Ներսես Շադունց. «Տեղ համայնքը 60 կմ շփման գիծ ունի Ադրբեջանի հետ, իսկ մոտ 350 հա հողատարածք հայտնվել է հակառակորդի տիրապետության ներքո»

30.07.2021 16:47
4761

2020 թ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից եւ մասնավորապես դեկտեմբերի 18-ից հետո Տեղ խոշորացված համայնքը՝ իր մեջ գտնվող գյուղերով, հայտնվել է սահմանապահ համայնքի կարգավիճակում:

Համայնքը, բացի Տեղից, ներառում է Կորնիձոր, Քարաշեն, Արավուս, Վաղատուր, Խոզնավար, Խնածախ գյուղերը։

Գրեթե ամեն օր համայնքի տարբեր բնակավայրերից մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում։ Տարածված տեղեկությունները ճշտելու եւ իրական վիճակին ծանոթանալու համար հուլիսի 26-ին այցելեցինք Տեղ համայնք՝ զրուցելու համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ։

– Պարոն Շադունց, առաջին հարցը, որը կցանկանայինք Ձեզ ուղղել՝ հետեւյալն է՝ մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 20-ին, տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրություն, որից հետո, ինչպես տեսնում եք, Սյունիքի մարզում տեղի են ունենում  մի շարք ոչ սովորական, նույնիսկ արտառոց գործընթացներ, սակայն այսօր մտադիր չենք Ձեզ հետ քննարկել այդ իրավիճակը, քանի որ դա խոսակցության առանձին նյութ է, պարզապես կցանկանայինք իմանալ՝ ինչպիսի՞ն է հետընտրական իրավիճակը Տեղ համայնքում՝  քաղաքացիական համերաշխության, մարդկանց տրամադրության տեսակետից։

– Շնորհակալ եմ զրույցը նախաձեռնելու համար։ Ասեմ, որ հետընտրական գործընթացները Տեղ համայնքի բոլոր բնակավայրերում ավարտվել են հունիսի 20-ի հաջորդ օրը. բնակիչներն անցել են իրենց բնականոն կյանքին, յուրաքանչյուրը զբաղված է իր տնտեսությամբ, արտառոց դեպքեր չեն եղել, ապրում ենք մեր կյանքով։

– Հիմա՝ օպերատիվ իրավիճակի մասին. դեկտեմբերի 18-ից հետո ամբողջ համայնքը սահմանապահի կարգավիճակում է, հետաքրքիր է՝ քանի՞ կիլոմետր է կազմում համայնքի սահմանը կամ շփման գիծը Ադրբեջանի հետ՝ Խոզնավարից մինչեւ Կորնիձոր։

– Տեղ խոշորացված համայնքն իր մեջ ներառում է յոթ բնակավայր. Կորնիձորից մինչեւ Խոզնավարի վարչական շրջանի հատվածը 60 կմ երկարությամբ սահմանագիծ է, որը պաշտպանվում է ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի կողմից. մենք եւս համագործակցում ենք նրանց հետ, եթե հանձնարարություններ լինում են:

– Լաչինի վարչական շրջանի՞ հետ է սահմանն անցնում, թե՞ նաեւ Քելբաջար-Քարվաճառի:

– Համայնքը հիմնականում սահմանակից է նախկին Լաչինի վարչական շրջանին, Խոզնավարի վերեւի հատվածը սահմանակից է Սեւ լճի տարածքին:

– Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Տեղ համայնքում ընդգրկված գյուղերին պատկանող հողերի մասին ինչ-որ թիվ շրջանառության մեջ դրվեց, որոնք դեկտեմբերի 18-ից հետո հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո, խոսքը 350 հեկտարի մասին է։ Եթե կարելի է, ճշտենք այդ տեղեկատվությունը։

– Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, մոտ 200 հեկտարը Խոզնավարի վարչական տարածքի արոտավայրերից է, որ գտնվում է Սեւ լճի հարակից տարածքում, իսկ ընդհանուր առմամբ՝ ունենք վարելահողեր, խոտհարքներ, որոնք,  GPS համակարգով առաջնորդվելով, անցել են հակառակորդի տիրապետության ներքո։

