Ներքին Հանդը՝ Սյունիքի հարավ-արևելյան դարպասը, աքցանի մեջ է

21.04.2022 15:13
5382

Սյունիքի սահմանապահ գյուղերի վիճակը 2020 թ. դեկտեմբերի 18-ից հետո (մեղմ  ասած) նման չէ մինչ այդ եղած կացությանը:

Փոփոխությունն ակնհայտորեն  նկատելի է Ծավի ենթաշրջանում, և առաջին հերթին՝ անվտանգային համակարգի նոր, երբևէ չեղած նկարագրով: Ավելի կոնկրետ՝ Ծավի ամբողջ ենթաշրջանը՝ Ճակատենից մինչև Շիկահող, մինչև Սրաշեն, ապա մինչև Ներքին Հանդ, կարծեք, պաշտպանական մի կուռ համակարգ է այլևս:

Այդ բնակավայրերից դեպի արևելք ադրբեջանական հենակետեր են, նորաբաց կամ նոր կառուցվող ճանապարհներ, որոնք անզեն աչքով անգամ տեսանելի են մայրուղուց:

Ծավի ենթաշրջանում և ընդհանրապես ամբողջ Սյունիքում ռազմավարական առանձնահատուկ դիրք է զբաղեցնում Բասուտա գետի հովիտը, որի կենտրոնում Ներքին Հանդ գյուղն է՝ երեք կողմից ադրբեջանական դիրքերի հայացքի ներքո...

Անկեղծ ասած՝ Սյունյաց աշխարհի բազում բնակավայրեր են հիմա Ադրբեջանի զինյալների դեմ հանդիման, բայց Ներքին Հանդը.... Նեղ սեպի նման այն խրված է ադրբեջանական դիրքերի մեջ:

Գյուղն աքցանի մեջ հայտնվեց կամ գյուղի այդ վիճակը վերջնականապես ձևավորվեց 2022 թ. մարտի առաջին օրերին, երբ ադրբեջանցի զինյալները (առանց դիմադրության հանդիպելու) բռնազավթեցին գյուղի հարավային՝ իշխող բարձունքներից մեկը, որ տեղացիները կոչում են Ճղարանց արտեր կամ Շինատեղի դիմացի բարձունք:

Հայաստանում այդ օրերին բարձրացած արդարացի աղմուկը չխանգարեց, որ ադրբեջանցիները մոտ 700-800 մ երկարությամբ ճանապարհ բացեն (ոլորաններով) դեպի նորահնար առաջնագիծ, որտեղ արդեն իսկ նրանց մարտական դիրքն էր՝ նախկինում երբևէ գոյություն չունեցած:

Այդ բարձունքից, որ ի սկզբանե (նաև խորհրդային ժամանակներում) Ներքին Հանդի վարչական տարածքի մաս էր, ոչ միայն դիտարկվում են գյուղի գերեզմանը, հին գյուղատեղին՝ Սուրբ Գևորգ եկեղեցիով, նաև Շենատեղի Սուրբ Հռիփսիմե սրբավայրը, այլև Ծավի ենթաշրջանի մեծ մասը...

Ներքին Հանդի մերձակայքի օկուպացիայից հետո մեր կողմից էականորեն ուժեղացվել է հայկական պաշտպանական գիծը, ինչը, անշուշտ, դրվատանքի է արժանի: Այդ առումով գնահատելի է նաև երկրապահ-կամավորականների վարքը, ովքեր Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հետևողականություն են ցուցաբերում...

Տեղի բնակիչներին որոշ չափով հույս է ներշնչել նաև Կապան-Ծավ մայրուղուց դեպի Ներքին Հանդ ձգվող ճանապարհի խաչմերուկում (մարտյան դեպքերից հետո) կարգված ռուսական հենակետ-անցակետը, թեև այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու հենակետը Ներքին Հանդում չի տեղակայվել կամ նրա արևելյան մատույցներում, այլ գյուղից 4,5 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևմուտք:

Իմիջիայլոց, այդ հենակետ-անցակետը որևէ խոչընդոտ չի հարուցում եկող-գնացող մեր բնակիչներին:

Ձեռնարկված քայլերը, սակայն, ըստ գյուղաբնակների՝ բավարար չեն․․․

Սահմանի վրա կան տեղեր, որոնք շարունակում են մնալ խոցելի, ինչի մասին գյուղի պատասխանատուները քանիցս տեղեկացրել են պատկան մարմիններին:

Եվ նման շատ հարցեր, որոնք մտահոգում են գյուղացիներին, հաճախ նաև անորոշության, անվստահության տեղիք տալիս...

 

***

Ներքին Հանդում ապրիլի 20-ին հանդիպումներ ունեցանք բնակիչների, նաև գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ. հայրենի եզերքի իսկական նվիրյալ է գյուղի ղեկավարը, ում առնչվել էինք նաև Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ՝ գյուղի արևելյան ուղղության առաջնագծում, իսկ հիմա մտահոգ է իր բնօրրանի հիմնախնդիրներով:

- Պարոն Բաղդասարյան, նախ՝ գյուղում իշխող մթնոլորտի մասին՝ մարտյան հայտնի իրադարձություններից հետո:

- Հուսալքության, խուճապի մասին խոսք լինել չի կարող, բայց կա մտահոգություն... Այս պահին գյուղում ապրում է 31 ընտանիք, այդքան էլ եղել է:

- Ի՞նչ տեղի ունեցավ գյուղի մերձակայքում այս տարվա մարտի առաջին օրերին:

- Թշնամու կողմից առաջխաղացում եղավ, եկան ու նստեցին, հետո էլ սկսեցին ճանապարհ կառուցել. մոտ 750 մ առաջ են եկել:

Դրան  հակակշիռ քայլեր ձեռնարկվեցին մեր կողմից. իրենց դեմ հանդիման մեր մարտական դիրքերն են:

- Եվ եթե փորձենք ընդհանուր գծերով գնահատել գյուղի անվտանգության վիճակը...

