Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

24.01.2019 14:52
1156

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին:

Շինության, որի նպատակներից է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը, ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում:

«Առաջին անգամ մուտք գործելով այս բարի տեսքով տնակը` շատ տպավորվեցի: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Բարի տնակ»-ին իմ ներկայությամբ, այն ամենով, ինչով,  հնարավոր է: Վստահ եմ` նախաձեռնությունը հաջող ապագա ունի»,-նշեց Նունե Սարգսյանը:

Նրա խոսքով` «Բարի տնակը» լուրջ գործունեություն է իրականացնում: «Հիմա աշխարհում հաշմանդամությունն այլևս թաքնված չէ, և հիվանդ, հաշմանդամ երեխաները չպետք է թաքնվեն, խուսափեն հասարակությունից: Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մոտեցումը պետք է փոխենք և համարենք, որ նրանք առողջ են ու մեր մասն են: Պետք է նրանց գրկել, ընդունել:  Կարևոր է խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն տալ, խնամել, քանի որ նրանք մենակ չեն կարողանա ապրել: Անհրաժեշտ է նրանց որևէ արվեստ կամ արհեստ սովորեցնել: Այդպես նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ և չմեկուսանալ»,-ընդգծեց Սարգսյանը:

Նախագահի տիկինը կարևորեց  Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման հարմարությունների ստեղծումը: «Մայթերը հարմար չեն, վերելակներ,  էսկալատորներ է պետք ավելացնել շինություններում, փողոցներում, անցումներում, որպեսզի նրանք հեշտությամբ շրջեն»,-հավելեց նա:

Հանդիպման ավարտին «Բարի տնակ»-ից նրան նվիրեցին երեխաների ձեռքով պատրաստված  գունազարդ  արկղիկ` նախատեսված թեյի և չրի համար: Այդ իրերը նաև վաճառվում են, և դրանց հասույթից ստացված գումարը տրամադրվում է «Բարի տնակի»  կառուցմանը:

Սարգսյանը խոստովանեց, որ թեյ, չիր շատ է սիրում և հաճույքով ընդունեց նվերը` խրախուսելով ստեղծագործ աշխատանքը, որը երեխաներին օգնում է չմեկուսանալ:

«Բարի մամա» կազմակերպության սոցիալական ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ բնակվում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք ունեն խնամքի և բուժման կարիք: «Այս պահին «Բարի տնակ» ժամանակավոր կացարանում ապրում է երկու բնակիչ. նրանք դեռ կավելանան: Կամավորական հիմունքներով մեզ մոտ աշխատող մասնագետները, ծանոթանալով և առնչվելով մեզ դիմած մայրերի և երեխաների խնդիրներին, որոշում են, թե նրանք որքան  ժամանակ կարող են անցկացնել այստեղ: Մասնագետները հոգեբանական աջակցություն են ցույց տալիս նաև ընտանիքի մյուս անդամներին»,-եզրափակեց նա:

«Բարի տնակը» գործում  է 2019 թվականի հունվարի 8-ից: «Բարի տնակի» հիմնական նպատակներն են մանկատանը բնակվող երեխաների համար կազմակերպել տարբեր թերապիաներ, ստեղծել ապաստան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող մանկատան սաների համար, որոնք տեղ չունեն գնալու, կազմակերպել մեկ-երկու շաբաթ տևող դասընթացներ այն մայրերի համար, որոնք պատկերացում չունեն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի մասին:

Կառույցը միտված է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից և նրանց հանձնել մանկատուն, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով հայտնվել են դրսում: 

«Բարի տնակը» կազմված է երկու շինություններից: Առաջինն արդեն պատրաստ է: Այն ներառում է վերականգնողական թերապիաների սենյակներ, իվենթ-հարթակ և մայրերի ապաստարան այն կանանց համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին:

 Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվության շնորհիվ մայիսին պատրաստ կլինի նաև փոքրիկ սրճարանը, խանութը և արտադրամասը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

 

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34