Սեւրի հաշտության պայմանագրի 100-ամյակը. «Սյունյաց երկիրը» հեռավար հարցազրույց է վարել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ

02.09.2020 18:14
15655

Օգոստոսի 31-ին Սամվել Ալեքսանյանն ու Վահրամ Օրբելյանը հեռավար հարցազրույց են ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի հետ:

Զրույցի թեման Սեւրի հաշտության պայմանագիրն էր, որը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին:

 Հարցազրույցի ամբողջական տեքստը` ստորեւ:

– Պարոն Մելքոնյան, շնորհակալություն, որ համաձայնվել եք հերթական անգամ հարցազրույց տալ «Սյունյաց երկրին» :

Ձեր դիրքորոշումը միշտ էլ հետաքրքիր է եղել մեր լսարանին:

Դա է պատճառը, որ ուզում ենք Ձեր օգնությամբ հայացք ձգել հայ ժողովրդի պատմության կարեւոր էջերից մեկին՝ Սեւրի հաշտության պայմանագրին:

Նախ՝ միջազգային իրավիճակը, որի պայմաններում ստորագրվեց Սեւրի հաշտության պայմանագիրը եւ, իհարկե, ի՞նչ խնդիրներ պիտի լուծեր պայմանագիրը:

– 1918 թ. աշնանն առաջին աշխարհամարտը մոտենում էր ավարտին, եւ պատերազմող կողմերից Անտանտի երկրները հաղթանակ էին տոնում, ու նոյեմբերի 11-ին կնքվեց Գերմանիայի հետ Կոմպիենյան հայտնի հաշտությունը, որով գերմանական բլոկը ճանաչեց իր պարտությունը: Եվ հետպատերազմյան սահմանների խնդիրը քննարկելու համար անհրաժեշտ էր քառյակ դաշինքի երկրների հետ առանձին-առանձին կնքել պայմանագրեր, որոնցով պետք է արձանագրվեին հետպատերազմյան սահմանները: Դրանց մեջ՝ գերմանական խմբավորման երկրներից վերջինը Թուրքիան էր, որի հետ Անտանտի երկրները որոշեցին կնքել պայմանագիրը:

Այսինքն՝ այդ ողջ գործընթացը սկսվել է 1918 թվականի վերջից: 1919 թվականի սկզբին, երբ սկսեց գործել Փարիզի վեհաժողովը, դրա շրջանակում վերջինն Անտանտի երկրները պայմանագիր կնքեցին Թուրքիայի հետ: Եվ, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը, որ արդեն պատմական իրողություն էր 1918թ. մայիսի վերջից, պատերազմի ժամանակ ահռելի կորուստներ էր կրել, ու, բնականաբար, այդ կորուստները գերմանա-թուրքական ռազմական բլոկի մեղքով էին հիմնականում իրականացվել, եւ Հայաստանն արդեն որպես պետություն իրավունք ուներ օգտվելու հաղթանակի պտուղներից: Ուստի եւ 1918թ. վերջին պաշտոնական պատվիրակություն կազմվեց Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, որը մեկնեց Փարիզ: Միաժամանակ Փարիզում 1912թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդի տված լիազորություններով գործում էր ազգային պատվիրակությունը՝  եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբարի գլխավորությամբ, որոնք 1919 թ. փետրվարի կեսին բանակցելով՝ մեկ միասնական ծրագրով հանդես եկան այդ վեհաժողովում: Իմաստն այն էր, որ Արեւմտյան Հայաստանի նահանգների զգալի մասը՝ ելքով դեպի Սեւ ծով եւ Կիլիկիայի չորս գավառներ, պիտի անցնեին, վերջնական սահմանները գծելուց հետո, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը:

– Սեւրի հաշտության պայմանագիրը, որքանով տեղյակ ենք, մաքուր էջի վրա չգրվեց կամ դատարկ տեղում չծնվեց: Իրավական ի՞նչ հիմքեր կային բանակցությունների պահին:

– Այո, խոսքը Վերսալ-Վաշինգտոնյան սիստեմի մասին է, որ ձեւավորվեց պատերազմի ավարտից հետո, բայց արդեն պատերազմի ընթացքում՝ 1916 թվականին, Անգլիայի եւ Ֆրանսիայի երկու դիվանագետներ՝ Սայքսը եւ Պիկոն կնքել էին Սայքս-Պիկոյի հայտնի համաձայնագիրը, որով պատերազմի ավարտից հետո Թուրքիան որպես կայսրություն դադարելու էր գոյություն ունենալուց, եւ նրա տարածքները պիտի անցնեին Անգլիային, Ֆրանսիային:

Հետագայում նրանց միացավ Ռուսաստանը, հետո նաեւ՝ Իտալիան: Սակայն քանի որ Ռուսաստանը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դուրս եկավ Անտանտի կազմից, բնականաբար, պատերազմի պտուղներից օգտվելուց զրկվեց, ու Սայքս-Պիկոյի համաձայնագրի իրավական հիմքով առաջնորդվեցին Անտանտի երկրները՝ Թուրքիայի տարածքը բաժանելու հարցում, եւ, բնականաբար, կայսրության արեւելյան նահանգները՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի մեծագույն մասը նախատեսվեց բաժին հանել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Անտանտի երկրների դաշնակից երկիր՝ 1920 թվականի հունվարից պաշտոնապես ճանաչված:

– Ստացվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներն ամփոփվեցին առանց Ռուսաստանի: Այդպե՞ս է:

– Այո, որովհետեւ Ռուսաստանը դուրս էր եկել պատերազմից, սեպարատ հաշտություն էր կնքել Բրեստ- Լիտովսկում գերմանական բլոկի երկրների հետ, եւ, բնականաբար, Լենինի կառավարությունը չէր կամենում, բոլշեւիկների պատկերացմամբ, կողոպտչական սահմաններ ապահովել իրենց համար՝ ենթադրելով, որ ավելի նախընտրելի է նոր համակարգը, այսինքն՝ բոլշեւիզմը՝ սոցիալիստական համակարգը, քան թե տարածքների խնդիրը, քանի որ, բոլշեւիկների կարծիքով, համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն է լինելու, եւ սահմանները ժամանակավոր են, ուստի դրանք պիտի վերանայվեին:

– Շատերին թվում է, թե Սեւրի պայմանագիրը բացառապես Հայաստանին առնչվող է, ուստի եւ կուզենայինք մի փոքր բացել հաշտության պայմանագրի բովանդակությունը եւ կառուցվածքը:

– Դա ահռելի մեծ փաստաթուղթ էր՝ բաղկացած վեց հատվածից, 300 ընդհանուր խոշոր հոդվածից, որոնցից միայն 6-րդ հատվածի 88-ից 93 հոդվածներն էին վերաբերում Հայաստանին: Այսինքն՝ նախկին Օսմանյան կայսրության հետ սահմանների բոլոր խնդիրները՝ կապված գաղթականության տեղափոխման, գույքի հատուցման, թուրքական իշխանությունների հետպատերազմյան պարտավորությունների եւ, ընդհանրապես, ամեն ինչին վերաբերող, ե՛ւ Հայաստանին էին վերաբերում, ե՛ւ Էգեյան ծովի կղզիներին, ե՛ւ Բոսֆոր-Դարդանելի նեղուցների խնդրին, ե՛ւ արաբական ամբողջ աշխարհին, ապագա Լիբանանին, Պաղեստինին, Իրաքին, դրանց մանդատների խնդիրներին: Ամբողջ Օսմանյան կայսրության տարածքին վերաբերող կարեւորագույն իրավական միջազգային փաստաթուղթ էր, որի մի կտորը, բնականաբար, վերաբերում էր Հայաստանին: Բացի 88-93-րդ հոդվածներից, կային առանձին հոդվածներ՝ մեկ տասնյակի չափ, որոնք այսպես թե այնպես առնչվում էին Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին:

– Պարոն Մելքոնյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանի պատվիրակությունը վերջնական փաստաթղթում ստացավ այն, ինչն ակնկալում էր տվյալ պահին թե՞...

