Նոր գիրք կորսված հայրենիքի մասին

28.04.2022 10:30
1341

«Ղարադաղ-Սևասար. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»

Հայրենագիտությանը նվիրված, հայրենաճանաչությանը միտված գրքերի թիվը ավելացավ մեկով: Լույս է տեսել Սերգեյ Ջհանգիրյանի «Ղարադաղ-Սևասար. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» աշխատությունը: Հեղինակը տնտեսական գիտությունների թեկնածու է, աշխատում է բանկային համակարգում, մասնագիտությամբ՝  տնտեսագետ, և  թվում է՝ ընթերցողի սեղանին պիտի դներ տնտեսագիտության որևէ հիմնախնդիր լուսաբանող ուսումնասիրություն: Բայց այլ իրողության ենք բախվում. հայագետին բնորոշ բծախնդրությամբ և հմտությամբ ներկայացրել է սակավ ուսումնասիրված մի տարածաշրջան՝ Ղարադաղ-Սևասարը:

Ղարադաղը երկրամաս է  Ուրմիա լճի և Արաքս գետի միջև՝ Վասպուրական նահանգի արևելյան և Փայտակարան նահանգի արևմտյան մասում՝ որպես ինքնամփոփ լեռնային տարածաշրջան:Ըստ ամենայնի՝ սա առաջին փորձն է ամփոփելու գավառի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Առանձին գլուխներ նվիրված են Ղարադաղի կրթական և հոգևոր կյանքին,  նշանավոր ղարադաղցիներին և որքան էլ տխուր լինի արձանագրելը՝ գավառի վերջնական հայաթափմանը: Հետաքրքրական տեղեկություններ կան՝ գավառի ժողովրդագրությանը, կենցաղին, ժողովրդական ծեսերին վերաբերող, ինչպես նաև դրվագներ՝ գավառի ժողովրդի մղած ինքնապաշտպանական կռիվների և ճակատամարտերի մասին:

Գիրքը որոշ չափով դժվարությամբ է ընթերցվում ոչ թե լեզվի խրթինության կամ ոճի ծանրության պատճառով, այլ այն բանի, որ ընթերցողը ևս մի անգամ վերապրում է թուրք խուժանի սանձազերծած վայրագությունների սարսափները: Դրա օրինակներից մեկն Աղաղան գյուղի կոտորածն էր, որը, ինչպես հեղինակն է նշում, ներառված չէ եղեռնի աշխարհագրությունն ու վիճակագրությունը պատկերող ոչ մի քարտեզի և ուսումնասիրության մեջ: Եվ միայն այս գրքում է  բարձրաձայնվում այդ մասին: Այդ իրադարձությունները նկարագրված են «Օսմանյան զորքը Ղարադաղում կամ Մեծ եղեռնի ղարադաղյան  էջ» վերնագրի ներքո, ինչից նաև ընթերցողը տեղեկանում է, որ հայերի կողոպուտն ու կոտորածը  Ղարադաղում զանգվածային բնույթ են կրել, փաստորեն ցեղասպանությունը հասել էր նաև այդ տարածաշրջան:  Թեպետ այն էլ ասենք, որ Ղարադաղը միշտ անհանգիստ կյանքով է ապրել և ժամանակ առ ժամանակ բնիկ հայ ժողովուրդը թողնում էր իր հարազատ օջախը և ապահովություն փնտրում օտար ափերում: Նաև պիտի  նշել, որ Ղարադաղի բնակչության մի մասը գաղթել է  Արևելյան Հայաստան, նաև  Սյունիքի բնակավայրեր: Հեղինակի նախնիները բնավորվել են Կապանի տարածաշրջանի Կաղնուտ (Մողես) գյուղում:

Աշխատությանն արժևորել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Արժեքավոր աշխատանք... Ավելի արժեքավոր է կոնկրետ տարածքի անցյալը ներկային կապող դեպքերի և երևույթների շղթան վերականգնելու  իմաստով: Կարծում եմ՝ ընթերցողը այս աշխատանքով լավ կպատկերացնի հայրենազրկումը...»:

Պատմաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գրիշա Սմբատյանը գրքում զետեղված գրախոսականում այն միտքն է հայտնել, որ այս երկրամասի  (Ղարադաղի) անցյալի պատմությունը գրելը պահանջում է գիտելիքներ, համառ աշխատանք ու անսահման նվիրվածություն. «Արդյունքը կա, մեծ աշխատանք է կատարվել. գրվել է բավական բարդ, արժեքավոր, ժամանակագրական առումով ընդգրկուն, ղարադաղցիների, ղարադաղյան ծագում ունեցողների, սյունեցիների համար ցանկալի գիրք...

Իմ երազած գիրքը լույս աշխարհ է բերել մեր կորուսյալ հայրենիքի անցյալը, որի համար պիտի գնահատել հեղինակին»:

Գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր  Քումունցը «Երկու խոսք» վերտառությամբ գնահատանքում նկատում է. «Աշխատությունը գիտական ուղղվածություն ունի, բայց  հանրամատչելի է թե՛ շարադրանքի, թե արծարծված նյութի ընտրության առումով»: «Ղարադաղ-Սևասար. հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր» գիրքը լինելու է նաև թուրքական պատմության ահագնացող կեղծիքի պատիժը և աշխարհասփյուռ ղարադաղցիների հիշողության ընծան»:

Գիրքն ավարտվում է հավելվածով, որում հեղինակն ավելի հանգամանորեն անդրադարձել է Ղարադաղի գավառակներին ու գյուղերին՝ որպես կորսված հայկականությունը ապագային հիշեցնելու հայրենական դաս, որպեսզի ղարադաղցիների սերունդները հագեցնեն կարոտը պատմական բնակավայրերի հանդեպ:

Իր աշխատանքը հեղինակը նվիրել է Սևասարի Քեյվան գավառակից և Մինջևան գավառակի Քարագլուխ գյուղից սերված պապի ու տատի՝ Սերբիա Ջհանգիրյանի և Արշալույս Գալստյանի հիշատակին:

Իսկ ամենավերջում՝ «Ալիք» թերթում (21-ը ապրիլ, 1979թ.) տպագրված աղաղանցի Մուշեղ Աթայանի նամակից մի մեջբերում. «Այժմ 32 տարի է, որ մեր հարազատների շիրիմներն այնտեղ մնացել են անտեր, ոչ քահանա, ոչ խունկ ենք ծխում նրանց գերեզմանների վրա, միայն հեռվից հեռու ասում ենք՝ Աստված ձեր հոգին լուսավորի, անտեր հայ ննջեցյալներ»:

Սերգեյ Ջհանգիրյանի փոխանցմամբ՝ 2006 թվականից է զբաղվել պատմագիտությամբ, ստեղծել է հարուստ գրադարան, իսկ այս աշխատության ստեղծման համար փաստական առատ նյութ է ծառայել Հայաստանի ազգային գրադարանում պահվող 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի պարբերական մամուլը, մասնավորապես Թեհրանի «Ալիք» թերթը, որի խմբագիրներից  և հոդվածագրերից շատերն արմատներով ղարադաղցիներ էին և սրբորեն են պահել իրենց  ծննդավայրի հուշը:

 

Վահրամ Օրբելյան

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24