Ինչպես մի անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապն է ասել. «Յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է նվեր տեսնենք, փայփայենք, պահպանենք ու պաշտպանենք նրան», իսկ այդ սուրբ պարտականությունն ընտանիքից հետո ստանձնում է մանկապարտեզը:
«Եթե աշխարհի բոլոր մարդիկ մանկապարտեզ հաճախեին, երկրագնդի վրա բարությունն ու ազնվությունն ավելի կգերակշռեին», - այսպես բնութագրեց մանկապարտեզի դերը Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Քրիստինե Սողոմոնյանը, ով 2009 թվականից է ստանձնել իր պաշտոնը՝ մինչ այդ աշխատելով տվյալ հաստատությունում հոգեբան, այնուհետեւ՝ տնօրենի տեղակալ ուսումնական գծով:
1972թ. մայիսի 2-ին բացված մանկապարտեզն այս տարի տոնում է իր գործունեության 45-ամյակը: Գրեթե կես դար մատաղ սերնդի դաստիարակությամբ եւ կրթությամբ զբաղվող նախադպրոցական ուսումնական հաստատությունը տարիների ընթացքում ձեւավորել է ավանդույթներ, կերտել պատմություն, ունեցել վայրէջքներ եւ վերելքներ: Ի սկզբանե վեց խմբի եւ միջինը 140 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը մինչեւ անկախության տարիները պահպանել է կարգը, սակայն պատերազմական եւ հետպատերազմյան որոշ ժամանակաշրջանում ծնելիության, հաճախելիության նվազմամբ պայմանավորված՝ մեկ խումբը փակվել է: Այժմ Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ում գործում է վեց խումբ, ուր հաճախում է ընդհանուր թվով 165 երեխա: «Տարածքը փոքր է, եւ հնարավորություն չունենք յուրաքանչյուր երեխայի համար մեկ մահճակալ տեղադրել: Այդ իսկ պատճառով, երեխաների թվի ավելացմամբ պայմանավորված, ստիպված ձեռք ենք բերել երկհարկանի եւ եռահարկ մահճակալներ, ինչի շնորհիվ նույն մակերեսին քնեցնում ենք ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք երեխա», - պարզաբանեց տնօրենը եւ հավելեց, որ խմբերում հիմնականում 25-30 երեխա կա: Դիտարկմանը, որ երբեմն այդ թիվը հասնում է մինչեւ 33-35, տնօրենը պատասխանեց, որ ժամանակին եղել են նման թվաքանակով խմբեր, բայց ներկայումս կրթության պետական տեսչությունն ուշադրություն է դարձնում այդ հարցին, եւ 30-ը չեն գերազանցում:
Քրիստինե Սողոմոնյանի խոսքով՝ իրենց մանկապարտեզ դիմողների թիվը շատ է, մայիսի 11-ի դրությամբ արդեն կրտսեր 1-ին խումբ հաճախելու համար 35 դիմում կար՝ չնայած խումբը նախատեսված է 20 երեխայի համար: «Եվս մեկ խումբ բացելու համար համապատասխան տարածք չունենք եւ ընդունելությունը կկազմակերպենք հնարավորության սահմաններում: Չնայած պետք է խոստովանեմ, որ դաստիարակներն ամենաշատը դժգոհում են երեխաների թվաքանակից: Առհասարակ համակարգի խնդիրներից մեկ էլ վարձատրությունն է, երբ սաների թվով պայմանավորված համապատասխան տարբերակում չկա», - նշեց տնօրենը՝ հավելելով, որ եթե տվյալ երեխային ժամանակին կրտսեր կամ միջին խումբ, թվաքանակի սահմանափակմամբ պայմանավորված, չեն կարողացել ընդունել, ապա գոնե ավագ խումբ հաճախելուն անպայման ընդառաջում են՝ հաշվի առնելով ներկայիս կրթական համակարգի պահանջները:
Երեխաների տարիքային հենքի վրա ձեւավորված խմբերում, թվում է, առօրյան նույնն է՝ առավոտյան մարզանք, նախաճաշ, պարապմունք, զբոսանք, ճաշ, քուն, ետճաշ, խաղ-զվարճալիք եւ այլն, բայց ամեն օր մանկապարտեզի սաները տուն են գնում նոր գիտելիքով, հմտությամբ հարստացած: «Խորհրդային տարիների պահանջներն այլեւս չեն համապատասխանում մեր նոր կրթական համակարգին: Կառուցվածքային փոփոխություններին համապատասխան կազմված ծրագրային պահանջները կատարելու համար վերջին տարիներին թողարկվել են ուսումնական ձեռնարկներ, որոնք բավականաչափ հեշտացրել են դաստիարակի աշխատանքը: Ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու, դաստիարակից որակյալ աշխատանք պահանջելու համար նախեւառաջ պարտավոր ենք նրան բավարարել համապատասխան միջոցներով: Մի պահ այդ առումով բավականին խղճուկ վիճակ էր տիրում. եղածն արդեն փչացել էր կամ չէր համապատասխանում պահանջներին: Բարեբախտաբար, այս ժամանակահատվածում բյուջեով, որոշ դեպքերում նաեւ սեփական միջոցներով կարողացել ենք ձեռք բերել զարգացնող միջավայրի առարաներ, պաստառներ, դիդակտիկ պարագաներ, ուսումնաօժանդակ գրքեր, ձեռնարկներ եւ այլն: Իհարկե, ուսումնական ձեռնարկներում մանրամասն ներկայացվում է պարապմունքի անցկացման ընթացքը, բայց դա բնավ չի նշանակում, որ դաստիարակը ստեղծագործական մոտեցում չպետք է ցուցաբերի պարապմունքի ընթացքում՝ հաշվի առնելով երեխաների կարողությունները: Ի վերջո, պարապմունքի տերը նա է», - նշեց տնօրենը:
Վերջերս ՆՈՒՀ-ի բոլոր խմբերում գրաճանաչությունից, նկարչությունից, էկոլոգիայից, խոսքի զարգացումից, կառուցողականից, ֆիզկուլտուրայից անցկացված բաց պարապմունքների դերը շատ կարեւորեց տնօրենը, քանի որ դրանք, բացի նրանից, որ երեխաների գիտելիքներն են վեր հանում, նաեւ նպաստում են դաստիարակների փորձի ավելացմանը, ինչ-որ առումով նաեւ մեծ լսարանի առաջ առավել անկաշկանդ ելույթ ունենալու հմտության ձեւավորմանը: «Տարվա ընթացքում ես եւ ուսումնական գծով տեղակալս հաճախակի ենք ուսումնադաստիարակչական աշխատանքների վերահսկման նպատակով դասալսումներ իրականացնում, ուղղություն ցույց տալիս դաստիարակներին, ուսումնասիրում նրանց աշխատանքի առավելություններն ու թերությունները, անհատական աշխատանքների միջոցով լրացնում բացերը: Նախկինում այդ բաց պարապմունքներն անց էր կացնում տվյալ խմբի միայն մեկ դաստիարակը, բայց վերջին երեք տարվա ընթացքում սկզբունքը փոխեցինք. տվյալ խմբի երկու դաստիարակն էլ անց են կացնում բաց պարապմունք՝ ապահովելով մեթոդիկաների բազմազանությունը, աշխատանքի հավասարաչափ բաշխումը: Դրանով խուսափում ենք նաեւ մեկ դաստիարակի առավել ակտիվ կամ մյուսի պասիվ դիրքում հայտնվելուց», - պարզաբանեց Ք.Սողոմոնյանը:
Հատկապես վերջին մեկ տարում տարբեր հաստատություններում, կազմակերպություններում անց են կացվում տարաբնույթ ստուգումներ, ինչից անմանս չեն մնացել նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Ք.