– Իհարկե, մենք ազգային ավելի մեծ ակնկալիքներ ունեինք, որովհետեւ, օրինակ, Պողոս Նուբարի պատվիրակությունը պնդում էր, թե ծովից ծով Հայաստանի գաղափարը պիտի կյանքի կոչել, Կասպից եւ Սեւ ծովերից մինչեւ Միջերկրական ծով պիտի սահմաններ ունենանք: Այդ նպատակով էլ մեր կողմի պաշտոնական փաստաթղթում, որ փետրվարի վերջին ներկայացվեց Անտանտի երկրների ղեկավարներին, իր մեջ, բացի Արեւմտահայաստանի նահանգներից, ներառում էր Կիլիկիայի չորս գավառների խնդիրը: Բայց արդեն 1920 թվականի ապրիլ ամսին, երբ Վերսալ-Վաշինգտոնյան սիստեմի ձեւավորման շղթայի մեջ հերթական մի կոնֆերանսը եղավ իտալական Սան Ռեմո քաղաքում, այնտեղ վեց տերությունների ղեկավարները եկան ընդհանուր հայտարարի, որ հայկական հարցի լուծումը պետք է իրականացնել Հայաստանի երկու հատվածի միավորման տարբերակով, այսինքն՝ գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության մոտ 70 հազար քառակուսի կիլոմետր տարածքին պետք է ավելանա եւս 90 հազար քառակուսի կիլոմետր՝ Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի եւ Վանի վիլայեթների հիմնական տարածքներով եւ, բնականաբար, Տրապիզոն նավահանգստով՝ ելքով դեպի Սեւ ծով: Ինչպես ժամանակին ասում էր Անգլիայի վարչապետ Լլյորդ Ջորջը, այն պետք էր Հայաստանին որպես թոքեր՝ շնչելու համար, այլապես Հայաստանը տարածաշրջանում չի կարող հուսալի հենարան լինել իրենց համար, որպես դաշնակից երկիր, եթե չունենար ելք դեպի Սեւ ծով: Ընդ որում՝ հոդվածներից մեկը նախատեսում էր, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի Սեւ ծով ելք ունենալուց զատ՝ Բոսֆոր-Դարդանելով դեպի Միջերկրական ծով ազատորեն դուրս գալու իրավունք ունենար: Սա առանձին հոդված էր եւ շատ կարեւոր:

– Ի՞նչ ասել է մանդատային տարածք կամ մանդատային կառավարում:

– Հարցը շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական, ռազմական, սոցիալական ծանրագույն պայմաններում, մինչեւ 300 հազար գաղթականներով լցված, աղքատություն, սով, հատկապես 1918-ի վերջին եւ 1919-ի սկզբին սոսկալի սով էր Հայաստանում եւ համաճարակներ, որոնք ուղղակի հնձում էին բնակչությանը, ու այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությունը նախատեսված սահմաններով հզոր պետություն դառնալու համար չուներ ներքին ռեսուրսներ, նրան պետք էր արտաքին օգնություն, եւ այդ իմաստով ծնվեց մանդատի գաղափարը: Ու դա՝ ոչ միայն Հայաստանի համար: Թող չստեղծվի այդպիսի թյուր կարծիք: Մանդատի խնդիր կար ամբողջ Մերձավոր Արեւելքի համար, Փոքր Ասիայի համար, ապագա ձեւավորվելիք պետությունների համար, ասենք՝ Սիրիայի, Պաղեստինի, Իրաքի համար մանդատի հարց կար, որ մեծ պետություններից մեկը պիտի ստանձներ՝ մինչեւ այդ երկիրը լիարժեքորեն ոտքի կկանգներ, հետո այդ մանդատն իր ուժը կկորցներ: Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնն առանձնակի հետաքրքրություն ուներ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ եւ առաջինների թվում էր, որ 1920 թ. ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը եւ Արմեն Գարոն (Գարեգին Բաստրմաջյանը) դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Միացյալ Նահանգներում, ուստի որոշվեց այդ մանդատի խնդիրը թողնել Միացյալ Նահանգների վրա: Եվ դրա համար ԱՄՆ նախագահը 1919 թ. հատուկ պատվիրակություն ուղարկեց արեւելք՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Նա եկավ, ուսումնասիրեց Հայաստանը, բայց, ցավոք, հանգեց մի եզրակացության, որ աղքատ, ավերակված, զրկված ու զարկված Հայաստանի մանդատը վերցնելը ենթադրում է նյութական մեծ միջոցների ներդնում, այդ թվում՝ նաեւ ռազմական: Նրա հաշվարկներով 59 հազարանոց ամերիկյան մի ռազմական ներկայություն (կորպուս) էր անհրաժեշտ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար, եւ հետաքրքիր եզրակացության հանգեց՝ 27 կետից բաղկացած, որի համաձայն՝ 14 կետով Հայաստանի մանդատը վերցնելն Ամերիկայի համար ձեռնտու էր, 13 կետով ձեռնտու չէր: Այսինքն՝ այնպիսի եզրակացության հանգեց, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, ըստ երեւույթին, մնար գոհ այդ պատվիրակությունից, որ մանդատը վերցնելը ճիշտ է, բայց 13 կետ բացասական բնութագրումով սենատորներին հասկացրեց, որ ծանր բեռ է Հայաստանն իրենց համար, եւ արդյունքում՝ 1920թ. հունիսի 1-ին, սենատը քննարկեց այս խնդիրը ու 52 կողմ, 23 դեմ ձայնով մերժեց Հայաստանի մանդատն ընդունելը:

– Կարելի՞ է ասել, որ այդ եզրակացության եւ սենատի  քննարկման պատճառով Արեւմտյան Հայաստանն անկախություն չստացավ՝ ի տարբերություն մանդատային մյուս տարածքների, որոնք, ի վերջո, ստացան իրենց պետականությունն ու անկախությունը:

– Իհարկե, պատճառներից մեկը դա կարելի է համարել, բայց գլխավոր պատճառը քեմալաբոլշեւիկյան մերձեցումն էր. 1920թ. ապրիլ ամսից բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան, երկուսն էլ որպես ապստամբական ռեժիմներ, որպես միջազգայնորեն ճանաչված իրավական կողմեր, մերձեցան միմյանց, 1920 թ. օգոստոսի 24-ին կնքեցին գաղտնի համաձայնագրի նախնական տարբերակը, որի սուր սլաքն ուղղված էր Հայաստանի դեմ, իսկ 1920 թ. սեպտեմբերի 1-ից 7-ը Բաքվում տեղի ունեցած Արեւելքի մուսուլման ժողովուրդների համագումարում որոշվեց Հայաստանը խորհրդայնացնել քեմալական Թուրքիայի զորքերով, այսինքն՝ եկան ընդհանուր հայտարարության, որ թուրքական զորքը մտնելու է Հայաստան՝ այն խորհրդայնացնելու, եւ որոշակի սահմաններով Հայաստանը պիտի բաժանվի Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ, ինչը, ցավոք, տեղի ունեցավ 1920 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

– Պարոն Մելքոնյան, ամեն մի պայմանագիր, առավել եւս նման մասշտաբի, ունենում է կատարման, իրականացման երաշխիքներ, գործիքներ: Կարելի՞ է ենթադրել, որ Սեւրի հաշտության պայմանագիրը զուրկ էր կյանքի կոչվելու նման երաշխիքներից, մեխանիզմներից:

– Տեսեք՝ ինչն է խնդիրը. Անտանտի երկրները, հատկապես Անգլիան- Ֆրանսիան հասան իրենց գլխավոր նպատակին՝ Եվրոպայում նոր ստատուս-քվո ստեղծեցին, որ իրենց համար նպաստավոր էր եւ լիովին բավարարում էր իրենց շահերը: Արդեն 1920 թ. այդ պատերազմից հոգնած Անտանտի երկրներն այլեւս չկամեցան, ըստ էության, լրջորեն թիկունք կանգնել Հունաստանին եւ Հայաստանին, որոնք պատերազմ էին մղում քեմալական շարժման դեմ: Օրինակ, հույներին սկզբնական շրջանում շատ օգնեցին, հատկապես անգլիացիները, հատկապես Չերչիլը: Հունական բանակը, թվում է թե, խնդիրը լուծել է նաեւ Փոքր Ասիայում, սակայն Սաքարիայի ճակատամարտում բոլշեւիկ ռուսների աջակցությամբ՝ ֆինանսական եւ ռազմական մեծ դեր խաղացին, որ Սաքարիայի ճակատամարտում թուրքերը հույների նկատմամբ հաղթանակ տանեն, որից հետո Թուրքիայի ճակատը փաստորեն մի կողմից բացվեց, երկկողմանի պատերազմը դադարեց Թուրքիայի համար, որն այդ պատերազմում կարողացավ հաջողություն արձանագրել ու փաստորեն ի չիք դարձնել Սեւրի պայմանագրի գործադրումը:

– Դիվանագիտական առումով, միջազգային իրավական առումով կարելի՞ է ասել՝ Թուրքիայի կողմից ձեռնարկված արշավն ընդդեմ Սեւրի, վերջնական իր ամրագրումը ստացավ Լոզանի կոնֆերանսով եւ  պայմանագրով:

– Կա այդպիսի տեսակետ, որ Լոզանը թաղեց Սեւրի պայմանագիրը: Սակայն մեր վերջին ուսումնասիրությունները, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը լրջագույն աշխատություններ է գրել, որտեղ ապացուցում է, թե ամենեւին էլ այդպես չէ՝ նախ այն իմաստով, որ մինչեւ հիմա դաշնագրի 89-րդ հոդվածը, որի համաձայն իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի, իրականացնելու է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, որը վավերացման կարիք բնավ չուներ, այսինքն՝ այն իրավարար վճիռ էր: Այն օրը, երբ որ իրավարար վճիռը ներկայացվել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից, այդ օրվանից Թուրքիան պարտավորվել է այն ճանաչել ու անմիջապես գործադրել, ինչը Միացյալ Նահանգների նախագահն արեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: Իրավական առումով այդ փաստաթուղթն ուժի մեջ մնաց առ այսօր: Այն վավերացման կարիք չունի եւ չի կարելի շփոթել Սեւրի հաշտության պայմանագրի հետ:

– Տասնամյակների խորքերից վերադառնանք մեր օրեր. միջազգային իրավունքի տեսակետից ի՞նչ կարգավիճակ ունի Սեւրի հաշտության պայմանագիրն այսօր:

– Նախ՝ Սեւրի հաշտության պայմանագրի հոդվածների մի զգալի մասն արդեն կյանքի է կոչվել. խոսքը վերաբերում է արաբական երկրների ինքնավարությունների եւ պետական կազմավորումների ստեղծմանը՝ Լիբանան, Պաղեստին, Իրաք, Սիրիա: Այս ամբողջը Սեւրի պայմանագրով էր նախատեսված: Սրանցից միայն կյանքի չկոչվեցին Հայկական հարցը եւ քրդական ինքնավարության խնդիրը, որ պիտի կյանքի կոչվեր Հայաստանի Հանրապետությունից հարավ՝ Մոկաց լեռնաշղթայից հարավ՝ Հյուսիսային Իրաքում: Այնպես որ՝ այդ տեսանկյունից Սեւրի դաշնագիրը հիմնականում կյանքի կոչվել է, բայց իրավարար վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ, որովհետեւ դա վավերացման կարիք չուներ, եւ ոչ մի երկիր առ այսօր պաշտոնապես չի հայտարարել, թե ինքը հրաժարվել է Սեւրի դաշնագրից կամ նրա կարեւորագույն հոդվածներից մեկից՝ 89-րդ հոդվածից, որ նախատեսում է Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հայ- թուրքական սահմանի վերաբերյալ:

 Միշտ ասել եմ եւ նորից կրկնեմ՝ այդ իրավարար վճռի ուժով այսօր էլ միջազգային իրավունքի տեսանկյունից հայ- թուրքական սահման հանդիսանում է ոչ թե Ախուրյան- Արաքսը, որ պարտադրվեց Խորհրդային Հայաստանին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով, այլ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված սահմանը՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս եւ Վան վիլայեթների հիմնական տարածքներով: Պատահական չէ, որ անհրաժեշտության դեպքում Արեւմուտքի երկրներն այդ իրավարար վճիռը կհիշեցնեն Թուրքիային՝ նրա վրա դիվանագիտական, ռազմական, տնտեսական ազդեցություն տարածելու նպատակով:

– Հայաստանի 1-ին, 2-րդ, 3-րդ հանրապետությունները երբեւէ վերաբերմունք հայտնե՞լ են Սեւրի պայմանագրի հանդեպ:

Գոնե հիմա կարո՞ղ ենք ասել, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն այդ շատ կարեւոր փաստաթղթի հանդեպ:

– Ասեմ, որ, իհարկե, խորհրդային տարիներին ոչինչ չէր խոսվում այդ մասին, որովհետեւ Ռուսաստանն այդ պայմանագրի ստորագրմանը չէր մասնակցել, եւ Մոսկվայի, այդպես ասած, ճնշման տակ հայկական կողմը երբեք չէր կարող խոսք ասել, իսկ հիմա արդեն, բնականաբար, երբ փոխվեց վիճակը, հետխորհրդային տարիներին այդ խնդրի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, բայց հստակ պատասխան չհնչեցրեց: Սերժ Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի ժամանակ ծաղիկներ դրեց Վուդրո Վիլսոնի գերեզմանին, որը եւս վերաբերմունքի մի նշան էր: Եվ վերջապես, երբ օրերս մենք Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպեցինք շատ ծանրակշիռ մի գիտաժողով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուղերձով հանդես եկավ, որով կարեւորեց այդ փաստաթղթի պատմաիրավական նշանակությունը: Այսինքն՝ սա արդեն պաշտոնական վերաբերմունք էր, որ նաեւ արտահայտվեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, սակայն անմիջապես հակադարձվեց թուրքական կողմից: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից շատ կոշտ հայտարարություն եղավ այդ կապակցությամբ, բայց, բարեբախտաբար, հայկական կողմը բարձրության վրա գտնվեց ու կարեւորեց այդ փաստաթղթի պատմաիրավական նշանակությունը, ինչը պատմաբաններիս համար նոր փուլ է բացում այդ փաստաթղթի ուսումնասիրության եւ մեր ազգային իդեալների կյանքի կոչման հեռանկարի տեսանկյունից:

– Այս համատեքստում մի հարց, այնուամենայնիվ, պարզաբանման կարիք ունի, մի կողմից Սեւրի հաշտության պայմանագիր, Լոզան եւ այլն: Մյուս կողմից՝ ունենք Մոսկվայի հայտնի պայմանագիրը եւ Կարսի պայմանագիրը: Ներկայացրեք, խնդրեմ, դրանց հարաբերակցությունը. ի՞նչ հակասություններ են առկա այս պայմանագրերի միջեւ:

– Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը Սեւրի հակառակ պատկերն էին, որովհետեւ Մոսկվայի պայմանագրի տնօրինողը Հայաստանը չէր, մասնակիցը չէր. Խորհրդային Հայաստանի մասին է խոսքը:

Ալեքսանդր Բեկզադյանին, ով ներկայացնում էր հայկական պատվիրակությունը, թույլ չտրվեց  Մոսկվայում մասնակցել բանակցություններին եւ պայմանագրի կնքմանը, ու անօրինական պայմանագիրը կնքվեց երկու ապստամբական ռեժիմների՝ քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ: Այսինքն՝ երկու երկիր միմյանց միջեւ բաժանեցին մի երրորդ երկիր: Խոսքը վերաբերում է Հայաստանին:

Եւ այդ պայմանագրի 15-րդ կետով Թուրքիան պարտադրում էր Խորհրդային Ռուսաստանին, որ վերջինս պարտավորություն ստանձնի՝ պայմանագիրը նույնությամբ ստորագրել, տալ Անդրկովկասյան երեք հանրապետություններին:

Ադրբեջանը կստորագրեր, խնդիր չուներ, նրա շահերն արդեն արտահայտված էին Մոսկվայի պայմանագրի 3-րդ եւ 15-րդ կետով:

Թուրքիան փաստորեն պարտադրում էր Խորհրդային Ռուսաստանին, որպեսզի վերջինս պարտավորություն ստանձնի՝ այդ պայմանագիրը նույնությամբ ստորագրել տալու նաեւ Անդրկովկասյան մյուս հանրապետություններին:

Մոսկվայի պայմանագիրը մեր թիկունքում գործարք էր՝ հակահայկական բնույթի, որ սուր սլաքով ուղղված էր հայ ժողովրդի շահերի դեմ, որի հետեւանքով Հայաստանը կորցրեց նույնիսկ Արեւելյան Հայաստանի տարածքները՝ Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռնագագաթով ու Արարատյան դաշտի Արաքսի աջակողմյան հատվածով, որ երբեւէ չէր եղել Թուրքիայի տարածքում, այլ ժամանակին Պարսկաստանի տարածքում էր, հետո անցավ Ռուսաստանին՝ Թուրքմենչայի պայմանագրով, իսկ Ռուսաստանն օգտագործելով Հայաստանի անօգնական վիճակը, այդ տարածքը նվիրաբերեց իր դաշնակից Թուրքիային:

– Կխնդրեինք ներկայացնել Նախիջեւանի կարգավիճակը Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի լույսի ներքո:

– Կար այն թյուր կարծիքը, թե Կարսի պայմանագրով Նախիջեւանի հարցում կրկնվեց Մոսկվայի պայմանագրի երրորդ կետը, ըստ որի Թուրքիան հրաժարվում էր Նախիջեւանից հօգուտ Ադրբեջանի, պայմանով, որ Ադրբեջանը պատկանելության իրավունքը երրորդ կողմին զիջելու, այսինքն՝ Հայաստանին զիջելու իրավունք չունի: Միակ թերեւս փոփոխությունը, որ տեղի ունեցավ Կարսի պայմանագրով՝ Մոսկվայի պայմանագրի համեմատությամբ, այս կետն էր, այսինքն՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի երաշխավորի կարգավիճակը՝ Նախիջեւանն Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ, պայմանագրում արդեն հանվեց Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Յակով Գանեցկու եւ հայկական պատվիրակության ներկայացուցիչներ Ասքանազ Մռավյանի ու Պողոս Մակինցյանի ջանքերով, այսինքն՝ այդ կետը դուրս եկավ, եւ հիմա թյուրիմացություն է, թե իբր վաղը կամ մյուս օրը Նախիջեւանի նկատմամբ Հայաստանն ինչ-որ տարածքային օրինական պահանջ ներկայացնելու դեպքում՝ որպես հայկական տարածք, Թուրքիան եւ Ռուսաստանը հանդիսանում են դրա երաշխավորը հօգուտ Ադրբեջանի: Նման բան Կարսի պայմանագրում չկա, եւ Մոսկվայի պայմանագրի այդ տխմար կետը կորցրեց իր ուժը Կարսի պայմանագրի ստորագրումով:

– Ինչ եք կարծում, պետական մակարդակով արժե՞ր նշել Սեւրի հաշտության պայմանագրի 100-ամյակը (գիտաժողովներ, քաղաքական բանավեճեր, պայմանագիրը ստորագրած երկրների հետ համատեղ, հայտարարություններ), որպեսզի պարզաբանվեր, հանրայնացվեր եւ իրավաբանական տեսանկյունից ճշտումներ կատարվեր:

– Պատկերացրեք, գործընթացն արդեն սկսել ենք, Պատմության ինստիտուտի աշխատակիցները մի քանի հեռավար գիտաժողովներ են կազմակերպել տարբեր երկրների հետ (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա, Լիբանան եւ այլն), եւ առաջիկայում մի քանիսը եւս պիտի անցկացնենք: Ցավոք սրտի, համավարակի պատճառով մենք չկարողացանք Սեւրում միջոցառում կազմակերպել: «Արեւմտահայերի համագումար» կազմակերպությունը գոնե կարողացավ Սեւրի պայմանագրի ստորագրման սրահում անցկացնել միջոցառում՝ նվիրված դաշնագրի 100-րդ տարեդարձին: Այժմ, քանի կա պետական մոտեցում, կարծում եմ՝ նոր դարաշրջան է բացվում Սեւրի դաշնագրի ուսումնասիրության տեսանկյունից ու շատ ուրախալի է, որ հանրապետության վարչապետը նշում է, թե հայ պատմաբանների համար սա ուսումնասիրության կարեւոր թեմա է, եւ մենք լիարժեքորեն պիտի զբաղվենք այդ խնդրով ու երբեք մոռացության չտանք միջազգային իրավունքի գործադրման հրաշալի հնարավորությունը հայերիս համար, ապագա Հայաստանի կերտման համար:

– Եւ հարցերի հարցը՝ ի՞նչ անել

– Հարցին կարճ կպատասխանեմ՝ պետականորեն պատրաստ լինել Սեւրի դաշնագրի կենսագործմանը, որովհետեւ Թուրքիան աշխարհաքաղաքական առումով այսօր գտնվում է բավականին ծանր վիճակում: Գրեթե բոլոր հարեւանների հետ ունի լրջագույն խնդիրներ, նաեւ իր դաշնակից ՆԱՏՕ-ի երկրների հետ, քիչ թե շատ իրեն մերձեցած Ռուսաստանի հետ եւս խնդիրներ ունի: Երկրի ներսում խլրտումներ կան. քրդական հզոր շարժում գոյություն ունի, ամեն վայրկյան Թուրքիայում կարող են քաղաքական իրադարձությունները կտրուկ շրջադարձ ապրել, եւ Սեւրի դաշնագիրը կարող է օրակարգի մեջ մտնել: Մենք որպես ժողովուրդ եւ պետություն՝ պետք է պատրաստ լինենք այդ բաղձալի օրվան:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25