ՊՈՂՈՍ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ. ՄԻ ՊԱՅԾԱՌ ԱՆՈԻՆ ՍՅՈԻՆԻՔԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈԻՄ

20.06.2022 16:51
3319

«Ես կատարել եմ իմ պարտականութիւնը,

նախ՝ որպէս հայ և երկրորդ՝ որպէս դաշնակցական»։

 

Պողոս Տեր-Դավթյան

 

Բանալի բառեր՝ Սյունյաց լեռնաշխարհ, Զանգեզուր, Անդրանիկ Օզանյան, Պողոս Տեր-Դավթյան, Արսեն Շահմազյան, Գարեգին Նժդեհ, հերոսամարտ։

Հայոց ազատամարտի նորագույն պատմության մեջ իր կատարած դերով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Զանգեզուրի 1918-1921 թթ. գոյամարտը։ Գոյամարտ, որը տվել է բա­զում հերոսներ, որոնք իրենց անմնացորդ նվիրումով և պայքա­րով կերտել են մեր ժողովրդի փառավոր պատմությունը։ Հայ ազատամարտի առաջատար ուժի՝ ՀՅԴ մարտական գործիչների փաղանգում իր հայրենանվեր գործունեությամբ արժանի տեղ է զբաղեցնում նաև Պողոս Տեր-Դավթյանը՝ «Պորուչիկ Պողոսը», որին բնորոշ էր հերոսականությունը։ Հանգամանք, որի շնորհիվ էլ ժամանակակիցների շրջանում նա վաստակեց անվի­ճելի հեղինակություն և հայոց հիշողության մեջ անմահացավ «Սյունյաց Քաջ» պատվանունով: Պ. Տեր-Դավթյանի կյանքի ուղին եղել է մաքառումների ան­վերջ շղթա, նա ձգտել է իր ուժն ու կորովը գործադրել այնտեղ, որտեղ ավելի շատ օգուտ կարող էր բերել հայրենիքին։ Նրա կարճ, սակայն բեղմնավոր կյանքի տարեգրությունը ցույց է տալիս, որ հայրենիքին կապված էր հոգու ամենանուրբ և ամե­նասուրբ թելերով՝ խորապես վերապրելով նրա դժվարին անցյալն ու ողբերգական ներկան։ Որպես գաղափարի զինվոր՝ նա ՀՅ Դաշնակցության այն նշանավոր զինվորականներից էր, որ մշտապես գտնվում էր իր ժամանակի քաղաքական իրադարձությունների կիզակետում, օրհասական պահերին՝ առանց երկմտանքի, պատասխանատվության մեծ զգացումով սատար կանգնելով հարազատ ժողովրդի գոյապայքարին։ Ահա այս մթնո­լորտի մեջ է կերտվել հայոց ազատամարտի նվիրյալի աննկուն կամքն ու ազնվագույն նկարագիրը։ Կյանքով լեցուն, բնությունից առատորեն բազում շնորհներով օժտված Պ. Տեր-Դավթյանի մտերմությունը, հավանաբար, շատերն են փնտրել։ Դրա վառ վկայությունը նրա ընկերների, մտերիմների ու ծանոթների լայն շրջանակն էր, որն ապշեցնում էր նաև իր բազմազանությամբ։ Դրանց թվում էին այն ժամանակ արդեն անվանի բազմաթիվ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչներ։ Ընդամենը մի քանի անունների թվարկումով փորձենք պատկերացում տալ. Անդրանիկ Օզանյան, Ստեփան Զորյան (Ռոստոմ), գեներալ-մայոր Հակոբ Բագրատունի, Համազասպ Սրվանձտյանց, Սիմոն Վրացյան, Ստեփան Շահումյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Արսեն Շահմազյան, Գարեգին Տեր-Հարությունյան (Նժդեհ), Դրաստամատ Կանայան (Դրո), Եղիշե Իշխանյան և շատ ուրիշ­ներ։

Դժվար է սահման գծել Պ. Տեր-Դավթյանի կենսագրության և ռազմաքաղաքական գործունեության միջև, քանզի հայ ժողովրդի ազատության համար անմոռաց պայքարը միա­ժամանակ դարձավ նաև նրա անձ­նական կյանքի ժամանակագրությունը։ Ուստի նրա 40-ամյա հերոսական կենսագրությունը պայմանականորեն կարելի է ստորաբաժանել հինգ շրջանի. մանկություն և պատանեկու­թյուն, ռուս-ճապոնական պատերազմի տարիներ (1904-1905 թթ.), Առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական (Կովկասյան) ռազմաճակատի ռազմագործողություններ (1914-1916 թթ.), Բաքվի հերոսամարտ (1918 թ.), Զանգեզուրի հերոսամարտ (1918-1920 թթ.)։

Պողոս Տեր-Դավթյանը ծնվել է 1880 թ. Սյունյաց աշխարհի պատմական Բաղք Աճանան գավառի Վերին Խոտանան գյուղում, երկրագործ Սողոմոն և Նազլու Տեր-Դավթյանների լուսավոր և բազմանդամ ընտանիքում[1]։ Կրթություն ստանալու նպատակով[2] վաղ մանկությունից տեղափոխվել Է Բաքու, իր քեռու՝ ծննդյամբ՝ Շրվենանց գյուղից Բաքվում հաստատված նավթարդյունաբերող, «Արամազդ» ընկերության նախագահ, բարե­գործ Գասպար Տեր֊Մարգարյանի[3] մոտ։ 1901 թ. ավարտելով տեղի ռուսական գիմնազիան, նույն տարում զորակոչվել Է ցարական բանակ և դարձել զինվորական ուսումնարանի ունկնդիր[4]:

Պ. Տեր-Դավթյանը պորուչիկի[5] կոչումով զինվորական առաջին մկրտությունը ստացավ ռուս-ճապոնական պատերազմում։ Ակտիվորեն մասնակցել Է ճապոնական զորքերի դեմ մղվող մարտական գրեթե բոլոր գործողություններին։ Քաջագործություններով հատկապես աչքի Է ընկել Մուկդենի հայտնի ճակատամարտում (1905 թ. փետրվարի 20-ից մարտի 10-ը)։ Մարտական սխրագործությունների համար արժանանում Է բարձրագույն պարգևի՝ Գեորգիևյան խաչի և «Պարաբելլում» մակնիշի անվանական ատրճանակի, որի կոթին մակագրված է եղել. «Քաջության համար»[6]։

1909 թ. Պ. Տեր-Դավթյանն արդեն պահեստազորի սպա էր[7]։ Պ. Տեր֊Դավթյանի կյանքին ու գործունեությանն անդրա­դարձած պատմաբան Բաղդասար Թևոսյանը գրում է, որ նա եղել է ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ[8]։ Չբացառելով, որ սկզբնական շրջանում Պ. Տեր-Դավթյանը թերևս անդամակցել կամ հարել է հնչակյաններին, այդուհանդերձ, 1920 թ. սեպտեմ­բերի 25-ին, Դարալագյազում, Զանգեզուր-Ղարաբաղի միացյալ Ազգային խորհրդի անդամ Եղիշե Իշխանյանի և Պ. Տեր-Դավթյանի միջև տեղի ունեցած զրույցում վերջինս փաստել է իր ՀՅ Դաշնակցության անդամ լինելը[9]։ Որ Պ. Տեր-Դավթյանը եղել է ՀՅԴ անդամ՝ աներկբա փաստում է նաև նրա համագյուղացի, մոտիկից ճանաչող գնդապետ Արտաշես Ղազարյանը[10]։

Առաջին աշխարհամարտը գործունեության նոր, ավելի լայն դաշտ բացեց Պ. Տեր֊Դավթյանի համար։ Արևմտահայության ազատագրման վեհ գաղափարներով տոգորված նա կամավորական շարժման ջերմ կողմնակիցներից էր և պորուչիկի կոչու­մով11 ընդգրկվեց փառապանծ Զորավար Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ Սալմաստում կազմավորված կամավորական 1-ին ջոկատի կազմում։ Անդրանիկի հետ ծանոթությունը հետագայում վերաճեց մտերմության և բեղմնավոր մարտական համագործակցության, որը հետագայում շարունակվեց նաև Զանգեզուրում։ Պ. Տեր-Դավթյանն ակտիվորեն մասնակցում է Կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մղված մարտական գործողություններին, Արևմտյան Հայաստանի տարածքների ազատագրմանը և աչքի ընկնում մի շարք մարտերում։ Իր քաջագործություններով նա հատկապես աչքի է ընկնում 1915 թ. ապրիլի 16-18-ին Դիլմանի նշանավոր ճակատամարտում,12 որտեղ խայտառակ պարտություն կրեց Խալիլ փաշայի 12.000–անոց բանակը, որը Ատրպատականի վրայով շրջանցելով Վասպուրականը, արևելքից պետք է հարվածեր Վանին13:

Առաջին աշխարհամարտի շրջանում Պ. Տեր-Դավթյանն իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաև Բաքվի հայության 1918 թ. հերոսամարտի ընթացքում։ Հերոսամարտ, որն իր նշանակությամբ իրավամբ դասվում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերի կող­քին։ Կովկասյան բանակի հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվի դեմ արշավող թուրքական բանակի դեմ հայկական զինուժի 1918 թ. հունիս-սեպտեմբերյան մարտերը վճռորոշ դեր ունեցան նորաստեղծ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում14։ Այս առումով տեղին է վկայաբերել ՀՅԴ Բաքվի Ոսկանապատի Կ. Կոմիտեության շրջանային ժողովում, Բաքվի հերոսամարտի իրական կազմա­կերպիչ, ՀՅԴ հիմնադիր երրորդության անդամ Ռոստոմի ելույթի հետևյալ հատվածը. «Մենք գիտենք, որ Ադրբէյջանի կա­ռավարութեան թիկունքում կանգնած է Տաճկաստանը։ Նա է, որ գծում է ադրբէյջանցիների անելիքը, իսկ Տաճկաստանի նպա­տակը մեր ազգային հարցի տեսակէտից պարզ է։ Տաճիկները ձգտում են հայ ազգի ֆիզիքական ոչնչացման եւ արդէն մէկ մի­լիոն սրածել են եւ մայր երկիրը աւերել։ ...Վաղը, հէնց որ բացուեն Բագուի դռները Ադրբէյջանի բանակի առջեւ եւ տաճիկները տեղաւորուեն Բագւում, Խան-Խոյսկու ամբոխը եւ տաճկական բանակը, ձեռք ձեռքի տուած, պիտի սրբեն նաեւ Բագուի ու Գանձակի հայութիւնը, ապա պիտի բարձրանան Ղարաբաղ, պիտի իջնեն Զանգեզուր եւ Երեւանը ոտնատակ պիտի տան»15։

Ահա վերոնշյալ հանգամանքներից ելնելով, արևելահայությանը սպասվող ցեղասպանությունից փրկելու և հայության գո­յությունը պաշտպանելու գերխնդիրը լուծելու նպատակով հերո­սամարտին մասնակցում էր քաղաքի ողջ հայությունը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական համոզմունքներից։ Բանակի կազմում ստեղծվել էին հայրենակցական սկզբունքով կազմավորված «Զանգեզուրյան» և «Երևանյան» գումարտակները16։ Հերոսամարտի կազմակերպման գործում իր հարուստ փորձով մեծ դերակատարություն ունեցավ նաև Պ. Տեր-Դավթյանը, որպես վաշտապետ ընդգրկված լինելով ազատագրական շարժման գործիչների փայլուն համաստեղության մեջ պատվավոր տեղ զբաղեցնող Համազասպ Սրվանձտյանցի հրամանատարությամբ գործող 3-րդ բրիգադի «Զանգեզուրյան» անունը կրող գումարտակի կազմում17: Պ. Տեր–Դավթյանը լավ էր հասկանում ռազմական գործը, ուներ կազմակերպչական հիանալի ընդունակություններ։ Նրա գլխավորած վաշտը18, իր իսկ խոսքերով «Բագւի բոլոր կռիւներում»19 դրսևորեց բարձր մարտական ոգի, հիանալի կարգապահություն և անդրդվելի տոկունություն։ Հիրավի, «Զանգեզուրյան» գումար­տակը, և մասնավորապես Պ. Տեր-Դավթյանի գլխավորած վաշտն իր մարտական հմտությամբ և սխրանքներով արժանի ավանդ է ներդրել Բաքվի հերոսամարտում՝ մեծապես նպաստե­լով քաղաքի պաշտպանությանը։ Բաքվի համար օրհասական այդ օրերին Հյուսիսային Կովկասից Աստրախանի վրայով Բաք­վի պաշտպաններին օգնության է հասնում ազատագրական պայքարի բովով անցած դաշնակցական նշանավոր հայդուկ Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան)20։ Հին հայդուկապետի ժամանումը Բաքու մեծ ոգևորություն առաջ բերեց քաղաքի պաշտպանների շարքերում։ Օգոստոսի 3-ին Սեբաստացի Մուրադն ու Սեպուհը մեկնում են ռազմաճակատի ամենադժվարին շրջանը՝ Բալաջար, որը պաշտպանում էր Համազասպը21։ Թեժ մարտերի բովում ձևավորվեց Սեբաստացի Մուրադի և Պ. Տեր–Դավթյանի ընկերությունը22։

Թուրքական զորամասերի և հայ դիմադրական ուժերի միջև մարտերը վերսկսվում են օգոստոսի 2-ին։ Թեժ մարտեր ծավալվեցին հատկապես Բալաջար կայարանի և Սալյանի զորանոցների շրջանում։ Բաքվի պաշտպանները կռվում էին անօ­րինակ քաջությամբ։ Համախմբելով իրենց ուժերը և գործի դնե­լով մարտական ողջ կարողությունները՝ նրանք արիաբար պաշտպանվում էին՝ ձախողելով հակառակորդի բոլոր ձեռնարկումները։ Համազասպի զորամասը անընդմեջ ենթարկվելով հակառակորդի հարձակումներին, աննկուն պաշտպանում էր դիրքերը։ Ռազմաճակատի աջ թևում անօրինակ քաջությամբ կողք կողքի կռվում էին Սեբաստացի Մուրադի և Պ. Տեր֊Դավթյանի ջոկատները23:

Հակառակորդի հերթական գրոհներից մեկի ժամանակ, բարձունքը գրավելու ժամանակ հերոսի մահով զոհվում է Սե­բաստացի Մուրադը։ Նրա զինակից ընկեր Սեպուհն (Արշակ Ներսիսյան) իր հուշերում, վերհիշելով այդ դրվագը, գրում է. «...չարագուշակ եւ աղետաբեր գնդակ մը եկաւ դպաւ անոր ճա­կատին, եւ ան, թաւալգլոր, գնաց բլուրի զառիվարէն դէպի թշնամիին կողմը»24: Մուրադի մահը մեծ վիշտ էր պատճառել Բաքվի ողջ հայությանը և հատկապես զինակից ընկերներին, այդ թվում նաև Պ. Տեր-Դավթյանին, ով նույնպես մասնակցել Է քաջ հայդուկի թաղման արարողությանը25։

Բաքվի 4-ամսյա հերոսամարտի ընթացքում հայկական զորքի աներևակայելի քաջագործություններով առլեցուն ինքնապաշտպանական կռվիների արդյունքում մեծաթիվ զոհերի գնով թուրքական զորամասերը մինչև սեպտեմբերի 15-ը գամված մնացին Բաքվի շրջանում, երբ Օսմանյան կայսրության անձնատվությանը հաշված օրեր Էին մնացեր: Դրանով իսկ թուրքական զորքերը չկարողացան օղակել Հայաստանի Հանրապետությունը և իրագործել հայությանը իսպառ բնաջնջելու համաթուրքական ծրագրերը։ Այսպիսով՝ կանխելով Արցախի, Զանգեզուրի ու Երևանի հանդեպ ծրագրվող թուրքական ագրեսիան՝ Բաքվի հերոսամարտը վճռական դեր խաղաց նորաստեղծ Հա­յաստանի առաջին Հանրապետության պաշտպանության գործում26։

Բաքվի անկումից հետո Համազասպի գլխավորած զորամասը մյուս զորամիավորումների հետ (շուրջ 800 մարդ), որոնց թվում նաև Պ. Տեր-Դավթյանի գլխավորած 40 հոգանոց ջոկա­տը,27 պետք Է մեկնեին Պարսկաստան, իսկ այնտեղից՝ Հայաստան։ Սակայն դավաճանության հետևանքով շոգենավն ուղարկվում Է Պետրովսկ, որտեղ գեներալ-մայոր Լ. Բիչերախովի հրա­մանով հայկական զորամասը բռնի կերպով մոբիլիզացվում և ներգրավվում Է բոլշևիկների դեմ պայքարում28։ Բոլշևիկների և թուրքերի դեմ Ղզլարում և Դերբենդում կարճատև կռիվներից հետո, երբ Հյուսիսային Պարսկաստանում տեղակայված բրիտանական զորքերը Ու. Թոմսոնի գլխավորությամբ 1918 թ. նոյեմբերի 17-ին էնզելիից ժամանեցին Բաքու, նույն օրը Լ. Բիչերախովի հետ միասին Բաքու է վերադառնում նաև Համազասպի զորամասը29։

Պ. Տեր-Դավթյանի զորավարական հմտություններն առավել դրսևորվեցին Զանգեզուրում 1918-1920 թթ. մղած հերոսա­կան կռիվների ժամանակ։ Սյունիքի նվիրական ու բարձրաբերձ լեռներից հնչող մարտի ու պայքարի ձայները փոթորկեցնում ու ալեկոծում էին Պ. Տեր-Դավթյանի անբասիր հոգին. նա անարձագանք չթողեց իր հայրենակիցների մարտակոչերը, որովհետև ՀՅԴ-ին զինվորագրված Պողոսների նման անձնուրաց տղաները զենքի ու դրոշի վրա ուխտել էին հայրենի հողի պաշտպանության համար գնալ գերագույն զոհողությունների։ Ուստի 1918 թ. նոյեմբերի վերջերին վերադառնալով հայրենի եզերք, Պ. Տեր-Դավթյանն անմիջապես ներգրավվում է մարտնչող Սյունիքի ազատագրական պայքարին և անձնուրաց օրինակներով իմաստավորում այն։ Հիրավի, Զանգեզուրի գոյա­մարտի օրհասական պահերին Պ. Տեր-Դավթյանը ցուցաբերեց ազգային-քաղաքական գործչին բնորոշ կազմակերպչական տաղանդ, երկաթյա կամք և բացառիկ հետևողականություն։

Հերոսական դրվագներով հարուստ այդ գոյամարտն, ան­շուշտ, բախտորոշ դեր խաղաց Սյունյաց լեռնաշխարհի հայության պատմական ճակատագրում՝ ամրապնդելով հետագա սերունդների հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Ընդսմին, Զանգեզուրի ազատակերտ համահերոսամարտը ՄեԿ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ օրհասական խնդիրն էր։