Նախկինում առաջնորդվել ենք 1969 թվականի քարտեզներով:

1986 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ, կատարվել է սահմանների ճշգրտում, այնուհետեւ, Գորիսի շրջխորհրդի գործկոմի 1991 թ ապրիլի 14-ի որոշմամբ, այդ հողատարածքները սեփականաշնորհվել են: Ադրբեջանցիները GPS-ով առաջնորդվելը պատճառաբանում են նրանով, որ 1986 թ սահմանորոշումները հաստատված չեն երկու հանրապետության կառավարությունների կողմից։

Սահմանների ճշգրտումը միջկառավարական խնդիր է, որը պետք է լուծվի, որովհետեւ բնակավայրերը տարբեր չափի կորուստներ ունեն վարելահողերի ու արոտավայրերի տեսքով, որոնց մի մասը բնակիչների, մյուս մասը՝ համայնքային սեփականություն է։

– Փաստորեն 350 հեկտարի մի մասը սեփականաշնորհվել է ժամանակին. մարդիկ կանոնավոր հողի հարկ են վճարել, ունեն սեփականության վկայականներ, բայց նրանց սեփականությունը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ի՞նչ է արվում այդ հողատարածքները վերադարձնելու ուղղությամբ։

– Մենք, որպես տեղական ինքնակառավարման մարմին, մեր պարտականությունները հավուր պատշաճի կատարել ենք՝ տեղեկացրել ենք ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Սյունիքի մարզի հարցերով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին։ Տարբեր գերատեսչություններ տեղյակ են խնդրին, նույնիսկ կադաստրի պետական կոմիտեին եմ  ներկայացրել խնդրի հանգամանքները՝ փաստերով, քարտեզներով ու վկայականներով, հիմա տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն։

– Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերից մեկ-երկուսը տեղի են ունեցել Տեղ համայնքում։ Ի՞նչ խնդիրներ են քննարկվել անվտանգության տեսակետից:

– Անվտանգության վերաբերյալ հարցեր ենք բարձրացրել՝ սահմանում խնդիրներ ենք ունենում, երբեմն միջադեպեր են գրանցվում անասուններն արոտի հանելու ժամանակ, քանի որ տարանջատված չէ՝ փշալար, էլեկտրական հովիվ տեղադրված չէ, խրամատ պատրաստված չէ։

Միջգերատեսչական հանձնաժողովի հետ կարեւոր մի հարց ենք լուծել՝ մեր բեռնատար մեքենան, որ համայնքային սեփականություն էր, ուղարկել էինք մարտադաշտ, պայթել է, հետ չենք կարողացել բերել, միջգերատեսչական հանձնաժողովի միջնորդությամբ ձեռք ենք բերել նոր մեքենա։

– Կուզենայինք անդրադառնալ կոմբայնի եւ կոմբայնավարի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպին, ավելի ճիշտ՝ դրանից հետո տարածված մի տեղեկության, թե իբր Շպկի դուզ կոչվող տարածքում Ձեր ու ադրբեջանցիների մասնակցությամբ կատարվել են սահմանագծման կամ սահամանազատման աշխատանքներ։ Իսկապե՞ս որոշ հատվածներում սահմանագծում է կատարվել, թե՞ դա ուղղակի ժամանակավոր պայմանավորվածություն է։

– Իհարկե, մենք դրա իրավասությունը չունենք, դրանով պետք է զբաղվեն միջկառավարական գերատեսչությունները, բայց տվյալ պահին ներկա էին ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի Հանրապետության, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության զինվորականները, ու փորձեցինք խնդրին ժամանակավոր լուծում տալ, քանի որ վերջին 15 օրվա ընթացքում անընդհատ տեղի էին ունենում միջադեպեր։ Մոտ 2 կմ երկարությամբ սահմանագծում արեցինք, եթե կարելի է այդպես կոչել, որպեսզի մեր բնակիչները չշփոթվեն։

– Այսինքն, դա ժամանակավո՞ր լուծում է։

– Այո՛, իհարկե, ժամանակավոր լուծում է, այն էլ՝ մի փոքրիկ հատվածում։

– Խոսենք մոտ 60 կմ սահմանի անվտանգության համակարգի մասին… Նախ` սահմանի այդ հատվածում ռուսական խաղաղապահ կամ սահմանապահ ուժեր տեղակայվա՞ծ են, թե՞ ոչ։

