ՆԻԿՈԼԱՅ ՊԱՊ. «Լավ պատերազմ չի լինում, իսկ խաղաղությունն ամենաթանկ բանն է աշխարհում»

23.01.2015 18:00
2101

100-ամյակդ շնորհավոր

Որեւէ մեկին օրհնանք տալիս հաճախ ենք լսել` հարյուր տարեկան դառնաս եւ յոթ զավակով սեղան նստես: Դա այսօր իրականություն է Նիկոլայ պապի համար: Մեր երկրի տարբեր մարզերում եւ Ռուսաստանի Դաշնությունում ապրող բազում զավակները, թոռները, ծոռները` թվով քառասուներեք հոգի, հավաքվել են հարազատ օճորքի տակ` շնորհավորելու սիրելի հոր, պապի Ամանորը, Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 10-ին նշելու նաեւ նրա հարյուրամյակը: Վերիշենցի Նիկոլայ Դանիելի Բադալյանը հունվարի 10-ին դարձավ հարյուր տարեկան: Նա ընտանիքի առաջին զավակն էր: Այս մեծ մարդը տխրությամբ է հիշում Սոնա մորը, ով ծնունդով Քարահունջ գյուղից էր, եւ ում բարի անունով են հիշում նաեւ բոլոր վերիշենցիները: Ասում են` Սոնա մայրիկի ձեռքով պատրաստված ուտելիքի համը դեռ իրենց քիմքերը խուտուտ է տալիս. որքան լավ խոհարար, մաքրաձեռ կին է եղել:

Նիկոլայ պապն ամուսնացել է երկու անգամ. առաջին անգամ 1944-ին, որից ծնվել է Ռուբիկ զավակը, եւ 1946-ին: Երկրորդ ամուսնությունից ծնվել են Ռշտունի, Ծովիկ, Ռաֆիկ, Ռոզիկ եւ Ռամելա զավակները: Ռշտունին եւ Ռաֆիկն իրենց ընտանիքներով բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում:

1938թ. զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել ֆիննական պատերազմին: Ծառայությունն ավարտին էր մոտենում, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Կռվել է տարբեր ճակատներում: Վիրավորվել է երեք անգամ, վերջին անգամ` 1942թ., Շեպետովկա քաղաքի մոտակայքում, եւ հոսպիտալում առողջությունը մասնակիորեն վերականգնելուց հետո զորացրվել որպես երկրորդ կարգի հաշմանդամ: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:

Իր ապրած կյանքի ամենանշանակալից պահը (ամենանշանակալից եւ ոչ թե ամենալավ- Ռ.Հ.) համարում է Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ հանդիպումը: Բայց այդ մասին` հետո:

Կարիքը, գործազրկությունը շատերի նման նրա զավակներից երկուսին ստիպել են «ժամանակավորապես» հեռանալ հայրենիքից, հետո էլ դարձյալ «ժամանակավորապես» իրենց մոտ են տեղափոխել նաեւ ընտանիքի մնացած անդամներին: Այսօրվա դրությամբ Նիկոլայ պապի բազմանդամ գերդաստանի մի զգալի մասը մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում` աշխարհում սփռված հայ ընտանիքների թիվն ավելացնելով եւս մի քանիսով: Ու ինչքան էլ հաճելի չլինի, միեւնույն է, փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հայրենի հողի հարազատ օջախում այլեւս հանդիպելու են լավագույն դեպքում տոնական օրերին կամ ուրախություններին, իսկ վատթարագույն դեպքում (աստված մի արասցե)` տխրության առիթով: Ու թվում է` եթե մեր երկրում երկու մարդ կա, որ պետք է դժգոհ լինի մեր կառավարությունից, իշխանություններից` ապա նրանցից մեկը Նիկոլայ պապը պիտի լինի: Բայց, չէ՛, այդպես չէ…