Ծանրագույն վիճակում էր հայտնվել ինչպես Արցախի, այնպես էլ Զանգեզուրի հայությունը։ Երիտթուրքերի մտահղացմամբ ու օժանդակությամբ Արևելյան Այսրկովկասի քաղաքա­կան քարտեզում 1918 թ. մայիսի վերջերին վաչկատուն թյուրքալեզու մահմեդական եկվորների հիմքի վրա ի հայտ եկած արհեստածին «Ադրբեջան» կազմավորման մուսավաթական կառավարությունը ի բնե հայկական վերոնշյալ երկրամասերը զավթելու նպատակով հայ բնակչությունից պահանջում էր հպատակվել, զինաթափվել ու անվերապահ ենթարկվել Բաքվին։

Զանգեզուրի համար բախտորոշ այդ ժամանակաշրջանում, 1918 թ. հուլիսի վերջերից Նախիջևանից Հայկական Առանձին Հարվածող զորամասով Զանգեզուր անցած Անդրանիկ Օզանյանը օգոստոսի 3-ից ժամանակավորապես հաստատվում է Զանգեզուրի գավառի վարչական կենտրոն Գորիսում30։ Գավառի պաշտպանության հետ կապված հարցերը քննության առնե­լու նպատակով տեղի Ազգային խորհուրդը (կոչվում էր «Զանգե­զուրի Կենտրոնական Ազգային խորհուրդ», նախագահն էր բժիշկ Միքայել (Միշա) Պարոնյանը)31 օգոստոսի 7-ին հրավիրում է շրջանների ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշվում է՝ խորհրդին կից ստեղծել հինգ հոգուց բաղկա­ցած ռազմական գլխավոր շտաբ։ Ժողովը միահամուռ գերագույն զինվորական հրամանատար է ընտրում Անդրանիկին32։ Օգոստոսի 30-ին Հարվածող զորամասը ժամանակավորապես հաստատվում է Սիսիանի Անգեղակոթ գյուղում։ Նույն գյուղում Սիսիանի 14 գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ սեպտեմբերի 12-ին հրավիրված ժողովում միաձայն որոշվում է՝ «...ոչ մի կերպ չհամակերպվել Ադրբեջանի կամ թուրք իշխանության զինաթափության հնարավոր առաջարկին և դիմադրություն ցույց տալ մինչև վերջ։ Հետևաբար, խնդրել գեներալ–մայոր Անդրանիկին, որ իր և մյուս զորամասերը մնան Սիսիան կամ այն շրջանները, որոնք զինվորական տեսակետով հարմար կը նկատվեն զինվորական իշխանությունների կողմից»33։ Անգեղակոթի ժողովից անմիջապես հետո Անդրանիկը ձեռնամուխ եղավ ինչպես զորամասի շարքերի վերակազմության, այնպես էլ տեղական զինված ուժերի թվի ավելացման ու մարտունակության բարձրացման, շրջանի պաշտպանության ամրապնդման գործին34։ Տեղական ռազմական ուժերի ստեղծումից հետո Սի­սիանի նորաստեղծ գումարտակի հրամանատար է նշանակվում նախիջևանցի սպա, շտաբս-կապիտան Հայկ Գրիգորյանը, որն ըստ Շուշիի գնդի կոմիսար Հովակ Ստեփանյանի՝ «...բարեխիղճ եւ քաջ սպայ էր»35։

Անդրանիկը օգոստոսի վերջերից մինչև սեպտեմբերի վերջերը Սիսիանի շրջանում համառ կռիվներ մղեց և սանձահարեց ռազմատենչ ավազակություններով ու կողոպուտներով աչքի ընկած թաթարաբնակ Աղիտու, Վաղատին, Որոտն (տարբ.՝ Ուրուտ), Շաքի, Օրթաքյուզ (հնում՝ Սապատաձո՞ր), Ջոմարդլու (հնում՝ Թանահատ) և այլ գյուղերում տեղակայված մուսավաթական հրոսակախմբերին, ինչպես նաև արևելքից թուրք սպաների գլխավորությամբ Զանգեզուր ներխուժող թուրք-մուսավաթական զորքերի դեմ՝ կասեցնելով նրանց մուտքը երկրամաս36:

Գորիսի շրջանից թշնամու՝ սպասվելիք լայնածավալ գործողությունները հետ մղելու նպատակով Անգեղակոթում գտնվող Անդրանիկը անսալով Զանգեզուրի կենտրոնական Ազգային խորհրդի դիմում-խնդրանքներին37, որոշեց հետ դառնալ Գորիս։ Մեկնելուց առաջ Անդրանիկը սեպտեմբերի 27(14)–ին հետևյալ շրջաբերական հրամանն ուղարկեց Սիսիանի շրջանային և գյուղական կոմիսարներին, շրջանի ազգաբնակչությանը. «(Բուն) Զանգեզուրի ազգաբնակչության և թե գործի պահանջմամբ հայ(կական) առանձին հարուածող զորամասը վաղը կը շարժվի դեպի Գորիս։ Զորամասի բացակայութիւնը Սիսիանի սահման­ներէն ժամանակաւոր է։ Շրջանի մեջ ինքնապաշտպանութեան համար սկսուած գործը պետք է շարունակել ու գլուխ հանել։ Հետևաբար իմ բացակայութեան տեղի գործերը պիտի վարե Սիսիանի Ազգային խորհուրդը և ադյուտանտ Հայկ Գրիգորեանը։ Հայտնում եմ, որ բոլոր անոնք, որոնք չեն ենթարկուիր այդ իշխանութեան հրամաններուն, կենթարկուին մահապատժի»38։ Սեպտեմբերի 29-ին Անդրանիկն արդեն Գորիսում էր։

Ահա այս դժվարին կացությունն էր տիրում Զանգեզուրում, երբ Պ. Տեր-Դավթյանը նշանակվում է Սիսիանում տեղակայված ինքնապաշտպանական զորամասի ընդհանուր հրամանա­տար39 (տեղակալն էր Կապանի Ագարակ գյուղից շտաբս-կապիտան Սմբատ Թորոսյանը40, համհարզը՝ 1908 թ. ցարական բա­նակի սպա, Բաշ-Ապարանի հերոսամարտի (1918 թ. մայիսի 23–29) մասնակից բռնակոթցի Երվանդ Աղայան41, փոխարինելով շտաբս-կապիտան Հ. Գրիգորյանին։

Տեղին է նշել, որ Պ. Տեր-Դավթյանին հրամանատար նշանակելու հարցում անտարակույս հաշվի է առնվել հատկապես Անդրանիկ Օզանյանի կարծիքը։ Հարկավ, Պ. Տեր-Դավթյանը, ով մեծ հարգանք էր տածում իր նախկին հրամանատարի հանդեպ, Զանգեզուր վերադառնալուց անմիջապես հետո կապ էր հաստատել նրա հետ, և մոտիկից իրազեկվել գավառի պաշտպանության կազմակերպման խնդիրներին։ Պ. Տեր-Դավթյանի եղբոր՝ Հայրապետի որդու՝ Քրիստափոր Սողոմոնյանի 1975 թ. հեղինակած «Անմահության ճամփաներով» վերտառությամբ փաստագրական հուշագրության մեջ ասվում է, որ Պ. Տեր–Դավթյանին հրամանատարի պաշտոնում նշանակմանը հավանություն էր տվել հենց Անդրանիկը։ «Զորավար Անդրանիկի գլխավոր հոգսը այն էր,– գրում է Ք. Սողոմոնյանը,– թէ ում պետք է հանձնվի Սիսիանի շրջանի ինքնապաշտպանության ղեկավարությունը, նրա հավանությանը արժանացավ Պողոսի նշանակվելը, որին հայտնի է Դիլմանի ճակատամարտում ցուցաբերած քաջագործությունները»42։

Սկզբից ևեթ նշենք, որ Պ. Տեր-Դավթյանը, երբ ստանձնեց Սիսիանի ինքնապաշտպանական զորամասի հրամանատարի խիստ պատասխանատու պաշտոնը, նոր պայմաններում երևան եկան նաև նրա՝ իրավիճակի արագ փոփոխությունների ոլորտում ճիշտ կողմնորոշվող, իրատես պետական-քաղաքական գործչին բնորոշ հատկանիշները։ Իր հարուստ կենսափորձով իմաստնացած վճռականությամբ ու խիզախությամբ Պ. Տեր-Դավթյանը նվիրվում է հայրենի եզերքի պաշտպանության սրբազան գործին, ջանք ու եռանդ չխնայելով ամրապնդելու շրջանի սահմանները՝ ամուր կապ պահպանելով Անդրանիկի հետ։ Զորամասի զորակայանը տեղակայված էր Բռնակոթ գյուղում43:

Ի թիվս բազում դժվարությունների, տարաբնույթ կազմակերպչական աշխատանքներից (դասալքության դեմ պայքար, կյանքի և գույքի ապահովություն, իրավակարգի, ամուր իշխանության հաստատում և այլն), Պ. Տեր-Դավթյանին առավել մտահոգող հարցը եղել և մնում էր իրեն վստահված շրջանի սահմանների և հայ ազգաբնակչության ինքնապաշտպանության ու անվտանգության կազմակերպումը։ Տասնամյակներ շա­րունակ, հատկապես 1905-1906 թթ., հակահայկական կեցվածք որդեգրած տեղի թաթարական զյուղերի հրոսակախմբերն ու ավազակախմբերը ավարառության նպատակով հարձակումներ էին գործում հայկական զյուղերի վրա։ Հայ բնակչության անվտանգությունը կազմակերպելու նպատակով Պ. Տեր-Դավթյանը շարունակելով Անդրանիկի՝ ինքնապաշտպանության առումով ձեռնարկած աշխատանքները, հրավիրում է սպայական կազմի խորհրդակցություն և գոտեպնդում նրանց օրհասական պայքարի համար։ Խորհրդակցությունում քննարկման են դրվում հետևյալ հարցերը. «1) Ռազմական գործին գիտակ կադրերի առկայության, 2) հարձակման համար ելման դիրքերի և պաշտպանության համար բնագծերի ընտրություն, 3) ռազմական տեխնիկայի, զենքի ու զինամթերքի նպատակասլաց բաշխում, 4) ռեզերվների ստեղծում, 5) բարձր պետերի հրամաններն ու կարգադրությունները ժամանակին կատարողներին հասցնելու, կա­պի միջոցների ապահովում, 6) հանդերձի ու պարենի հայթայ­թում, 7) տրանսպորտի միջոցների մոբիլիզացում, 8) հետախուզության լավ կազմակերպում և այլն»44: Ի կատարումն խորհրդակցությունում քննարկված վերոհիշյալ հարցերի՝ Պ. Տեր–Դավթյանը ժամանակին հասցնում Է ճիշտ բաշխել զինական բոլոր ուժերը, ստեղծել պահեստային ջոկատներ, կուտակել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, կարգավորել հաղորդակցության ուղիները տարբեր գյուղերի միջև և այլն։

Պ. Տեր-Դավթյանի ժամանումով զորահավաքի ու մարտական խմբեր կազմավորելու գործընթացն ավելի Է արագացվում։ Նա մշտապես շրջագայում Էր գավառի բազմաթիվ բնակավայրերում և գործուն կերպով մասնակցում զորահավաքի և ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Հերոսամարտը պահան­ջում էր նվիրվածություն, անձնազոհություն և զոհաբերություն։ Եվ սիսիանցիները սիրով էին կատարում այդ բոլորը։ Նրանք լարեցին իրենց վերջին ուժերը, գործի դրեցին մարտական ողջ կարողությունները, ամբողջ եռանդը և ցուցաբերելով գերազանց կազմակերպվածություն ու կարգապահություն, կարողացան ոչ միայն պաշտպանվել, այլև հակահարված հասցնել ու հետ շպրտել հակառակորդին։ Դիմելով գործնական քայլերի՝ Պ. Տեր–Դավթյանին հաջողվում է կարճ ժամանակում զորամասը հա­մալրել նաև հիմնականում գյուղացիներից կազմված աշխարհազորայիներով, ինչպես նաև կամավորներից կազմել 300 հոգանոց հեծելախումբ45: Առաջին հերթին զենք վերցրին նրանք, ով­քեր մասնակցել էին Առաջին աշխարհամարտին և մարտ վարե­լու փորձ ունեին։ Պ. Տեր-Դավթյանն աշխատում էր լավ վարժեց նել իր զինվորներին, որպեսզի քիչ կորուստներով կարողանար լուծել շրջանի ինքնապաշտպանությունը:

Պ. Տեր֊Դավթյանն աչքի է ընկել իր համեստությամբ։ Նրա մարդկային գրավչության գաղտնիքն առաջին հերթին անմիջա­կան, դյուրազգաց, պարզ ու շիտակ բնավորության մեջ էր։ Իր ողջ կյանքի ընթացքում նա դրսևորեց շատ քչերին միայն տրված այն հատկությունը, որ հմայք է կոչվում։ Կենսախինդ, խոսքաշեն, առինքնող երիտասարդը և՛ ինքն էր ձգտում դեպի մարդիկ, և՛ մարդկանց էր ձգում դեպի իրեն։ Ենթական զինվորների հետ վարվում էր եղբայրաբար և ընկերաբար։ Նրա բնավորության գլխավոր հատկանիշներից մեկն էլ պարզությունը և համեստությունն էր։ ժողովրդի հետ իր հանդիպումների ժամանակ նրա առաջին պահանջն էր՝ լինել միաձույլ և ապա կարևորում էր ինքնապաշտպանության անհետաձգելի պահանջը։ Պա­տահական չէ, որ Զանգեզուրի հերոսամարտի օրերին նա դարձավ բոլորի սիրելին։ Նա պաշտված ու սիրված «կուռք» էր իր անունով և հմայքով։ Այս առումով Պ. Տեր-Դավթյանի մարդկային նկարագրի համար խիստ բնութագրական են նրա զինակից և գաղափարական ընկեր Ե. Իշխանյանի հուշապատում-օրագրում տեղ գտած հետևյալ տողերը. «Ի դէպ, չէ թէ միայն Սիսիանում, այլև Զանգեզուրի ամբողջ գաւառում Պօղոսը ճանաչւած էր Պարոն Պարուչիկ անունով, մասնավորապէս Սիսիանում անգամ երեխաները այդ անունով էին ճանաչում։ Պարոն Պարուչիկ կասէին գիւղացիները հետը խօսելիս, և իր մասին միմեանց հետ խօսելիս՝ դարձեալ Պարոն Պարուչիկ, որի խօսքը օրէնք է իրենց համար»46։ Այսպիսինն էր Պ. Տեր-Դավթյանը։

Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում Սիսիանում տեղակայված մարտական ուժերը կռիվներ են մղել ոչ միայն տեղի, այլև Նախիջևանի և Շարուրի ուղղություններից գավառի տարածք ներխուժելու փորձ անող թուրք-մուսավաթական հրոսակախմբերի դեմ։ Այս առումով Սիսիանը յուրօրինակ պաշտ­պանական վահանի դեր էր ծառայում Սյունյաց մնացյալ բնակա­վայրերի համար։ Պ. Տեր-Դավթյանը լավագույնս օգտագործելով իրեն վստահված շտաբի պետի պաշտոնը և գյուղերի մարտական խմբերի ուժերի կարողությունները, խիստ հետևողական պայքար է ծավալում շրջանի տարածքում հայտնված այդ հրոսակախմբերի դեմ։

Պ. Տեր-Դավթյանի առաջին լուրջ ընդհարումը թուրք-մուսավաթական հրոսակների հետ տեղի ունեցավ 1918 թ. դեկտեմբերի սկզբներին, երբ վերջիններս՝ ղեկավարվելով Նախիջևանի և Շարուրի խաների հրահանգներով, փորձեցին Նախիջևանի կողմից մեծաթիվ զորամասով ներխուժել Սիսիանի տարածք։ Թշնամու առաջխաղացման լուրը Պ. Տեր-Դավթյանին է հասցնում Շաղատ գյուղի ծխատեր քահանա Տեր Կարապետը։ Արագ կողմնորոշվելով, Պ. Տեր-Դավթյանը հեծելազորային և հետևակային ջոկատները բաժանում է երեք մասի և Սալվարդ սարիփեշերին տարբեր ուղղություներից անակնկալ ու շեշտակի հարվածներ հասցնում թշնամուն։ Սկսվում է թեժ մարտ։ Որոշ տեղերում թշնամու գնդակները թափվում էին կարկուտի նման և ծուխ ու վառոդի հոտը լցնում հայկական դիրքերը։ Բայց հայերը կանգնած էին իրենց դիրքերում կայուն ու անսասան և պատասխանում էին թշնամուն պատշած հակահարվածներով։ Անցնելով հակագրոհի՝ Պ. Տեր-Դավթյանի հմուտ մարտավարության համաձայն՝ մի ջոկատը մտնում է թշնամու թիկունքը, թևերից գրոհում են հեծյալները, իսկ կենտրոնից՝ աշխարհազորայիները։ Հարձակումն այնքան հանդուգն էր, որ հակառակորդը ուշքի չգալով ընկնում է ծուղակի մեջ և մի քանի ժամ տևած մարտում մեծաթիվ զոհեր տալով, խուճապահար դիմում է փախուստի47:

Այս հաղթական կռիվներում հյուսվեց Պողոս Տեր-Դավթյանի լեգենդը։ Մուկդենից սկսած շարունակվում էր նրա մարտա­կան փառավոր ուղին և հերոսապատումի շարքը։ Պատահա­կան չէ, որ այդ օրերին նա իր գործունեությամբ նվաճում է սիսիանցիների անհուն սերն ու հարգանքը, դառնալով նրանց ամենանվիրական անուններից մեկը։ Նա առավել հայտնի դարձավ «Քաջ Պողոս» անունով, մեծ ճանաչում և հեղինակություն ձեռք բերելով ողջ Սյունիքում48: Նրա անվան շուրջ սկսեցին պտտվել լեգենդներ։ Ինչպես վկայում է Ե. Իշխանյանը, Պ. Տեր–Դավթյանը դարձավ  «...Սիսիանի հերոս ղեկավարը և ժողովրդի անվերապահ յարգանքն ու սէրը վայելող անձնուէր մարդը...»49։

Պ. Տեր-Դավթյանի ռազմական հետագա համագործակ­ցությունը սերտորեն առնչվում է Անդրանիկի՝ Զանգեզուրից հեռանալուց հետո 1919 թ. մարտի 6-ից նրան փոխարինած՝ Հայաստանի կառավարության կողմից Զանգեզուրի և Արցախի պե­տական կոմիսար նշանակված շտաբս-կապիտան Արսեն Շահմազյանի50 հետ, որը համատեղում էր նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը51:

