«Ոսմարը» շտկում է թերությունները. Տաթև-Կապան ավտոճանապարհը դառնում է ավելի բարեհարմար և հուսալի

22.09.2022 11:17
570

Տաթև-Կապան ճանապարհի 17,5 կմ երկարությամբ հատվածը (37+500 մինչև 55+00)՝ Աղվանի գյուղից մինչև Շրվենանցի խաչմերուկ, անցյալ տարի հիմնանորոգեց «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Բայց շինարարությունն ավարտվելուց հետո այն քննարկումների առարկա դարձավ՝ ակնհայտ թերությունների և բացթողումների պատճառով:

2021 թ. նոյեմբերից հետո, երբ շրջափակվեց Մ-2 մայրուղու Գորիս-Կապան հատվածը, ավելի ստույգ՝ դրա 21 կիլոմետրն անցավ թշնամու վերահսկողության ներքո, հրամայական պահանջ դարձավ սեղմ ժամկետում վերակառուցել Տաթև-Կապան  ճանապարհը, որ միակն էր հանրապետության հարավային շրջանները (նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը) մայրաքաղաքին կապող:

Բայց գրոհայնությունն ու շտապողականությունը տխուր հետևանքներ ունեցան: Բացասական դեր խաղաց նաև ճանապարհի որոշ հատվածների բարդ ռելիեֆային գործոնը, իրենց մասին զգալ տվեցին սողանքային գոտիները: Արդյունքում՝ այդտեղով երթևեկող բեռնատարների գերբեռնվածությանը չդիմացավ ասֆալտը, որը տեղ-տեղ պարզապես քայքայվեց՝ անհարմարություններ ստեղծելով երթևեկության համար:

Ինչևէ, այս տարվա ապրիլից «Ոսմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, արդեն նոր սեփականատիրոջ հովանու ներքո, սկսել է վերացնել նախորդ տարվա թերությունները, շարունակել կիսատ մնացած գործերը: Սողանքային գոտիների հետևանքները վերացվել, միայն մեկն է մնացել, հենապատերի թիվն է ավելացվել, ճանապարհի փլված հատվածներն են վերականգնվել...

Նախատեսվում է շինարարությունն ավարտել հոկտեմբերին՝ ճանապարհը կահավորելուց հետո (ճանապարհային նշանների տեղադրում, նշագծում և այլն):

Ճանապարհաշինարարներին հանդիպեցինք  Աղվանի գյուղի մատույցներում, որտեղ նրանք ասֆալտի երրորդ շերտն էին փռում: Անցյալ տարի երկու շերտ էին փռել և ահա երրորդը, ինչի շնորհիվ ճանապարհն արդեն իսկ ունի 16 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ: Ինչպես տեղեկացրեց ընկերության աշխղեկ Հրայր Թունյանը (նրան, ի դեպ, մի տարի առաջ էլ էինք հանդիպել ճանապարհի այս հատվածի շինարարությունում)՝ եղանակի բարենպաստ լինելու դեպքում երկու օրից կավարտվի ասֆալտապատումը, և կսկսեն աշխատել ճանապարհի գյուղամիջյան հատվածներում:

Մեր այցելության օրը (սեպտեմբերի 9) ճանապարհի շինարարությունում մոտ 20 մարդ էր աշխատում, տեխնիկայի պակաս չկար՝ մեկ ասֆալտափռիչ մեքենա, երեք գլդոն, ավտոցիստեռն, «Կատապիլեր» մակնիշի էքսկավատոր և այլն:

Ասֆալտը տեղ էին հասցնում Շինուհայրի խաչմերուկից, որտեղ գործում է ընկերության՝ արդիականացված նոր ասֆալտգործարանը: Ընթերցողին հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 18-ի՝ այսպես կոչված նահանջից հետո ընկերության ասֆալտգործարանը, որ գտնվում էր Որոտան գյուղի մերձակայքում, հայտնվեց սահմանից անդին: Ճիշտ է, գործարանի սարքավորումները հնարավոր եղավ ապամոնտաժել և տեղափոխել, բայց շենք-շինությունները, խճի, ավազի հսկայական պաշարը մնացին հակառակորդին: Իսկ այժմ ամբողջովին նոր գործարան է, խիճն ու ավազն էլ տեղափոխում են Եղեգնաձորից, և դրանց որակն առայժմ գոհացնում է:

Լրագրողներիս՝ ճանապարհաշինարարներին ուղղված հերթական հարցերից է, բայց նաև առաջնային, թե  ի՞նչ խանգարող հանգամանքներ կան  շինարարական աշխատանքներում: Գորիս-Տաթև ավտոճանապարհի այս հատվածի տեխնիկական վերահսկողությունն իրականացնող Վրեժ Թադևոսյանը տեղեկացնում է, որ միակ պրոբլեմը ճանապարհի բանուկ լինելն է, երթևեկության ինտենսիվությունը, որոնք որոշակի անհարմարություններ են ստեղծում, և ավելացնում է.  «Աստծուն փառք, այդ ծանր  խաչը կարողանում ենք կրել»: Գոհ է տեխվերահսկիչը տղաների աշխատանքից, մանավանդ որ աշխատանքային օրը նորմավորված չէ, մինչև մութն ընկնելը ճանապարհաշինարարներին կարելի է տեսնել աշխատելիս: Ի դեպ, ճանապարհաշինարարների մի մասը Եղեգնաձորից է, և գիշերում են Վերին Խոտանանում:

Աշխղեկ Սուրեն Հայրապետյանը, ով Չելյաբինսկում ճանապարհաշինարարի տարիների փորձ ունի, հավաստիացնում է՝ քանի եղանակը թույլ է տալիս, ձգտում ենք աշխատանքային յուրաքանչյուր ժամն արդյունավետ օգտագործել:

«Ոսմար» ՍՊ ընկերությանը բաժին հասած  ավտոճանապարհի շինարարությունը երկու գյուղամիջով է անցնում, ավելի ստույգ՝ Տանձավեր ու Վերին Խոտանան գյուղերով: Եվ ընթացքում խնդիրներ են առաջանում շինարարության, ինչպես և երթևեկության հետ կապված...

Աղվանի գյուղի մերձակայքից իջանք Տանձավեր, որտեղ նույնպես ճանապարհաշինարարների հանդիպեցինք: Ընկերության ճարտարագետ Ներսես  Ասրյանը  շինարարներին ցուցումներ էր տալիս, որտեղ մայթի  եզրաքարեր էին տեղադրում: Մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ կարողանալու են ապահովել գյուղամիջով անցնող ճանապարհի  նախատեսվող լայնությունը՝ վեց մետր, նաև մայթ է լինելու:  Սա ասում ենք այն առիթով, որ բնակավայրով անցնող ճանապարհի շինարարությունը միշտ էլ խոսակցությունների և տարաձայնությունների տեղիք է տալիս՝ կապված մարդկանց տնամերձ հողամասերի հետ, որոնց մի մասը պարզապես ընկնում է՝ այսպես ասած պլանի տակ: Իսկ գյուղաբնակը դժվար է բաժանվում թեկուզ մի կտոր հողից, որը նրա  ապրուստի մի մասն է. բայց և կարևոր է, որ նման խնդիրները լուծվել-հարթվել են...

Վերին Խոտանանում ևս շինարարական աշխատանքներ էին կատարվում, այդտեղ էլ  ջրահեռացման վաքեր էին տեղադրվում, որոնք, ըստ էության, սալապատվելուց հետո մայթերի դեր են կատարելու նաև:

Աղվանի-Շրվենանցի խաչմերուկ ճանապարհի տարբեր հատվածներում մետաղե արգելափակոցների տեղադրման աշխատանքներն ավարտին էին մոտենում, դրանց մոտով երթևեկելիս զգացվում էր թարմ ներկի հոտը:

Ի դեպ, երբ Տանձավերից վերադառնում էինք և անհրաժեշտ լուսանկարներ անում, հեռվում նկատելի էր Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի հողե ժապավենը:

Այո, շրջանցիկ ճանապարհահատվածում առայժմ միայն հողային աշխատանքներ են կատարվում: Կարծում ենք՝ այդ ճանապարհահատվածի շինարարությանը պիտի աշխուժություն հաղորդել և օր առաջ ավարտել, ինչով կբացառվեն այն վթարային իրավիճակներն ու խցանումները (հատկապես ձմռան ամիսներին), որոնք ժամանակ առ ժամանակ առաջանում են  Վերին Խոտանանում: Այլևս չխոսելով խոշոր բեռնատարների հռնդյունի մասին, որ խախտում են մարդկանց անդորրը: Կարծում ենք նաև՝ շրջանցիկը կառուցելով՝ Աղվանի-Շրվենանց ճանապարհահատվածն այլ իմաստ ու նշնակություն ձեռք կբերի:

Ի դեպ,  օրախնդիր է նաև Տանձավերը շրջանցող ճանապարհի կառուցումը՝ նույն անվտանգային խնդիրն աչքի առաջ ունենալով, ինչը Վերին Խոտանանի դեպքում, առայժմ սակայն այդ մասին խոսակցություններ չկան...

Միջպետական ճանապարհի կարգավիճակին հավակնող այս ճանապարհը, միանշանակ, պիտի կառուցել պահանջվող չափանիշներին համապատասխան, մյուս կողմից՝ բեռնատարները թույլատրելիից ավելի բեռնված  չպիտի լինեն: Այդ դեպքում ճանապարհի վաղաժամ շարքից դուրս գալը շինարարն ու վարորդը միմյանց վրա չեն գցի: Իսկ Տաթև-Կապանը վաղուց հանրապետության ամենածանրաբեռնված ճանապարհն է, և անհրաժեշտ է հնարավորինս լավ որակով հանձնել շահագործման, ինչը հավաստիացնում են «Ոսմարի» պատասխանատուները:

Չենք ուզում, իհարկե, վերջնական գնահատական տալ կատարված և կատարվող աշխատանքներին, սակայն չենք կարող և չնկատել՝ Տաթև-Կապան ավտոճանապարհը դառնում է ավելի բարեհարմար և հուսալի...

                                                                                        Վահրամ Օրբելյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25