Պարույր Սեւակ-Ալբերտ Իսաջանյան. գրական ու մարդկային առնչություններ

10.11.2016 12:21
3178

Նոյեմբերի 2-ին լրացավ սյունյաց գրական աշխարհի ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականություններից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր Ալբերտ Իսաջանյանի ծննդյան 79-ամյակը: Ա.Իսաջանյանը բացառիկ օժտվածությամբ բանաստեղծ է, որ ուրույն տեղ ունի հայ քնարերգության մեջ, սյունյաց հոգեւոր արժեքների գանձարանում: Դժվարին մարդկային ճակատագիր բաժին հասավ գրողին, բայց նա կարողացավ ոգու արիությամբ, հայացքի անթեքությամբ ու շիտակությամբ անցնել հավատի ի՛ր ճանապարհը եւ գտնել իր որոնածը յուրովի: Իսկ կյանքի գուներանգները, որոնք բացահայտեց Ա.Իսաջանյանը՝ որպես բանաստեղծ, միանգամից ձեւավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում նրա հոգու ծաղկաբույր աշխարհը:

Ալբերտ Իսաջանյանի անվան շուրջ գրական ու մերձգրական շրջանակներում ամենաշատ հետաքրքրություն առաջ բերած հարցն Իսաջանյան-Պարույր Սեւակ առնչությունն է: Նրանք ծանոթացել ու մտերմացել էին 1964 թվականին, երբ Սեւակը Բաղիշ Հովսեփյանի ու Արտաշես Քալանթարյանի հետ եկել էր Գորիս: Այդ մասին վկայել է Նինա Հովսեփյանը Պարույր Սեւակի մասին հուշագրության մեջ: Սեւակի գալստյան առթիվ երեկույթ է կազմակերպվել, որի ընթացքում դպրոցահասակ մի աղջիկ պատվելի հյուրի համար արտասանել է Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները: Աղջնակը բանաստեղծի քույրն էր՝ Լորետտան, որ տարիներ անց արդեն սրտի թրթիռով պիտի շարադրեր իր պատանեկան հուշերը ճակատագրական երեկոյի մասին, հիշեր իր ընթերցած բանաստեղծությունների՝ Սեւակի հուզաշխարհի վրա թողած խոր տպավորությունը, ինչն էլ ազդակ եղավ մի հրաշալի գրական բարեկամության ստեղծման համար:

Իսաջանյանի քույրը̀ նույն ինքը երջանկահիշատակ արձակագիր Լորետտա Գրիգորյանը, 1960-ականներին Գորիսում Նինա Հովսեփյանի ղեկավարությամբ գործող «Միրհավ» գրական խմբակի ակտիվ անդամներից էր: «Առաջին անգամ Սեւակին հանդիպել եմ, - պատմում է հուշագիրը, - երբ դեռատի մի աղջնակ էի, իր խոսքերով ասած՝ «Լորիկ-բալիկ»: Դպրոցում էի, տասներորդ դասարանում: Ավագ ջոկատավարը դասամիջոցին մտավ դասարան եւ, դիմելով ինձ, ասաց. «Քաղաքային գրադարանից քեզ շտապ կանչում են»: Հասկացա, որ Նինա Հովսեփյանն է կանչում, ով գրադարանի վարիչն էր եւ միաժամանակ «Միրհավ» գրական խմբակի ստեղծողն ու ղեկավարը: «Միրհավ»-ը, որ ստեղծվել էր գրականության մեջ Ակսել Բակունցին վերականգնելու առթիվ, արդեն գրական ճանաչված խմբակ էր հանրապետությունում, համահայաստանյան երկրորդ փառատոնի դափնեկիր, բազմաթիվ մեդալների ու մրցանակների արժանացած խումբ: Մենք բոլորս էլ պարծենում էինք, որ «Միրհավ» գրական խմբակի անդամ ենք: Երբ մտա գրադարան, ընկ. Հովսեփյանն ասաց, որ Սեւակը Գորիս է գալու եւ պետք է հանդիպում ունենա երիտասարդության, նաեւ գրական խմբակի անդամների հետ, եւ ներկայացրեց մի մեծ ծրագիր:

- Այսքանը մեկ օրո՞ւմ ... ինչպե՞ս կարող ենք:

- Կարո՛ղ ենք, իհարկե, կարող ենք, բա էլ ի՞նչ «Միրհավ», որ թռիչք չունենա...