Լայն իրավունքներով օժտված Շահմազյանը Գորիս հասավ մարտի 10-ին և անմիջապես ձեռնամուխ եղավ տեղական ուժե­րով կանոնավոր զորամասերի վերակազմավորմանը՝ մուսավաթական Ադրբեջանի հետագա ոտնձգություններից Զանգեզուրն ու Արցախը պաշտպանելու համար52։ Այսպես, ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար Շրջանային խորհրդի անդամներից կազմվեց Զինվորական խորհուրդ, իսկ սպաներից՝ գլխավոր սպայակույտ, որտեղ ակտիվ դերակատարություն ստանձնեց նաև Պ. Տեր-Դավթյանը։ Շրջաններում նշանակվեցին զինվորական հրամանատարներ։ Հաշվի առնելով Զանգեզուրում՝ Սիսիանի շրջանում Պ. Տեր-Դավթյանի 1918 թ. հոկտեմբերից ռազմական գործողությունների բացառիկ նշանակությունը և ցուցաբերած քաջությունը, նրան վերանշանակում են Սի­սիանի զորամասի ընդհանուր հրամանատար53: Տեղակալն էր շտաբս-կապիտան Ս. Թորոսյանը54: «Այս երկու հերոս զինուո­րականները,– գրում է ազգային գործիչ, ՀՅԴ Զանգեզուրի «Սյունիք» ենթակոմիտեի, ապա Կ. Կոմիտեի անդամ Ստեփան Մելիք-Փարսադանյանը (Ստեմել),–Ղափանի շրջանի՝ Վերին Խոտանանի և Հագարակ գիւղերի զաւակներն էին եւ իրենց կեան­քը տուին իրենց պաշտած հայրենիքի ազատագրման գաղափա­րին»55։ Այդ շրջանում Պ. Տեր-Դավթյանի օգնականն էր, նրա աջ բազուկ՝ սիսիանցի աժդահա Զաքար Տեր-Զաքարյանը (Զաքո)56:

Զանգեզուրի համար վճռական այդ օրերին, 1919 թ. մարտի 31-ին Գորիսում հրավիրված համազանգեզուրյան համագումարում Զանգեզուրի Ազգային խորհուրդը ներկայացրեց իր հրաժարականը և Ազգային խորհուրդը վերանվանվեց Զանգեզուր֊Ղարաբաղի միացյալ շրջանային խորհուրդ։ Նախագահ ընտրվեց Մուշեղ Զաքարյանը (Սիսիանի շրջանից), փոխնախագահ՝ Արշակ Շիրինյան57 (Գորիսի շրջանից)58։ 1919 թ. հունիսից խոր­հուրդը նախագահում էր Ա. Շիրինյանը59։

Ի հակադրության Զանգեզուր-Ղարաբաղի միացյալ շրջա­նային խորհրդի, Բաքվից մուսավաթական Ադրբեջանի շահերը սպասարկող անգլիական հրամանատարությունը, հանձին՝ Գ. Շատլվորթի, հայտնեց, որ Ադրբեջանի կառավարության 1919 թ. հունվարի 15-ի որոշումով Խոսրով-բեկ Սուլթանովը նշանակված է Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր գավառապետ և վա­յելում է անգլիական հրամանատարության աջակցությունը60։ Այս հայտարարությունը հանդիպեց ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ զանգեզուրցիների և արցախցիների դիմադրությանը։ Անգլիացիների բացահայտ հակահայկականդիրքորոշումը հայատյաց Սուլթանովին դարձրել էին ավելի լկտի։

Չնայած բոլոր սպառնալիքներին, կանխազգալով դեպքերի հետագա ընթացքը, Ա. Շահմազյանի հրահանգով սկսվեց զինված նոր ջոկատների կազմակերպումը՝ թուրք-մուսավաթականների սպասվող հարձակումներից պաշտպանվելու համար։ Գահավեժ արագությամբ զարգանամ էին դեպքերը։ 1919 թ. ապրիլից թուրք-մուսավաթական մեծաթիվ ուժերն իրենց հարձակումները վերսկսեցին Զանգեզուրի դեմ։ Շրջափակման դժվարագույն պայմաններում լեռնաշխարհի զինված ուժերը ամռան ամիսներին ինքնապաշտպանական կատաղի մարտեր մղեցին թշնամու դեմ։

Թուրք-թաթար հրոսակախմբերը հարձակումներ էին գործում նաև Վայոց ձորի հայկական գյուղերի վրա։ Դարալագյազի Ղուշչի Բիլակ61 զյուղը գրավելու նպատակով 2000 հոգուց բաղկացած հրոսակախմբի հերթական հարձակումը տեղի ունեցավ 1919 թ. օգոստոսի 11-ի լուսաբացին62։ Երևան մեկնելու առիթով այդտեղ հանգրվանած Ե. Իշխանյանը սուրհանդակի միջոցով օգնության ակնկալիքով դիմում է Սիսիանի ուժերի հրամանա­տար Պ. Տեր-Դավթյանին։ Մինչ օգնական ուժերը կհասնեին, գյուղի աշխարհազորայինները 110 հոգով դիմում են ինքնապաշտպանության։ Գյուղից շուրջ 2-3 հարյուր մետր հեռավորության վրա ծավալված թեժ մարտերում թշնամին չդիմանալով ինքնապաշտպանների հուժկու գրոհներին՝ մեծաթիվ կորուստներ տալով հաջորդ օրը նահանջում է63։ Պ. Տեր-Դավթյանը Ղուշչի Բիլակ է հասնում միայն հաջորդ օրը, երբ արդեն մարտը վերջացել էր։ Ուշացման պատճառն այն էր, որ սուրհանդակը շատ ուշ էր գտել Պ. Տեր֊Դավթյանին։ Ինչպես վկայում է Ե. Իշխանյանը. «...գալիս է տեղակալ Պօղոս Տէր Դաւթեանը՝ Սիսիեանի հերոս հրամանատարը, մի տասնեակ ձիաորներով։ Պօղոսը ախ է քաշում և անիծում չար բախտը, որ միանգամայն երես է դարձրել մեզնից։ Այո, չար բախտի պատճառով էր, յարմար առիթ էր լաւ ջարդ տալու թուրքերին, որ խելոք մնան, չեղավ։ Շրջագայութեան մէջ լինելով, սուրհանդակը ուշ էր հասել ինձ, իհարկէ, սուրհանդակը մեղք չունի, եթէ շրջագայութեան մէջ չլինէի, սուրհանդակը իր պարտականութիւնը շուտ կատարելով, կը վերադառնար։ Եւ միայն վերջին ժամին, շտապ կեր­պով մօտ գտնւող գիւղերից՝ Բռնակոթից, Ուզից, Ղարաքիլիսէից64, Շաղաթից հարայ տալով մարդիկ հաւաքեցինք, Անգեղակոթի մարտիկների հետ ուղղւեցինք դէպի Չախմախթափա, սակայն հասնելով այնտեղ, գիւղացիներից մէկից տեղեկացանք, որ կռիւը վերջացել է, ուստի տղաներին վերադարձրի, ինքս եկայ։ Այո, յարմար առիթը փախաւ։ Եթէ պահանջւած մոմէնտին պատրաստ գտնւէինք, փառաւոր գործ կը կատարէինք, ափսոս, շատ ափսոս»65։ Օգոստոսի 12-ին Պ. Տեր-Դավթյանն իր զինա­կից ընկերներով վերադառնում է Սիսիան։

Ահա այս ճակատագրական օրերին էր, երբ Զանգեզուր հա­սավ հայոց ազատամարտի մեկ այլ նվիրյալ, տաղանդաշատ զորահրամանատար Գարեգին Տեր-Հարությանյանը՝ Գարեգին Նժդեհը։ Խորապես ճշմարիտ է ասված, որ հերոսները ծնվում են ժամանակի պահանջով, որում հայտնվում է տվյալ երկիրն ու ժողովուրդը։ Նույնքան էլ ճշմարիտ է, որ ժողովուրդը, ապավինելով նրանց, դարեր շարունակ ամրապնդվում ու հզորանում է իր արժանի զավակների շուրջ հյուսված հերոսապատումներից։ Այդպես էլ պետք է լիներ, քանզի իր պատմության բախտորոշ պահերին Գ. Նժդեհի նման ռազմիկներին ժողովուրդն է ծնում, պահպանում ու հավերժացնում նրանց անունը68։

Հայրենաշունչ իր գործունեությամբ, ռազմագիտական հզոր մտքով, պետական քաղաքական գործչին յուրահատուկ լրջախոհությամբ, իրատես ու հեռատես մտածողությամբ Գ. Նժդեհն էլ ավելի բարձրացրեց լեռնաշխարհի դիմադրական ոգին։ 1919թ. օգոստոսի 10–ից ստանձնելով Կապան-Գենվազ-Գողթան միացյալ ռազմական ուժերի ընդհանուր հրամանատարի պաշտոնը, նա ինքնապաշտպանական մարտերին փոխարինեց՝ հարձակողական մարտավարությունը67։ Որպես գաղափարի զինվոր, Գ. Նժդեհը ժողովրդական աշխարհազորի կազմակերպման և հետագա գործունեության ընթացքում մարտականից զատ գլխավորապես շեշտը դրեց պայքարի գաղափարական֊հոգեփոխիչ կողմերի վրա, որով Զանգեզուրի համար ազգային֊ազատագրական կռիվը վերածվեց համաժողովրդական պայ­քարի։

Զանգեզուրը զենքի ուժով նվաճելու վճռականությամբ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը 1919 թ. աշնանը որոշեց բոլոր ուղղություններով հարձակվել լեռնաշխարհի վրա։ Այդ նպատակով Զանգեզուրի սահմանագլխին կենտրոնացրեց շուրջ 15.000-անոց խոշոր բանակ, որի հրամանատարն էր ցարական բանակի հրետանու գեներալ-լեյտենանտ Ալի-աղա Շիխլինսկին68։ Զանգեզուրի մատույցներում, սահմանամերձ Կոռնիձոր, Տեղ, Խնածախ, Բայանդուր, Խոզնավար, Վերիշեն, Բռուն (այժմ՝ Ակներ) գյուղերի զանգեզուրյան մարտիկները ստեղծել էին պաշտպանական հզոր շղթա։ Նոյեմբերի 4-ին Գորիսի շրջանի արևելյան և հյուսիսային կողմերից սկսվեց հարձակումը։ Ծավալված թեժ մարտերում կասեցվում են թշնամու գրոհները։ Կռվի չորրորդ օրը հակառակորդի մի խմբավորմանը հաջողվում է Խնածախ գյուղի մոտ պատռել պաշտպանական շղթան և առաջանալ Գորիսի քաղաքին մոտ Ճաղատ սարի (Քաչալ դաղ) բարձունքները69։ Վճռական այդ պահին օգնության են հասնում Պ. Տեր-Դավթյանի հրամանատարությամբ գործող Սիսիանի ուժերը, որոնք փակել էին դեպի Եռաբլուր տանող սարահարթի, այնտեղից էլ Սիսիան տանող ճանապարհը։ Օգնության հասած ուժերը կատաղի կռիվ տալով թուրքերի դեմ՝ ստիպեցին նրանց անկանոն և խուճապահար նահանջել, թույլ չտալով օղակել Գորիսը։ Ինչպես միշտ, Պ. Տեր֊Դավթյանն առաջավոր դիրքերում էր և իր անձնական օրինա­կով ոգեշնչում էր մարտիկներին։ Կռվի հետագա ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցավ նրա կազմած Սիսիանի հեծելախում­բը. որի հրամանատարն էր իր օգնական Զաքար Տեր-Զաքարյանը70։ Ինչպես իր հուշերում վկայում է Ս. Մելիք-Յոլչյանը. «Բայց այդ ժամանակ, Ուշթափալարի կողմից, Քեչալդաղի միւս ծայրից, երեւում է Սիսեանի հեծելազօրը, ղեկավարութեամբ Պօղոս Տէր Դաւթեանի եւ Զաքար Տէր Ղազարեանի։ Երեւում է եւ, ապա թրերը բարձրացած, քշում ձիաները ու գրոհ տալիս թշնամու վրայ։ Սարսափահար է լինում թշնամին, խուճապի է մատնտւմ եւ փախչում։ Բայց փախչել չի կարողանում եւ ընկնում է տասնեակներով, հարիւրներով մերոնց սրերի հարուածներից»71։ Նոյեմբերի 4-7-ը կռիվներն ավարտվում են սյունեցիների կատարյալ հաղթանակով։

Նկատենք, որ նույն ժամանակ Գ. Նժդեհի ղեկավարությամբ սյունեցիները գերմարդկային ջանքերով համառ մարտեր էին մղում նաև Կապարգողթում՝ Նախիջևանի կողմից հարձակված թուրք-թաթար զորամասերի դեմ։ Օխչիձորի հաղթական կռիվներից հետո (նոյեմբերի 15) դեկտեմբերի 1֊ից մինչև 7-ը մարտերը շարունակվեցին նաև Գեղի ձորի ուղղությամբ։ Հարձակողական սաստիկ գրոհների արդյունքում թշնամին կռվի դաշտում թողնելով հարյուրավոր սպանվածներ, մեծաքանակ զենք ու զինամթերք, դիմում է փախուստի72։

1919 թ. դեկտեմբերի 1֊ից Արսեն Շահմազյանին Զանգեզուրի պետական կոմիսարի պաշտոնում փոխարինում է ՀՅԴ անդամ Սերգեյ Մելիք–3ոլչյանը,73 իսկ Զանգեզուրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում՝ գեներալ-մայոր Նիկոլայ Ղազարյանը։ Ա. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ ստեղծվում է «Վարիչների խորհուրդ», որի ձեռքում է կենտրոնացվում գավառի ողջ իշխանությունը։ Զանգեզուրը բաժանվում է երկու գավառի. « 1) Բուն Զանգեզուր, Տաթեւ, Դարաբաս, Սիսիան՝ Զանգեզուր անունով, 2) Ղափան, Բաղաբերդ֊Գեղւայ ձոր, Արևիք եւ Գողթն՝ Կապար Գողթ անունով»74։ Միաժամանակ Զանգեզուրը բաժանվում է երեք զինվորական շրջանների։ Առաջին շրջանի՝ Սիսիանի հրամանատարն էր Պ. Տեր֊Դավթյանը, երկրորդի՝ Կապարգողթի (Կապան, Գենեվազ (Արևիք-Մեղրի), Գողթան)՝ հրամանատարն էր Գ. Նժդեհը75, երրորդի՝ Բուն Զանգեզուրի76 հրամանատարն էր գնդապետ Բուղդան Մելիք-Հուսեինյանը77։

Արցախի և Զանգեզուրի խնդիրը վերջնականապես լուծելու նպատակով ՀՀ կառավարության հանձնարարությամբ նույն թվականի դեկտեմբեր 20-ին 600 զինվորով Գորիս է հասնում նաև Զանգեզուր-Արցախի մարտական ուժերի ընդհանուր հրա­մանատար Դրաստամատ Կանայանը (Դրո)78: Արցախում ռազ­մական գործողություններ սկսելուց առաջ անհրաժեշտ էր վաղօրոք ապահովել թիկունքի անվտանգությունը։ Ուստի գեներալ–մայոր Ն. Ղազարյանը Դրոյի անունից Կապարգողթի հրամա­նատար Գ. Նժդեհին առաջարկեց արշավանք սկսել Շուռնուխի, Մազրայի և հարակից թաթարական գյուղերի վրա, ոչնչացնել հրոսակախմբերին և Գորիս-Կապան խճուղին դարձնել անվ­տանգ79։ Շուռնուխի և շրջակա գյուղերի ազատագրման ռազմա­կան գործողության ընդհանուր ղեկավարն էր Դրոն, ով արշավանքից առաջ վերակազմավորելով մարտախմբերը, պոդպորուչիկ Արիստակես Մուրադխանյանին նշանակում է Սիսիանի ջո­կատի գումարտակի հրամանատար80։ Համաձայն Զանգեզուրի մարտական ուժերի հրամանատարության մշակած ծրագրի՝ հարձակումն իրականացվելու էր համաժամանակ, սրընթաց և հակառակորդի համար անսպասելի։

1920 թ. հունվարի 19-ին Գ. Նժդեհի վաշտերն անցան հարձակման։ Միաժամանակ Հովհաննես Պարոնյանի81 (Յապոն) առաջնորդած ուժերը հարվածեցին Որոտանի ափին գտնվող թաթարական Էյվազլար գյուղին։ Հարկավ, նրանց օգնության հասավ Սիսիանի ուժերի հրամանատար Պ. Տեր-Դավթյանն իր քաջակորով մարտիկներով։ Դաժան բքի պայմաններում հաղթահարելով Սիսիան-Հարժիս-Տաթև-Երիցաթումբ դժվարին ճա­նապարհը, ջոկատը մարտավարական հմուտ գործողությունների շնորհիվ դիրքեր գրավեց Կատար կոչվող բարձունքում՝ կրա­կի տակ առնելով թշնամու գրավված բարձունքները։ Զարգաց­նելով հարձակումը՝ Պ. Տեր-Դավթյանի զինվորները գերազանց են կատարում մարտական առաջադրանքը։ Հանկարծակի եկած հակառակորդը մարտադաշտում թողնելով բազմաթիվ սպանվածներ, հունվարի 20-ին դիմում է փախուստի, իր հետտանելով նաև կովկասյան թաթար խաժամուժին82։ Թշնամին կրում է ջախջախիչ պարտություն։ Կռիվների բովում բնատուր ռազմական տաղանդով օժտված Պ. Տեր-Դավթյանը մեծ համբավ և ժողովրդականություն վայելեց ոչ միայն իր կուսակցության՝ ՀՅԴ-ի շարքերում, այլև ժողովրդի տարբեր խավերի մեջ։ Անձնական քաջության և հայրենասիրական գործերի շնորհիվ Պ. Տեր-Դավթյանն իրավամբ վաստակեց ժողովրդական հերո­սի փառքը, որն արժանապատվությամբ կրեց իր ապրած հետագա կյանքի ընթացքում։

Շուռնուխի օպերացիան ավարտվեց հունվարի 20-ին՝ հայկական զինուժի փայլուն հաղթանակով։ Բացելով Գորիս–Կապան խճուղին, հայերն իրենց հսկողության տակ վերցրին 30-ից ավելի գյուղ83։ Ռազմական այդ խոշոր պարտությունից հետո Ադրբեջանի մուսավաթական կառավարության ռազմա­կան նախարար գեներալ-մայոր Սամեդբեկ Մեհմանդարովը ստիպված էր հրաժարական ներկայացնել84։

Այսպիսով՝ սյունեցիների համառ դիմադրության շնորհիվ ձախողվեց թուրք-թաթարական զորամասերի կողմից Զանգեզուրը շրջապատելու ծրագիրը, որով վիժեցվեց մուսավաթական Ադրբեջանի՝ զենքի ուժով լեռնաշխարհը զավթելու համաթուրքական ծրագիրը։

Սակայն դժվարին մարտերը դեռ առջևում էին...