«Պատերազմը չարիք է: Մասնակցել եմ երկու պատերազմի: Լավ պատերազմ չի լինում, իսկ խաղաղությունն ամենաթանկ բանն է աշխարհում: Իմ հանրապետության նախագահն ամենալավն է, եթե կարողանում է խաղաղություն պահել: Սա կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր տեսել են, թե ինչպես են կանայք գերանդիով խոտ հնձում կամ տրակտորի ղեկին նստած` հերկ անում: Կամ էլ տեսնում են, որ ինչ-որ տարածքներ չեն հնձվել: Հարցնում ես` ինչո՞ւ չեն հնձվել: Ասենք` հարցնելու էլ հարկ չի եղել` պարզից էլ պարզ է` տերը ճակատում է: Օգնության ենք հասել մենք», – վերհիշում է 100-ամյա պապը: Պապի ասածը հաստատում են համագյուղացիները:

Առաջին սիրո մասին չի ցանկանում խոսել, բայց կնոջը կորցնելու ցավը դեռ նրա հոգում է. «Երեսուն տարի երեխեքով շրջապատված եմ, բայց մենակ եմ»:

Նիկոլայ պապը խոսելիս հաճախ է զրույցի թեման իր նախաձեռնությամբ փոխում-անցնում այլ թեմայի, բայց ոչ մի դեպքում իր միտքը կիսատ չի թողնում: Ասում է՝ մեր կյանքի ամենակարեւոր բնագավառը դպրոցն է, որովհետեւ դպրոցի այսօրվա սովորողը վաղը դառնալու է մեր երկրի ղեկավարը: Բոլորն ասում են, թե իրենք դպրոցում լավ են սովորում: Բայց ինչ-որ հավատս չի գալիս: Ախր մի քանիսն էլ մեր տնից են դպրոց գնում. էդ ինչպե՞ս են լավ սովորում, երբ ոչ մեկի ձեռքին գիրք չեմ տեսնում:

«Հարյուր տարեկան եմ եւ ունեմ վեց զավակ եւ շատ թոռներ, ծոռներ, որ մի փոքր գյուղի բնակչություն կարող է կազմել: Ազատագրված տարածքներում, Սյունիքի տարածաշրջանում տասնյակ գյուղեր կան, որոնց բնակչությունն ավելի քիչ է: Այդ գյուղերում մեր աղքատ պետությունը համայնքապետեր է պահում, դպրոցի տնօրեններ, բազում այլ նյութական միջոցներ պահանջող հաստիքներ: Իմ պետությունը լավ աշխատողին խրախուսելու համար կոչումներ, մեդալ-շքանշաններ է տալիս, վաստակավոր ուսուցիչ, դերասան, տարբեր կոչումներ շնորհում: Իսկ երբ գալիս է նրանց թոշակի անցնելու ժամանակը, նշված տիտղոսները, կոչումներն անպայման հաշվի են առնվում` ինչպես, ասենք, աշխատանքային ստաժը կամ սոցվճարների չափը: Ինձանից ջահելները կան, ովքեր ավելի շատ թոռ, ծոռ, ծռլյանգ ունեն, բայց ինձանից էլ պակաս թոշակ են ստանում, ընդամենը` քառասուն հազար դրամ: Արդար չէ: Մեր կառավարությունը պետք է մտածի այս մասին: Թոշակ նշանակելիս հաշվի են առնում, թե մարդը քանի տարվա աշխատանքային ստաժ ունի եւ ինչքան սոցիալական վճարում է կատարել: Պետք է դրանց ավելացնել նաեւ այն, թե ինչ է արել նա ազգիս մեծացման համար (գենոֆոնդի հարստացման համար Ռ.Հ.)», – իր մտահոգությունն է արտահայտում Նիկոլայ պապը:

Ասում են` գերանդիով ամենալավ հունձը կատարում են վերիշենցիները, ամենալավ բոքոն հացը թխում են Տեղ գյուղում, իսկ լավաշը` Խանածախում: Սրան ի պատասխան Նիկոլայ պապն ավելացնում է. «Ամենալավ հացն էլ տալիս են դարձյալ մեր գյուղում»:

Լսողները պատմում են, որ նույնիսկ արդեն ոտքերից հաշմանդամ Նիկոլայ պապը գերանդիով խոտհունձ է կատարել Վերիշենի հայտնի սարերի ամենաթեք ծերպերին, որը տեսանելի է Գորիս քաղաքի ցանկացած կետից:

Իսկ Կարեն Դեմիրճյանի հետ իր հանդիպման մասին ողջ Վերիշենը գիտի: Ինքը պատմում է հետեւյալը. «Տասը հոգանոց ընտանիքում շատ տարիներ միակ աշխատողը ես եմ եղել: Ոչ մի աշխատանքից չեմ խուսափել: Տղամարդը պետք է հնար գտնի իր ընտանիքը պահելու համար: Զավակներիցս չորսը բարձրագույն կրթություն էր ստացել խորհրդային պետության միջոցներով, բայց աշխատանք չունեին եւ ո՛չ պետությանն էին մի քոռ կոպեկի օգնություն տալիս, ո՛չ էլ իրենց ընտանիքին: Նամակ եմ գրում Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին: Երկու շաբաթ հետո շրջկոմից զանգահարում են ու ասում, որ Կարեն Սերոբիչը եկել ու ուզում է ինձ հետ հանդիպել (մեր ձորերում «Նամակ ռուսաց թագավորին» վիպակի լավ վերջաբանին դեռ հավատում են-Ռ.Հ.): Մոտ մեկ ժամվա զրույցի ընթացքում ներկայացնում եմ իմ պահանջը: Ասում եմ` «Նաիրիտ»-ում 27 հազար բանվոր է աշխատում, այդքան էլ մեր շրջանի բնակչությունն է, աստված չանի, որ հանկարծ նորից պատերազմ սկսվի, թշնամին առաջինը «Նաիրիտ»-ին կխփի՞, թե՞ Վերիշենին: Ասում է` բնականաբար «Նաիրիտ»-ին: Ասում եմ` դե դու էլ այնպես արա, որ մեկի փոխարեն լինի 50-100 «Նաիրիտ», այսինքն` հասկացնում եմ, որ հանրապետության գյուղերում նույնպես պետք է բացվեն արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր. դրանով ե՛ւ գյուղերը չեն դատարկվի, ե՛ւ երիտասարդներն աշխատանք կունենան: Մոտ երկու ամիս հետո Վերիշենում բացվեց Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման մասնաճյուղը: Նման մասնաճյուղեր բացվեցին նաեւ շրջանի, հանրապետության տասնյակ գյուղերում»:

Նիկոլայ պապը կարծում է, որ դա Կարեն Դեմիրճյանի հետ իր հանդիպման արդյունքն էր: Գուցե եւ այդպես է:

Նիկոլայ պապն այսօր էլ հրաշալի առողջություն ունի: Հերթապահ խոսք չէ, որ ասում ենք: Ավելի քան չորս ժամ տեւած զրույցից հետո էլ (ամբողջ զրույցի ընթացքում պապը շրջապատված էր ավելի քան 20-25` 4-ից մինչեւ 20-25 տարեկան թոռներ-ծոռների աղմուկ-աղաղակով) նա հոգնածության ոչ մի նշան ցույց չէր տալիս: Տարիքի մասին, թերեւս, նրա ծանրացած լսողությունն է խոսում եւ մեկ էլ պատերազմից մնացած սպիները: Համոզված ենք, որ նրա 110-ամյակի մասին եւս «Սյունյաց երկիր»-ը խոսք է ասելու: Ի դեպ, Նոր տարվա տոնական սեղանի շուրջ թոռներից մեկը նրան այնքան առողջություն է ցանկացել, որ միասին նշեն պապի 110-ամյակը` դրանով վիրավորելով վերջինիս: Իսկ նա վիրավորվել էր, քանի որ կարծում էր, որ թոռը կարող էր ավելին մաղթել, մանավանդ որ մարդու կյանքն Աստծո ձեռքում է:

Դե, ուրեմն, շնորհավոր մեկդարյա հոբելյանդ, սիրելի՛ պապ, քեզ առողջություն, Աստծո կամոք` 110 եւ ավելի տարիների կյանք:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
8 հունվարի 2015թ.

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10