Լեռնիկ Պետրոսյանը 60 տարեկան է։
Ծնվել է 1959 թ. օգոստոսի 10-ին Ղափանի շրջանի Վերին Խոտանան գյուղում՝ մանկավարժների ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի 8-ամյա դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Ղափանի N7 միջնակարգ դպրոցում, որն էլ բարձր առաջադիմությամբ ավարտել է 1976 թ.: Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ 1981 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել այն:
Աշխատանքային կենսագրությունը սկսել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում՝ երկու տարի աշխատելով կրտսեր գիտաշխատող, որից հետո` 1983 թվականին, տեղափոխվել Կապան եւ աշխատանքի անցել կրթական համակարգում: Սկսել է ուսուցչությունից, այնուհետեւ` տարբեր ժամանակներում, աշխատել կրթության բնագավառի գրեթե բոլոր պաշտոններում. ժողկրթբաժնի մեթոդիստ (1983-86 թթ.), Կապանի թիվ 6 միջն. դպրոցի ուսմասվար (1986-87 թթ.), նույն դպրոցի տնօրեն (1988-1996 թթ.), Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ (1996-97 թթ.), ՀՀ ԿԳ նախարարության Սյունիքի մարզային տեսչության պետ (1997-98 թթ.), Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ (1998-2000 թթ.), Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կապանի հենակետային վարժարանի տնօրեն (2000-2003 թթ.), Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ (2003-2006 թթ.), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի քոլեջի (ներկայումս մասնաճյուղի) տնօրեն (2005-2006 թթ), Կապանի վարժարանի (հետագայում` թիվ 2 ավագ դպրոցի) տնօրեն (2007-2012 թթ.), ՀՊՃՀ (ներկայումս ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի տնօրեն (2012-2016 թթ): Ներկայումս պրոֆեսորի հաստիքով աշխատում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների ամբիոնում:
Հիմնական աշխատանքին զուգահեռ տարբեր հանրակրթական եւ բուհական հաստատություններում համատեղությամբ կատարել է մանկավարժական ու դասախոսական աշխատանք:
Վերը նշված կրթական հաստատություններից երկուսը՝ ՀՊՄՀ Կապանի հենակետային վարժարանը, որի բազայի վրա հետագայում ստեղծվել է Կապանի վարժարանը (վերակազմակերպման արդյունքում հիմնադրվել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը), եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի քոլեջը հիմնադրվել են Լեռնիկ Պետրոսյանի անմիջական նախաձեռնությամբ:
Աշխատանքային գործունեությանը համատեղ ակտիվ զբաղվել է գիտական աշխատանքով: Հեղինակ է շուրջ յոթ տասնյակի հասնող գիտական ու գիտամեթոդական հոդվածների, երկու դասագրքի (երաշխավորված ՀՀ ԿԳ նախարարության կողմից) եւ երկու ձեռնարկի:
1999 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն եւ ստացել մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2008 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2012 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում:
Լեռնիկ Պետրոսյանն ամենուր աշխատել է եռանդով ու նվիրումով։
1990-ական թվականների հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի ծանր տարիներին, լինելով Կապանի թիվ 6 միջն. դպրոցի տնօրեն, կարողացել է պատշաճ մակարդակով կազմակերպել դպրոցի աշխատանքները, դրա հետ միասին դպրոցի նկուղային հարկում ստեղծել լրացուցիչ մուտքեր, լուսավորության եւ օդափոխության ցանցեր, մոտ հազար տեղանոց ապաստարան, որը դպրոցի անձնակազմին, իսկ շատ դեպքերում նաեւ դպրոցի շրջակա շենքերի բնակիչներին պաշտպանել է թշնամու հրետակոծությունից եւ ռմբակոծությունից:
Նրա գլխավորությամբ դպրոցի կոլեկտիվն իր նյութական օժանդակությունն է ցուցաբերել սահմանում կռվող ազատամարտիկներին եւ հիվանդանոցում բուժվող վիրավորներին:
Մարզպետարանի կրթության վարչությունը ղեկավարելու տարիներին մարզային կրթական կառույցների ուսումնական ցուցանիշների մակարդակը միշտ եղել է հանրապետությունում լավագույններից մեկը:
ՀՊՄՀ Կապանի հենակետային եւ Կապանի վարժարանները նրա տնօրինության ժամանակ իրենց կրթական ու օլիմպիական ցուցանիշներով եղել են հանրապետության ամենաառաջնակարգ հանրակրթական հաստատությունների շարքում: Նույնիսկ եղել են տարիներ, երբ այդ հաստատությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայի հանրապետական փուլից Սյունիքի մարզ բերել են ավելի շատ դիպլոմներ ու գովասանագրեր, քան Սյունիքի մարզի մնացած 122 դպրոցը միասին վերցրած:
2012 թ. փետրվարից Լեռնիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՊՃՀ (վերակազմակերպումից հետո՝ ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի տնօրեն եւ այդ պաշտոնում աշխատել չորս տարի 10 ամիս՝ մինչեւ 2016 թ. դեկտեմբերի 8-ը:
Շարունակելով մասնաճյուղում նախկինում իրականացված նպատակային աշխատանքները՝ մի նոր թափ է հաղորդել այդ աշխատանքներին: Նրա ղեկավարությամբ մասնաճյուղում տարբեր ծրագրերով (այդ թվում նաեւ միջազգային) ստեղծվել են հինգ ժամանակակից նոր լաբորատորիա եւ մեկ հեռավար ուսուցման կենտրոն:
Որակապես նոր մակարդակով հիմնանորոգվեց գլխավոր մասնաշենքի առաջին հարկում գտնվող գրադարան-ընթերցասրահը, որը նոր գույքով եւ սարքավորումներով համալրվելուց հետո դարձավ ժամանակակից պահանջներին լիովին համապատասխանող ընթերցասրահ:
Մասնաշենքերում իրականացվեցին մի շարք ուսումնական եւ վարչական սենյակների վերանորոգման աշխատանքներ. վերանորոգվելուց եւ նոր գույքով կահավորվելուց հետո ստեղծվեց կյանքից անժամանակ հեռացած Վաչե Եփրեմյանի անվան լսարանը (բանասիրական գիտությունների դոկտոր, մասնաճյուղի դեկան): Վերանորոգվեց եւ 2012 թ. սեպտեմբերից վերագործակվեց բուֆետ-ճաշարանը, որը համալրվեց անհրաժեշտ գույքով եւ խոհանոցային սարքավորումներով: Կատարվեցին լսարանների եւ վարչական սենյակների` գույքով համալրման աշխատանքներ:
Իրականացվեցին աշխատանքներ՝ տեղեկատվական ռեսուրսների զարգացման եւ դրանց օգտագործման արդյունավետության ապահովման ուղղությամբ: Մասնավորապես, շուրջ 40 անգամ բարձրացվեց մասնաճյուղի ինտերնետ կապի թողունակությունը, որով էապես բարելավվեցին համացանցի կիրառման հնարավորությունները, մասնաճյուղի համակարգիչների թիվն ավելացավ 65-ով, դեկանատները, ամբիոնները եւ բոլոր բաժինները ստացան համակարգչային ժամանակակից տեխնիկա:
Նրա ղեկավարման տարիներին առաջընթաց ապրեց մասնաճյուղի գիտաուսումնական գործընթացը: Մասնաճյուղի երեք դասախոս պաշտպանեց ատենախոսություն (մեկ դոկտորական, երկու թեկնածուական), ավելացավ մասնաճյուղի հայցորդների թիվը, ըստ տարիների ավելացավ մասնաճյուղի դասախոսների կողմից հրապարակվող գիտական եւ մեթոդական հրապարակումների թիվը: Նրա անմիջական ջանքերով 2013 թ. ապրիլին մասնաճյուղում կազմակերպվեց՝ ներկայացուցչական կազմով մինչ այդ տարածաշրջանում նախադեպը չունեցող երկօրյա գիտաժողով, որին մասնակցել են երեք ակադեմիկոս, տասնհինգ գիտության դոկտոր-պրոֆեսոր, տարածաշրջանի այլ բուհերի ղեկավարներ, ավագ դպրոցների տնօրեններ։
Այդ տարիներին պատշաճ մակարդակով են կազմակերպվել նաեւ ուսումնական աշխատանքները: Գաղտնիք չէ, որ վերջին 10-15 տարում հանրապետության շատ բուհերում գրանցվել է ուսանողների թվի նվազում, սակայն վերը նշված եւ կատարված այլ աշխատանքների շնորհիվ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում այդ տարիներին գրանցվել է ոչ թե ուսանողների թվի նվազում, այլ՝ աճ:
Լեռնիկ Պետրոսյանը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է ակտիվ մասնակցություն նաեւ Կապան քաղաքի եւ տարածաշրջանի հասարակական ու քաղաքական կյանքին. 1990-95 թթ. եղել է ժողպատգամավորների Կապանի քաղխորհրդի պատգամավոր, 1999-2002 թթ. եւ 2002-2005 թթ.` Կապան համայնքի ավագանու անդամ:
Ժամանակակիցներից շատերը կվկայեն, որ հիշյալ խորհուրդներում նա մշտապես հանդես է եկել ելույթներով եւ բնակչության շահերից բխող առաջարկություններով:
Այն ընտանիքը, որտեղ ծնվել է Լեռնիկ Պետրոսյանը, կարելի է համարել մի յուրատեսակ գիտակրթական օջախ: Հայրը՝ Նահապետ Պետրոսյանը, ով անցել է Հայրենական մեծ պատերազմի, իսկ հետագայում նաեւ բռնադատվածության դաժան ճանապարհով, երկար տարիներ ղեկավարել է Վերին Խոտանանի 8 - ամյա դպրոցը, մայրը՝ Լենա Խաչատրյանը, երկար տարիներ (նույնիսկ կենսաթոշակի անցնելուց հետո) դասվարություն է արել նույն դպրոցում եւ մեծ եռանդով գրաճանաչություն սովորեցրել շատ սերունդների: Նրա երկու քույրը, բարձրագույն կրթություն ստանալով Երեւանում, երկարամյա մանկավարժական աշխատանք են կատարել մայրաքաղաքում: Ավագ եղբայրը՝ Նորիկ Պետրոսյանը, ով ունի տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում, երկար տարիներ դասախոսական աշխատանք է կատարել ՀՊՃՀ (ներկայումս ՀԱՊՀ) կիբեռնետիկայի ֆակուլտետում եւ այդ ընթացքում շուրջ տասը տարի ղեկավարել հիշյալ ֆակուլտետի Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնը: Հատկանշական է, որ գիտակրթական գործունեությունը շարունակվել է նաեւ ընտանիքի հաջորդ սերունդների կողմից:
Ծնունդդ շնորհավոր, հարգելի բարեկամ։
Ձեզ` գիտամանկավարժական բեղմնավոր գործունեություն, ընտանեկան երջանկություն եւ առողջություն։
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