Թուրք-մուսավաթական հրամանատարությունը Արցախի և Զանգեզուրի գրավման համար առաջիկա ռազմական գործողության համար կազմել էր ոճրագործ նոր ծրագիր։ Հաշվի առ­նելով ստեղծված վիճակը, Զանգեզուրի գեներալ-կոմիսար Ս. Մելիք-Յոլչյանը 1920 թ. մարտի 20-ին հանդես եկավ զինվորականությանն ու գյուղացիությանը ուղղված կոչով, որում մասնավորապես ասվում էր. «Տաճկա-ադրբէջանեան միութիւնը իր դի­ւային ծրագիրը առաջ է տանում։ ...Ղարաբաղի ազատ լեռների առիւծները համարձակ կերպով մերժել են Ադրբէջանի պահանջ­ները և դիմել ապստամբութեան։ Այժմ Ադրբէջանը հաւաքելով Մուղանի և Բարգիւշադի վայրենաբարոյ հորդաներին՝ վերջին անգամ փորձում է ճնշել Ղարաբաղը, ոչնչացնել Զանգեզուրը և մեր երկրի փլատակների վրայով միանալ Տաճկաստանի հետ։

Զանգեզուրի հերոսներ, ձեզ եմ դիմում վերջին անգամ և կո­չում ի զէն, պաշտպանելու մեր պատմական Զանգեզուր-Ղարաբաղը, որը ծածկված է հայութեան դարավոր կոթողներով, ցողւած է մեր փառապանծ նախնիքների արիւնով և ոռոգւած ձեր ամենօրեայ աշխատանքի քրտինքով։ ...Առանց Զանգեզուր Ղարաբաղի չը կայ Հայաստան»85 ։

1920 թ. ապրիլին բոլշևիկյան Ռուսաստանի զորքերը մտան Այսրկովկաս, և Ադրբեջանն առաջինը դարձավ խորհրդային (1920 թ. ապրիլի 28)։ Ն. Նարիմանովի ղեկավարությամբ ստեղծ­ված ադրբեջանական խորհրդային կառավարությունը տնտե­սական, ռազմաքաղաքական և դիվանագիտական լիակատար աջակցություն ստանալով ռուսական բոլշևիկյան կառավարությունից, հայ ժողովրդի նկատմամբ շարունակեց մուսավաթականների՝ համաթուրքական, զավթողական հայատյաց քաղաքականությունը86։

Զանգեզուրի համար այս ճակատագրական օրերին՝ 1920 թ. մայիսի 12-ին խորհրդային կարգեր են հաստատվում Արցախում։ Այս հանգամանքը թևավորեց Զանգեզուրի բոլշևիկներին, որոնք փորձեցին ապստամբություն բարձրացնել ՀՀ իշխանությունների դեմ նաև Զանգեզուրում։ Սակայն հակապետական այս ընդվզման փորձը տեղում ճնշվեց87:

1920 թ. հուլիսի 4-ին 11-րդ Կարմիր բանակի զորամասերը մտան Զանգեզուրի սահմաններից ներս և հաջորդ օրը գրավեցին գավառի կենտրոն Գորիսը88։ Լեռնավայրում ազդարարվեցին խորհրդային կարգեր։ Առաջին իսկ օրից Զանգեզուր մտած բոլշևիկյան ուժերը դաժան բռնարարքների դիմեցին գավառի հայրենասիրական ուժերի դեմ՝ հաստատելով մղձավանջային ռեժիմ։ Համընդհանուր էր սպանությունները, ավերն ու թալանը։ Քաղաքի ոչ մի հայ ընտանիք զերծ չմնաց բռնարարքներից ու կողոպուտից89։

Խորհրդային զորքերը Արցախը խորհրդայնացման ճանա­պարհով նվաճելուց հետո, երբ մուտք են գործում Զանգեզուր, Սիսիանի մարտական ուժերը Պ. Տեր-Դավթյանի գլխավորությամբ նահանջելով, հանգրվանում են Դարալագյազում՝ Ջուլ90 գյուղում և մինչև նույն թվականի հոկտեմբեր, այսինքն մինչև խորհրդային իշխանության դեմ բռնկված համաժողովրդական ապստամբությունը, մնում այնտեղ։ ՀՅԴ անդամ Զաքար Յոլյանի հավաստմամբ՝ «1920 թ. հուլիսի սկզբներին, Սովետական զօրքերի կողմից Զանգեզուրը բռնագրավելու հետեւան­քով, մեր նահանջող ուժերի եւ վտանգուած ժողովրդի համար Դարալագեազը հանդիսացաւ որպէս ապահով թիկունք եւ պատսպարան, ուր անմոռանալի եւ քաջ հայրենասէր Պօղոս Տէր-Դաւթեանը վերակազմեց իր տրամադրութեան տակ գտնո­ւող ուժերը...»91 ։

Հարկ է նշել, որ չնայած ձեռնարկած պատժիչ գործողություններին, Զանգեզուրը չհանձնվեց։ Գ. Նժդեհը տեսնելով, որ Զանգեզուրի հարցում Խորհրդային Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանին, շարունակեց պայքարը թուրք–բոլշևիկյան ուժերի դեմ։ 1918-1920 թթ. սահմանային խնդիրների հետևանքով առաջացած հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների92 շրջանում Հայաստանի Հանրապետությունը մտադիր չէր հրաժարվելու բոլշևիկյան Ռուսաստանի կողմից դիվանագիտական բազմաքայլ խարդավանքներով ու դավադրություններով «վիճելի տարածքներ» հայտարարված Հայոց հայրենիքի մի հատվածի՝ ի բնե հայկական Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ ունեցած իր իրավունքներից։ Ինչպես իրավամբ գրում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, 1920 թ. օգոստոսի 10֊ի Հայաստանի ու ՌԽՖՍՀ-ի միջև կնքված Թիֆլիսի համաձայնագրով « «Վիճելի» տարածքների հարցը արևմտյան տերությունների դիվանագիտական ոլորտից վերցվեց և մտցվեց բոլշևիկյան Ռուսաստանի և ԽորհրդայինԱդրբեջանի քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների ոլորտը»93 ։

Զանգեզուրի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում էր, որ Զանգեզուրի անկումով և այն Ադրբեջանին բռնակցելով միանալու էին թուրքական աշխարհի երկու թևերը՝ Թուրքիան և Ադրբեջանը, և համաթուրքական ծրագրի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետության գլխին կախվելու էր մահացու սպառնալիք։ Ուստի, ռազմաքաղաքական այդ բարդ պայմաններում սյունեցուն այլ բան չէր մնում, քան մեն-մենակ՝ առանց դրսի օժանդակության, վճռականորեն շարունակել գերմարդկային մաքառումը։ Ստեփան Մելիք-Փարսադանյանի (Ստեմել) դիպուկ բնորոշմամբ. «Իրաւ, որ «Սիւնիքը» յետ չի մնում Զէյթունից եւ Սասունից։ Հայաստանում այդ երեք լեռնաշխարհն են կազմում մեր Մայր երկրի ողնաշարը։ Բնական այդ ամրութիւններն են, որ «սիւնեցիներին» դարերից ի վեր ըմբոս­տութիւն են տւել»94։

Այսպիսով՝ ստեղծված պայմաններում, ՀՀ «զինվորական նախարար Ռ. Տեր-Մինասյանը կարգադրում է Դրոյին՝ Զանգեզուրն ազատագրել խորհրդային զորքերից։ Նշենք, որ նախքան այդ, 1920 թ. հուլիսի 23-ին Ռ. Տեր-Մինասյանի, Դրոյի և գեներալ-մայոր Մ. Սիլիկյանի մասնակցությամբ Դարալագյազում տեղի ունեցած խորհրդակցությունում որոշվել էր, որ «...Դրոյի զօրամասը և Վայոց Ձորի Զօր. Մելիք֊Մուրադեանին ենթակայ ուժերը շարունակեն յառաջխաղացումը, գրաւեն Նախիջևանն ու շրջանը և շարժւեն առաջ, ամբողջացնելով Նախիջևանի գաւառի լրիւ գրաւումը»95։ Ի դեպ, Զանգեզուրը խորհրդային զորքերից մաքրելուց առաջ թիկունքից սպառնացող վտանգը բացառելու նպատակով Նախիջևանը ազատագրելու ծրագրին կողմնակից էր նաև Պ. Տեր-Դավթյանը։ Ինչևէ, Դրոն, որպես զինվորական կատարելով վերադասի հրամանը, ռազմական գործողությունները սկսելուց առաջ, Վայքի շրջանի Ղուշչի Բիլակ գյուղում հուլիսի 30-ին հրավիրում է ռազմական խորհրդակցություն։ «Երե­կոյեան ժամը 10-ին,–վկայում է խորհրդակցությանը մասնակից Ե. Իշխանյանը,–Դրօն մեզ կանչում է իր մօտ, ներկայ էին Կուռօն, խմբապետ Մարտիրոսը և Պօղոս Տէր Դաւթեանը:

Դրօն հարց է դնում, ինչպէս վարւել։ Ես կրկնեցի առաւօտեան ասածս, որի վրայ պնդեց Պօղոսը, թէ չպիտի կա­րողանանք պահել Զանգեզուրը, ուստի պէտք չէ յարձակում գոր­ծենք։

- Սակայն արժանապատւութեան խնդիր է դարձած այժմ ինձ համար, ասում է Դրօն։ Կենտրոնում, թիւրիմացաբար, պի­տի կարծեն, թէ վախեցայ և այդ պատճառով յարձակում չգործեցի»96։

Դրոյի հրամանով Պ. Տեր-Դավթյանը մեկնում է Սիսիան, որպեսզի « ...տեղացիներին ապստամբեցնի բոլշեւիկների դէմ, լուր տայ Լեռնահայաստան գտնւող Նժդեհին՝ մօտենալ Սիսիանին եւ թիկունքից հարւածել թշնամուն... մեր ուժերը Սիսիան մտնելուն պէս»97։

Օգոստոսի 1-ին Դրոն Ղուշչի Բիլակից իր զորամասով հանկարծակի հարձակման է անցնում Սիսիան խուժած բոլշևիկների զորամասի վրա և գրավում Բազարչայ (հնում՝ Ակունք, Բագրատավան, այժմ՝ Գորայք - Գ.Ս.) գյուղը։ Մինչ այդ Պ. Տեր-Դավթյանն իր զորաջոկատով (1920 թ. օգոստոսի դրությամբ Դրոն իր տրամադրության տակ ուներ 1300, իսկ Պ. Տեր-Դավթյանը՝ 120 զինվոր)98 Սիսիանի գյուղերից դուրս էր քշել հակառակորդի հետևակ գնդերին99։ Դրոյի զորամասն ու Պ. Տեր-Դավթյանի գլխավորած զորաջոկատները համատեղ ուժերի սրընթաց հարվածների տակ Կարմիր բանակին ստիպում են նահանջել դեպի Գորիս100։ Օգոստոսի 2-ին գրավվում է նաև Գորիսը101։ Սակայն այդ հաջողությունը կարճատև եղավ։ Ստանալով օժանդակ ուժեր, Կարմիր բանակը օգոստոսի 7-ին վերագրավում է նախ Գորիսը, ապա՝ Սիսիանը102։

Նախքան Պ. Տեր-Դավթյանի՝ հետագա գործունեության լուսաբանմանն անցնելը, միջանկյալ պատասխանենք այն հարցին, թե նա զինվորական ի՞նչ կոչում է ունեցել: Նախընթացում նշեցինք, որ զինվորական ուսումնարանն ավարտելուց հետո Առաջին աշխարհամարտի տարիներին Պ. Տեր-Դավթյանն ար­դեն ստացել էր պորուչիկի աստիճան։ Այս առումով վկայակոչենք Պ. Տեր-Դավթյանի և Ե. Իշխանյանի միջև 1920 թ. սեպ­տեմբերի 2-ին՝ Դարալագյազում տեղի ունեցած զրույցը, որը տեղ է գտել վերջինիս հուշերում։ «Սեպտեմբերի 2-ին Պօղոսը գալիս է Ջուլից, հրամանատարութիւնը թողնելով ղափանցի գլխապետ Սմբատ Թորոսեանին, կարճ ժամանակով Երևան գնալու տեսնելու իր նշանածին ու եղբօրը՝ Յարութիւնին։ Սմբատ Թորոսեանը մեր լաւագոյն սպաներից մէկն էր։

- Ախպեր, չափազանց անյարմար վիճակում եմ զգում ինձ, ես պարուշչիկ եմ (տեղակալ), իսկ Սմբատը կապիտան (գլխապետ)103, ես զօրամասի հրամանատարն եմ, իսկ կապիտան Թո­րոսեանը ինձ ենթակայ իմ զօրամասում։ Սմբատը մեր արժա­նաւոր, խիզախ և թասիբով զինւորականներից մէկը՝ կապի­տան, պարուշչիկի հրամանատարութեան ներքո՞յ. եղա՞ւ։ Հրա­հանգ տալուց ճնշւում եմ, ուստի հետը այնպիսի տօնով եմ խօսում, որ չվիրաւորէի։ Սմբատը մի քանի տարով փոքր է ինձնից և իբրև տարիքով մեծ է վերաբերւում ինձ հետ։ էհ, ինչևէ, մի կերպ կանենք, եօլա կերթանք»104։

Երևան հասնելուց հետո Պ. Տեր-Դավթյանը տեղեկանում է, որ Ե. Իշխանյանը գրություն էր ուղարկել ՀՀ զինվորական նա­խարար Ռուբեն Տեր-Մինասյանին՝ իրեն գլխապետի աստիճան շնորհելու համար105։ Նկատենք, որ Մազրա զյուղից 1920 թ. հոկ­տեմբերի 13-ին Գ. Նժդեհին ուղարկած նամակում Պ. Տեր–Դավթյանն իր կոչումը դեռևս նշում էր՝ տեղակալ (պորուչիկ)106։ Կապիտանի կոչումը նա թերևս ստացել է հոկտեմբերի վերջերին։

Անշուշտ, այս փոքրիկ հուշ-ակնարկում մեկ անգամ ևս դրսևորվում է Պ. Տեր-Դավթյանի ոչ միայն պարզ ու շիտակ բնավորությունը, այլև անսահման համեստությունը։

Ինչևէ, հետևենք դեպքերի զարգացմանը։ Չնայած բոլշևիկների ձեռնարկած պատժիչ գործողություններին, լեռնավայրը դիմեց ապստամբության։ Ինչպես նշում է Ս. Վրացյանը. «Ստի, բռնութեան ու թալանի վրա հիմնւած իշխանութիւնն, ի հարկէ չէր կարող յարատեւել Զանգեզուրում։ Գիւղացիութիւնը շատ շու­տով համոզւեց, թէ ինքը խաբւած է, եւ սկսեց միջոցներ որոնել ստեղծւած դժոխային կացութիւնից դուրս գալու համար։ Գիւղերի երիտասարդութիւնը համարեա ամէն տեղ հալածական՝ քաշւել էր լեռները կամ ապաստան գտել Դարալագեազում։ Նա գլուխ բարձրացնում բոլշեւիկների դէմ»107 ։

Գ. Նժդեհի՝ հոկտեմբերի 5-ին Կապանի ժողովրդին ուղղված կոչից հետո, առաջինը խուստուփյան բարձրունքներից ապստամբության դրոշ պարզեց Կապանը։ Բոլշևիկյան զորամասերին այլ բան չէր մնում, քան նահանջել Գորիս։ Հոկտեմբե­րի 10-ին ազատագրված էր ամբողջ Կապանը108։ Անհաջողություն կրեցին նաև Սիսիանի ուղղությամբ կռվող բոլշևիկյան ուժերը։ Կապանցիների օրինակով ապստամբեցին Սիսիանի ընդհատակյա ուժերը՝ Գ. Նժդեհի անձնուրաց զինակից, նրա աջ թևը համարվող Պ. Տեր-Դավթյանի գլխավորությամբ։ Նշենք, որ 1920 թ. սեպտեմբերին՝ թուրք-հայկական պատերազմն սկսելուն պես, Դրոն մեկնել էր ռազնաճակատ և Վայոց ձորում նրան՝ իբրև զորամասի հրամանատարի փոխարինում էր Պ. Տեր–Դավթյանը109: Ս. Վրացյանի վկայության համաձայն՝ «Սիսեանի շարժման գլուխը կանգնեց Խոտանանցի սպա Պօղոս Տէր-Դաւթեանը՝ մի անձնազոհ ու գաղափարական երիտասարդ, որ լայն ժողովրդականութիւն էր վայելում իր շրջանում»110։ Ապստամբությունը նախապատրաստելու նպատակով, Պ. Տեր֊Դավթյանը Ջուլում հոկտեմբերի 5-ին հրավիրում է խորհրդակցություն, որտեղ որոշվում է. «...կապ հաստատել հրամանատար Գ.ՆԺդեհի, Սիսեանի եւ Զանգեզուրի բնակչութեան հետ եւ բարձրացնել ապստամբութեան դրօշակը»111։ Միաժամանակ, բնակչության տրամադրությունները շոշափելու նպատակով Պ. Տեր-Դավթյանը «...քանի մը վստահելի անձեր թռուցիկներով կը ղրկէ Սի­սեանի գիւղերը ժողովուրդի տրամադրութեան մօտէն ծանոթանալու եւ զինուորութիւնը կազմակերպելու նպատակով»112։

Տեղեկություն ստանալով, որ Գ. Նժդեհի գլխավորությամբ Կապանն ազատագրված է, և որ Սիսիանի զինական ուժը կազմ ու պատրաստ է՝ Պ. Տեր-Դավթյանը ռազմակայան Ջուլից հոկտեմբերի 12-ին 200 մարտիկներով անցնում է Սիսիանի գյուղերը, ուր նրան են միանում ամբողջ գյուղացիությունը և տեղի զի­նական ուժը113։ Մազրա գյուղից հոկտեմբերի 13-ին Գ. Նժդեհին ուղարկած նամակում Պ. Տեր-Դավթյանը հայտնում էր հետնյա­լը. «Ամսիս 11-ին ժամը 6-ին ես իմ զօրախմբով մեկնեցի Ջուլից Ղալաչաղ գիւղը, նպատակ ունենալով գրաւելու Մեծամասնականների կողմից թողած գիւղերը համաձայն Սիսեանի ժողովրդիցանկութեան։ Շրջակայ գիւղերը ուղարկուած մարդիկ հա­ղորդեցին, որ գիւղացիութիւնը գրգուած է Մեծամասնականներու դէմ եւ սպասում է ընդհանուր ապստամբութեան։