Սողոմոնյանի տեղեկացմամբ՝ 2016թ. ապրիլ-մայիս ամիսներին ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագետները լուրջ ուսումնասիրություններ իրականացրին Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ում փաստաթղթաշրջանառության, ուսումնական պարապմունքների ուսումնասիրության, մեթոդ-կաբինետի հագեցվածության, տարածքի՝ պահանջներին համապատասխանության, իսկ հունիսին՝ հաստատության լիցենզավորման վերաբերյալ: «Իհարկե, 100 տոկոսով չենք համապատասխանում լիցենզավորման պահանջներին, բայց մեր մանկապարտեզներում այնքան դրական կետեր կային, որ ստացանք համապատասխան լիցենզիա», - նշեց տնօրենը՝ ներկայացնելով նախատեսված չափանիշները, այն է՝ առանձին խաղասենյակի, ննջասենյակի, մարզադահլիճի, յուրաքանչյուր երեխայի համար 5-6 քառ. մետր տարածքի առկայություն եւ այլն: Կապանի քաղաքապետարանն առավել հաճախակի է անցկացնում տարբեր ստուգումներ ֆինանսական, ուսումնական եւ մի շարք այլ հարցերի շուրջ:
Հարցին, թե Կրթության պետական տեսչության ստուգումների արդյունքում հիմնականում ինչպիսի բացթողումներ են արձանագրվել հաստատությունում, տնօրենը պատասխանեց. «Գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրված բացթողումներից է առանձին ֆիզկուլտհրահանգչի եւ պարուսույցի հաստիք չունենալը: Բանն այն է, որ օրինակելի հաստիքացուցակով պետք է ունենանք այդ հաստիքները, բայց համայնքային բյուջեի սղության պատճառով հնարավոր չէ այդ հարցը լուծել: Բացթողումներից մեկն էլ վերաբերում էր հաստատությունում աշխատող կադրերից երկուսի՝ ոչ մասնագիտական կրթություն եւ ստաժ ունենալուն, - նշեց տնօրենը, - եթե աշխատանքի ընդունման համար դիմող անձն ունի նախադպրոցական մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց եթե չունի մասնագիտական կրթություն, ապա պետք է ունենա գոնե մանկավարժական կրթություն եւ առնվազն վերջին երկու տարում մանկավարժական փորձ: Նախկինում հինգ տարվա մանկավարժական փորձ էր պահանջվում, բայց, հաշվի առնելով կադրերի պակասը, պահանջները մեղմացրել են»:
Հաստատությունն ունի 31 աշխատակից, հիմնականում համալրված է երիտասարդ կադրերով: Տնօրենը նշեց, որ այս տարի հրաժեշտ կտան 42-43 տարվա աշխատանքային փորձ ունեցող երկու դաստիարակի: Իհարկե, ցավով է ասում այդ մասին, քանի որ նրանց օգնությամբ երիտասարդները դեռ բավականին փորձ, կարողություններ ու հմտություններ պետք է ձեռք բերեին: «Հատկապես ոչ մասնագիտական կրթություն ունեցող նորեկ աշխատակիցների հետ բավականին մեծ աշխատանք ենք տանում: Նախքան մանկապարտեզում աշխատելը նրանք չեն պատկերացնում այս աշխատանքի ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը, բայց երբ սկսում են աշխատել, բարդ խնդիրների առաջ են կանգնում եւ շատ հաճախ չեն դիմանում: Ընդհանրապես մեր օրերում երիտասարդները դժվարությամբ են ստանձնում մանկավարժական աշխատանք, որի առաջնային նախապայմանը երեխաներին անչափ շատ սիրելն է: Մեր բազմամյա փորձ ունեցող դաստիարակներն իսկապես գործի նվիրյալներ են, ովքեր այս տարիների ընթացքում հավատարմությամբ ու ամենայն լրջությամբ զբաղվել են երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ», - նշեց տնօրենը:
Ինչպես ասում են, հանուն արդարության պետք է արձանագրենք, որ աշխատանքի ոգեւորության չափանիշներից մեկն էլ աշխատավարձի չափն է (կարծում ենք՝ բոլորին է հայտնի, թե մանկապարտեզում որքան աշխատավարձ են ստանում, մանավանդ ոչ լրիվ դրույքաչափով աշխատելու պայմաններում): Կապանի ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ի թիվ 93-Ա որոշմամբ՝ դաստիարակների աշխատավարձի չափը որոշվում է ըստ առաջին, երկրորդ, երրորդ կարգերի:
Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ի հիմնական խնդիրը եղել եւ մնում է որոշ խմբասենյակների եւ սանհանգույցների, դահլիճի, աշխատասենյակների, լվացքատան նորոգումը, ինչպես նաեւ բակում վատ ջրահեռացման հետեւանքով անձրեւաջրերից «լճակ» է առաջանում, ինչն էլ փչացնում է խոտածածկը, քայքայում առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ասֆալտը: Իսկ ուսումնական գործընթացում, բնականաբար, ամենօրյա ընթացիկ հարցեր են առաջանում, որոնք հեշտ հաղթահարելի են: 2009 թվականից առ այսօր Կապանի քաղաքապետարանի եւ նախկին «Դինո գոլդ մայնինգ»-ի միջոցներով կարողացել են վերանորոգել երեք խմբասենյակ ամբողջովին եւ խոհանոցը՝ սննդի բլոկի հետ միասին: Մանկապարտեզը հովանավորներ չունի, բյուջեով, այլ միջոցներով, առանձին ծնողների օգնությամբ նվիրատվության կարգով երբեմն որոշակի գույք են ձեռք բերում:
Մանկապարտեզի սաների հետ աշխատող շրջիկ հոգեբանն ու լոգոպեդը նշում են, որ այս տարիքի երեխաների շրջանում առավել տարածված են շփման, վարքի որոշակի խանգարման, հնչարտաբերական եւ խոսքի զարգացման խնդիրները: «Ընդունելիս բնավ հաշվի չեմ առնում երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը, նրա՝ առողջական, հոգեբանական, լեզվական ինչ-ինչ խնդիրներ ունենալը. ինձ համար բոլորն էլ հավասար են: Հատկապես հաշվի առնելով հանրապետությունում ներդրված ներառական կրթության համակարգը՝ կարծում եմ՝ յուրաքանչյուր ՆՈՒՀ պետք է ունենա իր առանձին լոգոպեդն ու հոգեբանը», - նշեց տնօրենը:
Միայն այս կրթօջախում 43 տարվա աշխատանքային գործունեություն ծավալած դաստիարակչուհի Լարիսա Մարտիրոսյանը սերունդների միջեւ տարբերության մասին խոսելիս նշեց, որ բոլոր ժամանակներում էլ երեխաներն ունենում են իրենց ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմերը, պարզապես պետք է շատ սիրես նրանց, նվիրվես նրանց դաստիարակության չափազանց պատասխանատու աշխատանքին: Նրա խոսքով՝ այսօրվա սերունդը, կարծեք, ֆիզիկապես ավելի թույլ է, ինչն ազդում է նախեւառաջ նրանց առողջական վիճակի վրա: «Ընտանիքում քիչ երեխա ունենալը նույնպես ինչ-որ առումով ազդում է երեխայի դաստիարակության մակարդակի, կազմակերպվածության վրա: Երեխան, որ ընտանիքում միայնակ է մեծանում, մանկապարտեզում նույնպես ցանկանում է լիդերի դեր ստանձնել, երբեմն կամակորություններ դրսեւորել: Բայց դրանք եւ նմանատիպ հարցերն ընթացքում լուծվում են ծնողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Ինչ վերաբերում է ծնող-մանկապարտեզ համագործակցությանը, ապա այստեղ այնպիսի աշխատելաոճ ենք սահմանել, որ թե՛ ծնողը գոհ լինի, թե՛ դաստիարակը», - նշեց փորձառու դաստիարակը: Այս տարիների ընթացքում նա երբեւէ չի փոշմանել ընտրած մասնագիտության համար, քանի որ մեծ սիրով է կատարել իր աշխատանքը, ինչը խորհուրդ է տալիս նաեւ երիտասարդ կադրերին: Մանկապարտեզը եղել է իր համար հարազատ օջախ, երկրորդ տուն, որտեղ իրեն լիարժեք է զգացել, ապրել նրա ցավով, հպարտացել ձեռքբերումներով: Նա կարեւորեց հաստատության ղեկավարի դերը՝ այն համեմատելով ընտանիքում հոր դերակատարության հետ: Այդ առումով նա բարձր գնահատեց Քրիստինե Սողոմոնյան տնօրենի գործունեությունը, ինչի մասին կվկայեն ոչ միայն աշխատակիցները, այլեւ ծնողները:
Ծնողների մասնակցությամբ անցկացվող սեմինարների, դասընթացների, կլոր սեղանների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքի, թատերական ներկայացումների, սպորտլանդիաների, էքսկուրսիաների եւ մի շարք այլ միջոցառումների նպատակը մեկն է՝ հնարավորինս նրանց ներգրավել մանկապարտեզի կյանքին: Աշխատանքի ընթացքում ծնողների հետ երբեմն առաջանում են հարցեր, խնդիրներ. «Ծնողը միշտ էլ պահանջողի դերում է: Տարբեր մակարդակի ու բնավորության տեր մարդկանց հետ գործ ունենք, եւ դաստիարակներին, դաստիարակի օգնականներին միշտ խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր հարցի առաջացման դեպքում պահպանել հավասարակշռություն, այնպես անել, որ մանկապարտեզի սահմաններից հարցը դուրս չգա»: Իսկ տարբեր առիթներով բարձր մակարդակով անցկացվող միջոցառումները, բեմադրությունները երեխաներին եւ ծնողներին ոգեւորելու լրացուցիչ խթան են:
Գաղտնիք չէ, որ մանկապարտեզի «գրավիչ» կողմերից մեկն էլ սննդակարգն է: Ինչպես տեղեկացրեց տնօրենը, առողջապահության նախարարության չափանիշները լիարժեք չեն կարողանում ապահովել՝ միջոցների սղության պատճառով, բայց շաբաթական երեք անգամ մսամթերք, 4-5 անգամ կաթնամթերք, խմորեղեն, աղցաններ, մի խոսքով՝ սննդի անհրաժեշտ կալորիականությունը ձգտում են պահպանել: «Վարձավճարները հիմնականում տրամադրվում են սննդամթերքի ձեռքբերմանը: Թող ինքնագովասանք չհամարվի, բայց հաճախ քաղաքի տարբեր անկյուններից մեր մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին հարցնում եմ՝ ինչո՞ւ են դիմել մեզ, պատասխանում են՝ ձեզ մոտ սնունդը լավ է: Ճաշացանկը կազմելիս հաշվի ենք առնում նաեւ երեխաների նախասիրությունը», - նշեց տիկին Սողոմոնյանը:
Իր պաշտոնավարման այս ժամանակահատվածում ձեռքբերումներ շատ են ունեցել՝ վերանորոգումներ, գույքի ձեռքբերում, բայց ամենամեծ ձեռքբերումը Քրիստինե Սողոմոնյանը համարում է Կապանի թիվ 1 մանկապարտեզի երբեմնի բարի համբավի, ավանդույթների վերականգնումը, ինչի վկայությունը քաղաքի տարբեր թաղամասերից երեխաների հոսքն է, նրանց՝ մեծ սիրով մանկապարտեզ հաճախելը:
Այս ուստարում մանկապարտեզին հրաժեշտ կտա 48 սան՝ հայրենիք-45-ամյա մանկապարտեզ-դպրոց թեմաների շրջանակում ավարտական հանդեսի անցկացմամբ, որ կկայանա մայիսի 30-ին եւ 31-ին: Տնօրենի հետ զրույցն ամփոփեցինք նրանց ուղղված բարեմաղթանքի խոսքերով. «Ուրախությամբ, հուզմունքով ու հպատությամբ ենք հերթական սերունդը ճանապարհում դպրոց՝ նրան մաղթելով առողջություն, հաջողություններ ուսման մեջ: Ամենից առաջ ցանկանում եմ, որ նրանք տիրապետեն ամենաբարդ մասնագիտությանը՝ այս կյանքում լավ մարդ դառնալուն, ինչը մանկապարտեզի ձեռքբերումն ու հպարտությունը կլինի»:
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