ դասարանից, բոլոր դասարաններն էլ առկա են, թեեւ կան ոչ լիարժեք դասարաններ: Ընդհանուր առմամբ դպրոցում կա 5.75 կոմպլեկտ դասարան:

Մանկավարժական կադրերի խնդիր չունեն: Դպրոցում աշխատում է 13 ուսուցիչ, որից 12-ը՝ բարձրագույն կրթությամբ: Դպրոցական բյուջեն բավարար է միայն աշխատավարձ տալու համար, այլ հատկացումներ չունեն: Դպրոցների ֆինանսավորման նոր կարգի համաձայն՝ այս ուստարում հաստիքների կրճատում են արել, բայց աշխատող չի կրճատվել:

Տնօրենի հավաստմամբ՝ Գեղիի հանքավայրը վերագործարկելու դեպքում նախադրյալներ կան, որ նոր ընտանիքներ կտեղափոխվեն գյուղ, ինչը կնպաստի դպրոցում աշակերտների թվի ավելացմանը, այլապես մի քանի տարուց դպրոցը կարող է գոյություն ունենալ միայն շենքի տեսքով: «Պատճառներից մեկը, թերեւս, այն է, որ այսօր գյուղացին հող ունի, բայց հնարավորություն չունի հողը մշակելու, պետությունը պիտի արտոնյալ պայմաններ ստեղծի գյուղատնտեսության զարգացման համար: Գյուղացին չարչարվում է, բայց միսը, կաթը չի կարողանում իրացնել», – նշեց դպրոցի տնօրենը:

Համայնքապետարան-դպրոց սերտ համագործակցությունն ավելի է նպաստում դպրոցի գործունեությանը: Արդեն մի քանի տարի է՝ դպրոցի աշակերտների դասագրքերի գումարը փոխանցում է Գեղիի գյուղապետ Վասիլ Գրիգորյանը, վերջինիս աջակցությամբ լուծվել է նաեւ աշակերտների տետրերի հարցը: Դպրոցականների էքսկուրսիաների, զանազան միջոցառումների կայացման գործում նույնպես մեծ է համայնքապետի ներդրումը:

«Dasaran.am» կրթական ծրագրին դպրոցը միացել է, նույնիսկ անցյալ ուստարում հանրապետությունում 35-րդ տեղն են զբաղեցրել, եւ, ըստ սահմանված կարգի, մինչեւ 50-րդ տեղ զբաղեցնողը մրցանակ պիտի ստանա, սակայն մինչ օրս դպրոցը չի ստացել իր մրցանակը: «Ուսուցիչները մեծ մասամբ երիտասարդ են, եւ համակարգչին տիրապետելու որեւէ դժվարություն չի առաջանում: Մինչեւ տուն գնալը տեղում բոլորը հիմնականում կատարում են ծրագրի ամենօրյա պահանջները», – նշեց տնօրենը:

Ուսուցիչների մեծ մասը քաղաքաբնակ է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ տրանսպորտն անվճար է, ինչը մեծ առավելություն է, քանի որ գյուղական դպրոցներում աշխատող ուսուցիչներն իրենց ստացած չնչին գումարի մի մասը ստիպված տալիս են տրանսպորտին:

Դպրոցի առաջնային խնդիրը տանիքի հիմնանորոգումն է եւ ջրի բացակայությունը: Տանիքի հիմնանորոգման համար դիմել են մարզպետարան, կազմվել է նախագիծ-նախահաշիվ: Այդ հարցը պիտի լուծվեր դեռեւս անցած ուսումնական տարում, բայց ինչ-ինչ պատճառներով հատկացում չեղավ: «Ակնկալում եմ, որ 2015թ. դպրոցի տանիքի եւ ջրի հարցը կլուծվի, քանի որ մարզպետ Սուրեն Խաչատրյանը մեծ ուշադրություն է դարձնում դպրոցների խնդիրներին եւ հնարավորության սահմաններում տալիս դրանց լուծումը», - նշեց տնօրենը:

Ջրի խնդիրը միայն դպրոցինը չէ, այն կարեւոր հարց է նաեւ համայնքի համար: Ճիշտ է, դասասենյակներում եռացրած ջուր են դրել աշակերտների ծարավը հագեցնելու համար, բայց գործող սանհանգույցներ չկան, ինչը սանիտարահիգիենիկ խնդիրներ է ստեղծում: Հուսով ենք, այդ հարցը շուտով լուծում կստանա:

Անձրեւային եղանակին տանիքի գրեթե բոլոր հատվածներից ջուր է կաթում՝ փչացնելով շենքը, գույքը:

Քանի որ շենքը բավականին մեծ տարածք է զբաղեցնում, եւ ամբողջովին վերանորոգման համար շատ միջոցներ են անհրաժեշտ, ուստի նախատեսվում է հիմնանորոգել միայն շենքի մի մասը եւ մարզադահլիճի տանիքը: Տնօրենն ուսումնական գույքի թարմացումը խնդիր չի համարում. շենքը հիմնանորոգելուց հետո տարբեր ծրագրերով կարող են գույք ձեռք բերել: Դիդակտիկ նյութերի, ծրագրերի խնդիր չունեն, ժամանակին ստանում են ուսումնաօժանդակ գրականություն: Լաբորատորիա դպրոցում կարելի է ասել չկա, քանի որ եղած նյութերը վաղուց հնացել են, անհրաժեշտ է թարմացնել պաշարը: Քիմիայի, կենսաբանության երիտասարդ ուսուցչուհի Նարինե Թադեւոսյանի խոսքով՝ նորմալ լաբորատորիա ունենալու դեպքում աշակերտներն ավելի մեծ հետաքրքրությամբ կսովորեն բնագիտական առարկաները:

Միջին դասարաններում ուսման որակը միջինից բարձր է: «Ես ուսուցիչներին ասում եմ, որ աշակերտը պիտի դասարանում դասը սովորի, քանի որ քաղաքի դպրոցների նման մեկ դասարանում 30 եւ ավելի աշակերտ չկա: 1-2 հոգանոց դասարանում 45 րոպեն լիովին բավարար է ե՛ւ նախորդն ամփոփելու, ե՛ւ նոր դասը յուրացնելու համար», – նշեց տնօրենը:

Ավելի փորձառու ուսուցիչները պնդում են, որ աշակերտները շատ անտարբեր են դարձել ուսման հանդեպ: Բացի դրանից՝ տարբեր կազմակերպություններ իրենց ծրագրերն ի կատար ածելու համար հիմնվում են դպրոցների վրա: Անընդհատ դպրոցը ստանում է գրություններ՝ շարադրություններ գրելու, տարբեր միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Ծրագրերի ղեկավարները մոռանում են, որ այս դեպքում գործ ունեն սակավաթիվ աշակերտներով դպրոցների հետ. չէ՞ որ այստեղ միշտ նույն աշակերտն է մասնակցում զանազան միջոցառումներին, ինչը խանգարում է ուսման որակի բարձրացմանը:

Գյուղը հեռու է քաղաքից, եւ աշակերտները հետ են մնում մշակութային կյանքից, որի բացը լրացնում է դպրոցը՝ կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաեւ դպրոցում գործող տարբեր խմբակների միջոցով: Վերջերս դպրոցը մասնակցել է ԿԳՆ-ի եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կազմակերպած առակների բեմադրության մրցույթին՝ ներկայացնելով աստվածաշնչյան «Աղքատ Ղազարոսը» առակը եւ «Ավետարանական առակները հայ դպրոցում» միջոցառմանը մասնակցելու համար արժանացել շնորհակալագրի:

Վերջին 4-5 տարում գյուղից 9 ընտանիք է դուրս եկել, որից 2-ը մեկնել է Ռուսաստան: Դատարկ տները գնալով մեծ թիվ են կազմում:

«Ուսուցչի մասնագիտությունն այնպիսին է, որ պահանջում է անմնացորդ նվիրում: Թեկուզ գրպանը դատարկ լինի, նա աշխատում է, ձգտում իր գիտելիքների, հմտությունների պաշարը փոխանցել աշակերտներին: Պետությունն ըստ արժանվույն չի գնահատում ուսուցչին, աշխատավարձը մանավանդ ոչ լիարժեք դասարաններ ունենալու պայմաններում բավարար չէ: Երբեմն ուսուցիչները բողոքում են, թե ինչ կապ ունի 2 թե 32 աշակերտի հետ ես աշխատում, միեւնույն է, 45 րոպե լիարժեք դասապրոցես ես անցկացնում եւ դրա համար ավելի քիչ վարձատրվում, քան մեծ դպրոցներում», – նշեց դպրոցի փոխտնօրեն Անուշ Առաքելյանը: Նա հավելեց, որ երիտասարդ ուսուցիչներն էլ նվիրումով են աշխատում, ճիշտ է, սկզբնական շրջանում շատ խնդիրներ են ծագում, բայց, միմյանց օգնելով, աստիճանաբար խնդիրները լուծվում են: Նա նշեց նաեւ, որ ներկայիս սերունդն ավելի ազատամիտ է, անկաշկանդ է շփվում ուսուցիչների հետ, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի հետաքրքիր դարձնելու ուսուցումը, եթե, իհարկե, աշակերտները դրանք նպատակային են օգտագործում: «Մեր օրերում այնքան էլ հեշտ չէ աշակերտին ստիպել բոլոր առարկաները համաչափ ուսումնասիրել, պետք է հաշվի առնել աշակերտի ընդունակությունները եւ պահանջել հնարավորության սահմաններում: Միանշանակ ասել, թե չեն կարդում, չեն սովորում, ճիշտ չի լինի: Շատ աշակերտներ կան, ովքեր հասկանալով են ընթերցում հանձնարարված գրականությունը, ոմանք ընթեցում են, բայց ամբողջովին չեն յուրացնում», - նշեց Անուշ Առաքելյանը:

Երիտասարդ ուսուցչուհի Նարինե Թադեւոսյանը խոստովանեց, որ մտավախությամբ է մտել դպրոց՝ կարծելով, թե երեխաների հետ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել, բայց կարողացավ հաղթահարել նախնական դժվարությունները, քանի որ ամենաառաջնայինը երեխաներին շատ սիրելն է: «Աշակերտները ակտիվ են մասնակցում դասապրոցեսին, հետաքրքրասեր են, հատկապես միջին դասարաններում ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում առարկային, իսկ բարձր դասարաններում, պայմանավորված արդեն նախասիրած առարկաներով, երբեմն նվազում է հետաքրքրությունը այլ առարկայի նկատմամբ», - նշեց նա:

Գյուղական դպրոցի աշակերտներն ավելի պարզամիտ են, ավելի հարգանքով են վերաբերվում ուսուցչին ու նրա աշխատանքին: Այստեղ տիրում է աշխատանքային առողջ մթնոլորտ, երիտասարդ ուսուցչի յուրաքանչյուր բացթողման ավելի փորձառու ուսուցիչները ըմբռնումով են մոտենում. չէ՞ որ ժամանակին իրենք էլ են երիտասարդ եղել: Դպրոցում Վազգեն Սարգսյանին, Մոնթե Մելքոնյանին նվիրված, Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման, պատանի երկրապահների եւ այլ թեմաներով հետաքրքիր անկյուններ են ստեղծվել, պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ եւ բազմաբովանդակ միջոցառումներ: Դպրոցի փոխտնօրենի խոսքով՝ նախատեսվում է դպրոցում սրահ բացել, որտեղ կներկայացվեն տարբեր աշխատանքներ:

Իսկ վերջում՝ ուսուցչի այն հարցին, թե ինչ ես դառնալու, դպրոցի աշակերտներից մեկը պատասխանել է` Հայոց բանակի զինվոր:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը

30.10.2024 20:52

Ներքին Հանդի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, կա վտանգ, որ նորից կհարվածեն. Ֆրանսիայի դեսպան

30.10.2024 18:50

Սպորտային Սյունիքի լեգենդ-մարդը. Աղվան Հակոբյան

30.10.2024 17:14

«Գորիսյան օրեր» միջոցառումների շարքը մեկնարկեց վերակառուցված Թումանյան փողոցի պաշտոնական բացման արարողությամբ

30.10.2024 16:23

Հոկտեմբերի 29-ից 30-ը երկօրյա այցով Սիսիան համայնքում է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության անդամ, Մոնտելիմարի փոխքաղաքապետ տիկին Ֆաբիեն Մենուարը

30.10.2024 16:04

«Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելու համար նախատեսվում է թուրք լրագրողների այց Հայաստան

30.10.2024 14:35

Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ. Արգիշտի Քյարամյան

30.10.2024 14:33

Քանդակագործ, ով արարեց էպիկական կերպարներ

30.10.2024 11:41

Քարահունջ աստղադիտարանը՝ մեր ազգի ծննդյան վկայաքարն է․․․

30.10.2024 11:06

Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը

30.10.2024 10:44

Պաշտոնյաների՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ հակասական տվյալների հետքերով

30.10.2024 10:32

Իսրայելին իր տեղը ցույց կտանք, կստանան ավելի ուժեղ պատասխան․ Իրանի նախագահ

29.10.2024 23:06