Պլատոնն իմ բարեկամն է, բայց...

07.10.2013 14:29
2300

Դիտարկումներ Մեղրի-Երեւան ավտոմայրուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Մեղրի-Երեւան ավտոմայրուղու Լիճք-Տաշտուն գյուղերի խաչմերուկում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի մասին, ըստ էության, գիտեն ոչ միայն Հայաստանում ու Ռուսաստանում:

Միջադեպը հնչեղություն ստացավ առաջին իսկ րոպեներից` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների, ինչպես նաեւ ոստիկանությանը ներկայացրած հաղորդման շնորհիվ: Այնուհետեւ տարածվեց «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական հայտարարությունը, որում, գրեթե առանց փոփոխության, ամրագրվեցին պատգամավորի` ավելի վաղ արված հայտարարությունների դրույթները: Տեղի ունեցածին, առանց հապաղելու եւ առանց կատարվածի իսկությունը ճշտելու, արձագանքեցին ԱԺ պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ: Բոլորն էլ, կարծեք, պատգամավորի հայտարարությունները միահամուռ ընդունեցին իբրեւ անհերքելի ճշմարտություն:

Սյունիքյան հանրությունը, մինչդեռ, ոչ միանշանակ է ընդունել Մեղրի-Երեւան ավտոմայրուղում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններն ու «Ժառանգության» գնահատականները: Ավելին, կան նույնիսկ միանգամայն տարաբեւեռ բացատրություններ ու դիտարկումներ:

Եղելության վերաբերյալ սեփական պատկերացում ունենալու համար էլ հանդիպեցինք միջադեպի մյուս մասնակիցների, սահմանապահ զորամասի ու ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Միջադեպը` ըստ պատգամավորի եւ «Ժառանգություն» կուսակցության

Ինչպես արդեն նշեցինք, միջադեպի առաջին իսկ րոպեներից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հնչեցրել է հայտարարություններ, տվել գնահատականներ եւ ներկայացրել տեղի ունեցածի իր ընկալումն ու բացատրությունը: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցությունը:

Եվ, ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 25-ին Մեղրի-Երեւան ավտոմայրուղում` ըստ Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության:

- ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի N38 ընտրատարածքում, որի կազմում են եղել ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

- Առավոտյան Կապանից Մեղրի տանող ճանապարհին ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները` առանց որեւէ հիմնավորման: Մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը, մինչեւ որ Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել պատգամավորական իր վկայականը, խմբի առաքելությունը եւ բացատրություն պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը զանգ է տվել ինչ-որ մեկին, եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել ճանապարհը:

- Երեկոյան` հետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցչի կողմից` ստուգման եւ խուզարկման նպատակով: Սահմանապահները վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը` հիմնավորելու իրենց գործողությունը: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե՛ պատգամավորի, թե՛ խմբի մյուս անդամների` ՀՀ քաղաքացիների հանդեպ:

- Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն:

- Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական` ոմն գնդապետ Միրզոեւ, Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ԱԴԾ-ի գործողություններն ինչ-որ իրանցի թմրագործակալի որոնողական աշխատանքներով եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն պատգամավորը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով` ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին համապատասխան:

- Միջադեպը դիտարկվում է որպես կոպիտ միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացին: Այն եւս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած եւ իշխանությունը բռնազավթած խմբի անկարողությունը` ապահովելու ՀՀ ինքնիշխանությունը:

- Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջվում է պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից` պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել Մեղրի-Երեւան ավտոմայրուղում

Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության պարզաբանումներն արդեն իսկ հայտնի են: Հայտնի են նաեւ դրանցով հիմնավորված արձագանքները: Հիմա փորձենք շարադրել միջադեպի այն վարկածը, որ գոյություն ունի փոստանջյանական պարզաբանումներից անդին:

Եվ այսպես` 2013թ. սեպտեմբերի 24-ին` ժամը 00.45 րոպեին, հայ-իրանական սահմանի «Ագարակ» մաքսակետում ռուս սահմանապահների կողմից բռնվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բեհզադ Ա.-ն, ով փորձում էր թմրանյութ անցկացնել դեպի մեր հանրապետության տարածք: Նույն օրը, մաքսակետի աշխատակցի ուղեկցությամբ, երթուղային միկրոավտոբուսով նրան ուղարկել են Երեւան: Ճանապարհին` Արենի գյուղի մերձակայքում, Բեհզադին հաջողվել է փախչել: Այդ օրվա ժամը 17-ից սկսած հանրապետության իրավապահ մարմինները սկսել են փախուստի մեջ գտնվող քաղաքացու որոնումները: Օպերացիային, միջգերատեսչական համագործակցության շրջանակներում, ընդգրկվել է նաեւ Մեղրիում տեղակայված ՌԴ սահմանապահ ջոկատը: Զորամասում էլ` սպայի գլխավորությամբ, առանձնացրել են մարդկանց, ովքեր էլ ընդգրկվել են Մեղրի-Երեւան ավտոմայրուղու վրա դրված վերակարգում ծառայություն իրականացնող խմբի մեջ:

Սեպտեմբերի 24-ին ճանապարհին կանգնեցվել է այն մեքենան, որով Մեղրի էր այցելում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (ի դեպ, այդ ընթացքում կանգնեցվել եւ ստուգվել է 1100 մեքենա): Նա ներկայացրել է պատգամավորական վկայականը, որից անմիջապես հետո թույլատրվել է մեքենայի ընթացքը դեպի Մեղրի, որտեղ պետք է քարոզարշավ իրականացներ պատգամավորության թեկնածու առաջադրված իր կուսակցի օգտին:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 20.00-ի սահմաններում, զինվորական վերակարգին է մոտեցել Մեղրիից եկող հերթական ավտոմեքենան: Իմանալով, որ դա ԱԺ պատգամավորի ավտոմեքենան է, սահմանապահները չեն էլ կամեցել կանգնեցնել այն: Սակայն պատգամավորի մեքենան կանգ է առել ուղեկալում, տիկին Փոստանջյանը տեղեկացրել է, որ իրենց հետեւից գալիս է կարմիր «Նիվա» մակնիշի մեքենան, որը ստուգելու կարիք չկա, քանզի այդ մեքենայի ուղեւորներն իրենց խմբից են:

Զինվորականը շրջվել է դեպի ուղեկալի ավագը եւ ռուսերենով զեկուցել, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է… Շրջված զինվորականի բաճկոնին (մեջքի մասում) գրված է եղել «ПС ФСБ», որն էլ, հավանաբար, պատրվակ է դարձել հետագա զարգացումների համար: Այդ ընթացքում պատգամավորի մեքենայից դուրս են եկել ուղեկցող անձինք եւ սկսել նկարահանել պատգամավորի ու զինվորների երկխոսությունը: Զարուհի Փոստանջյանն ուղեկալի ավագից բացատրություն է պահանջել, թե ինչու են ռուս սահմանապահները Հայաստանի ճանապարհների վրա հսկողություն իրականացնում, ինչու են, հայ լինելով ու Հայաստանի հողում լինելով, խոսում ռուսերենով եւ այլն: Վերակարգի ավագը նախ խնդրել է իրենց չնկարահանել (եւ քանիցս կրկնել է այդ խնդրանքը), ապա բացատրություններ տվել պատգամավորին հուզող հարցերի վերաբերյալ: Այդ ընթացքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, իբր ընկել ու կոտրվել է պատգամավորին ուղեկցող անձի տեսախցիկը:

Մի քանի րոպե անց միջադեպի վայր են ժամանել ոստիկանության բաժնի պետն ու Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալը: Նրանք փորձել են պարզաբանել, թե պատգամավորը եւ ուղեկցող անձինք սահմանապահներից ինչ պահանջներ ունեն: Նրանք երկու պահանջ են ներկայացրել` 1) պաշտոնապես ներողություն խնդրել` վերակարգի ավագի` իբր անտակտ վերաբերմունքի համար, 2) փոխհատուցել վնասը` իբր սահմանապահների կողմից ջարդված տեսախցիկի համար:

Սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալը հայտնել է, որ զորամասի հրամանատարության անունից ներողություն է խնդրում, եթե, իրոք, ուղեկալի զինվորականները վիրավորել են պատգամավորի եւ ուղեկցող անձանց արժանապատվությունը, եւ պատրաստ է փոխհատուցել վնասը` ջարդված տեսախցիկի համար` 45-50 հազար դրամի չափով: Այնուհետեւ` ուղեկցողների հետ խորհրդակցելուց հետո պատգամավորը հայտարարել է, որ իրենք ուզում են ե՛ւ ներողություն խնդրելը, ե՛ւ վնասի փոխհատուցումը ֆիքսել գրավոր արձանագրությամբ… Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ի վերջո պատգամավորը եւ ուղեկցող անձինք ճանապարհվել են Կապան: Ու քիչ հետո արդեն սոցիալական ցանցերում երեւացել են պատգամավորի հայտարարություններն ու պարզաբանումները միջադեպի վերաբերյալ:

Նույն օրը հրապարակվել է ՌԴ սահմանապահների պարզաբանումը, որում, մասնավորապես, ասված է. «Ժամը 20:00-ի շրջանում Երեւան-Մեղրի ճանապարհին կանգնեցվել է մի մեքենա, որում գտնվել է Զ.Փոստանջյանը: Զ.Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը եւ կոպիտ կերպով բացատրություններ պահանջել:

Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Փոստանջյանն ու նրան ուղեկցող անձինք հանդուգն պահվածք են դրսեւորել, փորձել սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն տեսանկարահանել սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել: Ավելին, դեպքի վայր է ժամանել սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները եւ կարգավորել խնդիրը: Այնուամենայնիվ, Զ.Փոստանջյանը եւ նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին: Իր գործողություններով Զ.Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը` կապված սահմանի պաշտպանության հետ` դրանով իսկ հանցագործի որոնման եւ ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով:

ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի եւ սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի: Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ.Փոստանջյանը, կողմից ընդունված ՀՀ «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները եւ կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»»:

Իսկապե՞ս խոցելի է սահմանապահների գործողությունների իրավական հիմքը

Նման հարց, անկեղծ լինենք, երբեք չէր առաջացել: Նման հարցադրում արվեց սեպտեմբերի 25-ի միջադեպի ընթացքում եւ հետո: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա դրանում, եթե այն առաջադրի, օրինակ, Հայաստանի Հանրապետության շարքային որեւէ քաղաքացի: Բայց հարցադրումը դառնում է անհեթեթ, երբ այն հնչեցնում է ԱԺ պատգամավորը եւ առաջադրում է ոչ թե խորհրդարանում, այլ ավտոճանապարհին դրված զինվորական վերակարգում…

Որքանով տեղյակ ենք, կա առնվազն երեք միջպետական պայմանագիր Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, որոնցով կարգավորվում է ռուսական զորքերի գործունեությունը Հայաստանում: Ահավասիկ` 1) «Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի 1992թ.), 2) «ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» (16 մարտի 1995թ.), 3) ««ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի մասին» 1995թ. մարտի 16-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին N5 արձանագրությունը» (20 օգոստոսի 2010թ.): Ընդ որում` վերջին փաստաթուղթը մեր հիշողության մեջ մտավ նաեւ մեկ այլ դրույթի շնորհիվ. եթե նախկինում ռազմակայանը պետք է ապահովեր ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի երկայնքով, ապա այդ փոփոխությամբ ապահովվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն առհասարակ:

Մենք մասնագետ չենք, եւ քիչ չէ սխալվելու հավանականությունը նշված համաձայնագրերի մասին դատողություններ անելիս: Ուստի եւ ուզում ենք հարց առաջադրել հարգարժան պատգամավորին` արդյո՞ք նշված համաձայնագրերը լիովին չեն լուծում Հայաստանում գտնվող ռուսական զորքերի եւ, մասնավորապես, սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքերը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ հարցն ըստ պատշաճի չի բարձրացվել (չի բարձրացվում) երկրի օրենսդիր մարմնում: Կամ` արդյո՞ք պատշաճ է պետական կարեւորության այդ հարցը զինվորական վերակարգում ծառայությունն իրականացնող զինվորին ուղղելը:

Ինչ ասել է Մեղրու սահմանապահ ջոկատ

Միջադեպի առիթով վերջին օրերին տեղի-անտեղի հնչող գնահատականների ու ոչ կոռեկտ արտահայտությունների մթնոլորտում երեւի թե պարտավոր ենք ինքներս մի քիչ նեղություն պատճառել մեզ եւ վերհիշել, թե ինչ ասել է ռուսական սահմանապահ ջոկատ Մեղրիում:

Ռուս զինվորը Մեղրու տարածքում առաջին անգամ ոտք դրեց 1810թ. հունիսի 12-13-ին տեղաբնակ հայերի խնդրանքով: Այդ ժամանակ ռուսական եգերական գունդը, գնդապետ Կոտլյարովսկու հրամանատարությամբ, պարսկական զորքերին դուրս մղեց շրջանի տարածքից:

Այդ օրերից ի վեր, տարբեր կարգավիճակով, նաեւ խորհրդային տարիներին, սահմանապահ ջոկատն արժանապատվորեն իրականացրել է հայ-իրանական սահմանի պաշտպանությունը:
Անկախության հռչակումից հետո Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ համարեցին, որ Մեղրու սահմանապահ ջոկատը շարունակի պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի` Արաքս գետի երկայնքով ձգվող սահմանի` Մեղրու շրջանի ամբողջ տարածքը:
Եվ մոտ երկու հարյուր տարվա ընթացքում ռուսական (առ ժամանակ` խորհրդային) սահմանապահ ջոկատը դարձել է Մեղրու իրականության անքակտելի բաղադրիչը: Այսօր` առավել եւս:

Մեղրու պատմությամբ զբաղվող մեր գործընկերները պնդում են, որ այդ ամբողջ ընթացքում ռուս սահմանապահների ու մեղրեցիների միջեւ երբեք որեւէ միջադեպ, թյուրիմացություն կամ փոխադարձ դժգոհություն չի արձանագրվել: Ընդհակառակը` սահմանապահ ջոկատի զինվորն ու հրամանատարը, նրանց ընտանիքի անդամն իրենց համարել ու համարում են մեղրեցի, իսկ մեղրեցիները ռուս զինվորականին ու նրա ընտանիքի անդամին` իրենց երկրամասի բնակիչ:

Անկախության տարիներին էլ ավելի սերտացան տեղի բնակիչների ու ռուս սահմանապահների կապն ու առնչությունները: Ռուսական սահմանապահ ջոկատը (որի զինվորների մեծ մասը ներկայումս, ի դեպ, Հայաստանի քաղաքացի է) ոչ միայն մեր հարավային սահմանի հուսալի պահապանն է, այլեւ բազմաթիվ մեղրեցիների աշխատավայրը. նաեւ տարածքում իրականացվող սոցիալական, մշակութային մի քանի ծրագրերի հեղինակը:

Եվ նման ավանդ ունեցող զորամասին, որ պատմության քառուղիներում քանիցս հայտնվել է նաեւ կրիտիկական իրավիճակներում եւ արժանապատվորեն դուրս եկել դրանից ու ապահովել մեր սահմանի անձեռնմխելիությունը` երբեմն մարդկային զոհերի գնով, մենք բարոյական իրավունք չունենք վարկաբեկիչ մեկ խոսք անգամ ասելու:

Բարոյական չէ նաեւ անկախ պետության քաղաքացու դիրքերից սահմանապահների հասցեին հոխորտալը, մանավանդ որ ինքներս ենք պետական մակարդակով նրանց խնդրել-արտոնել` պահելու անկախ Հայաստանի սահմանը:

Այո՛, անկախությունը` իր բոլոր բաղադրիչներով, հայ մարդու համար բացարձակ ու անսակարկելի արժեք է, բայց եւ հիշենք, որ ռուս սահմանապահն էլ կանգնած է մեր անկախ պետության սահմանում, ասել է թե անկախության պահպանման դիրքերում:

Իմիջիայլոց, Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարը 2011թ. ապրիլի 12-ից գնդապետ Անատոլի Շադրինն է: Տարածաշրջանի բնակչության հետ հարաբերություններում նա կարողացել է ոչ միայն պահպանել նախորդ ժամանակներում ձեւավորված բարի ավանդույթները, այլեւ նոր ջերմություն ու փոխվստահություն հաղորդել դրանց: Ոչ ոք Մեղրիում նրան օտարական կամ հյուր չի համարում: Մեղրեցիները հրամանատարին իրենցից մեկն են համարում: Երիտասարդ զորապետին տեղի բնակչության հետ կարելի է տեսնել ե՛ւ տոնական առիթներով, ե՛ւ հոգսերը քննարկելիս, ե՛ւ տխրության պահերին: Ծանոթ լինելով նրա գործելակերպին ու աշխարհընկալմանը, անկեղծ լինենք, դժվարությամբ ենք պատկերացնում, որ գնդապետի հրամանատարության ներքո գտնվող զինվորը (անկախ ազգությունից) կարող է եւ ոչ կոռեկտ վարք դրսեւորել քաղաքացիական բնակչության հանդեպ: Ինչ վերաբերում է ընտրություններին (համապետական կամ տեղական նշանակության), ապա բացառում ենք զորամասի հրամանատարության շահագրգռությունն այս կամ այն կուսակցության, այս կամ այն թեկնածուի հաղթանակի հարցում: Այդպես է եղել նաեւ նախորդ հրամանատարների օրերում. մոտ 15 տարի, որպես լրագրող, պարբերաբար եղել ենք այդ զորամասում (ինչպես եւ տարածքի մյուս զորամասերում), ու դա մեր անձնական դիտարկումն է: Այնպես որ բացառում ենք, որ սեպտեմբերի 25-ի միջադեպը կարող էր ունենալ սեպտեմբերի 29-ի ընտրությամբ պայմանավորված ենթատեքստ:

Սյունիքը չի կարող լինել հակառուսական պոռթկումների «պոլիգոն»

Մեղրի-Երեւան ավտոմայրուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ արդեն իսկ ընթերցողի սեղանին են լրագրային բազմաթիվ հրապարակումներ: Դրանցում նաեւ այն միտքն է արտահայտված, թե իբր արեւմտամետ պատգամավորի (կամ այդպիսի կողմնորոշմամբ մեկ այլ քաղաքական գործչի) նման աղմուկն ու հակառուսական պոռթկումը սպասելի էին այն բանից հետո, երբ ս.թ. սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ Հայաստանի նախագահի կողմնորոշումը դեպի ձեւավորվող Մաքսային միություն:

Նման դիտարկման քննարկումը, անշուշտ, դուրս է սույն հրապարակման շրջանակից: Սակայն չենք կարող մի փոքրիկ նկատառում չանել:

Մենք նույնպես հիացած չենք Հայաստանի վարչախմբի արտաքին քաղաքականությամբ: Կարելի էր եւ ընտրել զարգացման զուտ հայկական ուղի եւ չհայտնվել երկու հսկա ջրաղացքարի` Եվրամիության եւ Մաքսային միության արանքում: Բայց եթե արդեն հայտնվել ենք այդ հանգրվանում, ապա մեր խորհրդածություններն առայժմ, միանշանակ, դեպի Մաքսային միությունը պետք է լինի:

Իհարկե, մենք, ինչպես եւ Ազգային ժողովի պատգամավորներն ու հանրապետության կառավարության անդամները, խորությամբ չգիտենք, թե ինչ ասել է Մաքսային միություն կամ Եվրամիության հետ ասոցացում: Բայց հստակ գիտենք մի բան` Մաքսային միությունը ձեւավորվում է այն երկրների ու ժողովուրդների մասնակցությամբ ու միջավայրում, որոնց հետ դարերով ճանապարհ ենք անցել, որոնք համեմատաբար կանխատեսելի են, որոնց համար մենք նույնպես ընկալելի ենք, որոնց հետ (արժեքային համակարգի եւ հոգեկերտվածքի առումով) շատ ընդհանրություններ ունենք:

Մենք հիացած չենք նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցության ներկայիս կերպով: Հայ մարդը վերապահումներ ունի նաեւ հայ-ռուսական հարաբերությունների պատմության շատ-շատ հարցերում:

Այդ բոլորով հանդերձ, սակայն, չենք կարող մոռանալ, որ դարերի ընթացքում հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ ստեղծվել է իսկական բարեկամություն: Չգիտենք նույնիսկ` կա՞ աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որի հետ այնքան թելերով կապված լինենք, որքան ռուս ժողովրդի: Օբյեկտիվ չէր լինի նաեւ, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի ու երկու պետության առաջնորդների համագործակցության այսօրվա կերպը նույնացնեինք երկու ժողովուրդների` դարերի խորքից եկող ու փորձություններով անցած բարեկամության հետ, քանզի առաջնորդները գնացող են, ժողովուրդները` մնացող:

Եվ եթե այսօր նույնիսկ հիմքեր կան հակառուսական պոռթկումների ու հույզերի համար, ապա, հավատացեք, դրանց համար Սյունիքը չի կարող «պոլիգոն» լինել: Ճակատագրի կամոք գլխավորապես Սյունիքում են սկիզբ առել հայ-ռուսական համագործակցության, բարեկամության ծիլերը, ինչի վերաբերյալ կա որոշակի պատմական հիշողություն: Եվ ուրեմն` խոհեմ չէ հայ-ռուսական հարաբերությունների հերթական փորձարկմանը միտված վարժանքները Սյունիքից սկսելը:

Եվս մեկ արձանագրում

Զարուհի Փոստանջյանը նախկինում քանիցս այցելել է «Սյունյաց երկրի» խմբագրություն, հետաքրքրվել մեր գործերով: Ու միշտ էլ նրան համարել ենք (ու շարունակում ենք համարել) թերթի բարեկամը: Միաժամանակ` գնահատում ենք նրա դերակատարությունը հանրապետությունում քաղաքացիական հասարակության ձեւավորման ու ամրապնդման գործում, հավանություն տալիս պատգամավորի շատ-շատ քայլերի, սյունիքյան իրականության որոշ արգահատելի երեւույթների դեմ ձեռնարկած քայլերին: Հատկապես դրվատելի է նրա կատարածը Քաջարան գյուղի համար մղված «ճակատամարտում»: Բայց… Տիկին Փոստանջյանի հայտարարություններն ավտոմայրուղու միջադեպի վերաբերյալ, մեղմ ասած, ամբողջովին չեն արտացոլում իրականությունը: Առավել սուբյեկտիվ են նրա եւ «Ժառանգության» գնահատականները` տրված Մեղրու սահմանապահ զորամասի զինվորականներին եւ, առհասարակ, այդ զորամասի առաքելությանը: Շատ ենք ափսոսում, որ հարգարժան պատգամավորը տեղյակ չէ այդ զորամասի դերակատարությանը` մեր երկրի հարավային սահմանների պաշտպանության, ինչպես եւ Մեղրու տարածաշրջանի սոցիալական որոշ խնդիրների լուծման գործում: Ափսոսում ենք, որ ինքն ու ուղեկցող անձինք այդքան հեշտությամբ վիրավորանքներ են հասցրել մեր պետության սահմանները պաշտպանող զինվորներին, ովքեր, ինչպես նշեցինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին (բացի հրամանատարից): Այդ հանգամանքների մղումով է, որ ակամա հիշեցինք հին աշխարհի իմաստուններից մեկի` Արիստոտելի հայտնի խոսքը. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է», եւ փորձեցինք առաջնորդվել դրանով: Միգուցե միասին ուժ գտնենք մեր մեջ եւ սեպտեմբերի 25-ի միջադեպի մասին խոսելիս ամեն ինչից վեր դասենք ճշմարտությունը: Իսկ քաղաքականության մասին` հետո եւ այլ ու պատշաճ առիթով:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25