– Խաղաղապահ զորքեր այս պահին Ձեր նշած տարածքում տեղակայված չեն, սահմանապահ զորքերն են, որոնք ի սկզբանե են եկել ու գտնվում են Տեղ գյուղի վարչական տարածքում՝ Կարմիր բլուր կոչվող վայրում։

Մենք հողահատկացում ենք արել, որ կառավարությունը, անհատույց օգտագործման իրավունքով, նրանց ժամանակավոր հողատարածք տրամադրի, քանզի շինություններ են կառուցում իրենց ծառայությունը կատարելու համար։

Նրանք մի քիչ խորքում են կանգնած, բայց ցանկացած սահմանային միջադեպի մասին տեղյակ ենք դարձնում անմիջապես եւ փորձում ենք ծագած խնդիրներին լուծում տալ։ Ինչ վերաբերում է համայնքի մյուս գյուղերին, այնտեղ էլ փորձում են ռուս սահմանապահների ծառայությունը կազմակերպել։

– Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Տեղ գյուղի վարչական տարածքում, ստեղծվել է նոր հսկիչ կետ՝ մեր զինվորական ոստիկանության կողմից։ Արդյո՞ք իրավիճակի կայունացմանը դա նպաստ է բերում:

– Այո, հսկիչ կետն արդեն կա, նրանք հավուր պատշաճի ծառայություն են իրականացնում եւ, կասեի, էականորեն նպաստում են շատ-շատ հարցերի կարգավորմանը:

– Մեր սահմանապահների կողմից ստեղծված մարտական դիրքերը բավարա՞ր են սահմանի անվտանգությունն ապահովելու համար։

– Ինչքան շատ լինեն մեր հենակետերն ու դիրքերը, այնքան ավելի հանգիստ ու ապահով կլինենք: Իհարկե, ՀՀ ԶՈՒ եւ ԱԱԾ ստորաբաժանումները կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը, բայց ցանկալի է, որ հենակետերն ավելի շատ լինեն։

– Սահմանի կահավորվածության մասին. ի՞նչ է արվել 2020 թ դեկտեմբերի 18-ից հետո: Արդյո՞ք հարցերը քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովում։

– Այդ հարցերը քննարկվել են թե՛ միջգերատեսչական հանձնաժողովում, թե՛ ՀՀ ԶՈւ համապատասխան կառույցներում, բայց, կարող ենք ասել, արվել է այնքան, որքան կարողացել են։

– Համայնքի գյուղերում հետպատերազմական շրջանում տիրող իրավիճակի մասին. գյուղերից հեռացողներ կա՞ն։

– Դեկտեմբերի 1-ից հետո, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանում եղավ, բնակիչները, ովքեր մեր գյուղերից էին գնացել Քաշաթաղ՝ ապրելու, վերադարձան իրենց նախկին բնակավայրեր։ Մի կողմից շատ վատ է, որ նրանք տեղահանվել են, մյուս կողմից՝ ողջունելի է, որ վերադարձել են իրենց բնակավայրեր եւ ուրիշ տեղ չեն գնացել։ Բայց կան նաեւ համայնքից մեկնողներ, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ, դաշտավարությամբ, իսկ հիմա՝ տարածքների հետ կապված, իրենց աշխատանքներն այստեղ նորմալ շարունակելու հնարավորություն չեն տեսնում։

Ժողովրդի շրջանում խուճապ չկա, հակառակը՝ մարտականորեն են տրամադրված, ամեն մեկն իր գործն է կատարում։

– Համայնքի գյուղերի տղամարդիկ ինչպե՞ս արձագանքեցին պայմանագրային գումարտակներ ստեղծելու նախաձեռնությանը, տարիքային շեմի խնդիր էր ծագել, ինչպե՞ս կարգավորվեց։

– Երկու տեսակի խնդիր էր առաջացել. տարիքային շեմի  հետ կապված խնդիրն օրենսդիրը լուծեց՝ տարիքային շեմը բարձրացվեց։ Մարդիկ կային, որ իրենք էին հայտնել պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն, քանի որ ձմռանն աշխատանք չի լինում, եւ ցանկանում էին իրենց զբաղվածության հարցը լուծել բանակային ծառայությունում  ընդգրկվելու միջոցով, բայց որոշակի խնդիրներ առաջացան։ Հիմա փորձում ենք այդ հարցերին նույնպես լուծում տալ...