- Զանգելանի կողմն ինչպես կար, այնպես էլ մնում է. կանգնած ենք և՛ մենք, և՛ իրենք, միջադեպեր չեն լինում: Միայն ճանապարհ են կառուցում  նրանք, որ դեռ ավարտված չէ:

Սահմանի մոտակայքում հողեր ունենք՝ 40 հա այգի, որ չի օգտագործվում. ռիսկերը  մեծ են...

- Ներգյուղական խնդիրների մասին կուզենայինք իմանալ ևս մեկ անգամ:

- Խմելու ջրի խնդիր ունենք, ներքին ցանցն էլ շարքից դուրս եկած վիճակում է:

Անասուններն ամառային արոտներ հասցնելու գործում էլ ռիսկեր կան՝ պայմանավորված ադրբեջանցիների վերջին առաջխաղացմամբ:

- Կառավարությունն ուզում է գյուղում նոր դպրոց կառուցել կամ եղածը հիմնանորոգել:

- Մասնագետներ են եկել, չափագրումներ են արել...

Բայց ու՞մ համար են դպրոց կառուցում, յոթ դպրոցական ունենք:

- Այգիներից բացի մյուս հողերը հաջողո՞ւմ եք մշակել:

- Աշնանացան ցորենի ցանքսեր ունենք՝ 15 հա-ի վրա, տնամերձերն են մշակվում՝ ապահովված են ոռոգման ջրով:

-Ուրիշ ինչո՞վ են զբաղվում գյուղացիները:

- Մեղվապահությունն է զարգացած, ամեն ընտանիք մեղվաբուծությամբ է նաև զբաղված, յուրաքանչուրը՝ 30-40, որոշները՝ մինչև 100 փեթակ:

Կարելի է ասել՝ յուրաքանչյուր ընտանիք (բացի գյուղատնտեսությամբ զբաղվելուց) մի աշխատող ունի՝ դպրոցում են, անտառտնտեսությունում, «Շիկահող» պետական արգելոցում:

***

Բասուտա գետի հովիտը սովորական տարածք չէ մեզանում...

Ներքին Հանդ գնալիս նախ հայտնվեցինք Մթնաձորի սկզբնամասում, իսկ Մթնաձորը, նաև Ներքին Հանդն ու Սոսիների պուրակը վաղուց աշխարհագրական վայր չեն սոսկ:

Մթնաձորը մեր ընկալումներում Ակսել Բակունցի «Մթնաձորը» պատմվածաշարի գեղարվեստական կուտակումների միջավայրն է, ասել է թե՝ այն հոգևոր տարածություն է հայոց մեջ...

Այնուհետև եղանք  Ներքին Հանդում գյուղամիջով հոսում է Բասուտա գետը. այդ վայրը Սոսի սրբազան ծառի հայաստանյան «բնակատեղին» է: Ըստ մասնագետների՝ Սոսիների պուրակի հայաստանյան հատվածում, որ 64 հա է, ներկայումս հաշվվում է չորս հազար սոսի:

Սոսիների մի տեսակը՝ արևելյան սոսին, Հայաստանում հազարամյակներ շարունակ համարվել է սրբազան ծառ: Հավատացյալներն ունկնդրելով սոսիների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների «կամքով» արել են գուշակություններ...

Ներքին Հանդի բնակիչների հետ  շփվելուց հետո, երբ արդեն Սոսիների պուրակում էինք, «սոսիների ազդեցությամբ» ինքներս էլ ակամա գուշակություններ արեցինք՝ հայոց Սյունիքի, հայոց Արցախի երթը՝ հազարամյակների խորքից եկող ու հավերժին միտված, ոչ ոք չի կարող խաթարել...

Բաքվում և Շուշիում հայերի ցեղասպանությունը մինչ օրս չի ստացել իրավական գնահատական, ինչը թույլ է տվել Բաքվին շարունակել ցեղասպանական քաղաքականությունը. Ստեփան Հասան-Ջալալյան

01.04.2026 17:04

ՌԴ-ում Իրանի դեսպանը 4 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ին և Իսրայելին

01.04.2026 16:49

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01.04.2026 16:35

Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի

01.04.2026 16:29

Ռուսաստանն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կապեր է պահպանում ԿՀՎ-ի հետ․ Նարիշկին

01.04.2026 16:17

В Ереване почтили память легендарного лётчика Нельсона Степаняна

01.04.2026 15:01

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

01.04.2026 14:57

Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է

01.04.2026 14:15

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպումից

01.04.2026 14:12

Նախագահը հրաժարվել է Վազգեն Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է ՍԴ

01.04.2026 12:59

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը կքննի Մնացական Մարտիրոսյանը

01.04.2026 12:54

ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ

01.04.2026 10:46