….Սովորաբար գրական երեկոների մեծ մասը վարում էի ես: Այս անգամ էլ պետք է վարեի ինքս: Գործի անցա: Դժվարությունները շատ չէին: Միրհավցիներն անգիր գիտեին Սեւակին, կարդացել էին նրա գործերը եւ, ինչպես միշտ, պատրաստ էին նորից անակնկալի բերելու հանդիսատեսին: Դա՝ վաղը: Իսկ այսօր ընկ. Հովսեփյանը հրավիրեց ինձ մասնակցելու Սեւակի պատվին տրվող ճաշկերույթին: Ես արտասանում էի «Զանգակատնից» եւ զգում էի, որ տպավորություն եմ թողնում Սեւակի վրա: Չեմ կարող մոռանալ Սեւակի հուզմունքը ոչ միայն այն պահին, երբ Բաղիշ Հովսեփյանը Կոմիտաս էր երգում, այլեւ երբ ես արտասանում էի եղբորս բանաստեղծությունները: Նա ստիպում էր, որ կրկնեմ կարդացածս, կարդամ նորերը: Ամեն երգի, ամեն արտասանության ժամանակ նրա աչքերից արցունքներ էին հոսում:

Հաջորդ օրը Սեւակը, Բաղիշ Հովսեփյանը, Արտաշես Քալանթարյանը Նինա Հովսեփյանի ուղեկցությամբ եկան մեր տուն՝ Ալբերտի մոտ:

…Սեւակի հետ հանդիպման օրը նրա կյանքի ամենալուսավոր, հազվադեպ օրերից մեկն էր: Պարույրը համբուրեց մորս ձեռքը, հուզվեց եւ ասաց.

- Հիանալի զավակներ ունեք, Ալբերտը նշանավոր բանաստեղծ կարող է դառնալ, իսկ Լորիկ-բալիկը՝ հիանալի ասմունքող: Միայն ժամանակ է պետք»:

Նույն օրվա տպավորիչ պահերը թղթին է հանձնել նաեւ Ն.Հովսեփյանը: Երբ Լորետտան արտասանում էր եղբոր բանաստեղծությունները, նա Պարույրին պատմում է Ալբերտ Իսաջանյանի մասին՝ «անկողնային հիվանդ է, անշարժ, 10 տարի է… »: Ցնցվեց: «Ինչպե՞ս թե: Սա սքանչելի բանաստեղծություն է, իսկական բանաստեղծություն: Մի՞թե այդպես անհուսալի հիվանդ է այս բանաստեղծության հեղինակը: Անկարելի է, - գոչեց Պարույրը, - նա առողջ է բոլոր առողջներիցս: Առողջ է մտքով, հոգով: Վեր կացեք, գնում ենք նրա մոտ»:  Քանի որ գիշեր էր, բանաստեղծին դժվարությամբ համոզում են վերանայել Ալբերտի տուն գնալու որոշումը, փոխարենը̀ հուզախռով Պարույրը գիշերվա ժամը երեքին Ալբերտի հետ «ծանոթանում է» հեռախոսով:

1964 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի է ունենում Ալբերտ Իսաջանյանի եւ Պարույր Սեւակի առաջին հանդիպումը: Նինա Հովսեփյանի վկայությամբ՝ Ալբերտի հետ ծանոթությունը տիրական ազդեցություն է թողնում Սեւակի հոգեաշխարհի վրա, իսկ Ալբերտի համար Սեւակը դառնում է պաշտամունք, գրական ճակատագիր:

Հետագայում նրանց ծանոթությունն ամրապնդվում է նոր հանդիպումներով Երեւանում, ուղեկցվում փոխադարձ վստահության ազնիվ զգացումով, հաստատվում ջերմ նամակագրությամբ: Ցավոք, Ալբերտ Իսաջանյանի արխիվում չեն պահպանվել Սեւակից ստացած նամակները (տեւական փնտրտուքները՝ գտնելու դրանք, ապարդյուն անցան): Միայն մեկ ամբողջական նամակ մեզ փոխանցեց բանաստեղծի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Նամակը գրված է հապճեպ կերպով̀ «Հայաստանի սովետական գրողների միության վարչության քարտուղար» պաշտոնաթղթի վրա՝ թվագրված 15.11.1968թ.: «Ալբերտ ջան: Իսկույն եւեթ խոսեցի գործերիդ մասին: Տպագրում են վիպակդ, որ շատ են հավանել եւ ասում են, որ այդ մասին արդեն գրել են քեզ: Ուրեմն կարող ես չանհանգստանալ: Բանաստեղծություններդ, չգիտեմ ինչու, ավելի պակաս են հավանել, բայց դե կարեւորություն մի տուր դրան: Ժողովածուդ թարմացնելով փոքր-ինչ՝ կտպես հաջորդ անգամ: Անտանելի զբաղված եմ, ուստի եւ կարճ եմ կապում: Հետեւիր առողջությանդ եւ պայծառ մնա, սիրելիս: Համբուրում եմ քեզ: Քո՝ Պարույր: 15.XI.68 Երեւան: Հ.Գ. Խմբագիրդ է Վոլոդյա Դանիելյանը: Խելոք տղա է, եթե դժվարությունների հանդիպես, ձայն տուր, սիրով կօգնեմ: Պ.»: Մեր ձեռքին եղած մյուս գրությունը մի անթվակիր նամակի պատառիկ է, որում Սեւակը դարձյալ ակնարկում է Իսաջանյանի՝ լույս տեսնելիք գրքի մասին. «… երկու տողով հիշեցնես ինձ, երբ որ գրքույկիդ լույս տեսնելն իմանաս: Փաստաթղթերդ ետ եմ ուղարկում: Համբուրում եմ քեզ, մայրիկիդ ձեռքը, քույրիկիդ ճակատը: Պինդ մնա, սիրելիս: Քո՝ Պարույր»:

Նամակում Սեւակն ակնարկում է Իսաջանյանի «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել» վիպակի մասին, որը լույս է տեսել 1971 թվականին: Պարզ է, որ Սեւակը հետաքրքրվել է վիպակի տպագրության հանգամանքներով ու տեղյակ պահել Իսաջանյանին: 1965-ին արդեն լույս էր տեսել  Իսաջանյանի «Ծաղկե կամուրջ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, եւ ենթադրելի է, որ Սեւակը նամակում ակնարկում է 1977 թվականին լույս տեսած «Ծաղիկ իմ հեռավոր» բանաստեղծական ժողովածուի մասին: Օժտված բանաստեղծի, արձակագրի ստեղծագործական ճակատագրով մտահոգ՝ Պարույր Սեւակն ամեն կերպ օգնել է նրան՝ ինքնահաստատվել գրական կյանքում, ներկայանալ գրական հանրությանը:

Իսկ թե փոխադարձ նամակագրության միջոցով ուրիշ ինչ հարցերի շուրջ կարող էին զրուցել բարեկամները, առանց փաստերի դժվար է կոնկրետ դատողություններ անել. այդ պատճառով դիմել ենք բանավոր վկայությունների ու գրողի օրագրի օգնությանը:

Ծանոթության օրն ուրախությամբ իրազեկվելով, որ Ալբերտը մեքենայով երբեմն շրջագայում է, Սեւակը խնդրում է նրան այցելել Չանախչի՝ իր տուն: Ալբերտը Սեւակի ծննդավայր է գնում յոթ տարի անց, ցավոք, ոչ թե հյուրընկալվելու բանաստեղծին, այլ մասնակցելու նրա հուղարկավորությանը: Կորստի ցավից էլ ծնվում է Իսաջանյանի հուզառատ բանաստեղծություններից մեկը՝ նվիրված մեծատաղանդ բանաստեղծին ու հոգեկից ընկերոջը:

Ասացիր՝ ե՞րբ ես գալու իմ տունը,
Ասացիր՝ կգաս պատեհ-անպատեհ,
Քնած կլինեմ, թե հարբած՝ կգաս,
Ցավիդ դեմ ի՞նչ են փառքս, անունս:

Ասում եմ՝ եկա, ետ տար դռներդ,
Ճաք տված հողիդ վրայով արի
Եվ պարզիր, զուլա՛լ,
Եվ պարզիր, անդիրտ
Ճաք տված ճամփիս արդար կոներդ:

Եկ, անծանոթ եմ... ու սիրտս էրած
Չի հաշտվում ախար քո լռության հետ,
Այս բազմության մեջ
Դու իմ միակը,
Մեն-մտերիմը ու դու էլ՝ մեռա՜ծ...

Ու որբությունս ծորում է հողիդ, -
Ես ուրիշ հողում ասելիք չունեմ,
Հիմա ճիշտ-ճշգրիտ, հիմա արդարեւ
Նման է, Պարո՛ւյր, իմ ցավը քոնին:

Հոգեւոր հարազատությունից ու գրական զրույցներից ծնված քնարական մի գողտրիկ պատկեր է նաեւ Սեւակին նվիրված Իսաջանյանի երկրորդ բանաստեղծությունը, որն անտիպ է:

ՍԵՎԱԿԸ

- Կա՞ բանաստեղծություն.

