Սերգեյ Ջհանգիրյանը շարունակում է հիացնել Կապանի տարածաշրջանին նվիրված ուսումնասիրություններով

09.10.2023 12:18
2334

    Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց ուշագրավ մի հրատարակություն՝ Սերգեյ Ջհանգիրյանի  «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» ուսումնասիրությունը: Գիրքն առանձնահատուկ է այնքանով, որ Կապանը, որպես գրչօջախ, ներկայացված է առաջին անգամ:

    Հեղինակի առաջին գիրքը նվիրված էր սակավ ուսումնասիրված մի տարածաշրջանի՝ Սևասար-Ղարադաղին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Իսկ այս մեկն իր ծննդավայրի ձեռագիր մատյանների, դրանցում առկա հիշատակարանների, մանրանկարների և այն վայրերի պատմության մասին է, որտեղ ծնունդ են առել դրանք:

    Ինչպե՞ս ծնվեց Կապանի հինավուրց ձեռագրերին և գրչօջախներին նվիրված գիրք գրելու գաղափարը: Սա առաջին հարցն էր, որ ուղղեցինք ուսումնասիրողին: «Հետաքրքրվածությունը ծնվել է վաղուց, պատմում է հեղինակը: - Ինչքան գյուղերի պատմությունն ուսումնասիրում էի, ընթերցում Ռոբերտ Էջանանցու և այլոց գրվածքները, հանդիպում էի թափանցիկ ակնարկներ, շատ դեպքերում ենթադրություններ, որ այս-այս գյուղերում միջին դարերում ձեռագրեր են կերտվել: Միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ ի՞նչ է նշանակում՝ ասում են, չկա՞ մեկը, որ ուսումնասիրի, Մատենադարանին դիմի՝ գտնի Կապանին վերաբերող ձեռագրերը, մանրանկարները և ներկայացնի հանրությանը: Նախորդ գիրքս՝ Ղարադաղին նվիրված, գրելիս հանդիպեցի մի ակնարկի, որ Ղարադաղի Հուժ գյուղում ավետարան է ստեղծվել: Գլխումս միտք ծագեց՝ ուսումնասիրել Կապանում ստեղծված և ընդօրինակված ձեռագրերը, մանավանդ, որ արդեն  յուրացրել էի Մատենադարանի ձեռագրերից օգտվելու հմտություններ: Համարյա մի տարի աշխատել եմ Մատենադարանի արխիվի ընթերցասրահում: Բոլոր հնարավոր ձեռագիր մատյանների ցանկերն ուսումնասիրել եմ, այդ թվում՝ արտասահմանյան հանրային և մասնավոր հավաքածուների»:

    Ինչպես նկատում է Սերգեյ Ջհանգիրյանը, քանակական առումով կապանյան ծագում ունեցող ձեռագրերը զիջում են թե՛ Գորիսի, թե՛ Սիսիանի տարածաշրջաններին: Համեմատության համար նշենք, որ միայն Գորիսի տարածաշրջանի Շնհեր (Շինուհայր) գյուղից մեզ է հասել շուրջ երկու տասնյակ ձեռագիր, իսկ Տաթևից՝ 109:  Պատճառն այն է, որ Կապանում չեն եղել գրչության նշանավոր այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են Տաթևը, Շնհերը, Բղենոն, Աղիտուն, Որոտնը, սակայն տեղական մակարդակով Կապանի տարածաշրջանում առանձնացել են առաձին գյուղեր և հոգևոր հաստատություններ, որոնցում դարեր ու տասնամյակներ շարունակ ընդօրինակել են ձեռագրեր, կերտվել են մանրանկարներ, որոնցից որոշները՝ գեղանկարչական ակադեմիական մակարդակի:

    Հեղինակի փոխանցմամբ՝ մեզ հասած կապանյան երեսուն ձեռագիրը պահպանվել է Կապանի տարածաշրջանից դուրս գտնվելու շնորհիվ, հիմնականում՝ Մատենադարանում, Պարսկաստանում, Վենետիկում, Երուսաղեմում, Եվրոպայի մասնավոր հավաքածուներում, իսկ Կապանի եկեղեցիներում եղածները հիմնականում ոչնչացվել են խորհրդային տարիներին: Ոչ Երևանի Մատենադարանը, ոչ էլ արտասահմանյան հավաքածուները Կապանի բնակավայրերից անմիջականորեն ձեռագիր չեն ստացել:

    Գրքից տեղեկանում ենք, որ կապանյան 30 ձեռագրից յոթը  կերտվել է Եղինգում (Եղեգ, Շաբադին), հինգը՝ Հալիձորի կուսանաց անապատում, չորսականը՝ Խոտանանում և Կիցքում (Գեղվաձոր), երկուսը՝ Տանձավերում, մեկական՝ Աճանանի պղնձահանքում, Բեխում, Նորաշենիկում, Փուխրուտում, Գեղիում, Խնկանցում (լքված գյուղ Ողջի գետի ձախ ափին): Եվս երկու ձեռագիր ստեղծվել է Աճանանում ՝ առանց կոնկրետ բնակավայրի հիշատակման:    

    Ամփոփելով վերոգրյալը՝ արձանագրենք, որ Եղինգը, Հալիձորը, Կիցքը (Քիրս), Խոտանանը, Տանձափարախը և որոշ վերապահումով նաև Տանձավերը Կապանի տարածաշրջանի գրչօջախներն են:

    Հարկ ենք համարում նշել, որ Կապանի տարածաշրջանի գրիչներից ամենաբեղմնավորը Զաքարիա երեցի որդի Մինաս քահանա Եղինգեցին է: Նրա ժառանգությունից պահպանվել է հինգ ձեռագիր մատյան՝ կերտված 1609-1615 թվականներին, որոնցից երեքը՝ ընդամենը մեկ տարում՝ 1613 թվականին: Մինասը տիպիկ ժողովրդական ստեղծագործող էր, սկզբնական կրթությունը ստացել է հոր՝ Զաքարիա քահանայի մոտ, հետագա կրթությունը՝ Հարանց նշանավոր անապատում՝ Մովսես Խոտանանցու առաջնորդությամբ և այդ նշանավոր հոգևոր-կրթական հաստատության առաջին սաներից էր:

    Ուշագրավ է, որ բոլոր ձեռագրերում պահպանվել են հիշատակարաններ, որոնցում ձեռագրի հեղինակի, ժամանակի, վայրի, պատվիրատուի անվան հետ մեզ հասել են արժեքավոր տեղեկություններ պատմական իրադարձությունների և ժամանակաշրջանի աշխատանքային պայմանների մասին. «Ի դառն և ի նեղութեան ժամանակի գրեցաւ սուրբ Աւետարանս», 1620 թվականին արձանագրել է Խաչատուր քահանա Տանձավերցին: Դժվար չէ նկատել մի քանի զուսպ արտահայտությունների հետևում թաքնված ողբերգությունները: Գրեթե ամեն անգամ նվաճողները գերեվարում էին երիտասարդ աղջիկներ և պատանիներ, հաճախ նաև երեխաներ: Պատահում էր, որ հենց ձեռագրերն էին դառնում ավարառության առարկա և հետո փրկագնի դիմաց ազատվում գերությունից, ինչպես, օրինակ, Խոտանանի 1278 թ. ձեռագիր ժողովածուն «… որ գերեալ եղեւ ի Մարաց ազգէ, վերստին գնեալ ազատեաց բարեպաշտօն ևւ աստուածասեր քահանային տէր Աւետիսն…»:

    Հեղինակը եկել է այն համոզման, որ Կապանի տարածաշրջանում արտագրված ձեռագրերի գրիչները մեծամասամբ գյուղական եկեղեցիների քահանաներ էին կամ անապատների միայնակյացներ ու միանձնուհիներ: Արտագրված ձեռագրի և ստեղծված մանրանկարների արհեստավարժությունից կարող ենք ենթադրել, որ գրչագրողներից շատերը կրթվել են ժամանակի հոգևոր ուսումնարաններում, ինչպես նաև քաջատեղյակ էին Սյունիքի, Արցախի և Հայաստանի մնացյալ գրչության և մանրանկարչության ուղղություններին, ձևերին ու կանոններին:

    Այս ամենով հանդերձ՝ Կապանի տարածաշրջանի գյուղերում արտագրված ձեռագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առավել ուշադրության է արժանի Փուխրուտի ավետարանը: Ուսումնասիրված երեք տասնյակ ձեռագրերի մեջ այն առանձնանում է գեղարվեստական տեսանկյունից թե՚ մանրանկարչական կատարման վարպետությամբ  թե՚ օգտագործված ներկերի  ճոխությամբ, գույների մաքրությամբ ու ներդաշնակությամբ: «Այս ամենը կարող էր արարել այն նկարիչը, ով համալսարաններում կամ հոգևոր կրթարաններում երկարատև ուսուցում է անցել: Այդ ձեռագիրը ուսումնասիրելիս կարելի է նկատել, որ գրիչը, ով նաև նկարազարդող-ծաղկողն էր, տիրապետել է գեղարվեստին», - փոխանցում է Ս. Ջհանգիրյանը:

     «Եթե հետագա որևէ ուսումնասիրող ցանկանա գրի Կապանի տարածաշրջանի պատմությունը, ապա դա ամբողջական չի լինի առանց այս ձեռագրերի հիշատակարանների, որոնք ամբողջությամբ, առանց որևէ փոփոխությունների,  ներառվել են այս աշխատությունում: Քանզի դրանցում կան եզակի և ուշագրավ տեղեկություններ, - եզրակացնում է հեղինակը: - Նաև նշում. այդ հիշատակարաններում նշվում են կապանյան մելիքական տների վերաբերյալ, որոնց գոյության մասին հանրությունը տեղյակ չէր: Մելիքական տուն կար Քիրսում՝ սերնդեսերունդ փոխանցվող տիտղոսով, ինչպես նաև Բաղաբուրջում: Մեր իմացած Փարսադանյաններից մեկ դար առաջ Բեխում իշխում էր Մելիք Ղազարը, ում մասին ոչ մեկին ոչինչ հայտնի չէ: Ընդ որում՝ այդ ժամանակաշրջանում մելիքական տները փոխակերպվում էին հոգևոր օջախների, ինչպես Օրբելյանները՝ Տաթևում»:

    Ընթերցողը գրքից արժեքավոր տեղեկություններ կարող է քաղել Կապանի գրչատների՝ Եղինգի, Հալիձորի, Կիցքի, Խոտանանի, Տանձափարախի և Տանձավերի վերաբերյալ: Համառոտ ներկայացված են այդ բնակավայրերի պատմությունը, ժողովրդագրական պատկերը տարբեր ժամանակաշրջաններում, աշխարհագրական դիրքը և այլն: Ստուգաբանվել և բացահայտվել են շատ տեղանուններ, վանական համալիրների անուններ՝ հատկապես Գեղվաձորի տարածաշրջանից: Աշխատության բովանդակությունն ամբողջացնում են ձեռագիր հիշատակարանների, մանրանկարների, եկեղեցիների և պատմաճարտարապետական հուշարձանների, խաչքարերի գունավոր լուսանկարները, արխիվային այլ նյութեր:

    Մնում է ավելացնել, որ աշխատությունը հրատարակվել է պոլիգրաֆիական բարձր մակարդակով, պատշաճ ձևավորումով:

    «Գիրքն ունի գեղարվեստական արժեք՝ որպես միջնադարյան Կապանի հուշալբոմ, - «Այս գրքի ճանապարհը» խորագրով առաջաբանում գրում է գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը և ավելացնում՝ «Ձեռագիր էջերի, մանրանկարների, լքված բնակավայրերի, եկեղեցիների, խաչքարերի, հայ մարդու ու բնության ստեղծած բազմաթիվ արժեքների լուսանկարները շարադրվածքի փաստագրումն են: «Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» գրքով կարելի է լինել Կապանում, թանգարանային շրջայց կատարել, դառնալ զբոսաշրջիկ, համակվել հայրենական վաղեմի իղձերով, հպարտանալ, կրել արժեքներ և ուղղակի կառչել խավարը սանձող լույսին»:

    Մի խոսքով՝ մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Ջհանգիրյանը շարունակում է պրպտումները հայրենագիտության ոլորտում: Այս անգամ նյութեր է հավաքում Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղի մասին, որտեղից սերել է իր պապը՝ ժամանակին Կապանի երևելիներից՝ Սերբիա Ջհանգիրյանը: Կապան աշխարհի բարձր լեռնային մի գյուղի պատմության վրա ևս լույս կսփռվի…

    Վահրամ Օրբելյան

     

    Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

    17.03.2025 21:41

    Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Թրամփի խորհրդականի գրառումից հետո Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

    17.03.2025 20:55

    Կայացել է Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

    17.03.2025 19:42

    Ադրբեջանի ՊՆ-ն երկու օրվա ընթացքում չորրորդ ապատեղեկատվությունն է տարածել

    17.03.2025 17:46

    «Ադրբեջանը հայտարարում է՝ ճանապարհը պատկերացնում է ուղղակի «միջանցքի» տարբերակով, որով անարգել կգնա Նախիջևան. դա կնշանակի, որ ՀՀ սուվերենություն այլևս գոյություն չունի». Աշոտ Մելքոնյան

    17.03.2025 17:45

    «ՀՀ-ում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Բայրամովը հոդված է հրապարակել

    17.03.2025 16:40

    Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

    17.03.2025 16:36

    Քարաթափում Տաթև-Լծեն ճանապարհին․ այն դարձել է միակողմանի երթևեկելի

    17.03.2025 12:43

    Թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ նյութերով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ

    17.03.2025 12:40

    Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ

    17.03.2025 11:05

    Մարտի 19-ին Կապանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    17.03.2025 10:30

    Կոմիտասյան երգեր. «Անձրեւն եկաւ շաղալէն»

    16.03.2025 18:50