Ղալաչաղ, Մազրա, Կարակլիս, Բելեակ արդեն գրաուած է իմ զօրքերով։ Մնացած գիւղերը բացի Անգեղակոթից եւ Բազարչայից տրամադրել են ինձ իրենց զինւած ուժերը»114։ Անպատասխան թողնելով Անգեղակոթից բոլշևիկյան հրամանատարության՝ հանձնվելու վերջնագիրը, Պ. Տեր-Դավթյանը հոկտեմ­բերի 14֊ին հուժկու գրոհով կարողանում է շրջանի ողջ տարած­քը մաքրել խորհրդային զորքերից և վերագրավել Սիսիանը115։ Ավելին, Սիսիանի կողմից Տաթևի տարածքներ մտած զանգեզուրյան զորամասերը Պ. Տեր-Դավթյանի գլխավորությամբ հոկտեմբերի 18-ին թիկունքից հարվածեցին Տաթև-Հալիձոր-Գորիս ճանապարհով խուճապահար նահանջող բոլշևիկյան զորքերին116։ Ինչպես ասվում է վավերագրում. «Միաժամանակ փոր­ձառու և հմուտ սպա Տեր-Դավթյանը թշնամիներին հանկարծակիի բերելու համար առանձին ճանապարհով առաջ անցնելով՝ տաք ճակատամարտից հետո գրավում է Եայջին (այժմ՝ Հարժիս-Գ.Ս.), որտեղից անցնում է Տաթև՝ կամենալով միանալ Սպա­րապետ Նժդեհին»117։ Գ. Նժդեհի հավաստմամբ՝ «Ըստ տրուած մարտագրի՝ Սիսեանի ուժերը շարժւում են դէպի Ուշթափալար,118 Ղարաքլիս-Գորիս խճուղիով, եւ լուսաբացին հարուածում են թշնամուն՝ թիկունքից»119։ Գողթանի կառավարիչ Աշոտ Մելիք-Մուսյանից ստացված հաղորդագրության հիման վրա «Մշակը» հաղթական այդ մարտերի մասին գրում էր. «Թշնամու նպատակն էր միացնել Նախիջևանը Ադրբէջանին՝ Ալիաթ ու Ջուլֆա երկաթուղագիծը գրաւելով։ Հայ գիւղացիութիւնը կռւում էր 9000 բօլշեւիկ զինուորների դէմ։ Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 6֊ը Սիսիանի, Գէնվազի, Գօղթանի, և Օրդուբադի զօրաճակատների վրայ հայ քաջարի գիւղացիութիւնը վանել է թշնամու 14 ուժեղ հարձակումներ։ Այդ կռիւների մէջ թշնամին թողեց 1800 սպանուած, 600 գերի, 67 գնդացիր, 400 ձի, շատ ռազմամթերք և ուտելիք։ Թշնամին յետ է մղուել Զանգեզուրի հողաբաժնից»120։

Ռազմական այդ հաջողություններից հետո Պ. Տեր-Դավթյանն իր զորամասով անցավ Տաթև և Գ. Նժդեհին միանալու նպատակով շարժվեց Կապանի ուղղությամբ։ Ճանապարհին՝ Մալդաշ (այժմ՝ Քաշունի - Գ.Ս.) գյուղում, հանդիպում է բոլշևիկյան մի զորամասի և կռվի բռնվում։ Վերջիններիս փախուստի մատնելուց և բավական ռազմամթերք գրավելուց հետո Պ. Տեր–Դավթյանն անցնում է Խոտանան գյուղ, ուր և միանամ է Գ. Նժդեհին և ստանալով նոր հրահանգներ մի քանի օր անց վերադառնում է Սիսիան, որտեղից բոլշևիկյան զորքերը նահանջել էին Գորիս121։

Այդ օրերին Պ. Տեր-Դավթյանը հրամանատար էր բառի լայն իմաստով։ Գոտեպնդված վերոնշյալ հաղթանակներով, վստահ իր զորամասի մարտական ուժին, նա Գ. Նժդեհին նա­մակով հայտնում է՝ Գորիս քաղաքը վերագրավելու նպատակադրության մասին, ակնկալելով վերջինիս համաձայնությունը։ Սակայն Նժդեհը հոկտեմբերի 27-ի պատասխան նամակում աննպատակահարմար էր գտնում տվյալ պահին վերագրավել Գորիսը։ Հիմավորելով, որ դրա համար անհրաժեշտ է՝

«1. Առանց ուշացնելու ունենալ բավականին կանոնավոր ու զգալի զինված ուժեր, այնքան, որ քաղաքը գրավելուց հետո այդ ուժերի մի մասով «կարողանանք ամրացնել և մեր ձեռքին պահել Զաբուղի մեր հին դիրքերը»,

2. Բուն Զանգեզուրի ժողովուրդը հետևի Ղափան-Սիսիանի օրինակին. «թոթափի սովետա-ադրբեջանական լուծը», իր միջից արմատախիլ անի բոլոր կոմունիստական տարրերին, վճռականորեն կանգնի իր սահմանների վրա՝ «միշտ պատ­րաստ՝ դիմագրավելու թշնամու բոլոր տեսակի փորձերին ու խաղերին»122 ։

Ապստամբությունը ճնշելու և սյունեցիներին վերջնականապես ծնկի բերելու նպատակով ջախջախված բոյշևիկյան զորամասերին փոխարինելու են գալիս նորերը։ 11-րդ Կարմիր բանա­կի հրամանատարության որոշմամբ շուրջ 6000 հետևակ և 2000 հեծյալ զորաբանակ Պյոտր Կուրիշկոյի հրամանատարությամբԱդրբեջանից ուղարկվեց Զանգեզուր123։ Այդ հզոր խմբավորմանն էր կցվել նաև Զավալ փաշայի գլխավորած 1200 թուրք ասկյարներից բաղկացած զօրագունդը (ուներ 4 թնդանոթ, 40 գնդացիր),124 որը Արցախ-Զանգեզուրի, այն է հայկական բնակավայրերով պետք է անցներ Նախիջևան, այնտեղից՝ Թուրքիա՝ քեմալական շարժմանը միանալու համար125։ Սակայն խմբավորման հրամանատար Կուրիշկոն հոկտեմբերի 29-ին Գորիս ժամանելուց հետո որոշեց թուրքական գնդին ևս մասնա­կից դարձնել ռազմական գործողություններին։ Բոլշևիկները թուրքական գնդի ամենաակտիվ աջակցությամբ շարունակեցին հակահայ քաղաքականությունը. հայտնի գործիչների սպանություններն ու կողոպուտը ոչ մի օր չդադարեցին քաղաքում126։

Զանգեզուրյան վաշտերը հարկադրված եղան թուրք֊բոլշևիկյան զորամիավորումների դեմ վերսկսել ծանր մարտերը։ Այդ ծանր օրերին Զանգեզուրի բոլոր շրջանների զորահրամանատարները գտնվում էին սերտ կապի մեջ և թուրք-բոլշևիկյան զորքերի դեմ մղված պայքարը ընդունել էր համաժողովրդական բնույթ։ Արյունահեղ մարտերում զանգեզուրյան վաշտերին հաջողվեց բոլոր ճակատներում փայլուն հաղթանակ տանել։ Արժանվույնս գնահատելով այդ ժամանակահատվածում սյունեցիների մղած համառ մարտերի դերն ու նշանակությունը, մասնավորապես Գ. Նժդեհի և Պ. Տեր-Դավթյանի անգնահատելի ծառայությունը Զանգեզուրի հերոսամարտում, Ս. Վրացյանը գրում էր. «Ամբողջ ժողովուրդը մի մարդու պէս ոտքի է կանգնում իր գոյութիւնը պաշտպանելու համար։ Կռւում են եւ ծերերը,եւ կանայք եւ երեխաները, կռւում են բահերով ու քարերով։ Տեղի են ունենամ յամառ ու յուսահատական կռիւներ։ ժողովրդին առաջնորդում են երկու սիրւած հերոսներ՝ Գ. Նժդեհն ու Պ. Տէր–Դաւթեանը եւ օգնում են՝ խստաշունչ ձմեռը, մութ գիշերները ու խոր ձորերը, որոնցից այնպէս սարսափում են ռուս զինւորները»127։

Զանգեզուրի զինյալները անօրինակ սխրանքներով համառ դիմադրություն կազմակերպեցին հատկապես Սիսիանի տա­րածք ներխուժած թուրք–բոլշևիկյան զորքերի դեմ։ Թուրքական գունդը որքան առաջանում էր դեպի Նախիջևանի սահմանը, հայկական գյուղերում թալանը, նորանոր սադրիչ և սանձարձակ գործողություններն ավելի սանձարձակ էին դառնում։ Ծանր վի­ճակ էր ստեղծվել հատկապես Ուզ (այժմ՝ Ույծ - Գ.Ս.) և Ղարաքիլիսա գյուղերի համար։

Պ. Տեր-Դավթյանը լուր ստանալով թուրքական զորամասի ռազմարշավի մասին, իր հեծյալ ջոկատով շտապում է կասեցնել թվական գերակշռություն ունեցող թշնամու առաջխաղացումը։ Նոյեմբերի 5-ին օգտվելով թանձր մառախուղից, Պ. Տեր-Դավթյանի մարտիկները, նրանց միացած գյուղերի աշխարհազորայինները սրընթաց գրոհով Ուզ գյուղի մոտակայքում հարձակվում և թևանցումով նեղն են գցում թշնամուն։ Օրհասական այդ պահին Սիսիանի ինքնապաշտպանական ուժերին օգնության են հասնում Չիմանքենդ գյուղից (այժմ՝ Ուրցաձոր-Գ.Ս.)128 Զանգեզուր վերադարձած գորիսեցի մարտիկները։ Վերջիններս, Գորիսը Կարմիր բանակի զորքերի կողմից գրավելու օրը (1920 թ. հուլիսի 5), հեռացել էին քաղաքից և երեք ամիս այդտեղ մնալուց հետո վերադարձել ու Սիսիանում միացել էին Պ. Տեր-Դավթյանին զորամասին։ Դեպքերի ժամանակակից Զաքար Յոլյանը ՀՅԴ անդամ Վանո Խանզադյանին նվիրած հուշ-ակնարկում գրում է. «–Յուլիսին, 1920 թ., բոլշեւիկների Ղարաբաղից Գորիս ներխուժման հետեւանքով՝ Վանօն շատերի հետ նահանջում է Չումանքեանդ (Ջուլի ձորերը)։ ...Իր հօրեղբօր (իմա՚ ՀՅԴ անդամ Արտեմ Խանզադյանի-Գ.Ս.) խմբի հետ, վերադառնում է Սիսիան եւ միանում քաջակորով Պ. Տէր-Դաւթեանի զօրամասին»129 ։

Ինքնապաշտպանների համար նահանջի ճանապարհ չկար։ Թշնամու վրա սկսում է կարկուտի պես գնդակներ տեղալ։ Պ. Տեր-Դավթյանի գլխավորությամբ քաջարի մարտիկները մի քանի անգամ գրոհում են թշնամու դիրքերը։ Ոմանք անգամ վիրավոր վիճակում էին շարունակում մարտը։ Պ. Տեր-Դավթյանը, արհամարհելով վտանգը, ձի հեծած, դիրքից դիրք է նետվում և քաջալերում իր կտրիճներին՝ ամուր պահել դիրքերը։ Ցավոք, կռվի թեժ պահին գլխից վիրավորում է Պ. Տեր-Դավթյանը,130 որն «...առանց ուշ դարձնելու իր հավատարիմ զինվորների թախանձանքին՝ խիզախությամբ առաջ է անցնում կռվի ամենատաք վայրը»131։ Գնդակը ծակել էր նրա աջ հոնքը վերևի մասում, կոտրել ոսկորը։

Պ. Տեր-Դավթյանին ժամանակավորապես փոխարինում է անգեղակոթցի քաջ խմբապետ Սարգիսը, ով մարտը հաղթական ավարտին է հասցնում։ Երեքժամյա կռվում չարանենգ թշնամին ցանկանամ էր թեկուզ մեծ կորուստներ տալու գնով առաջանալ, բայց ինքնապաշտպանները ցուցաբերելով համախմբվածություն ու կազմակերպվածություն, հաջողությամբ հարվածում ու ջախջախում էին նրան։ Բոլշևիկներն ու ասկյարները չդիմանալով արիաբար կռվող ինքնապաշտպանների անընդհատ գրոհներին, տալով 100֊ի չափ սպանված ստիպված իրիկնադեմին բռնում են նահանջի ճանապարհը132։ «Յառաջ» օրաթերթի տեղեկացմամբ՝ «...հեռագրային տեղեկութիւնների համաձայն Սիսիանում Ղարաքիլիսա գիւղի մօտ, բօլշևիկները միացած տաճիկների հետ, յարձակւել են տեղական ժողովրդի վրայ, Ուզ գիւղի մօտ։ Տեղական ազգաբնակութիւնը նրանց լաւ ջարդ տալուց յետոյ քշել է մինչև Ոշ-Թափլար»133 ։

Այդ օրվա կռիվների մասին փաստագրական արժեքավոր հուշեր է թողել Պ. Տեր-Դավթյանի զորաջոկատի զինվոր, մասնագիտությամբ բժիշկ գորիսեցի Սամսոն Շալունցը։ Ըստ նրա՝ «Թուխպը սար ու ձոր էր բռնել. չէիր հասկանում՝ որտեղ ես, որտեղից են կրակում, որտեղ է թշնամիդ, որտեղ՝ բարեկամդ։ Բայց պանիկա (խուճապ) չկար, հերոս հրամանատար ունեինք։ Քիչ էինք, թշնամին՝ շատ։ Դիմացներս լավ զինված ռուսներ և թուրքեր էին։ Պողոս Տեր-Դավթյանը կենտրոնում էր, սիրուն, ջահել, վախ չուներ գնդակից։ Ճապոնացիների դեմ էր կռվել, Բաքուն էր պաշտպանել ասում էր՝ տղանե՚ր, ձեր ցավը տանեմ, ղոչա՛ղ կացեք, մտքներովդ չանցնի՝ նահանջեք։ Շղթա կազմեք, թող չիմանան, որ քիչ ենք։ Մեր ետևում մայրեր, քույրեր, երեխաներ են։ Համբերող կլինեք, ավելորդ չկրակեք, թո՛ղ մոտենան, նոր կրակեք: Մեր սարերը սրանց գերեզմանը պիտի դառնան:

Ափսո՜ս։ Շատ ափսոս։ Ուզի կռիվը վերջինն էր։ էդ ինչու՞ մոռացան նրան, ինչու՞ ուրացան։ Աչքերիս առաջ է հրամանա­տարը։ Մոսինի գնդակը խոցել էր քունքոսկրը։ Օրեր կռիվ տվեց մահվան դեմ։ Դժվար փրկեինք նրան էն ժամանակվա պայմաններում»134։

Հիրավի, Ուզի հերոսամարտը մի գեղեցիկ էջ է հայ ժողովրդի պատմության մեջ։ Այն էլ ավելի բարձրացրեց սյունեցու պայ­քարի ոգին և ցույց տվեց, որ նա գիտի պաշտպանել իր մարդկային ու ազգային արժանապատվությունը, գերադասում է մեռնել, քան հանձնվել թշնամու ողորմածությանը։ Որևէ կասկած լինել չէր կարող, որ եթե թուրք–բոլշևիկյան զորքը Պ. Տեր-Դավթյանի գլխավորած ինքնապաշտպանական ջոկատների կողմից չստանային արժանի հակահարված, ապա սպանդի, թալանի և ավերակույտերի կվերածեին Սիսիանի շրջանը։

Պ. Տեր-Դավթյանի երիտասարդ մարմինը Բռնակոթում տեղակայված բժշկական կայանում135 պայքարում էր մահվան դեմ, սակայն՝ ապարդյուն։ 1920 թ. նոյեմբերի 20-ին136, 40 տարեկան հասակում կյանքից հեռանում է կապիտանի աստիճանի հասած լեռների արծիվը, սյունեցիների, մասնավորապես՝ սիսիանցիների անվերապահ հարգանքն ու սերը վայելող անձնվեր ռազմի­կը, ով անմնացորդ նվիրումով ծառայեց հայրենիքին։ Նրա զի­նակից ընկերներից ՀՅԴ անդամ Բաշգառնեցի Մարտիրոսի դի­պուկ բնութագրմամբ՝ «Կապիտան Պօղոս Տէր Դաւթեանը Լեռնահայաստանի Խոտանան գիւղից էր, մեր լաւագոյն սպաներից. հայրենասէր, անձնազոհ, չարքաշ կեանք վարող։ Խաղաղ ժամանակ գառ էր, իսկ կռւի դէպքում՝ առիւծ»137 ։

Ի նշան երախտագիտության, հերոսի դին զինակից ընկեր­ները չհանձնեցին դիակառքին, այլ նոյեմբերյան դառնաշունչ օրերին Բռնակոթ գյուղի բժշկական հենակետից մինչև հայրենի՝ Վերին Խոտանան գյուղ, ավելի քան 60 կմ իրենց ուսերի վրա տարան դագաղը138 և դեկտեմբերի 4-ին մեծ պատվով ամփոփե­ցին գյուղի գերեզմանատանը139։

Պ. Տեր-Դավթյանի մահը մեծ վիշտ է պատճառում Սյունյաց լեռնաշխարհին։ Սյունեցին միահույզ և խուլ զսպումով արտասվեց, արտասվեց իրենից հավիտենապես բաժանվող անմահանուն զավակի համար, որ խոստացել էր, սակայն, իր ժողովրդից երբեք ու երբեք չբաժանվել...

Թաղման ժամանակ արտահայտվող բոլոր ընկերներն իրենց խոսքի մեջ անդրադարձան հանգուցյալ ընկերոջ ունեցած մարդկային, ազգային և կուսակցական բարձր նկարագրին։ Ար­ցունքն աչքերին դամբանական է ասել նաև նրա զինակից, գաղափարակից ու սրտակից ընկեր Գ. Նժդեհը։ Խոսքը տանք Ք. Սողոմոնյանին, որի հուշապատում-օրագրում ասվում է.

