Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցն ամփոփեց իր 10-ամյա գործունեությունը

22.06.2015 16:52
2109

«Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2005 թվականին: Արդեն 10 տարի գործող մարզադպրոցը, սակայն, մշտական հանգրվան չունի: Վարչական շենքը տեղակայված է մեկ վայրում, ուսումնամարզական պարապմունքներն անց են կացվում տարբեր վայրերում: Թվում է, թե տեւական ժամանակ գործող դպրոցը պետք է ունենար, օրինակ, մարզական գույքի, ջեռուցման, շենքի հիմնանորոգման եւ մի շարք այլ «տարածված» խնդիրներ: Բայց չկա շենք, չկան նաեւ վերը թվարկված խնդիրները: Միայն մարզական գույքի մասով, ինչպես նշեց մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանը, գրեթե խնդիր չունեն, քանի որ պետությունը պարբերաբար նոր գույք է տրամադրում:

«Վերջերս կառավարության որոշմամբ 7 մլն դրամ արժողությամբ գույք է տրամադրվել դպրոցին՝ բռնցքամարտի ռինգ, ըմբշամարտի գորգ, ծանրաձող, ըմբշամարտի խրտվիլակներ, վոլեյբոլի եւ բասկետբոլի գնդակներ», - տեղեկացրեց Մ.Աթայանը:

Տեւական ժամանակ դպրոցի վարչական մասը տեղակայված էր Քաջարանի արհեստագործական ուսումնարանի երկրորդ հարկում, բայց ներկայումս այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ հայտնի չէ, թե դրանց ավարտից հետո տեղ կտրամադրեն դպրոցին: «Հնարավոր է՝ վերանորոգումից հետո ուսումնարանը չկարողանա մեզ տեղ հատկացնել իր խմբերի ավելացման պատճառով: Բայց եթե տեղ էլ տան, դա հարցի լուծում չէ. մինչեւ ե՞րբ պիտի այստեղ-այնտեղ հանգրվանենք», - իր մտահոգությունը հայտնեց տնօրենը:

Մարզադպրոցում գործում է ինը մարզաձեւ՝ բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ, ձյուդո, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն: Ներկայումս ունեն 336 աշակերտ, տասը տարի առաջ դպրոցը բացվել է 300 աշակերտով՝ 24 գործող խմբով: Նշենք, որ այս տարիների ընթացքում բարձրացել է մարզիչների աշխատավարձը՝ 35 հազար դրամից հասնելով մինչեւ միջինը 118 հազար դրամ (սկսնակ մարզիչների աշխատավարձը), որ պակաս ոգեւորիչ հանգամանք չէ: Բյուջեն 7 մլն դրամից հասել է մինչեւ 35 մլն դրամ:

Տնօրենը պետությունից դժգոհ չէ. ժամանակին աշխատավարձ են ստանում, ապահովվում գույքով: Դպրոցն ունի 23 աշխատատեղ, չորս մասնաճյուղ՝ Ագարակում, Մեղրիում, Լեռնաձորում, Կապանում: Ագարակում գործում են ըմբշամարտի, Մեղրիում՝ ձյուդոյի, Լեռնաձորում՝ բասկետբոլի, Կապանում՝ ծանրամարտի մասնաճյուղերը: Պարապմունքներն անց են կացվում տարբեր հաստատությունների դահլիճներում, մասնավորապես Քաջարանի կոմբինատի մարզահամալիրում՝ ձեռքի գնդակի, գեղարվեստական մարմնամարզության, բռնցքամարտի պարապմունքները, Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ վոլեյբոլի, թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ բասկետբոլի, մանկական արվեստի դպրոցում՝ շախմատի պարապմունքները:

«Մեզ համար մտահոգիչ է նաեւ համապատասխան կադրերով համալրումը: Ցավալիորեն պիտի նշեմ, որ մարզաշխարհում հաջողություն գրանցած ոչ բոլոր մարզիկներն են վերադառնում Քաջարան», - նշեց Մ.Աթայանը:

Այս ողջ ժամանակահատվածում դպրոցի ձեռք բերած հաջողություններն ըստ արժանվույն չեն լուսաբանվել, թերեւս սա դպրոցի համար մեծ բացթողում պիտի համարել:

Հայաստանի ձեռքի գնդակի այս տարվա առաջնության եզրափակիչ փուլին, որ տեղի կունենա հոկտեմբերին, կմասնակցեն, նախանցյալ տարի գավաթով վերադարձան: «Ճիշտ է, այս տարի նշանակալի հաջողություն չենք գրանցել, բայց դիտարժան խաղեր ենք ցուցադրել: Գնդակով, մարզահագուստով ապահովված ենք, բայց դարպաս չունենք: Եթե կարողանանք այդ հարցը լուծել, անպայման հաղթանակ կգրանցենք», - նշեց մարզիչ Անահիտ Հայրապետյանը:

Դպրոցի ծանրամարտիկները վերջերս մասնակցեցին Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարին, որտեղ 56 կգ քաշայինների կարգում 2-րդ տեղ գրավեց Արմեն Կարապետյանը, Արման Պետրոսյանը՝ 3-րդ տեղ: Սարդարապատի հերոսամարտին նվիրված ծանրամարտի հուշամրցաշարին գրավել են երեք առաջին տեղ, մեկ՝ երկրորդ: Մարզիչ Գարիկ Խաչատրյանի խոսքերով՝ հետաքրքրության կա ծանրամարտի հանդեպ, եւ սաներն ամենայն պատասխանատվությամբ են մասնակցում պարապմունքներին: Վալենտինա Մովսիսյանը (մարզիչ՝ Կարեն Հարությունյան) ծանրամարտի աղջիկների եւ պատանիների Հայաստանի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը եւ օգոստոսին պիտի մասնակցի աղջիկների եւ պատանիների Եվրոպայի առաջնությանը: «Ի պատիվ Սյունիքի  մարզի՝ առաջին անգամ սյունեցի աղջիկ ծանրամարտիկ կմասնակցի առաջնությանը: Նախկինում Եվրոպայի պատանիների առաջնությունում զբաղեցրել ենք 7-րդ տեղը: Տա Աստված, այնքան հնարավորություններ ունենանք, որ մշտապես կարողանանք մասնակցել լուրջ առաջնությունների», - նշեց տնօրենը:

Գեղարվեստական մարմնամարզության խմբի սաները Ծաղկաձորում կմասնակցեն Մոսկվայի կազմակերպած միջազգային մրցումներին: Մասնակցության ծախսերի զգալի մասը հոգացել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը հնարավորության սահմաններում մշտապես աջակցում է մարզադպրոցի սաներին: Անցյալ տարի Գյումրիում անցկացված միջազգային մրցաշարին մասնակցել է ինը երեխա, ովքեր վերադարձել են հաղթանակով, ընդ որում՝ երկու հոգի առաջին տեղ է զբաղեցրել: Ծնողները նույնպես իրենց ներդրումն ունեն, հատկապես համապատասխան հագուստի եւ գույքի ձեռքբերման հարցում:

Մարզադպրոցի սան Վահե Իվանյանը (Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող) մասնակցել է թեթեւ աթլետիկայի տարբեր առաջնությունների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր: Մասնավորապես 2015թ. թեթեւ աթլետիկայի ՀՀ առաջնությանը զբաղեցրել է երրորդ տեղ՝ լրացնելով մեծահասակների առաջին կարգը: Նա կմասնակցի նաեւ համահայկական խաղերին՝ ներկայացնելով Քաջարան քաղաքը: Այդ խաղերին կմասնակցի նաեւ Հրաչ Ամիրջանյանը, ով միակ մարզիկն է Հայաստանից, որ մասնակցելու է Կոլումբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը (հեռացատկ):

«Քաջարանն ըմբշամարտի հարուստ ավանդույթներ ունի եւ այսօր էլ շարունակում է դրանք պահպանել: Մարզադպրոցը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի աջակցությամբ Ագարակում բացել է ազատ ոճի ըմբշամարտի խումբ (մարզիչ՝ վաստակավոր մարզիչ Յուրիկ Ավետիսյան), որը գրանցել է մի շարք հաջողություններ տեղական եւ միջազգային մրցումներում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի (խմբ.՝ մարզիչ Մ.Աթայան) սաներից Արարատ Մանուչարյանն ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ, պատանիների առաջնությունում՝ 2-րդ տեղը: Այս տարի կմասնակցի աշխարհի առաջնությանը», - նշեց տնօրենը: Ըմբշամարտի պարապմունքներն անց են կացվում Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի հանդիսությունների սրահում, վերջերս ձեռք է բերվել նաեւ ըմբշամարտի գորգ:

Դպրոցի շախմատիստները հունվարին մասնակցել են Ջերմուկում անցկացված միջազգային մրցաշարին: 2014թ. մարզային մրցաշարում մինչեւ 10 տարեկան տարիքային խմբում Վահե Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ մինչեւ 14 տարեկանների խմբում՝ Նարեկ Հարությունյանը՝ 3-րդ տեղը: 2015թ. մարզային մրցաշարում Վահե Վարդանյանը զբաղեցրել է առաջին տեղ, իսկ Գոռ Վարդանյանը՝ չորրորդ: Նշենք, որ այդ մրցաշարի մասնակիցների թիվը 100-ից անցնում է: 2011թ. Մանե Սեւաչյանը, ով գրավել էր շախմատի Հայաստանի առաջնությանը 3-րդ տեղը, մասնակցեց նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Տնօրենը նշեց, որ մարզիչ Արտաշես Գրիգորյանը Քաջարանում բավականին լուրջ հիմքերի վրա է դրել շախմատը:

Բռնցքամարտի մարզիչ Աշոտ Սադխյանի տեղեկացմամբ՝ մայիսի 15-17-ը կայացած բաց առաջնությանը, որ նվիրված էր Մեծ հաղթանակի 70 եւ Շուշիի ազատագրման 23-ամյակներին, Միքայել Կիրակոսյանը 26կգ քաշային կարգում գրավել է առաջին, իսկ Ռազմիկ Ղալումյանը՝ 36կգ քաշային կարգում երկրորդ տեղը: 2013թ. Սոչիում կայացած միջազգային մրցումներին, որին մասնակցում էր 60-ից ավելի երկիր, Ռուբեն Հակոբյանը գրավեց երրորդ տեղը: «Աշակերտների հաճախելիությունից եւ հետաքրքրվածությունից դժգոհ չեմ, իհարկե, հարկ եղած դեպքում մենք նույնպես որոշակի աշխատանքներ ենք կատարում դիմորդներին ուղղորդելու գործում», - նշեց Ա.Սադխյանը:

Սամվել Հայրապետյանի անվան բասկետբոլի ներդպրոցական հուշամրցաշար անցկացրին, որին մասնակցելու էին եկել Ս.Հայրապետյանի ազգականները: Բասկետբոլի, վոլեյբոլի ուղղությամբ դպրոցում դեռ շատ աշխատանքներ պիտի կատարվեն:

«Ամեն ազգ ունի ավանդական մարզաձեւեր, որոնցում մշտապես գրանցում է հաջողություններ: Հայը նշանակալի հաջողություններ է գրանցել հատկապես բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի, շախմատի բնագավառներում, ուրեմն մենք պիտի այդ ուղղությամբ զարգացնենք մեր հնարավորությունները», - նշեց Մ.Աթայանը:

Գաղտնիք չէ, որ այսօր գործում են տարբեր, որոնք ինչ-որ տեղ խոչընդոտում են պետական ենթակայության մարզադպրոցի աշխատանքներին: Բայց ինչպես փորձառու մարզիչներն են նշում, այդ խմբակների մարզիչները, նախեւառաջ, պիտի ճանապարհ անցնեն, համապատասխան փորձ ձեռք բերեն, պարբերաբար վերապատրաստվեն, հետո միայն հանձն առնեն այդ լուրջ եւ պատասխանատու գործը:

Համագործակցում են նաեւ Երեւանի օլիմպիական քոլեջի հետ. այս պահին այնտեղ սովորում է մարզադպրոցի հինգ ըմբշամարտիկ:

Հանրապետությունում գործող պետական ենթակայության մարզադպրոցների շարքում Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցը կարելի է լավագույն տասնյակում ներառել:

Տնօրենի հավաստմամբ՝ սեփական շենք ունենալու դեպքում ավելի մեծ հաջողություններ կարձանագրեն, քանի որ կկարողանան ավելի արդյունավետ համակարգել իրենց աշխատանքները: Վերջինս շնորհակալություն հայտնեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրենությանը, ինչպես նաեւ Քաջարանի թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցների տնօրեններին՝ մշտապես աջակցելու համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ         

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25