Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ

03.10.2024 11:04
846

Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել մեր ոլորտի ներուժը և ներկայացնել առկա խնդիրները: Նպատակներից էր նաև պարզել նման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջվածությունը: Համոզվեցի, որ նման քննարկումներն իսկապես անհրաժեշտ ու կարևոր են: Կարծում եմ՝ ֆորումը հաջողվեց: Համենայնդեպս, մասնակիցների մեծամասնության արձագանքը դրական է: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ տարի նույնպես կազմակերպենք նման համաժողով, որը մտադիր ենք դարձնել ավելի ընդգրկուն և ներկայացուցչական՝ ներգրավելով ավելի շատ արտասահմանցի և տեղացի մասնագետների, Հայաստանի կառավարության և ոլորտային բիզնեսի ներկայացուցիչների»,- նշեց Վարդան Ջհանյանը: 

Նրա գնահատմամբ՝ համաժողովը նպատակին ծառայեց նաև գործնական տեսանկյունից: «Նախանշված բոլոր խնդիրներն ու հարցերը բարձրաձայնվեցին: Ճիշտ է, ֆորումի ձևաչափից և ժամանակի սղությունից ելնելով չկարողացանք ավելի մանրամասն քննարկել, բայց հիմնական շեշտադրումները կատարվեցին: Ավելին՝ ընդհանուր քննարկումների ընթացքում մի շարք խնդիրների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այն խնդիրները, որոնք կառավարության գործառույթների տիրույթում են, ունեն ավելի մանրամասն քննարկման կարիք: Առավել կարևորները կքննարկենք և կփորձենք լուծել հետագա աշխատանքի ընթացքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վարդան Ջհանյանն արձանագրեց, որ ոլորտում անելիքների պակաս չի զգացվում, սակայն այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն բոլոր շահառուների համատեղ ջանքերով: Ըստ նրա` այդ առումով նման ֆորումները կարևորագույն նշանակություն ունեն: Նրա առանձնացրած մյուս խնդիրը Հայաստանում միջազգային չափանիշների ներդրումն է: «Ցավոք, վերջին 30 տարիներին մեր երկրում միջազգային չափորոշիչներ ու ստանդարտներ չեն ներդրվել հանքարդյունաբերության ոլորտում: Ասածս վերաբերում է, օրինակ, հաշվետվություններին: Ներդրողների համար շատ կարևոր է ունենալ ընկալելի հաշվետվություն ընդերքի և օգտակար հանածոների հաստատված պաշարների վերաբերյալ: Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների, ինչն էլ վերջնարդյունքում կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- գտնում է Վարդան Ջհանյանը:   

Քննարկումների հերթական շարքի ավարտին, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ներկայիս վիճակի վերաբերյալ հարցին, Վարդան Ջհանյանը նշեց, որ տեղին է խոսել ստագնացիայի երևույթի մասին: 

«2013-14 թվականներին գրանցված աճը հիմնականում ապահովել է 1-2 ընկերություն: Հիմա իրավիճակը կայունացել է, բայց հետագա զարգացում չենք տեսնում: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ հասկանում ենք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը: Արդեն տեսնում ենք, որ կառավարությունը նույնպես կիսում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունը: Մնում է համատեղ քննարկումներով և գործուն քայլերով շտկենք այն: Միայն այն հանգամանքը, որ աճ չի նկատվում՝ արդեն կարելի է հետընթաց համարել, բայց զգալի նահանջ չկա մեր ոլորտում: Կա ստագնացիա՝ անփոփոխ վիճակ, ինչը նույնպես բացասական է»,- հայտարարեց հանքագործների և մետալուրգների միության նախագահը:

Նա ընդգծեց նաև, որ երկրի անվտանգության միջավայրին առնչվող խնդիրները մեծ ազդեցություն չեն թողել ոլորտի վրա: Հակառակը՝ հանքարդյունաբերական ընկերությունները վճարած հարկերի շնորհիվ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ պետության ու բանակի հզորացման գործում:

Վարդան Ջհանյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը հնարավորություն է ընձեռում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պես հզոր ձեռնարկություններ ունենալ 5-6 մարզերում: «Այդ դեպքում, հավատացնում եմ, բոլորովին այլ Հայաստան կունենանք»,- հավաստիացրեց նա:

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ն անցկացվեց սեպտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Համաժողովին մասնակցեցին և բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին հայ և արտասահմանցի առաջատար փորձագետներ, ոլորտին առնչվող պետական պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Armenpress

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24