– Արժե՞ արդյոք սահմանային գյուղերի տղամարդկանց զենք տրամադրել։

– Ճիշտ ու տեղին հարց է, ինքնապաշտպանական մարտերը սկսելու պահից զենք ենք ստացել եւ զինել ենք մարտական հերթապահություն իրականացնող տղաներին, դրան զուգահեռ փորձել ենք իրավական տեսանկյունից կարգավորել հարցը, զինանոցներ ենք պատրաստել. այս պահին զինանոց ունենք Կորնիձորում, Տեղում եւ մյուս գյուղերում։ Դիմել եմ պատկան մարմիններին՝ լրացուցիչ զենք տրամադրելու  խնդրանքով, հարցը մինչեւ հիմա քննարկման փուլում է։

Մի քանի ամիս է՝ զենքերը մեր տրամադրության տակ են, որեւէ խախտում չի եղել:

Կարծում եմ՝ սահմանում ապրող յուրաքանչյուր ադեկվատ, զենք բռնել կարողացող մարդ պետք է զինված լինի։

– Ձեր պատասխաններից հասկացանք, որ պատերազմի ժամանակ ձեւավորված ինքնապաշտպանական ջոկատները մինչեւ հիմա  գործում են։

– Այո, ցանկացած պահի մեզանից 15 րոպե ժամանակ է պահանջվում, որպեսզի կազմ-պատրաստ ներկայանանք նշանակված վայր:

– Արոտավայրերում տիրող իրավիճակը. ինչքանով տեղյակ ենք՝ արոտավայրերի մի մասը գտնվում է Սեւ լճի եւ Սագի լճի մերձակայքում, այս տարի գյուղացիները կարողացե՞լ են այդ տարածքներից օգտվել։

–Խոզնավարի արոտավայրերի մի մասն այս պահին նպատակին չի ծառայում, գյուղերի ֆերմերներն իրենց անասունները տեղափոխել են հեռագնա արոտներ՝ Սիսիանի տարածաշրջան, որն էլ լրացուցիչ դժվարություններ է առաջացրել։

Ժամանակին մեր համայնքում շատ էինք հպարտանում անասնագլխաքանակով՝ մոտ 60 հազար մանր եղջերավոր անասուն, որը կազմում էր Սյունիքի մարզի անասնագլխաքանակի 50 տոկոսը, ունեինք նաեւ 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, բայց քանի որ ձմռանն անասուններն իջեցնում էինք Արաքսի հովտի արոտավայրեր, որը հիմա մեր վերահսկողությունից դուրս է, անասնագլխաքանակի 60 տոկոսը վաճառվեց՝ կեր չունենալու պատճառով։ Հիմա փորձում ենք եղածը պահել...

– Մի քանի խոսք էլ՝ բերքահավաքի ընթացքի մասին, քանի որ խոտհունձը գրեթե ավարտվել է եւ սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, ինչպե՞ս է բերքի վիճակը, կա՞ն հողատարածքներ, որ ստեղծված իրավիճակի պատճառով չեն մշակվել։

–Խոտհունձը սկսվել է գարնանը եւ շարունակվելու է մինչեւ  խոր աշուն, քանի որ Խոզնավարի որոշ խոտհարքներ ծովի մակարդակից բարձր են... Ներկայումս այնքան լուրջ է անասնակերի վիճակը, որ գյուղացիները վաճառում են նույնիսկ ծղոտը։

Հացահատիկային մշակաբույսերի մասով՝ նոր մշակույթ է ձեւավորվում՝ բնակիչները ձեռք են բերում  նոր տեսակի սերմեր, թունաքիմիկատներ եւ այլն։  Պետք է փորձենք բարձրարժեք մշակաբույսեր ցանել, քանի որ տարածքները պակասել են։