«Հանդիսավոր լռությամբ հերոսի շիրիմի վրա խոնարհվեցին իր մարտական ընկերները։ Գարեգին Նժդեհի աչքերում արցունքներ երևացին։ Իր ելույթում ասաց. կոտրվեց իմ աջ թևի բազու­կը, գնաց Զանգեզուրի արծիվը, լեգենդար հրամանատարը, ժողովրդական ինքնապաշտպանության հերոսներից հերոսը, հայ ժողովրդի հավատարիմ զավակը։ Գնա անվեհեր քաջերից քաջ Պողոս։ Կգա ժամանակ, որ Զանգեզուրի ժողովուրդը քո գերեզմանի վրա ուխտ կգա»[11]0։ Այս խոսքերն իրենց բովանդակությամբ լավագույն բնութագիրն են Պ. Տեր-Դավթյանի, որպես ինքանապաշտպանության կազմակերպչի ու հրամանատարի, ինքնին վկայում են նրա ունեցած մեծ հեղինակության և հատկապեսայն կարևորագույն դերակատարման մասին, որ խաղացել Է Զանգեզուրի հերոսամարտի համատեքստում։

Պ. Տեր-Դավթյանի մահը խորը կսկիծ թողեց հատկապես նրա զինակից ընկերների սրտում։ Այս առումով ուշագրավ Է հետևյալ դիպվածը։ Վերջին օրերին նրան խնամող բժիշկ Սամսոն Շալունցը մահվանից առաջ դստերը պատվիրել Էր. «Աղ­ջիկս, իմ վերջին խնդրանքը քեզ. գնաս Ղափանի Վերին Խոտանան, գերեզմանատանը համեստ, սովորական մի շիրիմ կա. հայ ժողովրդի հերոս զավակ Պողոս Տեր-Դավթյանի շիրիմն է։ Ծաղիկներ տա՛ր, ձեռքդ դիր քարին ու ասա՝ բարևներ Շալունցից։ Ասա, ասում է՝ ներիր ինձ, հրամանատար։ Ես անզոր էի քեզ օգնելու, բացի վերքերդ խնամելուց և արյունդ մաքրելուց։ Ների՛ր... շուտով կհանդիպեմ քեզ...»141։

Դեկտեմբերի 5֊ին Գ. Նժդեհը Կապանի հանքերից Սիսիանի հերոսական ժողովրդին ուղղեց հետևյալ կոչը. «Դուք, հետե­ւելով ապստամբ Ղափանի օրինակին, թօթափեցիքբոլշեւիկ– ադրբեջանական անարգ լուծը և ստեղծեցիք Ձեզ համար ազատ ու անկախ կեանք։

Փառք ու պարծանք Ձեզ։ Յարգանք ձեր տւած զոհերին ու թափած սրբազան արիւնին։ Խեղճացած, բայց չար թշնամին մինչեւ Ձեր ապստամբութիւնը անարիւն կոտորածով էր բնաջնջում, ոչնչացնում Ձեզ՝ խլելով Ձեզնից Ձեր զենքը, Ձեր ղեկավարներին, Ձեր արիւն-քրտինքով ձեռք բերած մի կտոր հացը, միա­ցած աշխարհի ամօթն ու անեծքը հանդիսացող օսմանեան ջար­դարար ասկեարներին՝ նա փորձեց նորից Ձեր վզին դնել բռնու­թեան լուծը։

Այդ փորձի ժամանակ, որը շնորհիւ Ձեր անօրինակ քաջու­թեան փորձանք դարձաւ պարտւած թշնամու համար, վիրաւորեց մեր պաշտելի Պօղոսը եւ մի քանի օր անց վախճանւեց։

Փառք այդ մեծ ու հերոս նահատակին։

Այսօրւանից Պօղոսի որբացած զօրամասը յանձնում եմ շտաբս կապիտան Թորոսեանին142, որին արդէն հրամայւած է անցնել Սիսեան։ Լիայույս եմ, որ դուք, քաջանուն սիսիանցիներդ, թեւ ու թիկունք կը հանդիսանաք Ձեր նոր հրամանատարին։

Աստուած եւ իմ հոգին Ձեզ հետ»143։

Պ. Տեր-Դավթյանը թաղվեց հայկական մարտիրոսության անեզր գերեզմանոցում՝ անկատար ու անավարտ թողնելով շատ ու շատ երազներ։ Ցավոք նա չտեսավ Ինքնավար Սյունիքն ու Լեռնահայաստանը։ Սակայն նրա նահատակությունը դարձավ վերածնություն. Գողգոթայից նորից հարություն առավ և սկսվեց անմահությունը, հարատև քայլքը դեպի հավերժություն... Իր ապրած հայրենանվեր կյանքով Պողոս Տեր-Դավթյանն անցավ անմահների շարքը, որ նրանց հետ մեկտեղ դարերին պատմի իր սերնդի սխրանքների մասին։

Հիրավի, նրա կյանքը դարձավ վառ օրինակ բոլոր ժամանակների հայ ազգային-ազատագրական գործիչների համար, ովքեր պատրաստ են մարտիկին վայել համարձակությամբ անմնացորդ նվիրումով ծառայելու սեփական ժողովրդին։ Այո՛, սա է պատգամը նահատակների, սա է պարտքը ապրողներիս։

Պողոս Տեր-Դավթյանը զոհվեց իր նշանաբանը շուրթերին. «Ես կատարել եմ պարտականութիւնը, նախ՝ որպէս հայ և երկրորդ՝ որպէս դաշնակցական»:

 

Ծանոթություններ

1.Սողոմոնն ունեցել է վեց որդի՝ Դավիթ, Պողոս, Գրիգոր, Հարություն, Հայրա­պետ, Վարդան և. մեկ դուստր՝ Մալագ անունով (տես Վերին Խոտանանի Տեր-Դավթյանների տոհմածառը։ Կազմող՝ Ա. Հովհաննիսյան, Կապան, 2018։ Տոհմածառը մեզ է տրամադրել հեղինակը՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ Արմինե Հովհաննիսյանը, որին հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Ի դեպ, Գրիգորը 1918 թ. դաժանորեն սպանվել է Խոտանանից հյուսիս գտնվող «Խութի չման» հանդամասում՝ Ավդիլազիմ բեկի հրոսակախմբի կողմից (տե՛ս Անտոնյան Ա., Վերին Խոտանան: Ամեն մի կածան՝ մի հուշապատում. «Սյունյաց երկիր», Կապան, 2017, նոյեմբերի 9, № 36)։

2. Վերին Խոտանանում ծխական դպրոցը բացվել Է 1913 թ. (տե՛ս Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թթ. (ժամանակագրությունը հավելյալ մանրամասներով), Երևան, 1987, Էջ 126)։

3. Գասպար Հովհաննեսի Տեր-Մարգարյանը (1865—1943 թթ.) ծնվել Է Կապանի Շրվենանց գյուղում։ Երիտասարդ հասակում տեղափոխվելով Բաքու, գնում Է նավթաբեր հողակտոր, որի ընդերքը մեծ հարստությունների տեր Է դարձնում նրան։ Նավթարդյունաբերողն առատ օգնության ձեռք Է մեկնել մի շարք բարեգործական ու որբախնամ կազմակերպությունների։ Մահացել Է տարագրության մեջ՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Գ. Տեր֊Մարգարյանի գործունեության մասին մանրամասն տե՛ս Սմբատյան Գ., Սյունիք. Պատմություն և հիշողաթյուն, Երևան, 2019, Էջ 450-453։

4. Տե՛ս Սողոմոնյան Քրիստափոր, Անմահության ճամբաներով (ձեռագիր հուշագրություն), Կապան, 1975, Էջ 1-2։ Ձեռագրի հեղինակը Պողոս Տեր-Դավթյանի եղբոր՝ Հայրապետի որդին է: Հուշագրության կրկնօրինակը պահվում Է մեր անձ­նական արխիվում։

5. Պորուչիկը՝ լեյտենանտ բառի սլավոնական փոխառնությունն Է Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զինվորական աստիճանակարգում պորուչիկը (տեղակալ) հավասարազոր Էր լեյտենանտի կոչման (տե՛ս Զօրական կանոնագրքերի թարգմանութիւն, «Ռազմիկ». Երեւան, 1920. մայիսի 15, № 1)։

6. Տե´ս նույն տեղում էջ 2, տե՛ս նաև Թևոսյան Բ., Նժդեհի հետ կողք-կողքի (Պողոս Տեր-Դավթյան), «Երեկոյան Երևան», Երևան, 1990, հուլիսի 9, № 151, տե´ս նաև Անտոնյան Ա., Վերին Խոտանան. ամեն մի կածան՝ մի հուշապատում, «Սյունյաց երկիր», Կապան, 2017, նոյեմբերի 9, № 36։

7. Տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբադ (1917-1920), Երեւան, 1999, էջ 673։

8. Տե՛ս Թևոսյան Բ., Նժդեհի հետ կողք-կողքի (Պողոս Տեր-Դավթյան), «Երե­կոյան Երևան», Երևան, 1990, հուլիսի 9, № 151։

9. Տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբադ (1917-1920), էջ 673։

10. Տե՛ս Казарян А., Полковник и его время. Ереван. 2014. Էջ 254։

11. Տե՛ս Асадов Ю., 3000 армянских офицеров царской России. Историко-биографическая книга памяти (1701-1921), т. 2, Москва,2018. էջ 276։

12. Տե՛ս Թևոսյան Բ., Նժդեհի հետ կողք-կողքի (Պողոս Տեր-Դավթյան), «Երեկոյան Երևան», Երևան, 1990, հուլիսի 9, № 151։         

13. Տե՛ս Арутюнян А., Кавказский фронт. 1914-1917  гг. Ереван, 1971, էջ 300։

14. Մանրամասն տե՛ս Ստեփանեան Գ., Պաքուի 1918 թ. հերոսամարտի նշա­նակութիւնը Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան ապահովման եւ կայացման համատեքստում: Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակ: Գիտաժողովի նիւթեր (21-23 մարտ, 2018), Անթիլիաս, 2021, էջ 103-118:

15. Ալչուջեան Ա., Ռոստոմը Բագւում (Ա), «Հայրենիք», Պոսթըն, 1956, ԼԴ տարի, յուլիս, № 7, էջ 6։

16. Մանրամասն տե՛ս Ստեփանյան Գ., Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդգրական ուսումնասիրություն), Երևան, 2010, էջ 360-436։

17. Տե´ս Ստեփանյան Գ., Համազասպ Սրվանձտյանց, Երևան, 2016, էջ 496-656։

18. Այդ վաշտի զինվորներից էր նաև Պ. Տեր-Դավթյանի հորաքրոջ որդին՝ Երեմ Գրիգորի Բաղդագյուլյանը, որը զոհվեց մարտերից մեկի ժամանակ (տե՛ս Անտոնյան Ա., Վերին Խոտանան. ամեն մի կածան՝ մի հաշապատում, «Սյունյաց երկիր», Կապան, 2017, նոյեմբերի 9, № 36)։

19. Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 673։

20. Տե՛ս Գևորգյան Հ., Սեբաստացի Մուրադ, Երևան, 2003, էջ 356, տե՛ս նաև «Յառաջ», Փարիզ. 21-րդ տարի, 1949, դեկտեմբերի 11, № 1434։

21. Տե՛ս Սեպուհ, էջեր իմ յուշերէն, հ. Բ, Պոստոն, 1929, էջ 171։

22. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., էջ 4, տե՛ս նաև Казарян А., նշվ. աշխ., с 254:

23. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., էջ 4։

24. Սեպուհ, նշվ. աշխ., հ. Բ. էջ 176։ «Հորիզոնի» հաղորդած մի տեղեկության համաձայն, Մուրադը վիրավորված է եղել յոթ տեղից (տե՛ս «Հորիզոն», Թիֆլիս, 1918. դեկտեմբերի 7. № 15)։ Հետագայում Մուրադի մարմինը տեդափոխվում է Թիֆլիս և ամփոփվում Խոջիվանքի գերեզմանատանը։ Ի դեպ, Մուրադից մնացած միակ մասունքը՝ Շուշիում նվեր ստացած արծաթե ծխատուփը, պահվել է Փարիզի ՀՅԴ թանգարանում (տե՛ս Վրացեան Ս., Հ.Յ.Դ. տունը, «Վէմ», Փարիզ, 1938, Զ տարի, հոկտեմբեր-դեկտեմբեր, № 4, էջ 97)։

25. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., Էջ 4, տե՛ս նաև Казарян А., նշվ. աշխ., էջ 254։

26. Տե՛ս Ստեփանյան Գ., Համազասպ Սրվանձտյանց, Էջ 443։

27. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., Էջ 5:

28. Տե՛ս Ստեփանյան Գ., Համազասպ Սրվանձտյանց, Էջ 445։

29. Տե՛ս նույն տեղում, էջ 650:

30. Տե՛ս Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, Երևան, 1996, էջ 316։

31. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 370, ց. 1, գ. 34, թ. 42։ Ե. Իշխանյանը, որ մոտիկից ճանաչում էր Միք. Պարոնյանին, իր հուշապատում-օրագրում հետաքրքրական տեղեկություններ է թողել նրա մասին։ «Դոկտոր Միքայէլ Պարոնեանը,–գրում է Ե. Իշխանյանը,–որը ոչ միայն Գորիսի և շրջանի, այլև ամբողջ գաւառում հայերի կողմից ճանաչւած ու մեծապէս յարգւած անձնաւորութիւն էր, թէ իբրև բարեխիղճ բժիշկ և թէ իբրև լաւ մարդ, մեծ հեղինակութիւն էր վայելում։ Բժիշկենց տունը յայտնի էր իր հիւրասիրութեամբ, անկախ նրանից, թէ սեղանի շուրջը ինչ ազգութեան մարդ է նստած։ Մեծահարուստ չէին, բայց հոգով հարուստ մարդիկ էին տան անդամները։ Հայրը վախճանւած էր, սակայն մայրը ամուսնու փոխարէն շարունակում էր պահպանել արմատացած իրենց տան մեծութիւնը, և բոլորը, որոնք մնում էին այդ տան յարկի տակ, մեծ յարգանք էին տածում նրա հանդէպ» (Իշխանեան Ե., Լեռնային Ղարա­բաղ (1917-1920), էջ 493)։

32. Տե´ս Ստեփանեան Յ., Արցախեան կամ Շուշուայ գնդի պատմութիւնը. «Հայրենիք», Պօսթըն, 1935, ԺԳ տարի, մարտ № 5, էջ 86, տե՛ս նաև Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921, էջ 80։

33. Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը։ Գիրք Բ, էջ 359-360։

34. Տե՛ս նույն տեղում, էջ 362-364։

35. Ստեփանեան Յ., Անդրանիկը Սիւնեաց երկրում. «Վէմ». Փարիգ. 1936, Դ տարի, թիւ 4, յուլիս-հոկտեմբեր, էջ 64։

36. Մանրամասն տե՛ս Ստեփանեան Յ., Անդրանիկը Սիւնեաց երկրում, «Վէմ», Փարիզ. 1936, Դ տարի, թիւ 4, յուլիս–հոկտեմբեր, էջ 62-63։ Չէլեպեան Ա., Զորավար Անդրանիկ և Հայ յեղափոխական շարժումը (կենսագրական ակնարկ), Երեւան, 1990, էջ 522։ Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը։ Գիրք Բ, էջ 334-336։ Սիմոնյան Ա., Անդրանիկի ղեկավարությամբ Սիսիանում մղված կռիվներն ընդդեմ թուրքերի և ադրբեջանցիների (1918 թ. օգոստոս-սեպտեմբեր), «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2005, № 2, էջ 27-36։

37. Տե՛ս Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, էջ 390։

38. Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921, էջ 135։

39. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., էջ

40. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921, էջ 1005, տե՛ս հան. Սմբատյան Գ., Սյունիք. Պատմություն և հիշողություն, էջ 256։ Ս. Թորոսյանը ծնվել է 1889 թ. մայիսի 20-ին երկրագործ Փիրիջանի ընտանիքում։ 1909 թ. ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Որպես ուսուցիչ աշխատել է էջմիածնում և հայրենի Ագարակի ու Առաջաձորի դպրոցներում։ Ավարտելով Թիֆլիսի ռազմական դպրոցը, կապիտանի կոչումով 1915 թ. զորակոչվել է ռազմաճակատ։ 1921 թ. հունիսին անցել է Պարսկաստան ու երեք ամիս անց վերադարձել: Նա միանգամից չի հանձնվել իշխանություններին. թաքնվել է անտառներում, հետո ձերբակալվել տանը՝ Պետքաղվարչության կողմից։ Լուսավորության ժողկոմատի միջնորդությամբ երկու ամիս անց ազատվում է և ուուցչական աշխատանքի նշանակվում Ագարակ գյուղի դպրոցում։ 1930 թ. փետրվարի 6-ին Ս. Թորոսյանը ձերբակալվում է և տեղափոխվում Երևանի բանտ։ Հիմնական մեղադրանքներն էին՝ ցարական բանակի նախկին սպա և դաշնակցական բանակի հրամանատար լինելը, Խորհրդային իշխանության փլու­զումը հետապնդող գործողությունը։ Ս. Թորոսյանը աքսորավայրից վերադարձել է քայքայված առողջությամբ, մահկանացուն կնքել է 1935 թ.։ Հանգչում է ծննդավայրի գերեզմանատանը (տե՛ս Սմբատյան Գ., Երկաթե վարագույրից այս կողմ, Երևան, 2009, էջ 191-193, տե՛ս նաև նույնի՝ Սյունիք. Պատմություն և հիշողություն, էջ 282– 287)։

41. Տե՛ս Առաքելյան Հ., Բռնակոթ, Երևան, 2017, էջ 92։

42. Սողոմոնյան Ք., նշվ. աշխ, էջ

43. Տե՛ս Առաքելյան Հ., նշվ. աշխ., էջ 92, 104։

44. Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., էջ 7:

45. Տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 673:

46. Նույն տեղում, էջ 670:

47. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ. աշխ, էջ 7-8, տե՛ս նաև՝ Թևոսյան Բ., Նժդեհի հետ կողք-կողքի (Պողոս Տեր-Դավթյան), «Երեկոյան Երևան», Երևան, 1990, հուլիսի 9, № 151, տե՛ս նաև՝ Առաքելյան Հ., նշվ. աշխ., էջ 96։

