Քննությունները չեն ավարտվել, բայց ընդհանուր պատկերը պարզ է

03.07.2014 14:38
1993

Հետեւում մնաց միասնական քննությունների առաջին փուլը, որն անցկացվեց հունիսի 3-23-ը: Դրանց անցկացման նպատակով Երեւանում եւ մարզկենտրոններում ընտրվել եւ կահավորվել էր 34 քննական կենտրոն: Ինչպես նշել էինք միասնական քննություններին առնչվող մեր նախկին հրապարակման մեջ («Սյունյաց երկիր», 13 հունիսի 2014թ.), դիմորդների թիվը նվազման միտում ունի: Այս տարի առաջին փուլում դիմել էր 12500 դիմորդ (ըստ «Հայոց աշխարհ» թերթի), ինչը նախորդ տարվանից 1400-ով պակաս է: Մեկ այլ պարբերականի տվյալներով («Իրատես. de facto»)՝ միասնական քննություն հանձնելու նպատակով Սյունիքից հայտագրվել էր 701 դիմորդ:

Մարզկենտրոն Կապանում միասնական քննությունների քննական կենտրոնը տեղակայված էր N9 միջնակարգ դպրոցում, որի մուտքի մոտ փակցված քննությունների արդյունքներն արտացոլող ցուցակներից որոշակի պատկերացում կարելի է կազմել առաջին փուլի ընդհանուր պատկերի մասին: Այսպես, ֆիզիկայի քննությանն այդ քննական կենտրոնում մասնակցել է 63 դիմորդ, որից 13-ը՝ անբավարար գնահատական է ստացել: «Կենսաբանություն» առարկայից քննությանը մասնակցած 22 դիմորդից յոթը չի հաղթահարել դրական գնահատականի շեմը: Առնվազն զարմանք է հարուցում հանգամանքը, որ անբավարար ստացողներ կան «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից՝ հինգ հոգի (քննությանը մասնակցել է 160 հոգի): Աչքի անցկացրինք նաեւ օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) քննությունների ցուցակները: Պարզվում է, որ դրանցում համեմատաբար բարձր են գնահատականները, քան «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննացուցակներում: Ինչպես տեղեկացանք մամուլից, օրինակ, անգլերենի միջին միավորը 14 է եղել, առավելագույն միավոր (20 բալ) ստացել է 200 դիմորդ, իսկ հայերենի միջին միավորը եղել է 13.25, եւ 120 դիմորդ է ստացել 20 միավոր: Եվ սա այն դեպքում, երբ բոլորից շատ դիմորդ քննություն է հանձնել հայերենից, ապա մաթեմատիկայից, հետո՝ անգլերենից:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ դիմորդներն ավելի պատասխանատվությամբ են պատրաստվում եւ մեծ տեղ տալիս օտար լեզվի քննությանը, քան մայրենի լեզվի: Փաստն առօրեական չէ, այլ առատ նյութ` խորհրդածության համար:

Ի դեպ, նախորդ տարիների համեմատ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննական շտեմարանների վերաբերյալ նախկին տարիների աղմուկը չկար: Մեր հարցումներին առարկայի մասնագետները եւ կրկնուսույցները պատասխանեցին, որ շտեմարաններն էականորեն բեռնաթափվել են երկակի լուծում պահանջող առաջադրանքներից, ավելորդ բարդություններից:

Ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի՝ նախորդ տարիների համեմատ այս տարի բողոք-դիմումները նվազ քանակությամբ են գրանցվել: Բողոքարկումների թվով առաջին հորիզոնականում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննության գանգատարկումներն են (142 դիմում-բողոք), բայց ըստ բաժնի պետի` «բողոքների հիմնական մասը միավորների վերահաշվարկի հետ է կապված եղել եւ ոչ թե շտեմարանների, այսինքն՝ տեխնիկական բնույթ է կրել, որոնք հիմնականում լուծվել են հօգուտ դիմորդների»:

Ընդունելության քննությունների թոհուբոհը դեռ չի մոտեցել եզրագծին: Քանզի միասնական քննությունների երկրորդ փուլը դեռ չի ավարտվել: Ի դեպ, երկրորդ փուլին մասնակցում են բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ առաջին փուլից հարգելի պատճառով բացակայողները:Թեպետ առաջին փուլի արդյունքներով էլ կարելի է հեռուն գնացող եզրահանգումներ անել: Մի բան պարզ է` տարեցտարի ավելի ցածր միավորներով (կամ որ միեւնույն է` նվազ գիտելիքներով) դիմորդներ են հայտնվում ուսանողական նստարանին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40