– Քանիցս լսել  եւ լսում ենք մտահոգություններ խմելու ջրի վերաբերյալ, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը։

– Խոզնավար, Վաղատուր եւ Խնածախ գյուղերում խմելու ջուրը համայնքային ենթակայության է։  

Խնածախը խմելու ջրի լուրջ խնդիր ունի, տարիներ շարունակ այդ բնակավայրն օգտագործել է խորքային հորերի ջուր եւ գյուղի ներքեւի հատվածում ունեցել է մեկ աղբյուր։ Հիմա ծրագրով նախատեսված աշխատանքները սկսել ենք՝ մոտ 100 մլն դրամ արժողությամբ ծրագիր է՝ 9 հազար մետր հեռավորությունից գյուղի համար ջուր ենք բերելու, եւ մեր մասով ներդրում ենք արել։

Նույնն անում ենք Վաղատուրում. ներքին ցանցի հետ կապված խնդիր կա, եւ փորձում ենք այն փոխել, որոշ մասն էլ փոխելու ենք երկրորդ փուլով։

Իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կառավարության որոշմամբ ժամանակին նվիրատվություն ենք արել մեր գույքը՝ ներքին ցանցը՝ ամբողջությամբ նոր՝ թե՛ Քարաշենում, թե՛ Արավուսում, թե՛ Տեղ գյուղում, թե՛ Կորնիձորում։ Համայնքի խոշորացումից հետո չեմ տեսել, որ այդ ընկերությունը որեւէ ներդրում անի մեր համայնքի ներքին ցանցի վրա։ Որոշ տեղերում վթարներ ենք ունենում... Կառավարությանն ենք դիմում... Բայց խմելու ջրի խնդիրը կապված է նաեւ ոռոգման ջրի հետ ոռոգման ջրի խնդիր ունենք ե՛ւ Կորնիձորում, ե՛ւ Տեղ գյուղում, ե՛ւ Քարաշենում, ե՛ւ Արավուսում, այդ պատճառով էլ բնակիչների մի մասը փորձում է խմելու ջուրն օգտագործել ոռոգման նպատակով: Ուստի՝ եթե լուծվի ոռոգման ջրի խնդիրը, 50 տոկոսով  լուծված կլինի նաեւ խմելու ջրի խնդիրը։

– Պարոն Շադունց, ԱԺ արտահերթ ընտրությունից առաջ ծնվեց եւս մեկ (այսպես կոչված) քաղաքական ուժ՝ «Վերածնվող Հայաստան», եւ քանիցս հայտարարվեց, թե Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն այդ կուսակցության հիմնադիրների հետ է եւ նույնքան անգամ հերքվեց։ Պարզություն մտցրեք շատերին հետաքրքրող այդ հարցում։

– Որոշակի հարցերում համակարծիք ենք եղել եւ համագործակցել ենք մարզի համայնքների ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ, բայց ես կուսակցության անդամ չեմ եղել ու չեմ։

– Մենք այսօր հասցրել ենք բնակիչների հետ զրուցել, մարդիկ տեղյակ են, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ կլինեն նաեւ Տեղ գյուղում, ու լսեցինք կարծիքներ՝ մարդկանց մի մասը ցանկանում է Ներսես Շադունցին վերընտրված տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ ի՞նչ կարծիքի եք Դուք:

– Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բնակիչների մեջ մարդիկ կան, որ փորձում են ինձ համոզել, որ շարունակեմ  աշխատանքը... Որոշողը ժողովուրդն է, ժամանակը ցույց կտա․․․

– Վերջին հարցը՝ Դուք մեր մարզի այն համայնքապետերից եք, որ շատ սերտ համագործակցում եք լրատվամիջոցների հետ, ասել  է թե՝ կողմնակից եք թափանցիկ, հրապարակային, գործունեությանը, դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է  Ձեր աշխատանքին:

– Հանրությունը տեղեկացված պիտի լինի, դրա կարիքը կա։ Եվ ուրեմն՝ ինչո՞ւ պիտի լրագրողների համար հասանելի չլինենք։ Կարծում եմ՝ մաքուր ու ճիշտ ապրելը շատ գեղեցիկ բան է։ Եվ հանրությունից թաքցնելու բան չունենք...

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25