Համարիր, որ չկա. -
Ասում էր Սեւակը, -
Եվ ամայության մեջ

Աստըծո օրհնությամբ
Քեզ տրվածն հորինիր:
Սխրանքի հանդիման
Միայնակ ու անտեր՝

Մի գիշեր մեղմորեն
Ասում էր Սեւակը: -
Եվ փայլեցնում էր
Աչքերի մեջ փխրուն

Երկնային կըրակը,
Եվ կծկվում էր. -
Մանուկ էր Սեւակը, -
Գորշ վերարկուի մեջ:

Սեւակի ու Իսաջանյանի գրական մտերմությունը Սեւակի եղերական մահով չի ավարտվում: Սեւակը միշտ եղել է Ալբերտի հետ, նրա ամենաթանկ հիշողություններում ու ստեղծագործական ներշնչանքներում: Բանաստեղծի օրագրային էջերը լի են Սեւակի մասին հուզիչ գրառումներով: Իսաջանյանը գրեթե ամեն տարի բանաստեղծի ծննդյան ու մահվան օրերին եղել է Սովետաշենում (այժմ՝ Զանգակատուն), մասնակցել հիշատակի արարողություններին եւ այդ այցերի մասին օրագրում գրառումներ արել. 

Հունվար 27, 1977թ.

«Երեկ Սովետաշենում էի՝ Պ.Սեւակի ծննդյան տարեդարձի առթիվ, Նինայի եւ …..(անընթ.)-ի հետ միասին: Նինայի արտասուքը, որը չի վերջանում, այս էլ քանի՜ տարի է՝ չի վերջանում եւ կվերջանա՞  երբեւէ: Սեւակի հարազատները՝ ամեն մեկը մի գյուղացի, պարզ եւ ինքնատիպ, քեռին, որ բանաստեղծություններ էր արտասանում եւ կառուցել էր Սեւակի տունը՝ անշպար ու սիրելի, պարզ ու հայկական: Հայրը, որը չորացել է ձեռքերով ու հիշողությամբ, իսկ մայրը մի տարի առաջ մահացել է, թաղված է Պարույրի ու Նելլիի գերեզմանից հեռու <….>: Քույրերը, որոնցից ոչ մեկը նման չէ Սեւակին, մինչեւիսկ հայրը, մորաքրոջ տղան, որը վերադառնալիս ինձ նվիրեց Սեւակի դիմանկարով կրծքանշանը. հիմա այն ինձ մոտ է...

- Սեւակ, զգացված եմ, ասացի ես:

Մտածում եմ, որ երբեւէ պետք է սկսեմ վեպը կամ, չգիտեմ՝ ինչ անուն տամ, երբեւէ պետք է սկսեմ գրել այդ անանուն բանը, որը խլրտում է ինձանում... »:

Այս գրառումը հետաքրքրական տեղեկություն է հաղորդում այն մասին, որ Իսաջանյանը մտադրվել էր  Սեւակին նվիրված լայնակտավ գրական երկ ստեղծել, որը չի իրագործել:

Հունիս 16, 1976

«Վաղը շուտ պիտի գնամ Սովետաշեն՝ Նինայի հետ, Պարույր Սեւակի մահվան տարելիցին: Այսօր (անընթ.) ասաց, որ արդեն 5 տարի է, ե՞րբ անցավ…»:

Հունիսի 17, 1976

«Սովետաշեն չեմ գնացել: Գիշերը մղձավանջ էր, քնել եմ մի երեք ժամ, քեզ չեմ ուզում հիշել, բայց ուղեղս քայքայվել է…

...Չեմ աշխատել, եթե չհաշվեմ խզբզված մի քանի տողը, որը գուցե եւ չպահպանվի: Այսօր Պ.Սեւակի մահվան տարելիցն է, որքան հիշում եմ՝ առաջին անգամ չեմ գնացել: Ներիր, Պարույր…»:

Հուսանք, որ Սեւակի՝ Ալբերտ Իսաջանյանին հասցեագրած նամակները, ի վերջո, «կվերադառնան» արխիվ: Իսկ բացված ծրարներն, անշուշտ, շատ հարցերի կպատասխանեն եւ արժեքավոր հավելումներով կամբողջացնեն գրական ու մարդկային այդ ինքնատիպ բարեկամության պատմությունը:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

01.11.2024 22:26

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է. Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է

01.11.2024 22:23

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք

01.11.2024 22:06

1967 թվականի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

01.11.2024 21:39

Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր. Սուրենյան

01.11.2024 19:57

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 1-ին

01.11.2024 19:50