48. Տե՛ս Սողոմոնյան    նշվ. աշխ., էջ 14։

49. Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 666։

50. Աշխատունի Զ. (Զաքար Յոլյան), Արսէն Շահմազեան, «Ալիք», Թեհրան. 1949, օգոստոսի 23, № 185, էջ 1-2)։ ՀՅԴ անդամ, տաղանդաշատ զինվորական և պետական գործիչ Արսեն Պողոսի (Պավել) Շահմազյանը ծնվել է 1883 թ. հունվարի 7-ին՝ Ախալքալաքում։ 1903 թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (տե՛ս Армяне в Первой мировой войне (1914-1918 гг.). Сборник документов, глав. ред. I части А. Вирабян, Москва, էջ 553)։ Մասնագիտությամբ եղել է նկարիչ-խեցեգործ (տե՛ս Գեղարուեստ, Թիֆլիս, 1921, N 7։ IV. Պատկերահանդէս, Ա. Շահմազեան (Կերամիկա)): Ռուսական առաջին հեդափոխության շրջանում «Մինգրելեան գնդի զինւորական կազմակերպութեան մանիֆեստացիայի կազմակերպման» մեղադրանքով 1905 թ. ձերբակալվում է, և տակավին բանտում գտնվելու ժամանակ, օգոստոսի 29-ին ստանում սպայական աստիճան։ Հայ-թաթարական ընդհարումների շրջանում գործել է Գանձակում և Զանգեզուրում։ Կռիվների ավարտից հետո զբաղվել է մանկավարժությամբ. նկարչություն և ձեռարվեստ է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ 1907 թ. ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից (տե՛ս նույն տե­ղում)։ Ազատվելուց հետո շարունակել է դասավանդել Ներսիսյան և Հովնանյան ղպրոցներում (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (այսուհետ՝ ՀԱԱ), ֆ. 2, ց. 1, գ. 1820. թ. 12)։ 1909 թ. «Դաշնակցության գործով» կրկին ձերբակալվում է և 9-ամսյա բանտարկությունից հետո աքսորվում Սիբիր։ Աքսորից վերադարձել է 1912 թ. և ապրել համեստ կյանքով։ Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է Քեռիի ջո­կատի 2-րդ վաշտի հրամանատարը (տե՛ս ՀԱԱ, ֆ. 1267, ց. 2, գ. 50, թ. 81)։ Աչքի է ընկել Վանա լճի հարավային շրջանները թուրքական կանոնավոր զորքերից և քրդերից մաքրելու գործողություններում։ 1915 թ. մայիսին Ոստանի շուրջ տեղի ունեցած մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Սուրբ Գեորգիի խաչ 4-րդ աստիճանի շքանշանով (տե՛ս Армяне в Первой мировой войне (1914-1918гг.), с. 554)։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո մասնակցել է Պետրոգրադի Զինվորական համագումարի աշխատանքներին։ Վերադառնալով Պետրոգրադից՝ իր շուրջն է համախմբել մի շարք հայ սպաների և Թիֆլիսում հիմնել «Հայկական զինվորական միություն»–ը և ընտրվել նրա նախագահը։ Միությունը Նիկոլ Աղբալյանի խմբագրությամբ հրատարակել է «Ռազմիկ» շաբաթաթերթը (տե՛ս «Ռազմիկ», Թիֆլիս, 1917, նոյեմբերի 20, N 1, տե՛ս նաև Գ. Արտ., Հայ զինւոր(ական) միութեան նախագահը. «Հորիզոն». Թիֆլիս 1917, նոյեմբերի 19, N 248։ Ա. Շահմազյանն ակտիվորեն մասնակցել է Հայկական կորպուսի ստեղծման աշխատանքներին (տե՛ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 58)։ Միության կողմից որպես պատգամավոր մասնակցել է 1917 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 13-ը Թիֆլիսում հրավիրված Հայոց ազգային համախորհրդակցության աշխատանքներին։ Եղել է «Ճակատի պահպանության և վտանգված վայրերի ապահովության շուրջ» սեկցիայի անդամ (Հայոց ազգային համախորհրդակցությունը։ Թիֆլիս, 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր։ Փաստաթղթեր ու նյութեր։ Կազմողներ՝ Ռ. Գրիգորյան, Ա. Կիրիմյան, խմբագիր՝ Վ. Ղազախեցյան, ԲՀԱ. Երևան. 1992. N 1-2, էջ 105, 112)։ ՀՀ կառավարության կողմից 1919 թ. մարտի 6-ին շտաբս-կապիտանի աստիճանով նշանակվել է Զանգեզուր-Ղարաբադի նահանգական կոմիսար։ Այդ պաշտոնը վարել է մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը (տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբադ (1917-1920), էջ 539)։ ՀՀ նախարարների խորհուրդը 1919 թ. դեկտեմբերի 10-ին շնորհել է գնդապետի աստիճան (տե՛ս ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 14, թ. 122)։ 1920թ. հայ–թուրքական պատերազմի ժամանակ եղել է Ալեքսանդրապոլի կայազորի պետը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գնդապետ Ա. Շահմազյանը 1921 թ. ձերբակալվել է բոլշևիկների կողմից, նստել Մետեխի բանտում, այնուհետև աքսորվել Ռուսաստան։ 1935 թ. բնակվել է Օրյոլ քաղաքում և որպես բանվոր աշխատել աղյուսի գործարանում։ 1937 թ. կրկին ձերբակալվել է և դատապարտվել 3 տարվա ազատազրկման. նստել է Կրասնոյարսկի երկրամասի վարչական կենտրոն Տուրուխանսկի բանտում։ Բանտային հալածանքների պատճառով ստացել է հոգեկան խանգարում։ Գնդակահարվել է 1937 թ. (տե՛ս Ստեմել (Ստեփան Մելիք–Փարսադանյան), Զանգեզուրի հերոսամարտը եւ Արսէն Շահմազեան, «Հայրե­նիք», Պօսթըն. 1963, ԽԱ տարի, փետրուար, № 2, էջ 29-36), տե՛ս նաև՝ Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1920-1921 թթ., Երևան, 2000. էջ 614, տե՛ս նաև՝ Туманян М. дипломатическая история Республики Армения 1918-1920 гг. Ереван, 2012, с. 460, տե՚ս նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, 1918-1920թթ. (ժողովածու)։ Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան, կազմողներ՝ Ս. Միրզոյան, Գ. Մանուկյան, Երևան, 2014, էջ 611)։

51. Տե՛ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Գ հրատ., Թեհրան 1982, էջ 331։

52. Տե՛ս Ստեմել (Ստեփան Մելիք-Փարսադանյան). Զանգեզուրի հերոսամար­տը եւ Արսէն Շահմազեան, «Հայրենիք», Պօսթըն, 1963, ԽԱ տարի, փետրվար, № 2. էջ 29։           

53. Տե՛ս նույն տեղում, տե՛ս նաև՝ Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 331:

54. Տե՛ս Ստեմել (Ստեփան Մելիք-Փարսադանյան), Զանգեզուրի հերոսամարտը եւ  Արսէն Շահմազեան. «Հայրենիք»  Պօսթըն, 1963, ԽԱ տարի, փետրվար, № 2, էջ 29:

55. Նույն տեղում:

56. Տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 673։

57. Արշակ Հայրապետի Շիրինյանը ծնվել է 1881 թ. հունիսի 14-ին՝ Շինուհայր գյուղում (տե՛ս ՀԱԱ, ֆ. 47, ց. 2, գ. 373, թ. 27-28)։ 1899-1900 թթ. ուս. տարում սո­վորել է Շուշիի թեմական դպրոցում (տե՛ս Առաքելեան Հ., Ղարաբաղի Հայոց հոգեւոր թեմական դպրանոցի 75-ամեակը, էջ 40)։ 1901-1903 թթ. կրթությունը շարունակել է Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում՝ անասնաբույժի մասնագիտությամբ։ Ուսանելու տարիներին մասնագիտական բնույթի հոդվածներով թղթակցել է Թիֆլիսում լույս տեսնող «Առողջապահիկ թերթ» կիսամսյա ամսագրին (տե՛ս Շիրինեան Ա., Ընտանի կենդանիների առողջապահութիւնը (Ա), «Առողջապահիկ թերթ». Թիֆլիզ, 1903, նոյեմբերի 1, № 3, էջ 66-68, (Բ), նոյեմբերի15. № 4, էջ 89-93, (Գ), 1904, յունուարի 1, № 7, էջ 161-164)։ Հայրենիք վերադառնաով՝ ՀՅԴ-ին անդամագրված Ա. Շիրինյանը եղել է Զանգեզուրի ազգային-ագատագրական շարժման նվիրյալներից։ 1919 թ. հունիսին ընտրվել է Հայաստանի Հանրապետության պառլամենտի անդամ։ Եղել է Զանգեզուրի Կենտրոնական Ազգային խորհրդի անդամ (տե՛ս ՀԱԱ, ֆ. 370, ց. 1, գ. 34, թ. 42)։ 1920 թ. հուլիսի վերջերին, երբ Դրաստամատ Կանայանի ուժերն անցան հարձակման և օգոստոսի 3-ին ազատ­ագրեցին Գորիսը. բոլշևիկները, նահանջից առաջ, Արտակարգ հանձնաժողովի (Չեկա) դատախազ Արամ Մուսայելյանի և միլիցիապետ Մկրտիչ (Մակիչ) Մաշուրյանի գլխավորությամբ, 10 զինվորներով Շինուհայր զյուղում դավադրաբար ձերբակալում են պառլամենտի անդամներ Ա. Շիրինյանին և Վահան Տեր-Գևորգյանին (Վահան Խորենի) և Ա. Ղարագյոզյանի կարգադրությամբ օգոստոսի 2-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Գորիսի բանտում անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո սպանում։ Այդ օրը գնդակահարվում են նաև՝ ՀՅԴ անդամներ Զաքար Տեր-Ղազարյանը և Միքայել Աղամյանը (տե՛ս «Յառաջ», Երևան, 1920, օգոստոսի 10, № 169, տե՛ս նաև՝ օգոստոսի 15, № 174, տե՛ս նաև՝ օգոստոսի 19, № 177, տե՛ս նաև՝ «Բան­բեր», Թիֆլիս, 1920, Ա տարի, հոկտեմբեր, № 1, էջ 62-63)։ Բոլշևիկների քստմնելի այդ արարքը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության մեջ։ Դեպքերի ժա­մանակակից Արտեմ Խանզադյանն իր հուշերում գրում է. «Արշակ Շիրինեանին, Վահան Խորէնուն եւ սիսեանցի խմբապետ Զաքոյին, 1920 թւի յուլիս ամսի վերջին. Գորիսի բանտի մէջ ազգուրաց բոլշեւիկացած մի քանի հայ երիտասարդներ գիշերով մտնում են բանտը, Արմենակ Ղարագոզեանի կարգադրութեամբը կամերի դուռը բացում. Խորէնուն եւ Զաքոյին (իմա՛ Զաքար Տեր-Ղազարյանին - Գ.Ս.) գնդակա­հարում, իսկ Շիրինեանին նախ սրով ծակծկում են, չարչարում, մէկ թեւը սրով կտրում եւյետոյ գնդակահարում։ Չորսին միատեղ տանում են բանտի մօտիկ ռուսա­կան գերեզմանատան ղրաղին մէկ փոսի մէջ թափում եւ հողով ծածկում։ Ապստամ­բութեան օրերին, երբ բոլշեւիկների հետքը կտրւեց Զանգեզուրից, մի քանի հոգով այցի գնացինք Շիրինեանի գերեզմանին. Դրօն էր, բժ. Պարոնեանը, Նիկալայ Յրվսէփեանը, Յակոբ Մաշուրեանը եւ այլ մարդիկ։ Հողերը գերեզմանի վրայից մաքրելով տեսանք չորսին էլ իրար վրայ թափված։ Շիրինեանի ձախ թեւը կտրտւած էր, նկարները վերցրին. ու՞մ մօտ մնաց, ի՞նչ եղաւ, չիմացայ» (Զանգեզուրցի Ա. (Արտեմ Խանզաղյան), Դաշնակցութեան մուտքն ու աշխատանքը Զանգեզուրում (Կազմա­կերպիչ ընկերները ինչպիսի վախճանի արժանացան). «Ալիք». Թեհրան. 1979, հունիսի 10, № 118, էջ 4, տե՛ս նաև՝ Սյունիքի հայրենապաշտ զավակ Արշակ Շիրինյան։ Կազմեց՝ Ռ. Հակոբյան, Երևան, 2007)։

58. Տե՛ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 331, տե՛ս նաև՝ Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 253-254։

59. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեգուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 279։

60. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 41, թ. 11։

61. 1946 թ.՝ Կեչուտ (տե՛ս ՀՀՇՏԲ, հ. 3, Երևան, 1991, էջ 494):

62. Տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 499:

63. Տե՛ս նույն տեղում, էջ 499-502:

64.Ղարաքիլիսան Սյունյաց Ծղուկ(ք) գավառի հնագույն և նշանավոր բնա­կավայր՝ Սյունիք-Սիսիանն Է: Գտնվում է Որոտան գետի ընդարձակ և գեղատեսիլ հովտում։ «Աշխարհացոյց»–ում այն հիշատակվում է Սյունիք անվամբ, որը վաղ միջնադարում բերդավան էր (տե՛ս Երեմյան Ս., Հայատանը ըստ «Աշխարհացոյց»–ի (փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան 1963, էջ 80, տե՛ս նաև՝ Հասրաթյան Մ., Պատմահնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985, էջ 129)։ Ըստ վրաց Անանուն պատմիչի՝ բնակավայրը Սիսիան անվամբ հիշատակվում է Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ հայկական զորքերի կողմից 1207 թ. Անիից Արդաբիլ կատարած արշավանքի ժամանակ. «Հավաքվեցին Անիում ու շարժվեցին դեպի Արդաբիլ. անցան Գեղաքունի (իմա՛ Գեղարքունիք Գ.Ա.) և իջան Սիսիան» (Какнадзе Р., Очерки по источниковедению истории Грузии, Тбилиси, 1980, с. 74-75): XV-XVI դդ. սկզբնաղբյուրներում, Սյունիք-Սիսիան ավանը Տաթևի վանքապատկան գյուղերի ցանկում, Սիսաջան մահալում հիշատակվում է որպես գյուղ՝ «Ղարաքիլիսա» անվամբ (տե՛ս Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, և Ա. Հրովարտակներ, պրակ Ա (ԺԵ-ԺԶ դդ.), կազմեց՝ Հ. Փափազյան, Երևան, 1956, էջ 48, տե՛ս նաև՝ Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, և Բ։ Կալվածագրեր, պրակ Ա (ԺԴ–ԺԶ դդ.)։ Կազմեց՝ Հ. Փափազյան, Երևան, 1968, էջ 102, 113)։ Ավանին տրված օտարահունչ անունը թերևս կապված է բնակավայրի հյուսիս-արևմտյան դարավանդի վրա գտնվող Սյունի վանքի գլխավոր՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ, որը թյուրքալեզու քոչվոր ցեղերի տիրապետության ժամանակներում կոչվել է նաև «Ղարաքիլիսա» («ղարա»-սև, «քիլիսա»-եկեղեցի): Ժամանակի ընթացքում այդանվանումը տարածվելով նաև բնակավայրի վրա՝ Սյունիք-Սիսիանը փոխարինվել է «Ղարաքիլիսա»–ով։ Հայր Ղևոնդ Ալիշանի պարզաբանմամբ՝ «Գեօղ մեծ է և Գարագիլիսէ (Սեաւ եկեղեցի), այսպէս կոչեցեալ վասն գունոյ քարանց հին եկեղեցւոյն, յորմէ և հնութիւն զեղջն գուշակի...» (Ալիշան Ղ., Սիսական։ Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 213)։ 1935 թ. «Ղարաքիլիսան» վերանվանվել է՝ Սիսավան, իսկ 1940թ.՝ Սիսիան։

65. Նույն տեղում, էջ 503։

66.Գ. Նժդեհի գործունեության մասին մանրամասն տե՛ս Աւօ, Նժդեհ, կեանքն ու գործունեութիւնը. Նշխարներ, վկայութիւններ, Պէյրութ, 1968։

67. Տե՛ս Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), Երևան, 1991, էջ 28-29:

68. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 334-335:

69. Տե՛ս Մելիք-Եօլչեան Ս., Բագուի հերոսամարտը (Է), Հայրենիք, Պոսթըն, 1925, Գ տարի, հոկտեմբեր, № 12, էջ 127:

70. Տե՛ս նույն տեղում, էջ 343:

71. Մելիք-Եօլչեան Ս., Բագուի հերոսամարտը (Է), էջ 127-128:

72. Տե՛ս Նժդեհ, Հայ-բօլշեւիկեան կռիւները, «Հայրենիք», Պօսթըն, 1923, Բ տարի, նոյեմբեր, № 1, էջ 111-116:

73. Ս. Մելիք-Յոլչյանը ծնունդով Սիսիանի Մուցք (հետագայում՝ Մազրա, Բարձրավան) գյուղից էր: Ի դեպ, Ս. Մելիք-Յոլչյանն ու Դրաստամարտ Կանայանը մորաքրոջ որդիներ էին (տե՛ս Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 538, 626:

74. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 371:

75. Տե՛ս նույն տեղում:

76. Բուն Զանգեզուրը նեղ իմաստով գործածական էր Գորիսի շրջանի դեպքում։ Լեոյի պարզաբանմամբ՝ «...Զանգազուրը թէեւ ամբողջ գաւառի պաշտօնական անունն է, բայց Գորիսի շրջակայ գաւառակի միայն անունն է» (Լէօ, Իմ յիշատակարանը (տեղեկութիւններ մեր սարերից ու ձորերից), Շուշի, 1890, էջ 101):

77. Տե՛ս Ստեմել (Ստեփան Մելիք-Փարսադանյան). Զանգեզուրի հերոսա­մարտը եւ Արսէն Շահմազեան, «Հայրենիք», Պօսթըն, 1963, ԽԱ տարի, փետրուար, № 2. էջ 29։ ՀՅԴ անդամ, գնդապետ Բուղդան Մելիք-Հուսեինյանը Գորիսի մելիքության հիմնադիր շնորհազարդ Մելիք-Հուսեինյան տոհմի շառավիղներից է։ Գորիս քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 1908 թ. չափաբերական մատյանում արձանագրված է «Բուղդան բէգ Աղաբեգեան Մելիք-Յուսեյինեան։ Կին նորա Արուսեակ Հայրապետեան» (ՀԱԱ, ֆ. 47, ց. 5, գ. 444, թ. 10)։ Բ. Մելիք-Հուսեինյանը եղել է Գորիսում տեղակայված զորամասի՝ Բարգուշատի ճակատի հրամանատարը (տե՛ս Վանբէկ (Վազգեն Միրզաբեկյան). Մի դրւագ Զանգեզուրի հերոսամարտից (Բարգուշատի ռազմաճակատից). «Ալիք». Թեհրան. 1979, յունիսի 3, № 113, տե՛ս նաև՛ Աշխատունի Զ. (Զաքար Յոլյան). Արսէն Շահմազեան. «Ալիք». Թեհրան, 1949, օգոստոսի 23. № 185, էջ 1-2)։ Զոհվել է 1920թ. աշնանը։ Խորհրդային իշխանությունների կողմից 1928 թ. կազմված Զանգեզուրի գավառի «Քաղաքացիական կռիվներում կամ իմպերիալիստական պատերազմում սպանվածների, անհայտ կորածների» ցուցակում նշված է, որ Գորիս զյուղացի «Մ.(ելիք) Հուսեյինյան Բաղդանը» զոհվել է 1920 թ. քաղաքացիական կռիվներում։ «Սպանվածի խնամքի տակ գտնվող անաշխատունակ զավակ» սյունակում նշված է՝ 4 (տե՛ս ՀԱԱ, ֆ. 132, ց. 1, գ. 184, թ. 95)։

