Քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւը

12.01.2016 12:01
2475

Դեկտեմբերի 25-ին «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան «Բարձրացնել կանանց անվտանգությունը եւ մասնակցությունը խաղաղաշինական գործընթացում՝ ստեղծելով արդյունավետ հիմք Հայաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի գործողությունների ազգային ծրագրի ստեղծման համար» ծրագրի շրջանակներում:

«Հասարակությունն առանց բռնության» հկ ծրագրերի ղեկավար Անուշ Խաչատրյանը կլոր սեղանի մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակը: Ծրագիրն իրականացվում է «Հարավային Կովկասի հակամարտությունների անվտանգության եւ կայունության 2015-16 հիմնադրամի» շրջանակներում, Մեծ Բրիտանիայի Երեւանյան դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը կազմակերպության խաղաղաշինական գործունեությանն է ուղղված եւ հիմնական նպատակը ՏԻՄ-երին, լրագրողներին եւ հկ-ներին տեղեկացնել, թե ինչ է 1325 բանաձեւը: «Չնայած տասը տարուց ավելի է՝ մեր պետությունը վավերացրել է այն, բայց քչերը գիտեն դրա էության մասին: Մինչեւ չմշակվի գործողությունների ազգային ծրագիր, համապատասխան մարմիններն անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողանա իրականացնել», - նշեց Ա.Խաչատրյանը: Ի դեպ, Գորիսի եւ Կապանի կանանց ռեսուրս կենտրոններն իրականացրել են մոնիտորինգ, թե 2014թ. ՀՀ-ում ինչպես է իրականացվել 1325 բանաձեւը. մոնիտորինգի տվյալները դեռեւս չեն հրապարակվել:

Ըստ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւի քաղաքացիական հասարակության 2013թ. 1 մշտադիտարկման զեկույցի՝ Հայաստանում հակամարտության ազդեցությունից տուժած կանայք հաճախ դուրս են մնում կրթական, աշխատանքային, առողջապահական համակարգերից, չունեն բանակարանային նորմալ պայմաններ կամ դեռ բնակվում են ժամանակավոր կացարանների անմխիթար պայմաններում: Քանի որ հատկապես մարզերում եւ գյուղական համայնքներում բնակվող տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, կանայք ընտանիքին աջակցելու նպատակով հաճախ ստիպված են լինում համաձայնել ցածր աշխատավարձով, առանց գրանցման եւ ոչ ֆորմալ աշխատանքների, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների ոտնահարման: Իրականում այդ բանաձեւը ընդունվել է 2000թ. հոկտեմբերի 30-ին, բայց մեր երկրում դրա մասին չի խոսվել: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 25-ի՝ ՄԱԿ-ի անդամները համաձայնության են գալիս ենթարկվել Անվտանգության խորհրդի որոշումներին ու կատարել դրանք, այսինքն՝ ՄԱԿ-ի ընդունած յուրաքանչյուր որոշում դե ֆակտո եւ դե յուրե վավերացնում է անդամ պետությունը եւ այն գերակա է տվյալ պետության ներքին օրենսդրության հանդեպ:

1325 բանաձեւն ընդգծում եւ կարեւորում է կանանց դերը հակամարտության կանխարգելման եւ հաղթահարման գործընթացներում, խաղաղ բանակցություններում, խաղաղաշինական եւ խաղաղապահ գործողություններում եւ մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցում: Այն խրախուսում է նաեւ հետպատերազմական իրավիճակում խաղաղության եւ անվտանգության պահպանման աշխատանքներում կանանց հավասար մասնակցությունը եւ կոչ անում ՄԱԿ-ին եւ անդամ պետություններին խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված իրենց աշխատանքներում ներառել գենդերային զգայուն մոտեցում եւ ավելացնել կանանց մասնակցությունը, իսկ հակամարտող կողմերին՝ պաշտպանել կանանց եւ աղջիկներին գենդերային հիմքով բռնությունից եւ հատկապես բռնաբարությունից ու սեռական բռնության այլ ձեւերից:

2010թ. ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւի ընդունման տասնամյակի կապակցությամբ Ավտանգության խորհրդի պահանջով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ռազմավարություն մշակեց՝ ուղղորդելու բանաձեւի իրականացումը առաջիկա տասը տարվա ընթացքում: Առաջնորդվելով մշակված ռազմավարությամբ՝ ՄԱԿ-ի մարմինները պարտավորվում են քայլեր ձեռնարկել՝ աջակցելու ազգային մակարդակում բանաձեւի իրականացմանը: Բանաձեւի կետերը բաժանված են չորս ճյուղի՝   կանխարգելում (կանանց ու աղջիկների հանդեպ բռնության բոլոր տեսակների կանխարգելում հակամարտության ժամանակ եւ դրանից հետո), մասնակցություն (կանանց հավասար եւ ամբողջական ներգավվածություն եւ մասնակցություն որոշումների կայացման, ընտանեկան, խաղաղաշինական եւ բանակցային գործընթացներին բոլոր մակարդակներում), պաշտպանություն (հակամարտությունից տուժած կանանց ու աղջիկների՝ իրավունքների ու շահերի պաշտպանություն), օգնություն եւ վերականգնում (կանանց ու աղջիկներին անհրաժեշտ օգնության տրամադրում ե՛ւ հակամարտության ընթացքում, ե՛ւ դրանից հետո, ինչպես նաեւ կանանց՝ որպես օգնության եւ վերականգնման գործակալների, կարողությունների զարգացում):

Անվտանգության խորհուրդը, հետամուտ լինելով բանաձեւի իրականացմանը, իր նախագահական հայտարարություններում կոչ է անում անդամ պետություններին շարունակել իրականացնել 1325 բանաձեւը՝ մշակելով գործողությունների ազգային ծրագիր (ԳԱԾ) կամ կիրառելով այլ մեխանիզմներ: Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կանանց, խաղաղության եւ անվտանգության օրակարգի իրականացման համար համապատասխան ուղիներն ու մեխանիզմները, այնուամենայնիվ, բանաձեւի ջատագովման կան ընդհանուր եւ լայնորեն կիրառելի մեխանիզմներ եւ գործողություններ, այն է՝ բանակցել եւ խթանել կառավարությանը՝ հանձն առնելու ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւի իրականացումը, թիրախավորել պետական շահագրգիռ պաշտոնյաներին՝ խթանելու քաղաքական կամքի ստեղծմանը եւ բանաձեւի ջատագովմանը, համախմբել պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ջանքերը, ստեղծել աշխատանքային խումբ՝ գործողությունների ազգային ծրագիր մշակելու համար, խրախուսել գենդերային հավասարությունը եւ նպաստել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում եւ այլն:

ԳԱԾ-ը գործիք է կառավարության համար ազգային մակարդակում համակարգելու ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւի իրականացումը, դրա մշտադիտարկումն ու գնահատումը: Այն ավելի համակարգված է դարձնում պետական եւ ոչ պետական մարմիններում աշխատող կանանց, խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված գործունեությունը: Ի դեպ, դրա մշակումն ու իրականացումը շարունակական եւ փոփոխվող գործընթաց է, որը տեղի է ունենում իրավիճակի եւ կարիքների փոփոխության համապատասխան:

Բանաձեւի իրականացման հնարավոր շահագրգիռ կառույցները պետական մարմիններից պաշտպանության, արդարադատության, արտաքին, ներքին գործերի նախարարությունները, դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ու զինված ուժերն են, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները, միջազգային, ազգային ու տեղական կառույցներն ու կազմակերպությունները: Ամեն գերատեսչություն, ըստ իր պլանի, կկատարի համապատասխան առաջադրանքները:

Կանանց առաջընթացի հարցերով ՄԱԿ-ի գիտահետազոտական եւ վերապատրաստման միջազգային ինստիտուտի՝ ՄԱԿ-ի 1325 բանաձեւի իրականացման ուղեցույցն առաջարկում է ԳԱԾ-ի մշակման վեց փուլ՝ քաղաքական կամքի ձեւավորում՝ իրազեկվածության բարձրացում եւ ջատագովում, ինքնակազմակերպում, ծրագրի մշակում, կանանց, խաղաղության եւ անվտանգության գնահատում, հանդիպումների եւ դասընթացների ծրագրում եւ գործողությունների ազգային ծրագրի ստեղծում:

Անուշ Խաչատրյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնությունների, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Կլոր սեղանն ընթացավ ակտիվ քննարկման մթնոլորտում:

Հ.Գ. Նյութը պատրաստելու համար օգտվել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի ջատագովման ուղեցույցից:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10