78. Տե՛ս Գևորգյան Հ., Դրո, Երևան. 2007, էջ 373; 375:

79. Տե՛ս Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 43։ Շուռնուխի  գյուղախմբի ազատագրման ռազմական գործուղությունների մասին մանրամասն տե՛ս Սիմոնյան Ա., Գարեգին Նժդեհի շուռնուխյան ռազմական գործողությունը և նրա արձագանքները, ԲՀԱ, Երեւան, 2005, № 2, էջ 198-204։

80. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 396։

81. Հովհ. Պարոնյանի գործունեության մասին մանրամասն տե՛ս Գևորգյան Հ. Յապոն (Հովհաննես Պարոնյան), գործը և հուշերը, Երևան, 2011։

82. Տե՛սԹևոսյան Բ., Նժդեհի հետ կողք-կողքի (Պողոս Տեր-Դավթյան). «Երեկոյան Երևան», Երևան, 1990, հուլիսի 9, № 151, տե՛ս նաև՝ Սիմոնյան Ա., Չանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 396-397։

83.Տե՛ս Նժդեհ, Հայ-բօլշեւիկեան կռիւները, «Հայրենիք», Պօսթըն, 1923, Բ տա­րի, նոյեմբեր, № 1, էջ 116-117, տե՛ս նաև՝ Միքայէլեան Ա., Ղարաբաղի վերջին դէպքերը, Հայրենիք», Պօսթըն 1923, Ա տարի, յունիս, № 8, էջ 115

84. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 398։

85. Կոչ Զանգեզուրի քաջարի զօրքի եւ գիւղացիութեան, «Սիւնիք», Գորիս, 1920, մարտի 21, № 10:

86. Տե՛ս Սիմոնյան Ա.,Զանգեզուրի վրա կախված ռազմական ներխուժման սպառնալիքը Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման առաջիներկու ամիսներին, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 1998, №2 (95), էջ18։

87. Այստեղ խիստ կարևոր է հետևյալ դիտարկումը։ Բանն այն է, որ Սիսիանի Բռնակոթ գյուղից հին բոլշևիկ Թովմաս Ադոնցն իր հուշերում անդրադառնալով 1920 թ. մայիսի կեսերին ՀՀ իշխանությունների դեմ ծավալված հակապետական խռովություններին, խիստ սուբյեկտիվ և աղավաղված ներկայացնելով իրական դեպքերը, դրանք որակելով որպես «զինված ապստամբության նախապատրաստում». պատմական իրականության խեղաթյուրմամբ գրում է, թե, իբր, «...Բռնակոթի հարյուր հոգուց բաղկացած զինված ջոկատը ...մտավ Ղարաքիլիսա։ ...Տեղի ունեցան ձերբակալություններ. սկզբում ձերբակալեցինք դաշնակցության տեղական իշխանության ղեկավարներին (միլպետ Իսակ Բշտունցին (ճիշտը՝ Իսահակ Բուշտինցյան-Գ.Ս.), հողբաժնի վարիչ՝ Ներսես Տեր-Միրաքյանին, շրջանի զինվորական հրամանատար Պողոս Տեր-Դավթյանին, կոմիսար Նիկոլայ Օսիպովին (նկատի ունի Գորիս քաղաքից ՀՅԴ անդամ Նիկոլայ Հովսեփյանին-Գ.Ս.) և ուրիշների» (Ադոնց Թ.. Դեպքերը Սիսիանի շրջանում (Հին բոլշևիկների հիշողություններ, գիրք Բ, Երևան, 1961, էջ 557)։ Հետաքրքրական է նշել, որ ժամանակի որևէ այլ հավաստի աղբյուրով չհիմնավորվող սույն տեղեկությունը տեղ է գտել նաև Ա. Լալայանի պատմահուշագրական աշխատությունում. որում հեղինակը վկայակոչելովՀԱԱ-ում պահվող արխիվային գործերից մեկը (ֆ. 201, ց. 1, գ. 41, թ. 11), գրում է, թե, իբր, մայիսի 13-ին բոլշևիկյան զինված ջոկատները «...ձերբակալում են ...դաշնակցության շրջանի զինված ուժերի.հրամանատար. Պողոս Տեր-Դավթյանին և շրջանային կոմիսար Զաքար Տեր–Ղազարյանին» (Լալայան Ա., Զանգեզուրյան դրվագներ. 1917-1921 թթ. (պատմահուշագրական ակնարկ), Երևան, 1985, էջ 48)։ Ա. Լալայանի մատնանշած փաստաթուղթն ընթերցելու համար, որի իսկություն ու հավաստիությունը էապես կարող էր նպաստել հարցի պարզաբանմանը, ՀԱԱ-ում նույնպես ուսումնասիրեցինք վերոնշյալ գործը։ Սակայն ամենից ավելի տա­րօրինակն այն էր, որ 1919 թ. փետրվարի 27-ի թվագրմամբ «Ղարաբաղի հայկական համագումար» վերտառությամբ փաստաթղթում իսպառ բացակայում էր Պողոս Տեր-Դավթյանին վերաբերող որևէ տեղեկություն։ Ինչպես տեսնում ենք. մեջբերված տվյալները պարզորոշ խոսում են այն մասին, որ վերոհիշյալ հեղինակները ապատեղեկատվությամբ կեղծել են պատմական իրողությունները։ Մինչդեռ փաստերը վկայում են, որ որպես գորահրամանատար Պ. Տեր-Դավթյանն իր վճռականությամբ և հաղթական ռազմագործողություններով արդեն իսկ մեծ համբավ էր վայելում Սիսիանի շրջանում, որի խոսքը օրենքի ուժ ուներ ազգաբնակչության համար։ Հետևաբար, դժվար թե որևէ մեկի համարձակությունը ներեր՝ «...ժողովրդի անվե­րապահ յարգանքն ու սէրը վայելող անձնուէր մարդուն...» ձերբակալելու հրաման արձակել, քաջ գիտակցելով որ կստանար արժանի հակահարված:

88. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 530։

89. Մանրամասն տե՛ս Ազատ Սիւնիք։ Սև էջեր և փաստեր բօլշևիկների հնգամսեայ գործունէութիւնից, Գորիս, 1921, Ազատ Սիւնիք։ Արնոտ գիրք, Պատմական համառոտ տեսություն բոլշևիկյան «սխրագործության» Զանգեզուրում, Սիսիանում և Ղափանում։ Ապստամբական շարժում։ Փաստաթղթեր։ Կազմող և խմբագիր՝ Ա. Հարությունյան, Երևան, 2007։

90. Ջուլը գտնվել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում։ Ներկայիս Վայոց ձորի մարզի Վայքի շրջանի Արտավան գյուղն է (տե՛ս Հակոբյան Թ., Մելիք–Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան (այսուհետ՝ ՀՀՇՏԲ), հ. 4, Երևան, 1998, էջ 423):

91. Աշխատունի Զ. (Զաքար Յոլյան), Դրուագներ մեր ազատութեան պայքարից. «Հայրենիք», Պոսթըն, 1925, Գ տարի, օգոստոս, № 10, էջ 116։

92. Մանրամասն տե՛ս Ղուլյան Յու., Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների պատմությունից 1918-1920 թթ., Երևան, 2009։

93. Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1920-1921 թթ., էջ 159:

94. Ստեմել Ստեփան (Մելիք-Փարսադանյան), Անդրանիկը «Սիւնեաց աշխարհում», «Ալիք», Թեհրան, 1961, յունուարի 18, № 13, էջ 3:

95. Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 635:

96. Նույն տեղում, էջ 639:

97. Խմբապետ Մարտիրոս Աբրահամեան-Բաշգառնեցի, Իմ յիշելի յուշերը: Կազմեց՝ Արսէն Մամեան, Թեհրան, 1978, էջ 463:

98. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 173, թ. 1, տե՛ս նաև ֆ. 200, ց. 1, գ. 441, թ. 156, տե՛ս նաև՝ Հարությունյան Ա. Գարեգին Նժդեհի 1921 թ. Թավրիզի դատավարությունը (ըստ նորահայտ վավերաթղթերի), Երևան, 2001, էջ

99. Տե՛ս Խմբապետ Մարտիրոս Աբրահամեան-Բաշգառեեցի, Իմ յիշեյի յուշերը, էջ 463։

100. Տե՛ս Գևորգյան Հ., Դրո, էջ 433։

101. Տե՛ս Գէորգեան Վ, Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 66։

102. Տե՛ս նույն տեղում, էջ 67-68, տե՛ս նաև՝ Ազատ Անկախ և Միացյալ Հայաստանի վերջին օրերը (Անհայտ գրողի օրագիրը)։ Կազմ. հեղ.՝ Ս. Հարությունյան, Երևան, 1992, էջ 71։

103. Հայաստանի Առաջին հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զինվորական աստիճանակարգում կապիտանը հավասարազոր էր գլխապետի կոչմանը (տե՛ս Զօրական կանոնագրքերի թարգմանութիւն. «Ռազմիկ». Երեւան. 1920, մա­յիսի 15, № 1)։

104. Իշխանեան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), էջ 670։

105. Տե՛ս նույն տեղում էջ 673։

106. Տե՛ս Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 94։

107. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 548:

108. Տե՛ս Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1920), էջ 88-90:

109. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը. 1917-1921 թթ, էջ 656, տե՛ս նաև՝ Գևորգյան Հ., Դրո, էջ 445:

110. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 548։

111. Տե՛ս Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 95-96։

112. Նույն տեղում, էջ 95։

113. Տե՛ս Ազատ Սիւնիք։ Արնոտ գիրք։ Կազմող և խմբագիր՝ Ա. Հարությունյան. Երևան, 2007, էջ 82-83։

114. Տե՛ս Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 95։

115. Տե՛ս նույն տեղում, էջ 83, տե՛ս նաև՝ Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 95։ Զ. Աշխատունի (Զաքար Յոլյան), Դրուագներ մեր ազատութեան պայքարից, «Հայրենիք», Պոսթըն, 1925, Գ տարի, օգոստոս, №  10. էջ 116։ Զանգեզուրի հերոսամարտը, «Յառաջ», Երեւան, 1920, նոյեմբերի 27, №261։ Ազատ Սիւնիք։ Արնոտ գիրք. Պատմական համառոտ տեսություն բոլշևիկյան «սխրագործության» Զանգեզուրում, Սիսիանում և Ղափանում։ Ապստամբական շարժում։ Փաստաթղթեր, էջ 86։

116. Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 675։

117. Ազատ Սիւնիք։ Արնոտ գիրք, էջ 86։

118. Ուշթափալար-Եռաբլուրը գտնվում է համանուն սարավանդի սահմանային շրջանում՝ Գորիս քաղաքից արեւմուտք, Շինուհայր գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Հարժիս զյուղից՝ 4 կմ հյուսիս-արեւելք։ Ամենաբարձր գագաթը ճանապարհի աջ կողմում գտնվող Հարժիսի սարն է (2274 մ), այնուհետեւ՝ Ուղբլուրը (2216 մ), ապա՝ Քարասարը (2192 մ)։ Սարահարթի կենտրոնով անցնում է Նախիջևան-Սիսիան–Գորիս-Շուշի-Պարտավ հնուց ի վեր հայտնի ճանապարհը (տե՛ս Լիսիցյան Ստ., Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ  44, 92)։

119. Նժդեհ, էջեր Լեռնահայաստանի գոյամարտէն, «Հայրենիք», Պոսթըն, 1924, Բ տարի, ապրիլ, № 6, էջ 118։

120.Դրութիւնը Զանգեզուրում, «Մշակ», Թիֆլիս, 1920, դեկտեմբերի 2, № 151:

121. Տե՛ս Ազատ Սիւնիք: Արնոտ գիրք, էջ 86:

122. Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ., էջ 683:

123. Տե՛ս նույն տեղում, էջ 688:

124. Տե՛ս «Յառաջ», Երեւան, նոյեմբերի 10, № 246:

125. Տե՛ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 549:

126. Տե՛ս «Յառաջ», Երեւան, նոյեմբերի 10, № 246:

127. Տե՛ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւնը, էջ 549:

128. Գտնվում է ՀՀ Արարատի մարզում: Ուրցաձոր  է վերանվանվել է 1975 թ. հունվարի 1-ին (տե՛ս ՀՀՇՏԲ, հ. 5, Երևան, 2001, էջ 217):

129. Աշխատունի Ա. (Զաքար Յոլյան), Վանօ Խանզադեան (Նրա մահւան 40–օրեակի առթիւ), «Ալիք», Թեհրան, 1962, հոկտեմբեր 11, № 218։

130. Տե՛ս Ազատ Սիւնիք։ Արնոտ գիրք, էջ 86-87։

131. Ազատ Սիւնիք։ Արնոտ գիրք, էջ 86։

132. Տե՛ս Թևոսյան Բ., Նժդեհի հետ կողք-կողքի (Պողոս Տեր-Դավթյան), «Երեկոյան Երևան», Երևան, 1990 հուլիսի 9, № 151: 

133. «Յառաջ», Երեւան, նոյեմբերի 17, № 252:

134. Սմբատյան Գ., Սյունիք, Պատմություն և հիշողություն, էջ 311:

135.  1920 թ. դրությամբ Սիսիանի շրջանում գործող միակ բժշկական կայանը գտնվում էր Բռնակոթում (տե՛ս «Սիւնիք» Գորիս, 1920, յունուարի 1, № 1):

136. Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1917-1920 թթ., էջ 714:

137. Խմբապետ Մարտիրոս Աբրահամեան-Բաշգառնեցի, Իմ յիշելի յուշերը, էջ 463։

138. Դագաղը տեղափոխող բռնակոթցի զինվորների թվում են եղել նաև Արտո Բալյանը և հեծյալ հարյուրյակի հրամանատար Երվանդ Աղայանը։ Ի դեպ, նվիրյալ զինվոր Արտո Բալյանը մինչև կյանքի վերջին օրը իր մահճակալի գլխավերևում փակցված է պահել սիրելի հրամանատարի լուսանկարը (տե՛ս http:// www. sisianmuseum.am/free.php?lng=2&parent_id=22):

139. Տե՛ս Սողոմոնյան Ք., նշվ աշխ., Էջ 17։ Նկատենք, որ 1930-ականների կեսերից երկրում տիրող համատարած բռնությունների պայմաններում պղծվել և անհետացել են ազգային գործիչների գերեզմանաքարերը։ Պատմաբան Գ. Սմբատյանի հավաստմամբ՝ «Վերին Խոտանանում 30-ականներին կարող Էր պղծվել ու անհետանալ Սիսիանի զինված ուժերի հրամանատար Պողոս Տեր-Դավթանի գերեզմանը։ Լուրեր Էին պտտվում, որ Էնկավեդեի հերոսները գյուղ են գալու՝ ժողովրդական հերոսի շիրիմին դրված լուսանկարով հուշաքարը տապալելու և անհետացնելու։ Գերեզմանատուն ներխուժած չեկիստները հուշաքարը չգտան։ 1953-ին՝ Ստալինի մահից հետո, մի օր՝ լուսաբացին, հուշաքարն հայտնվեց գերեզմանաթմբին... ամբարում, ախոռում, ցորենի մեջ, խոտի, ծղոտի դեզերում, երկար սպասելուց հետո»։ 50-ականների վերջին կրկին անհետացավ։ Ադրբեջանցիները բո­ղոքել էին, որ Տեր-Դավթյանի շիրմաքարը նացիոնալիզմ Է քարոզում։ Մեկ տարի տեղաշորի ծալքերում պահվելուց հետո կանգնեցվեց իր տեղում» (Սմբատյան Գ., Երկաթե վարագույրից այս կողմ, էջ 173-174)։ Պ. Տեր-Դավթյանի շիրմաքարը փր­կողներն էին նրա եղբայրների զավակները։ Հայրապետի որդի՝ Քրիստափոր Սողոմոնյանը և Գրիգորի դուստր՝ Վարինկան (տե՛ս նույն տեղում, էջ 174)։

140. Սողոմոնյան Ք., նշվ. աշխ., էջ 17։ Անշուշտ, Գ. Նժդեհի խոսքերն իրականություն դարձան։ Երախտապարտ սիսիանցիները Զանգեզուրի հերոսամարտի 90–ամյակի առիթով Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի նախաձեռնությամբ (տնօրեն՝ Ծ. Պետրոսյան) 2011 թ. օգոստոսի 20-ին ուխտագնացություն կազմակերպեցին Վերին Խոտանան գյուղ՝ հարգանքի տուրք մատուցելու սիրելի հրամանատար Պ. Տեր-Դավթյանին։ Թանգարանի էլեկտրոնային կայքեջում կարդում ենք. «Քահանայի աղոթքից հետո խունկ ծխվեց և մոմ վառվեց հրամանատարի գերեզմանին։ Պողոս Տեր-Դավթյանի անունը կրող դպրոցին հանձնվեց Սիսիանից բերված հող ու ցորեն՝ որպես հայրենիքի և հարատևող կյանքի խորհրդանիշեր, նաև այն լուսանկարի կրկնօրինակը, որը պահվում էր Պողոս Տեր-Դավթյանի զինակիր, բռնակոթցի Արտո Բալյանի տանը։ Ուխտագնացության մասնակիցները հենց գերեզմանոցում ելույթներ ունեցան, հուշեր պատմեցին հրամանատարի մասին, բռնակոթցի դպրոցականները հայրենասիրական բանաստեղծություններարտասանեցին» (http://www.sisianmuseum.am/free.php?lng=2&parent_id=22):

141. Սմբատյան Գ., Սյունիք. Պատմություն և հիշողաթյուն, էջ 315:

142. Նախքան այդ, զորամասի հրամանատարի պաշտոնում Պ. Տեր-Դավթյանին ժամանակավորապես փոխարինում է պորուչիկ Պարանյանը (տե՛ս Ղազախեցյան Վլ., Նժդեհը Զանգեզուրում. 1920 թ. վերջ- 1921 թ. հուլիս, Երևան, 2001, էջ 5):

143. Գէորգեան Վ., Լեռնահայաստանի հերոսամարտը (1919-1921), էջ 122:

 

Գևորգ Ս. Ստեփանյան

ԳԱԱ պատմության ինստիտուտ, պ. գ. դ., պրոֆեսոր

 

«Հայոց պատմության հարցեր», 1 (22), Երևան-2021

                                                          

 

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31